ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ





Մերօրյա աշխարհաքաղաքական գործընթացները չեն շրջանցում նաև Հարավային Կովկասը: Արդյունքում՝ Վրաստանը նույնպես ներգրավվել է տարածքային հակամարտությունների շարքում: Հարավօսական և աբխազական հիմնահարցերի ձևավորմամբ խոչընդոտներ են առաջացել Վրաստանի և նրա հարևանների միջև: 2008թ. օգոստոսյան պատերազմը տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծել, որից շարունակաբար փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը:

Մասնավորաբար, նրանք ձգտում են Վրաստանն ակտիվ մասնակից դարձնել թուրք-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում` մեծացնելով իրենց շահադիտական դերակատարությունը տարածաշրջանում: Հետևաբար, վրաց-ադրբեջանա-թուրքական էներգետիկ հարաբերությունների զարգացմամբ Վրաստանը լրջորեն հայտնվել է այս երկու երկրներից կախվածության մեջ, որից դուրս գալն այնքան էլ դյուրին հարց չէ: Վրաստանում մտավախություն կա, որ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիների շրջանում կառաջանան անջատողական ձգտումներ, որոնք կարող են խաթարել ոչ միայն երկրի տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ժողովրդագրական կայունության հիմքերը: Այս հիմնախնդիրները վճռելու ամենաիրատեսական տարբերակը Վրաստանը հավանաբար կփնտրի Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջպետական հարաբերությունների զուգամիտման ճանապարհին, որն իր հերթին Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու և, ակներևաբար, Թուրքիային ու Ադրբեջանին հետին պլանում թողնելու խնդիրներ ունի: Վրաց-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին Թբիլիսին կաշխատի չհակասել Հարավային Կովկասում առկա Ռուսաստանի հեղինակությանը` նրա դարավոր աշխարհաքաղաքական ու տնտեսական նկրտումներով հանդերձ: Հետևաբար, Վրաստանն անպայման փորձելու է նաև կարգավորել ռուս-վրացական հարաբերությունները:

Վրաստանի շուրջ զարգացող վերոնշյալ խմորումներն անմասն չեն թողնի նաև Հայաստանին: Մասնավորաբար, Վրաստանը և Իրանը դեմ չեն երկկողմ էներգետիկ ծրագրերի իրականացմանը` դեպի Վրաստան իրանական գազի արտահանման համար որպես տարանցիկ երկիր դարձնելով Հայաստանը: Ավելին, նրանք մտադիր են նաև ձևավորել կայուն և մրցունակ եռակողմ էներգահամակարգ` Հայաստանի ներգրավմամբ, որն, անշուշտ, ամուր հիմքերի վրա կդնի Հայաստանը` էապես նվազեցնելով թուրք–ադրբեջանական շրջափակման ապակառուցողական ազդեցությունը:

Վրաստանի զարգացման երաշխիքային հեռանկարը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հարաբերությունների կայունացմամբ

Հետխորհրդային երկրների շարքում ժողովրդավարության և տնտեսության զարգացման առումով մեծ հաջողություններ է գրանցել նաև Վրաստանը: Անցնելով պատերազմի բովով և ունենալով սահմանափակ քաղաքատնտեսական հնարավորություններ` Վրաստանը, այնուհանդերձ, կարողացել է զգալիորեն վերականգնել իր քայքայված տնտեսությունը՝ այդպիսով հետաքրքրություն առաջացնելով արևմտյան ներդրողների համար: Անշուշտ, Վրաստանի տնտեսության բարելավման առաջնային խթաններից մեկն է համարվում փոխշահավետ հարաբերությունների քաղաքականությունն իր հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս իմաստով վրաց-թուրքական հարաբերությունների զարգացմանն էապես նպաստել են նախ և առաջ 2007թ. նրանց միջև ազատ վիզային ռեժիմի հաստատումը և ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այնուհետև, Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունն ընդլայնվում է արագ տեմպերով՝ իր գագաթնակետին հասնելով արդեն 2012թ.` տարեկան $1,5 մլրդ ցուցանիշով: Նույն տարում Ադրբեջանի հետ այն կազմում է $1,3 մլրդ: 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի թիվ 1 առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան $1.108.746.300 ցուցանիշով, որը կազմում է Վրաստանի ամբողջ ապրանքաշրջանառության 15,2%-ը: Ադրբեջանը նորից զիջում է Թուրքիային` $590.713.500 ցուցանիշով` Վրաստանի ապրանքաշրջանառության 8,1% մասնաբաժնով:
 

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը պետք է անդրադառնալ առանձնահատուկ դիտարկմամբ: Հարկ է նշել, որ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջտնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներն իրականացվում են եռակողմ սկզբունքով: Ասվածի վառ ապացույցն է այն, որ 2007թ. փետրվարի 7-ի համաձայնագրի շրջանակում ադրբեջանա-թուրքական կապիտալի միջոցով նախաձեռնվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: Ծրագրի համաձայն` պետք է կառուցվեր 29 կմ երկաթգիծ` կապելով Ախալքալաքը Թուրքիային: Զուգահեռաբար, նախատեսվում էր նաև վերականգնել 192 կմ երկարությամբ երկաթուղային այլ հատվածներ: Նախագծային փուլում է գտնվում նաև Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցման ծրագիրը, որը նպատակ է հետապնդում վերացնել ադրբեջանական էքսկլավի տնտեսական շրջափակումը:

Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղու ուղևորափոխադրողականության տարեկան ցուցանիշն էլ միտում ունի հասնելու 1 մլն-ից մինչև 3 մլն-ի, իսկ բեռնափոխադրողականությունը` 3 մլն–ից մինչև 16 մլն տոննայի: Այնպես որ, Ասիան Եվրոպային կապելու հեռանկարով վերոնշյալ երկաթուղին բավականաչափ խոստումնալից է` որպես ռուսական տրանսսիբիրյան երկաթուղու այլընտրանք: Հետևաբար, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին իրականում նպատակ ունի մեղմել ռուսական երկաթուղային մոնոպոլիայի գերազդեցությունը: Ի հավաստումն այս տրամաբանության, բավական է հավելել նաև Ախալքալաքի շրջանում կառուցվող Հարավային Կովկասի, թերևս, ամենամեծ առևտրային կենտրոնի փաստը, որը նույնպես կնպաստի թուրքական կապիտալի հոսքին դեպի Վրաստան, իսկ ավելի ստույգ` հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջան:

Մոտ ապագայում Թուրքիան ցանկանում է ավելացնել Վրաստանով անցնող էներգակիրների ծավալները, մասնավորաբար, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի թողունակությունը` տարեկան 25 մլրդ մ3-ից մինչև 60 մլրդ մ3-ի: Եվ ընդհանրապես, Վրաստանի տարածքով անցնող գազատարները շատ շուտով նախատեսում են կապել նաև ՏԱՊ ծրագրի հետ:

