ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՕԲԱՄԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ Է ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ


1-8 մարտ, 2016թ



Վաշինգտոնում մարտի 31-ին տեղի կունենա Միջուկային անվտանգության հարցերով 4-րդ  գագաթնաժողովը, որին կմասնակցեն Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը:  Washington Times հեղինակավոր թերթն այդ կապակցությամբ զետեղել է հոդված, որի մեջ այն միտքն է արծարծվում, թե Բարակ Օբայի համար սա պատմական շանս է` հաշտեցնել երկու տասնամյակից ավելի կիսապատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: 
 
Հոդվածում նաև առաջարկ է հնչում երկու երկրների առաջին տիկնանց` ստեղծել Միջմշակութային հիմնադրամ, որը կունենա կրոնական հանդուրժողականության վերականգնման նպատակ երկու երկրների միջև:
 
Հոդվածը, որը որոշակի հնչեղություն ունեցավ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, մեր կարծիքով, պատահական չհայտնվեց լրատվամիջոցներում: Եթե հաշվի առնենք Օբամայի վերջին շրջանում ձեռնարկած  խաղաղասիրական ակցիաները, ապա նշված  միջնորդական  քայլը, եթե այն, իհարկե, հաջողվի, ապա  ևս մեկ  կարևոր միավոր կավելացնի հեռացող նախագահի իմիջին՝ որպես համաշխարհային մասշտաբի խաղաղության ջատագով:
 
Այստեղ, սակայն, ծագում են մի շարք հարցեր: Ինչպե՞ս կընկալվի, օրինակ,  Օբամայի ենթադրյալ  առաքելությունը Մինսկի համանախագահների կողմից` ընդհանրապես և նրա անդամ Ռուսաստանի կողմից` մասնավորապես: Հազիվ, թե Ֆրանսիան առարկի այդպիսի միջոցառման դեմ: ԱՄՆ-ի ռեակցիան պարզ է, որ դրական կլինի, քանի որ խոսքը վերաբերում է  իր նախագահին: Ինչ վերաբերում է Մոսկվային, հազիվ թե նա բացասական մոտենա խնդրին, եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը այն հազվագյուտ կետն է, որտեղ Սպիտակ տան և Կրեմլի դիրքորոշումները չեն խաչաձևում:
 
Ադրբեջանն իր հերթին պետք է  ուրախ լինի, որ առիթ կստեղծվի շտկելու լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ: Գալով Հայաստանին` մենք ունենք կոմպլեմենտարային հարաբերություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, այնպես որ, Երևանը, ըստ ամենայնի, պետք է ողջունի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ամեն առիթ, որտեղից էլ այն երևան գա:
 
Շաբաթվա կարևոր իրադարձությունների շարքում առանձնանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացող  ռազմատեխնիկական համագործակցությունը:  Մոսկվայի կողմից ռազմական տեխնիկա տրամադրելու նպատակով 200 միլիոն վարկի հատկացումը և զինատեսակների հրապարակումը դարձել է  միջազգային թեմա և լայնորեն մեկնաբանվում է քաղաքական շրջանակների կողմից:  Երկու կարծիք լինել չի կարող, որ ժամանակակից նորագույն զենքի տրամադրումը Հայաստանին ուղղակիորեն կապված է Մեծ Մերձավոր Արևելքում  տիրող քաղաքական խորը ճգնաժամի և ռուս-թուրքական հարաբերությունների ծայրաստիճան  լարվածության հետ:
 
Այդ ենթատեքստում կարելի է դիտարկել  Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ արածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվեց Մոսկվայում, անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև:
 
Ռուսաստանի ձեռնարկած վերոնշյալ գործողությունները միանգամայն տրամաբանական են դիտվում սիրիական ոդիսականին Թուրքիայի կրած  ռազմական, դիվանագիտական և հոգեբանական  պարտությունների ֆոնին: Բացառված չէ, որ Անկարան ռազմական ավանտյուրայի ծանրության կենտրոնը տեղափոխի Ուկրաինա, Միջին Ասիա և Կովկաս: Համենայն դեպս, թուրքական ղեկավարության վերջին ամիսների դեմարշները  և  սադրիչ գործողությունները ամենևին չեն բացառում դեպքերի նման զարգացումը:
 
Բացի այդ, Հարավային Կովկասի, հետևաբար նաև Հայաստանի համար շարունակում է մեծ սպառնալիք ներկայացնել ‹‹Իսլամական պետությունը››` ԴԱԵՇ-ը: Խոսքը վտանգների մի ամբողջ սպեկտրի մասին է: Վրացական մի շարք շրջաններում (Պոնտիական կիրճ, Քվեմո Քարտլի, Աջարիա), Ադրբեջանում, ռուս-վրացական և ռուս-ադրբեջանական սահմանի երկայնքով,  նաև Հյուսիսային Կովկասում ԴԱԵՇ-ը ամրապնդում է ներկայությունը, մեծանում է նրա անդամների վերադարձի հնարավորությունը նշված տարածքներ: 
 
