ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ


7-13 մարտ, 2016թ



Շաբաթվա կարևոր իրադարձությունը Հայաստանի համար Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի աշխատանքային ձևաչափով տեղի ունեցած հանդիպումն էր Մոսկվայում: ԶԼՄ-ների տեղատվության համաձայն օրակարգում եղել են ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ համագործակցության խնդիրներ, այդ թվում՝ կապված գազի սակագնի հետ:
 
Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում են եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ 
 
Սերժ Սարգսյան կրկին անգամ փաստել է Հայաստանի դիրքորոշումը Սիրիական հարցի շուրջ, որը համընկնում է ռուսական և ամերիկյան դիրքորոշումների հետ:
 
Լրատվամիջոցներում և քաղաքական որոշ շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացել Ռուսաստանի և քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի՝ ‹‹Военно-промышленный курьер›› պարբերականում  հրապարակած հոդվածը ՀՀ և ԼՂՀ-ի զինված ուժերի մասին: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, կատարվածը հավասարազոր է դաշնակցի կողմից թույլ տված դավաճանության և ‹‹թիկունքից հասցրած հարվածի››: Մեր կարծիքով, տեղի ունեցածն առաջին հերթին քաղաքական էթիկայի և մշակույթի խախտում է, անշնորք քայլ, որն իր մեջ ռազմական գաղտնիք, ինչպես նաև դրա արտահոսք չի պարունակում, արված է սիրողական մակարդակով և վնաս չի կարող հասցնել ո՛չ Հայաստանին, ո՛չ ԼՂՀ-ին, քանի որ հոդվածում բերված տվյալները գաղտնիք են միայն դիլետանտների համար: 
 
Ինչպես միշտ, միջազգային շաբաթվա քաղաքական իրադարձությունների կենտրոնում կրկին Թուրքիան է:  Նա  ապրում է խորը ճգնաժամ, որն ունի բազմաշերտ բնույթ, այդ թվում` գործող սոցիալ-քաղաքական մոդելի  անարդյունավետություն, ռազմական հեղաշրջման սպառնալիք, երկրի հարավ-արևելքում դանդաղ սողացող քաղաքացիան պատերազմ քրդական զինյալ միավորումների դեմ, որը սպառնում է տարածվել ողջ երկրում, Սիրիական պատերազմ, Էրդողանի ‹‹Արդարւթյուն և զարգացում կուսակցության›› քաղաքական ֆիասկո:

Մասնագետների կարծիքով, Թուրքիային սպառնում է զինվորական հեղաշրջման վտանգ:  Դրա  անհրաժեշտ  երկու պայմանն առկա է՝ արտաքին վտանգ և քրդական հիմնահարցի սրում: Բացի այդ ներկայումս տեղի է ունենում Թուրքիայի քրդական շարժման ձևաչափի փոփոխություն: Մինչ օրս քրդերը բաժանվում էին երեք մասի
ա/ ռադիկալ ‹‹Քրդական բանվորական կուսակցություն›› (PKK), որը զինված պայքար է  մղում իշխանությունների դեմ,
բ/ ձախ սոցիալ-դեմոկրատական ուղղվածության ալավիտ-քրդեր,
գ/ կրոնական-պահպանողական քրդեր, որոնք կազմում են այդ փոքրամասնության  50 տոկոսը: 

Սիրիական պատերազմի սանձազերծումով  և ԴԱԵՇ-ի ասպարեզ գալը, դրությունը միանգամից փոխվում է. քրդական բոլոր ուղղությունները համախմբվում են PKK-ի շուրջը` ընդդեմ իշխանությունների: Պատճառը Թուրքիայի ռազմական գործողություններն են սիրիայի քրդերի դեմ:   Ի դերև է ելնում Թուրքիայի` Սիրիա ներխուժելու պլանները, որի պատճառներն են`
1․ ցամաքային զորքերի հարձակումն առանց ավիացիայի ‹‹ծածկույթի›› անիմաստ է (ռուսական ավիացիան ամբողջովին հսկում է այդ տարածքի օդային սահմանները), 
2․ Թուրքիան կունենա լուրջ քաղաքական-դիվանագիտական խնդիրներ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ, և դեռ հարցական է Սաուդյան Արաբիան և Ծոցի երկրները կմասնակցե՞ն թուրքական ինտերվենցիային, թե՞ ոչ,
3․սիրիական պատերազմի դեպքում Էրդողանը ստիպված կլինի կռվել մի քանի ճակատով` Ասադի, ‹‹Իսլամական պետության››, զինված ընդդիմության և երկրի ներսում`բնականաբար, քրդերի :  