2008թ. վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմը թեև խաթարեց Վրաստանի տնտեսության հիմքերը, այնուամենայնիվ, նպաստեց նաև վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Արդյունքում՝ ադրբեջանական SOCAR-ը հնարավորություն ստացավ ազատորեն ընդլայնել իր գործունեությունը Վրաստանում: Մինչ այդ, այն ամբողջ Վրաստանի տարածքում ուներ ընդամենը 22 փոքր կազմակերպությունր՝ 30 գազաբաշխիչ ցանցերով: 2012թ. նոյեմբերին SOCAR-ը ձեռք է բերում «Իտերա-Ջորջիա» կազմակերպությունը, որը տարեկան 300 մլն մ3 գազ էր մատակարարում Վրաստանում գործող հարյուր ձեռնարկության: Բացառություն էր կազմում միայն Թբիլիսին, որտեղ 2005-ից, երբ «ԹբիլԳազ» ընկերությունը սնանկ ճանաչվեց, գազի գլխավոր մատակարարն էր ղազախական «ԿազՏրանսԳազ» ընկերությունը: Ի վերջո, վերջին 5 տարիներին ադրբեջանական ներդրումները Վրաստանի տնտեսության մեջ աճեցին ավելի քան $800 մլն-ով` անցնելով $3 մլրդ-ի սահմանագիծը՝ հաշվի առնելով նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերում Ադրբեջանի մասնակի ֆինանսավորումները:

Ներկայումս Վրաստանում ադրբեջանական շուրջ 300 ընկերություն է գործում և վրացական 150 ընկերություն՝ Ադրբեջանում: Առանձնակի ուշադրության 1 արժանի SOCAR, ԱԶԱԼ, Փաշաբանկ, Էմբավուդ, Ադրբեջանի Միջազգային բանկ և այլ կազմակերպությունների գործունեությունը Վրաստանում: Ընդհանրապես, SOCAR-ը համարվում է Վրաստանի ամենամեծ հարկատուն: Այն ներդրումներ է կատարում Վրաստանում նաև բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով: 2006-2012թթ. SOCARը կրթական, շինարարական և այլ բարեգործական ծրագրերի համար Վրաստանում ծախսել է շուրջ $21 մլն և ապահովել մոտ 7000 աշխատատեղ:

Ադրբեջանն ակտիվորեն ներդրումներ է կատարում նաև վրացական ուսումնական հաստատություններում: Ուշադրության է արժանի հատկապես Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի Կովկասագիտության ամբիոնի ֆինանսավորման իրողությունը՝ անմիջապես «Հեյդար Ալիև» հիմնադրամի կողմից:

2013թ. մարտի 18-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի Բաքու կատարած այցի ժամանակ որոշվեց բարձրացնել երկկողմ համագործակցության արդյունավետությունը նաև ռազմական արդյունաբերության ոլորտում: Իմիջիայլոց, 2009թ. Ադրբեջանը դիմել էր Վրաստանի կառավարությանը, որպեսզի վերջինս արգելի Թբիլիսիի ռուսական ռազմարդյունաբերական տանկերի վերանորոգման աշխատանքները:

Բացի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև առկա եռակողմ համագործակցությունից՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի, շինարարական փուլում գտնվող ՏԱՊ գազատարի և այլ նախագծերի իրականացումից, արդեն կյանքի է կոչվում նաև եռակողմ համագործակցությունն Ադրբեջանի, Ռումինիայի և Վրաստանի միջև, համաձայն որի՝ ադրբեջանական գազը պետք է Սև ծովի վրացական նավահանգիստներից մեկում հեղուկացվի և լցանավերի միջոցով տեղափոխվի Ռումինիա: Այստեղ այն նորից պետք է փոխարկվի գազային վիճակի և արտահանվի Ռումինիայի հարևան երկրներ: Ինչ խոսք, եվրոպական շուկան կասպյան գազով գրավելու ծրագիրն ինչքան էլ որ անիրատեսական և զավեշտալի թվա, այնուամենայնիվ, ըստ SOCAR-ի՝ հնարավոր կլինի իրականացնել ծովափնյա Կուլևի նավթային տերմինալը վերազինելու և Ռումինիայում նմանատիպ ենթակառուցվածքներ հիմնելու միջոցով:

Օգոստոսյան պատերազմը և վրաց-ադրբեջանական հարաբերությունների խորացումն արագ նպաստեցին նաև Թուրքիայի դերակատարության ամրապնդմանը Վրաստանում: Ստեղծելով «Կովկասի կայունության և համագործակցության հարթակ» կազմակերպությունը՝ Անկարան օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց կովկասյան հակամարտությունների լուծման տարբերակների առաջադրմամբ, ինչպես նաև վրաց-ադրբեջանական տնտեսական ծրագրերին անմիջական մասնակցությամբ: Թուրք-վրացական հարաբերությունների ակտիվացմանը նպաստեցին Թուրքիայի ՆԱՏՕ անդամ լինելը, Վրաստանի ցանկությունն՝ անդամակցել այդ կառույցին, ինչն առավել պարզորոշ է դարձնում ՆԱՏՕ ռազմական համագործակցության շրջանակներում Վրաստանի Իմերեթի շրջանում գտնվող «Սաչխերի» ռազմաբազայում թուրքական և վրացական զորքերի միջև պարբերաբար իրականացվող համատեղ ռազմական զորավարժությունների իմաստը: Թուրքական ֆինանսավորմամբ է գործում նաև ադրբեջանաբնակ Մառնեուլի ենթաշրջանի ավիաբազան:

Ինչպես տեսնում ենք, Թուրքիայի դերը Կովկասում զգալիորեն աճել է, թեև սիրիական վերջին իրադարձություններից հետո, բախվելով ռուսական արգելապատնեշին, այլևս արագ ընդարձակվելու նախանշաններ չի ցուցաբերում:

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը փորձում են նաև համատեղ ռազմական ծրագրեր մշակել էներգետիկ ենթակառուցվածքների պահպանման նպատակով: 2012թ. նոյեմբերին նրանք միասնաբար իրականացրին «Կովկասյան բազե 2012» զորավարժությունը: Ինչ խոսք, Ադրբեջանի և Թուրքիայի ձգտումները միանման են: Նրանք փորձում են իրենց ռազմական ներկայությունն ամրապնդել Վրաստանի ամբողջ տարածքում, որի վառ ապացույցը եղավ այն, որ 2014թ. Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպեցին Նախիջևանում, և արդյունքում՝ ստորագրվեց արագ արձագանքման համատեղ խումբ ստեղծելու մասին փաստաթուղթ: Նախատեսվող ռազմական խմբի կազմավորմամբ առաջ քաշվեց էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովման հիմնահարցը, ինչը Վրաստանն առավել կախվածության մեջ կդներ Թուրքիայից և Ադրբեջանից: Սակայն այս ծրագրի իրագործումը ձգձգվում է, որի պատճառը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն են: Թուրքիան զբաղված է ինչպես մերձավորարևելյան, այնպես էլ քրդական հարցերով: Հետևաբար, ի զորու չէ ներկայումս իրականացնել նման ռազմավարական նշանակության ծրագրեր:

 Խոչընդոտներ վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական հարաբերություններում

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը համընթաց` Վրաստանին անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ Թուրքիան տնտեսական կապեր է հաստատում և կայունացնում հարաբերություններն Աբխազիայի հետ: Բավական է նշել, որ աբխազական ապրանքների արտահանումների 45%-ը և ներկրումների 60%-ը կապված են բացառապես Թուրքիայի հետ: 2010-2013թթ. թուրքական պատվիրակությունը՝ Վրաստանում Թուրքիայի դեսպանի ներկայությամբ, պարբերաբար այցելություններ է կատարել Սուխում՝ Թուրքիայի և Աբխազիայի միջև տնտեսական կապերի ընդլայնման նպատակով: Միաժամանակ, Թուրքիայում աբխազական համայնքի նկատմամբ տարեցտարի մեծանում է բարյացակամ վերաբերմունքը: Հարկ է նշել նաև, որ թուրքական իշխանությունները նպատակ ունեն պահպանել իրենց ամուր կապերն ինչպես իսլամ դավանող աբխազների, այնպես էլ նախկինում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ապրող մեսխեթցի թուրքերի հետ:

Վրացական կողմին լրջորեն մտահոգում է նաև Թուրքիայի տնտեսական զգալի ազդեցությունն Աջարիայում:

2014թ. մարդահամարի տվյալներով՝ Աջարիայի բնակչությունը կազմել է 336.077 մարդ, որի 30$-ը` ավելի քան 100.000-ը, համարվում է մուսուլման: Վերջիններս բավական խիտ են բնակեցված Աջարիայի բարձրադիր, մարգինալացված շրջաններում, հատկապես Սամցխե-Ջավախքի սահմանին գտնվող Խուլոյի շրջանում: Իսլամի ամուր դիրքերը նկատելի են նաև Շուախևի և Քեդա շրջաններում:

Աջարիայի մուսուլման բնակչության մի մասը բնակություն է հաստատել երկրի հարևանությամբ գտնվող Գուրիայում և Սամցխե-Ջավախքում: Այս շրջաններում, մուսուլմանների տեղափոխության արդյունքում առավել արդիական է դարձել քրիստոնեական բնակավայրերին կից իսլամական հաստատությունների կառուցման հիմնահարցը, ինչը բողոքի ալիք է բարձրացնում ինչպես Աջարիայում, այնպես էլ Աջարիային կից շրջաններում: 2012թ. նոյեմբերին Աջարիայից ոչ շատ հեռու գտնվող Աջկուրիա շրջանի Նիգվզիանի գյուղում բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղի տներից մեկի շուրջ` Աջարիայից տեղափոխվածների համար մզկիթի վերակառուցման դեմ: Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել 2014թ. հուլիսին, երբ Սամցխե-Ջավախքի շրջանի Չելա գյուղում քրիստոնյա բնակչությունն ընդդիմացավ Աջարիայից եկած վերաբնակիչների կողմից գյուղի մզկիթին կից մինարեի կառուցմանը: Հետագայում Վրաստանի կառավարության կողմից խնդիր դրվեց ապամոնտաժել Չելայի մինարեն: Այս առումով, վրացական իշխանությունները որևէ լուրջ բացատրություն չտվեցին, բայց միայն պարզորոշ դարձրին այն, որ Իվանիշվիլու կառավարությունը փորձում էր Վրաստանում նվազեցնել իսլամի դերը: Այս իրադարձությունները Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին որակեց որպես Բիձինա Իվանիշվիլու ղեկավարության անզգույշ քաղաքականության հետևանք՝ հավելելով, որ նման մոտեցումները կարող են սրել Վրաստանում ապրող հարյուր հազարավոր մուսուլմանների հարաբերությունները քիրստոնյաների հետ:

Աջարիայում կրոնական կրքերը բորբոքվեցին հատկապես 2014թ. օգոստոսին, երբ Աջարիայի ծովափնյա հանգստավայրերից մեկում` Քոբուլեթիում, իսլամական դպրոցների բացման դեմ պայքարող բնակչությունը բողոքի շարժում անցկացրեց` պահանջելով դադարեցնել դրանց կառուցման աշխատանքները: Այս քայլի դեմ ուղղված մուսուլմանների պատասխանը շատ չուշացավ: Վրաստանի մուսուլմանների կազմակերպության ղեկավար Ջեմալ Պակսաձեն հայտարարեց, որ նմանատիպ շարժումները Վրաստանի քաղաքացիների կրոնական համոզմունքները վիրավորելու, ինչպես նաև անդաստիարակ պահվածքի դրսևորումներ են: Նա դիմեց Վրաստանի վարչապետին` խնդրելով գործի դնել բոլոր միջոցները տարածաշրջանում նման գործողությունները դադարեցնելու և իրավիճակի սրումը կանխելու նպատակով: Աջարիայի ինքնավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն նույնպես վերոնշյալ անհամաձայնությունները որակեց որպես վիրավորանք՝ կոչ անել Վրաստանի իշխանություններին մանրազնին հետաքննելու պատահարը: Այնուհանդերձ, քրիստոնեադավան Արչիլ Խաբանաձեի նման խնդրանքները լուրջ չեն ընկալվում և քննադատություններից զերծ չեն մնում, քանի դեռ նա չի իրականացրել Աջարիայի մուսուլմանների երկու հիմնական պահանջները՝ Բաթումում ԽՍՀՄ շրջանում այրված Ազիզի մզկիթի վերակառուցումն ու վերաբացումը և մզկիթներին կից մադրասաների կառուցումը:

Աջարիայում առկա իսլամադավան բնակչությունը պարարտ հող է ստեղծում ինքնավարության տարածքում Թուրքիայի դերի մեծացման համար: Թուրքիայի ազդեցությունն Աջարիայում հատկապես ակնհայտ է դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո: Հատկանշական է, որ 1921թ. Կարսի պայմանագրով Թուրքիան որոշակի արտոնություններ ստացավ Բաթումի նկատմամբ: Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան կարող էր զորք մտցնել Բաթում, եթե այնտեղ լարված իրավիճակ ստեղծվեր: Կարսի պայմանագրի դրույթները վերահաստատվել են նաև 1992թ. Էդուարդ Շևարդնաձեի և Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալի միջև կնքված համաձայնագրի արդյունքում:

Աջարիայի տնտեսության մեջ միլիոնավոր դոլարների ներդրումներից բացի, Թուրքիան ֆինանսավորում է նաև մի շարք կրթական և մշակութային ծրագրեր, որոնց միջոցով Աջարիայի երիտասարդ բնակչությունը հնարավորություն է ստանում կրթությունը շարունակել Թուրքիայում, ինչպես նաև վերականգնվում և կառուցվում են մզկիթներ և մադրասաներ: 2010թ. Բաթումի Նիկո Բերձենիշվիլի համալսարանի կողմից անցակացված հետազոտությունների համաձայն՝ պարզ է դարձել, որ Աջարիայում գործում են 184 իսլամական կառույցներ` 119 մզկիթ (51-ին կից գործում են մադրասաներ), 22 սեսիոնալ մզկիթ, 19 մադրասա, 15 աղոթքի տուն, 8 գիշերօթիկ դպրոց-մադրասա և մեկ աղոթքի տուն մադրասա: Ըստ Խուլոյի շրջանային ղեկավարի, այդ կրթական հաստատություններում աշակերտները սովորում են իսլամ օրական մեկ և կես ժամ: Վերոնշյալ հաստատությունները ֆինանսական աջակցություն են ստանում նաև Թուրքիայից: Վերջինս պարտավորվել է նաև վերականգնել իր տարածքում գտնվող վրացական հուշարձանները: Վրաստանն էլ իր հերթին պետք է թույլ տա, որ իր տարածքում երեք նոր մզկիթ կառուցվի, որոնցից մեկը պետք է հիմնվի Բաթումում` Ազիզի մզկիթի ավերակների վրա: Այնուամենայնիվ, Թուրքիայի նմանատիպ պահանջները բացասաբար են ընդունվում ոչ միայն վրացական հասարակության, այլև Վրաստանի խորհրդարանի կողմից: «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Մուրման Դումբաձեն, դեմ արտահայտվելով Աջարիայում նոր մզկիթի կառուցմանը, պնդել է, որ Թուրքիան պետք է վերականգնի իր տարածքում վրացական հուշարձաններն առանց որևէ ակնկալիքների:

Ընդհանրապես, Վրաստանի բնակչության մոտ 10%-ը համարվում է իսլամադավան: Նրանց մեծամասնությունը թյուրքական ծագմամբ մուսուլմաններ են, որոնց թիվն անցնում է 280. 000-ից: Նրանք հիմնականում բնակվում են Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսի, Մառնեուլի և Դմանիսի ենթաշրջաններում: Քվեմո Քարթլիում թյուրքական ծագմամբ բնակիչների կամ ադրբեջանցիների թիվը հասնում է մոտ 225.000-ի` կազմելով շրջանի բնակչության ավելի քան 45%-ը: Այստեղ կրոնական և մշակութային մեծ ազդեցություն ունի նաև Ադրբեջանը: Քվեմո Քարթլիում ակտիվ գործում է «Հեյդար Ալիև»-ի անվան հիմնադրամը, որը մեծ ներդրումներ է կատարում հատկապես կրթական ոլորտում: Ադրբեջանի իշխանությունները նյութական օգնություն են ցուցաբերում առավելաբար Վրաստանի ադրբեջանական դպրոցներին: Ադրբեջանից ստացվող ֆինանսավորմամբ ստեղծվում են ադրբեջանական հասարակական կազմակերպություններ, որոնցից են «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը» և «Վրաստանն իմ հայրենիքն է» կազմակերպությունները, որոնք պարբերաբար բարձրացնում են Վրաստանում ադրբեջաներենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելու հարցը:

Ի դեպ, Վրաստանի տնտեսության և մշակույթի ոլորտներում կատարված ներդրումներն Ադրբեջանին և Թուրքիային թույլ են տալիս որոշակի պահանջներ ներկայացնել վրացական կառավարությանը: Ադրբեջանը հաճախ է ակնարկում այն մասին, որ Մառնեուլում պետք է բացել ադրբեջանական հյուպատոսություն, ինչը վրացական իշխանությունները պարզապես անտեսում են: Ադրբեջանը և Թուրքիան բարձրացնում են նաև մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը, որոնք տասնյակ հազարներով աքսորվել էին Վրաստանից Միջին Ասիա դեռևս 1944թ: Այս հարցի շուրջ վրացական որոշ աղբյուրներ խոսում են ամենայն զգուշավորությամբ ու մտահոգությամբ՝ մեկնաբանելով, որ մեսխեթցի թուրքերն իրականում հեռահար նպատակներ են փայփայում Վրաստանում ինքնավարություն ձեռք բերելու համար: 1980-ականներին Ուզբեկստանում տեղի ունեցած բռնաճնշումներից հետո վերադառնալով Կովկաս՝ մեսխեթցի թուրքերի մի զգալի մասը բնակություն է հաստատել Ադրբեջանում: Այստեղ նրանց թիվն այսօր անցնում է 60.000-ից, որոնցից շատերն ունեն Ադրբեջանի քաղաքացիություն: Մեսխեթցի թուրքերը հակված են վերադառնալ Սամցխե-Ջավախքի շրջանում գտնվող իրենց նախկին բնակավայրեր, ինչը կարող է հիմք հանդիսանալ արհեստական կամրջի ստեղծման, որը վրացական Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախքի շրջաններով Թուրքիան կմիացնի Ադրբեջանին:

Այնպես որ, Թուրքիայի և Ադրբեջանի պարբերաբար հնչեցվող պահանջները վրացական գրեթե բոլոր հարթակներում առաջացնում են հակաթուրքական և հակաադրբեջանական տրամադրություններ: Մասնավորաբար, «Հայրենասերների ալիանս» կուսակցությունը, որը նպատակ ունի հաջողության հասնել 2016թ. Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, պնդում է, որ Թուրքիան երբեք չի՛ եղել և չի՛լինելու բարեկամ երկիր Վրաստանի համար: Վրացական կառավարությունն էլ իր հերթին է գիտակցում, որ թուրք-ադրբեջանական պահանջատիրական մոտեցումներից խուսափելու, ինչպես նաև այդ երկրներից Վրաստանի կախվածությունը նվազեցնելու համար հարկավոր է դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը: Հետևաբար, վրացական կառավարությունը ձգտում է այլ ներդրողներ գտնել երկրի տնտեսության զարգացման համար: Այս հարցում որպես լավագույն տարբերակ է նախանշվում Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Վրաց-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից մեկն է դարձել վրաց-իրանական համագործակցության զարգացումը: ԽՍՀՄ փլուզումից հետո, ավելի քան քսան տարվա ընթացքում, վրաց-իրանական հարաբերությունները շատ սահմանափակ են եղել, թեպետ թե՛ Վրաստանը և թե՛Իրանը բնավ չեն թաքցրել իրենց մտադրությունները երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցում: Իհարկե, Իրանում դեռ թարմ են Կովկասում գերիշխող դիրք ունենալու երբեմնի նկրտումները: Տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացումն էլ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Իրանի հատկապես հյուսիսարևմտյան շրջաններում, որոնք բնակեցված են հիմնականում թյուրքալեզու բնակչությամբ: Հետևաբար, Իրանը մշտապես ձգտելու է իր հարաբերությունների մերձեցմանը ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի հետ: Վրաստանի համար Իրանը դիտարկվում է որպես կայուն և հուսալի գործընկեր՝ իր բնական պաշարների առատությամբ հանդերձ: Թեև, նախքան Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Վրաստանը տարակուսանք էր հայտնում վրաց-իրանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ինչը կարող էր հակասել Վրաստան-ՆԱՏՕ և Վրաստան-Եվրամիություն հարաբերություններին: Ներկայումս Վրաստանի համար բացվում են հսկայական հնարավորություններ Իրանից ածխաջրածնային վառելիքների ներկրման, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, և ընդհանրապես, իրանական հսկայական կապիտալի ներհոսքի հաշվին երկրի տնտեսության աննախադեպ զարգացման համար: Սա նշանակում է ձերբազատում ոչ միայն ադրբեջանական SOCAR ընկերության մոնոպոլիայից, այլև թուրք–ադրբեջանական բազմաթիվ ընկերությունների ազդեցությունից և նրանց պահանջատիրական հիմնախնդիրներից:

Իրանը կարևորում է իր ներկայությունը Վրաստանում հետևյալ պատճառներով.

1. Իրանը դեմ է ԱՄՆ, ՆԱՏՕ և Իսրայելի դիրքերի ամրացմանը Վրաստանում և Հարավային Կովկասում,
2. Իրանի համար ցանկալի չէ իր երկիրը շրջանցող էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը,
3. Իրանը նպատակ ունի Վրաստանով դուրս գալ Սև ծով և Եվրոպա,
4. Իրանը ձգտում է ամուր կապեր ունենալ Վրաստանի հետ, որպեսզի նվազեցնի Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում,
5. Իրանի համար Վրաստանը կարող է ֆորպոստ դառնալ ՆԱՏՕ–ի և այլոց կողմից իր դեմ ռազմական գործողությունների իրականացման դեպքերում:

Ի դեպ, մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Իրանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են 2012 և 2013թթ. ՄԱԿ ստրասբուրգյան գրասենյակում: Արդյունքում՝ կազմվել են խորհրդարանական բարեկամության խմբեր, երկկողմ առևտրային պալատներ և միջազգային փոխադրումների հարցերով համատեղ հանձնաժողովներ: Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմպուրը 2013թ. նոյեմբերին և 2014թ. մարտին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի, որտեղ ներկա է գտնվել Վրաստանի նախագահի երդման արարողությանը: Նա նաև հանդիպումներ է ունեցել Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելով էներգետիկ և մշակութային երկկողմ հարաբերությունների կայացման խնդիրներ: Հաջորդիվ՝ 2015թ. հունվարին, Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին է այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հանդիպելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, մեջլիսի ղեկավար Ալի Արդաշիր Ամոլի Լարիջանիի, ԻԻՀ արտահանումների խորհրդի ղեկավար և ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի, ԻԻՀ ազգային անվտանգության քարտուղար Ալի Շարնխանիի և այլ բարձրաստիճան անձանց հետ:

Նույն թվականի մայիսին տեղի ունեցավ վրաց-իրանական տնտեսական խորհրդի հանդիպում Թեհրանում, որտեղ ստորագրվեց տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման հուշագիր: Կարևորվեց երկկողմ ապրանքաշրջանառության աճը, որն արդեն 2014թ. հասել էր $200 մլն-ի: Նշվեց նաև, որ Վրաստանի եվրաինտեգրումը կարող է էապես նպաստել Վրաստանում իրանական ներդրումների և առևտրային փոխհարաբերությունների վերելքին, որի համար ներկայացվեցին բավական հուսադրող փասատարկներ. Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի համաձայն՝ վրացական արտադրատեսակների մուտքը ԵՄ երկրներ պետք է ավելանա 12$-ով, և առևտրային բարեփոխումների արդյունքում՝ Վրաստանի ՀՆԱ–ն՝ 4,3%-ով: Վրացական ապրանքներն էլ կարտահանվեն Եվրոպա առանց խոչընդոտների և մաքսային տուրքերի: Նման արտոնյալ պայմաններում հայտնվելով՝ Վրաստանը ձեռք կբերի շահեկան կարգավիճակ՝ արտասահմանյան և, մասնավորաբար, իրանական կապիտալի հոսքերի նվաճմամբ:

2015թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև ռուսական «Ռոսսետի» ընկերության գործադիր տնօրենը, Երևանում ստորագրեցին էներգետիկ ոլորտում համագործակցության հուշագիր: Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի` 2018թ. կշահագործվեն 400-500 կվտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծեր Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև:

Համաձայն Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Քալաձեի հայտարարության՝ Վրաստանը գարնանն ու ամռանն ունենում է էլեկտրաէներգիայի ավելցուկ, իսկ ձմռանը նկատվում է հակառակ երևույթը: Ուստի, էլեկտրաէներգիայի ներկրման հարցում Վրաստանին կարող է օգնել նաև Իրանը: Այնուհանդերձ, վրացական կողմն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի իրականացման հարցում խոչընդոտ կարող է հանդիսանալ Ռուսաստանը: Ըստ 2015թ. օգոստոսյան հայ-ռուսական համաձայնագրի՝ Հայաստանն Իրանին և Վրաստանին միավորող էլեկտրահաղորդման գծերը պետք է շահագործվեն ռուսական ընկերության կողմից: 2013թ. դեկտեմբերի հայ-ռուսական մեկ այլ պայմանագրի համաձայն՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 30 տարիների ընթացքում ներկրման մենաշնորհի իրավունք է ստացել ՀՀ տարածքում: Հետևաբար, Հայաստանի համար դյուրին չի լինելուՎրաստանի և Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը, քանի որ այս առումով առաջնային պետք է համարվի Ռուսաստանի հետ փոխհամաձայնության փաստը:

Վրաստանին հետաքրքրում է նաև Պարսից ծոցից մինչև Սև ծով բեռնափոխադրումների իրականացման հարցը՝ Իրան-Հայաստան-Վրաստան կամ Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղություններով, ինչպես նաև առավել շահութաբեր համարվող իրանական գազի ներկրումը, որի համար, թերևս, ամենակարճ ուղին Հայաստանն է:

Վրաստանը ձգտում է նաև Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության մասնակի վերականգման՝ գիտակցելով, որ էներգետիկ կախվածությունը մեկ երկրից, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից, կայուն տնտեսական հեռանկարի երաշխիք համարվել չի կարող: Ռուսաստանի հետ էներգետիկ մերձեցմանը կարող է նպաստել ռուսական «Գազպրոմ» ընկերության բաժնետեր Բիձինա Իվանիշվիլու հեղինակությունը: Շատ է խոսվում նաև այն մասին, որ Հայաստան արտահանվող ռուսական գազը կարող է տրամադրվել Վրաստանին, իսկ Հայաստանը կներկրի իրանական գազ: Ռուսական կողմն էլ իր հերթին փորձում է ավելի մեծացնել Վրաստանի էներգետիկ կախվածությունը` պնդելով, որ Հայաստան արտահանվող գազի 10%-ի (200 մլն մ3) փոխարեն Վրաստանը գումար կստանա:

Հարկ է նշել, որ վրաց-իրանական համագործակցության նոր փուլը մեկնարկել է առավելաբար 2011թ., երբ Վրաստանը ոչ վիզային ռեժիմ սահմանեց ԻԻՀ քաղաքացիների համար` հնարավորություն տալով վերջիններիս մնալ Վրաստանի տարածքում մինչև 45 օր: Արդյունքում՝ գրանցվեց իրանական ներդրումների աննախադեպ աճ: Վրաստանում իրանցի գործարարների թիվը կտրուկ ավելացավ՝ 84-ից հասնելով 1489-ի: Իրանա-վրացական բիզնես կապերի զարգացման կենտրոնի ղեկավար Մահմուդ Դավարին էլ նշեց, որ իրանցիները Վրաստանն ընդունում են որպես ապահով երկիր ներդրումներ կատարելու համար:

Բարիդրացիական և շահավետ համագործակցության միտումն առավել ակնառու դարձավ հատկապես 2016թ. սկզբին, երբ իրանա-վրացական փոխադարձ ոչ վիզային ռեժիմն առավել քան դյուրինացավ՝ ժամկետների սահմանափակումների բացառմամբ:

Թվում է, թե վրաց-իրանական հարաբերությունների զարգացմանն այլևս ոչ ոք խոչընդոտել չի կարող: Այնուհանդերձ, ինչքան էլ Վրաստանը ճկուն քաղաքականություն վարի հարևան երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ, միևնույն է, ԱՄՆ արգելքից ու նրա կապանքներից խուսափել չի կարող: 1992-2011թթ. ԱՄՆ-ը Վրաստանին $4,24 մլն-ի օգնություն է ցուցաբերել, ուստի և վրաց-իրանական հարաբերությունների զարգացումը նրա կողմից միանշանակ համարվել չի կարող: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը նշել է, որ Վաշինգտոնը չի թաքցնում իր մտահոգությունը վրաց-իրանական հարաբերությունների զարգացման հարցում: Հետևաբար, Վրաստանը փորձում է հավասարակշիռ և զգուշավոր հարաբերություններ վարել Իրանի հետ` ԱՄՆ ու իր արևմտյան գործընկերների հույզերը չբորբոքելու նպատակով: Այս տրամաբանությամբ էլ վրացական կողմը մերժեց Վրաստանում մասնաճյուղ ունենալու նպատակով իրանական «Պասարգադ. բանկի առաջարկը:

Մեծ հաշվով, Վրաստանը կարող է տուրք չտալ ռուսական գործոնին՝ իր համար բավականաչափ շահությաբեր դարձնելով Հայաստան–Ռուսաստան-Իրան էներգետիկ համագործակցության զարգացման հնարավորությունը: Վերջինս ավելի հեռանկարային կդառնա, երբ իրականություն դառնան Տրանսկասպյան և ՏԱՆԱՊ էներգետիկ ծրագրերը, որոնց միջոցով թուրքմենական գազն Ադրբեջանի տարածքով կտեղափոխվի Եվրոպա: Բնականաբար, նման հիմնահարցի հեռանկարին չէին կարող չընդդիմանալ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը: Մասնավորաբար, Իրանը չի ցանկանում զարգացնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, քանի որ նրանց միջև առկա են ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, մշակութային ու կրոնական տարաձայնություններ: Հաշվի առնելով այս հանգամանքը` Հայաստանի և Վրաստանի դերն իրանական գազի արտահանման հարցում կարելի է համարել առավել իրատեսական: Ավելին՝ 2015թ. դեկտեմբերին Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարների քառակողմ հանդիպումը Երևանում առավել ցայտուն դարձրեց էներգետիկ համագործակցության մեկնարկը: Մասնավորաբար, համաձայն շրջանառվող, բայց ոչ պաշտոնական լուրերի՝ ԻԻՀ-ն պատրաստակամություն է հայտնում Վրաստանին մատակարարել տարեկան 300-500 մլն մ3 գազ, ինչը բավական լուրջ ցուցանիշ է բնակչության սպառողական ամբողջ կարիքները բավարարելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է հայ–վրացական հարաբերությունների զարգացմանը, պետք է ասել, որ այն ցավագին երևույթ է համարվում Թուրքիայի և Ադրբեջանի համար: Այնուամենայնիվ, նրանց խոչընդոտումներին հակառակ, Հայաստանի առևտրի 70%-ը կատարվում է Վրաստանի տարածքով: Իսկ թե ինչ հրաշալի հեռանկարներ է խոստանում աբխազական երկաթուղու գործարկումը, որը ձգձգվում է մաքսակետի տեղակայման և այլ քաղաքական հիմնախնդիրների պատճառով, պարզապես մեկնաբանությունների կարիք չունի:

Եվ ընդհանրապես, առանց երկաթուղու տնտեսական կայուն զարգացման երաշխիքներն աննշան են: Այս առումով, բավական համոզիչ են հետևյալ փաստարկները. 2012թ. Վրաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $332 մլն, մինչդեռ 2015թ. այն զգալիորեն նվազել է՝ հասնելով $268.539.300-ի, որն այդ ընթացքում կազմել է Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 3,7%-ը, իսկ Հայաստանն այդ ցուցանիշով` Վրաստանի 10-րդ առևտրայինգ ործընկերը:

Փոխարենը, փոքր-ինչ ակտիվացել է առևտուրը Ռուսաստանի հետ՝ $520.000.000-ից մինչև $530.314.200, ինչը մեկնաբանվում է Եվրասիական միության աստիճանական զարգացմամբ, ինչպես նաև «Շահ Դենիզ» հանքավայրի հայտնաբերմամբ, որից հետո Ռուսաստանը որոշակիորեն կորցրեց իր դիրքերն Ադրբեջանում և Վրաստանում: Մինչ այդ, նա Բաքու–Նովոռոսիյսկ գազատարի միջոցով խոչընդոտում էր Վրաստանով երրորդ երկրներ ադրբեջանական գազի արտահանմանը, հետևաբար նաև՝ նրանց քաղաքատնտեսական որոշակի անկախության կայացմանը:

Հարկ է նշել, որ 2015թ. Վրաստան ներկրվող գազի շուրջ 90%-ը ադրբեջանական էր՝ SOCAR պետական ընկերության աջակցությամբ, որի անունից պաշտոնական Բաքուն չի դադարում հայտարարել, թե այն կարող է բացարձակ ապահովել Վրաստանի տնտեսությանը գազի պահանջվող ծավալներով: Նախորդ տարվա նոյեմբերին, Իլհամ Ալիևի Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, նախագահների մակարդակով հրապարակված համատեղ փաստաթղթում նշվեց, որ առաջիկա տարիներին կողմերը նախատեսում են առավելագույնի հասցնել SOCAR կողմից գազի մատակարարումը Վրաստանին:



Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015թ. Վրաստանի գազային կարիքները 2014թ. համեմատ ավելացել են շուրջ 14%-ով՝ հասնելով 2.5 մլրդ մ3-ի: Գազի սպառման բաշխվածությունն ըստ տնտեսության ճյուղերի հետևյալ պատկերն է ունեցել. 750 մլն մ3 տնային տնտեսություններին, 650 մլն մ3՝ ջերմաէլեկտրակայաններին, 1 մլրդ մ3 մասնավոր արտադրական ընկերություններին: Գազի նշյալ ծավալները հիմնականում տրամադրվել են Ադրբեջանի կողմից` երկու պայմանագրերի համաձայն: Այսպես՝ 712 մլն մ3 գազ Վրաստանն ստացել է «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությանը պատկանող Հարավկովկասյան խողովակաշարից, որը կասպիական «Շահ Դենիզից» Վրաստանի տարածքով հասնում է Թուրքիա, իսկ մնացած 1.5 մլրդ մ3-ը Վրաստանն ստացել է SOCAR ընկերության կողմից:

Այնուհետև, SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը և վրաստանյան մասնաճյուղի ղեկավար Մահիր Մամադովը, հանդիպելով Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ, հայտարարել էին, որ պատրաստ են ձմռան ամիսներին Վրաստանին գազի լրացուցիչ ծավալներ տրամադրել:

Այնուհանդերձ, ադրբեջանական կողմի ջանքերին հակառակ, Վրաստանն աստիճանաբար ավելի ու ավելի է հստակեցնում իր դիրքորոշումն ադրբեջանական էներգակիրների պաշարների բավականությանը չհավատալու տեսակետից ՝առավել պարզորոշ դարձնելով իր հայացքներն իրանական էներգետիկ համագործակցության նկատմամբ:

Իրանա-վրացական համագործակցության զարգացման մեկ այլ պատրվակ է համարվում հարավօսական ճգնաժամի ընթացքում Վրաստանին Իրանի ցուցաբերած աջակցությունը: 2006-2008թթ. Ռուսաստանը պարբերաբար դադարեցնում էր գազի մատակարարումը Վրաստանին: Նման իրավիճակները շուտափույթ կանխվում էին ցածր գներով Վրաստանին տրամադրվող իրանական գազի հաշվին: Հետևաբար, ի հակադրություն գերտերությունների հակաիրանական մոտեցումների, Վրաստանը երբեք էլ բաց չի թողնում առիթն իր երախտագիտությունն Իրանին հայտնելու համար: Եվ այս բարեկամական տրամադրությունն ի վերջո նյութականացավ, երբ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` 2016թ. փետրվարի 15-ից Իրանի քաղաքացիներն ազատՎրաստան այցելելու իրավունք ստացան:

Ի դեպ, հարկ է նշել, որ ի հեճուկս միջազգային պատժամիջոցների՝ Իրանը երբեք էլ չի ընկճվել և չի դադարել իր ազդեցության ոլորտներն ընդլայնելու գաղափարներից: Մասնավորաբար, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Քվեմո Քարթլիում վերածնվեցին իսլամական գաղափարները, Իրանի Իսլամական Հանրապետության միսիոներներն, ակտիվանալով Ադրբեջանում, իրենց ազդեցությունը տարածեցին նաև Վրաստանի հարավ-արևելքում՝ հիմնադրելով մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնցից է «Ահլի Բեյթ» հիմնադրամը Մառնեուլում, որը գործում է Ռասիմ Մամեդովի գլխավորությամբ և զբաղվում է իրանամետ շիական գաղափարախոսության տարածմամբ: Իրանական իշխանությունները նաև գումարներ են հատկացնում Մառնեուլում մզկիթներ կառուցելու նպատակով:

1. Վրաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիների շրջանում հնարավոր անջատողական ձգտումները կարող են խաթարել երկրի տնտեսական, աշխարհաքաղաքական և ժողովրդագրական կայունության հիմքերը։ Դա  անհանգստացնում է Վրաստանի իշխանություններին և հանրությանը։ Նման զարգացումներն անմասն չեն  թողնի նաև Հայաստանին։



2. Վրաստանը և Իրանը դեմ չեն ձևավորել կայուն և մրցունակ էներգահամակարգ` Հայաստանի ներգրավմամբ, որն էապես կնվազեցնի մեզ վրա թուրք–ադրբեջանական շրջափակման ազդեցությունը: 

3. Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան զարգացնում են միջտնտեսական հարաբերություններ։ 2007թ. նախաձեռնվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: Նախագծային փուլում է Նախիջևան-Կարս երկաթուղու ծրագիրը, որի նպատակն է վերացնել ադրբեջանական էքսկլավի շրջափակումը: 

4. «Օգոստոսյան պատերազմը» և վրաց-ադրբեջանական հարաբերությունների խորացումը նպաստեցին  Թուրքիայի դերակատարության ամրապնդմանը Վրաստանում: Իմերեթի «Սաչխերի» ռազմակայանում  իրականացվում են թուրք-վրացական զորավարժություններ, թուրքական ֆինանսավորմամբ է գործում  ադրբեջանաբնակ Մառնեուլի ավիացիոն բազան:

5. Ըստ 2014թ. մարդահամարի՝ Աջարիայի բնակչությունը կազմել է 336.077 մարդ, որոնց 30%-ը  մուսուլման է: Վերջիններս խիտ բնակեցված են Աջարիայի՝ Սամցխե-Ջավախքի սահմանին  գտնվող Խուլոյի  շրջանում, Շուախևի և Քեդա շրջաններում։ Աջարիայի իսլամադավան բնակչությունը պարարտ հող է ստեղծում ինքնավարության տարածքում Թուրքիայի դերի մեծացման համար: 

6. Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները Վրաստանում առաջացնում են հակաթուրքական և  հակաադրբեջանական տրամադրություններ: Վրաստանը գիտակցում է, որ այդ երկրներից  կախվածությունը  նվազեցնելու համար հարկավոր է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը: Այդ հարցում որպես լավագույն  տարբերակ է նախանշվում Իրանը:

7. Իրանը կարևորում է իր ներկայությունը Վրաստանում հետևյալ պատճառներով.