Այս բոլորով հանդերձ ռուս-թուրքական լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը Կովկասում, մեր կարծիքով, գրեթե զրոյական է: Դրա կողքին չի կարելի բացառել  թուրքական և ադրբեջանական սադրիչ գործողություններ ՀՀ և ԼՂՀ ուղղությամբ, որը պահանջում է լրացուցիչ զգոնություն և աչալրջություն պետության և հասարակության կողմից:
 
Մարտի 7-ին Բրյուսելում սկսվեց Թուրքիա-Եվրամիություն գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու են փախստականների խնդիրը և Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու հարցը: Եվրամիության լիդերները փորձում են համոզել Ահմեդ Դավութօղլուին ընդունել հազար միգրանտ Հունաստանից: Մինչդեռ թուրքական պրեմիերը շեշտը դնում է Թուրքիայի ԵՄ մտնելու վրա: Դրությունը նմանվում է սովորական շանտաժի` Թուրքիան շարունակում է ոլորել ԵՄ-ի ձեռքերը միլիարդավոր եվրոյի ֆինանսական օգնություն ստանալու համար: Կուտակված խնդիրների նկատմամբ ընդհանուր համաձայնություն չկա: Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարեց, որ միգրացիայի հարցում հույս դնել Թուրքիայի վրա չի կարելի և ԵՄ անդամները պետք է ինքնուրույն պաշտպանեն իրենց սահմանները: Երբ կանցլերին հարցրին,  թե կարելի՞ է արդյոք Էրդողանին համարել վստահելի գործընկեր, նա պատասխանեց. ‹‹հարցն արդեն բացատրում է շատ բան››:

Վիշեգրադյան քառյակը (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան և Հունգարիա) ողջունում են Եվրամիության որոշումը փակել փախստականների համար այսպես կոչված ‹‹բալկանյան ճանապարհը››, մինչդեռ Մերկելը արգելակում է այդ որոշման ընդունումը: Բրյուսելում Դավութօղլուն ենթարկվեց քննադատության Թուրքիայում  ընդդիմության դեմ գործվող բռնությունների կապակցությամբ: ‹‹Զաման›› թերթի դեմ կիրառված գործողությունների առիթով Եվրոպառլամենտի նախագահ Մարտին Շուլցը հայտարարեց, որ ԶԼՄ-ների ազատությունը Եվրամիության հիմնարար արժեքն է, ‹‹ինչը քննարկման ենթակա չէ››: Բրյուսելյան գագաթնաժողովի առիթով ‹‹Financial Times››-ը գրում է. ‹‹Անկարան ավելի ու ավելի է դառնում ավտոկրատ և  անկանխատեսելի, որի նախագահը անում է խելքին փչածը››: ԵՄ-ը չի ողջունում հարաբերությունների քայքայումը Ռուսաստանի   և Թուրքիայի միջև: ԵՄ-ում  քննարկվեց Էրդողանի առաջարկը Սիրիայում  փաստականների քաղաք հիմնելու մասին: Մասնագետների կարծիքով, դա նրա հերթական ավանտյուրան  է Եվրոպայից փող կորզելու համար: Վաշինգտոնն իր հերթին ձեռնպահ է այդ ծրագրի իրագործման նկատմամբ:
Հայաստան այցելեց Եվրամիության  Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այցն անցավ բարձր մակարդակով և արժանացավ տարբեր մեկնաբանությունների, որոնցում կային և օբյեկտիվ և սուբյեկտիվ  գնահատականներ, ինչպես նաև կանխատեսումներ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ:
 
Այցելությունն ինքնին կարևոր քաղաքական իրադարձություն էր Հայաստանի եվրոպական քաղաքականության ուղղությամբ և հաստատում   է նրա դիվանագիտության կոմպլեմենտարությունը: Զարգացնել հարաբերությունները ԵՏՄ և ԵՄ հետ: Սա, մեր կարծիքով, ճիշտ քաղաքական օպտիմալ ընտրություն է, որով ապագայում ևս պետք է առաջնորդվի Հայաստանի Հանրապետությունը:
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետքերով Թեհրան այցելեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրանց այցելություններն ունեն և ընդհանուր, և առանձին նպատակներ ու հետաքրքրություններ, որոնք ունեն խորքային հակասություններ: Այդ կարևոր այցելություններին մենք կանդրադառնանք առանձին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
879 reads | 09.03.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com