Ռուս-թուրքական հարաբերությունները ներկայումս հանդիսանում են ոչ թե լարված, այլ կարելի է ասել` թշնական: Հավանական է դեպքերի զարգացման հետևյալ սցենարը.
1․հաշտություն ‹‹թարմ հետքերով››,
2․թուրքական կողմից որևէ նկատելի քաղաքական դեմքի զոհաբերում, որի վրա կբարդվի ինքնաթիռի կործանումը,
3․առանց փոխզիջման հաշտության երկար  ճանապարհ և կոնֆլիկտի աստիճանաբար մարում,
4․հարաբերությունների նորմալացում գլխավոր գործող անձանց քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո:
 
Թուրքական թեմատիկայի մեջ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոյի հայտարարությունն այն մասին, որ ‹‹գրոհայինները (դաեշականները, ծանոթությունը` Ա. Ն.) ստանալով հակահարված Սիրիայում կարող են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի ճանապարհով, որը չի քաշվում աջակցել նրանց››:
 
Ադրբեջանի դիվանագիտական զիգզագները և մանևրները Անկարա-Մոսկվա-Թեհրան եռանկյունում շարունակում են  մնալ վերլուծաբանների ուշադրության ու մեկնաբանությունների կենտրոնում: Աչքի է զարնում այն հանգամանքը, որ որքան Թուրքիան փորձում է իր կողմը գրավել Ալիևին` համոզելով նրան կանգնել Սիրիայի դեմ խաչակրած արշավանք ծրագրողների շարքերում, այնքան նա մոտենում է Իրանին:  Այցելում է  Թեհրան, բարեկամական երդումներ տալիս Ռոհանիին, ստորագրում 11 միջպետական համաձայնագիր: Ինչու՞մն է բանը: Իրո՞ք,  Ալիևը փոխում է  իր քաղաքական հավատամքը և լքում է ավագ եղբորը: Ո՛չ մեկը,  և ո՛չ  էլ մյուսը:  Եթե  Իրանի հետ սիրախաղը նայելու լինենք իսլամական վտանգի տեսանկյունից, ապա կտեսնենք, որ Իլհամը պարզապես վախենում  է ահաբեկիչների Ապշերոնյան թերակղզում հայտնվելու վտանգից և այդ իսկ պատճառով փորձում է ապահովագրել իրեն իրանական  պաշտապանական հովանոցով:
 
Իսկ աշխարհաքաղաքական շահերի առումով նա հնարավորիս ձգտելու է մերձենալ Իրանի հետ, որը դառնում է տարածաշրջանի  առաջատար դերակատարներից մեկը: Բացառված չէ, որ Իրան-Ադրբեջան սիմբիոզը նա կգերադասի Հարավային Կովկասում Թուրքիայի հետ իր կապերից` նկատի ունենալով այն քաղաքական և դիվանագիտական ֆիասկոն, որը կրում է Էրդողանը միջազգային գետնի վրա: Այստեղ հարց է ծագում, իսկ ինչպե՞ս կնայի այդ ամենին Մոսկվան: Կրեմլը լռում է անգամ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հայտարարում ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ծրագրվող հանդիպման մասին:  Իսկ ի՞նչ  անակնկալներ ու վտանգներ կարող են  պարունակել իրենց մեջ նման բազմակոմբինացիոն խաղերը Հայաստանի համար,  ցույց կտան դեպքերի զարգացումը:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
808 reads | 13.03.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com