  • Իրանը դեմ է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ամրացմանը Վրաստանում և ՀարավայինԿովկասում ու ձգտում է ամուր կապեր հաստատել Վրաստանի հետ, որպեսզի նվազեցնի նրանց ազդեցությունը տարածաշրջանում,
  • Իրանի համար ցանկալի չէ իր երկիրը շրջանցող էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը,

  • Իրանը նպատակ ունի Վրաստանով դուրս գալ Սև ծով և Եվրոպա:

8. 2015թ. դեկտեմբերին Հայաստանի, Վրաստանի, Իրանի և ՌԴ էներգետիկայի նախարարների միջև կայացավ հանդիպում։ ԻԻՀ–ը պատրաստակամություն հայտնեց Վրաստանին մատակարարել տարեկան 300-500 մլն մ3 գազ, ինչը լուրջ ցուցանիշ է:

9. Իրանը երբեք չի հրաժարվել իր ազդեցության ոլորտներն ընդլայնելու գաղափարներից: «Ահլի Բեյթ»  հիմնադրամը Մառնեուլում զբաղվում է շիական գաղափարախոսության տարածմամբ, հատկացվում են նաև  գումարներ մզկիթներ կառուցելու նպատակով:

10. Վրաստանը մշտապես գտնվում է տարարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական  գործընթացների, քաղաքական խմորումների կիզակետում: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում հարևան  երկրների`Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի համար, որոնցից յուրաքանչյուրը Վրաստանի հետ գործընկերությունը դիտարկում է յուրովի: 

11. Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումներն այդ խնդրում հիմնականում համընկնում են, որոնց հիմքում  ընկած են ոչ միայն առևտրաարդյունաբերական, այլև եռակողմ և փոխշահավետ էներգետիկ  համագործակցության և քաղաքական հեռանկարները:

12. Վրաստանի հետ Իրանի համագործակցային մոտեցումներն առավել սկզբունքային են: Վերջինս  ցանկանում է այլընտրանք ունենալ Թուրքիային և Ադրբեջանին հակառակ` իր էներգետիկ ծրագրերն առաջ  մղելու և ածխաջրածնային հոսքերը դեպի Եվրոպա ուղղելու նպատակով, ինչը կարող է իրականանալ  Վրաստանի և Սև ծովի տարածքով` ամրապնդելով Իրանի դիրքերը ՌԴ ազդեցության գոտի համարվող  Հարավային Կովկասում:

13. Ռուսաստանը ձգտում է բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ` հաշվի առնելով թուրք- ադրբեջանական հարաբերությունների խնդիրը, ինչպես նաև իրանական գործոնի ուժեղացումը Կովկասում: 

Ռուսաստանն առաջին հերթին նպատակ ունի ամրագրել իր ներկայությունը վրաց-իրանական էներգետիկ ծրագրերում:

14. Վրաց-ռուսական և վրաց-իրանական հարաբերությունների զարգացումները կարող են արգասաբեր լինել  Հայաստանի համար, թեև հայ-վրացական հարաբերությունները դեռ երկար կլինեն ոչ հավասարազոր  հարթության վրա` Վրաստանի առավելության պահպանմամբ: 

15. Եթե Հայաստանը կարողանա տարանցիկ երկիր դառնալ վրաց–իրանական գազային ծրագրի հարցում, ապա  հայ-վրացական հարաբերությունները կփոխադրվեն առավել հեռանկարային հարթություն` թուլացնելով  թուրք–ադրբեջանական ազդեցության ոլորտը:

16. Վրաստանը պետք է գնահատի իր հնարավորություններն ու շահադիտական հարաբերությունները բոլոր  հարևանների հետ` զուգահեռաբար տիրապետելով նաև ներքին հիմնախնդիրներին, նկատի ունենալով  Վրաստանում ապրող ավելի քան 280 հազար ադրբեջանցիների անջատողական ձգտումները: 

17. Առաջիկա տասնամյակներին Վրաստանի դիվանագիտական ռազմավարության դոմինանտը սեփական սահմանների անքակտելիությունն է և ազգային փոքրամասնությունների հետ չառճակատվելը: Հակառակ դեպքում դրանք կարող են հանգեցնել տարանջատումների և տարածքային կորուստների։ 

18. Վրաստան - ՀՀ հարաբերությունները հիմնականում բարիդրացիական են։ Նրանք ունեն կայուն փոխըմբռնում ամենակարևոր հարցերում, չնայած առկա են տարամետ շահեր։ ՌԴ-Վրաստան հարաբերությունները լարված են, սակայն այժմ այնպիսի հռետորաբանություն չեն գործածում, ինչպես նախկինում։ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիան դուր չի գալիս Ռուսաստանին, և նա կարող է դիմել անկանխատեսելի քայլերի։ 

19. Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանն ունի սերտ տնտեսական և քաղաքական համագործակցություն։ Օրինակ, վերջերս հանդիպեցին այդ երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։ Վրաստանը պետք է փորձի թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ հանդես գալ որպես սուբյեկտ և չառաջնորդվել լոկ տնտեսական նկատառումներով։ 

20. Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանը դիտում են որպես Հայաստանի մեկուսացման իրենց ռազմավարության մաս և պատրաստ են ներդրումներ կատարել այդ երկրում։ Դա Վրաստանի համար տնտեսապես շահավետ է, սակայն այդպիսով Թբիլիսին դառնում է տարածաշրջանային հավասարակշռությունը խախտող, մինչդեռ այդ հավասարակշռության պահպանումը կենսական նշանակություն ունի։

21. Կայունությունը հիմնականում պահպանվում է ոչ թե դիվանագիտական ջանքերի, այլ հավասարակշռության հիման վրա։ Եվ այս իմաստով Վրաստանը կարևոր կետ է, որի դերակատարումն էական նշանակություն ունի նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի հարցում։ 

22. Աբխազիայի և Օսիայի խնդիրները ստիպում են Թբիլիսիին հանդես գալ թուրք-ադրբեջանական քաղաքական տրամաբանության ներքո։ Արդյունքում՝ Վրաստանը հայտնվում է նրանց քաղաքականության արբանյակի դերում, ինչը սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար։ 

23. Պետք է ձևավորել հավասարակշռող նոր վեկտոր, որը թույլ կտա առավել խորքային հակազդեցություն ապահովել այդ գործընթացին։

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՆՈՐԱՎԱՆՔ գիտակրթական հիմնադրամ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3525 reads | 26.03.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com