ԼՈՅԱԼԻԶՄԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Դիվանագետների անձն ու գործունեությունն ուսումնասիրող հեղինակները, սկսած Կալյերից (XVII դար), լոյալիզմը կամ լոյալությունը (loyalty)  անվանում են դիվանագետի 7-րդ բարեմասնություն։  Սակայն այդ հասկացությունն այսօր էլ  լիովին  ուսումնասիրված չէ:

Մինչդեռ ժամանակակից հոգեբանության նվաճումները լիովին հնարավորություն են ընձեռում բացահայտել այդ երևույթի ներքին մեխանիզմներն ու նրբությունները, նրա նշանակությունը դիվանագիտական պրակտիկայում:  Էմպիրիկ առումով ընդամենը հայտնի է, որ լոյալության խնդիրը սերտորեն կապված է այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են հարմարվողականությունը (ադապտացիա), զիջողականությունը և կոնֆորմիզմը: Հրապարակի վրա եղած աղքատիկ գրականությունը մի քանի կերպ է մեկնաբանում լոյալիզմը:

«Նվիրվածություն, հավատարմություն, հարգանքի դրսևորում, (որը շատ հաճախ լոկ ցուցադրական է լինում) գործող օրենքների, որոշումների, հասարակության ավանդույթների, ինչպես նաև քաղաքական կարգի և պետության նկատմամբ։ Դա քաղաքավարի ու ճիշտ վերաբերմունքն է որևէ մեկի, առաջին հերթին պետության ներկայացուցիչների, ղեկավարների, պաշտոնական և ոչ պաշտոնական առաջնորդների  նկատմամբ»։ (Словарь терминов и понятий по обществоведению. Автор-составитель А. М. Лопухов. 7-ое издание. Москва: «Айрис-Прессե, 2013, с. 196)։

Մեկ այլ բառարանում կարդում ենք. «Լոյալությունը (ֆրանս. loyal – նվիրված, հավատարիմ) 1) օրենքների,  նաև իշխանության մարմինների որոշումների և պահանջների կատարում (երբեմն միայն արտաքնապես, ձևականորեն),  2) Ճիշտ, անկողմնակալ մոտեցում որևէ երևույթի նկատմամբ, ցանկացած պարսավելի և չարամիտ գործողություններից հրաժարում»։ ((Краткий политический словарь. Составление и общая редакция Л. А. Оникова и Н. В. Шишлина. – 3 – е изд., Москва: «Политиздатե, 1983, с. 171)։

Մեր կարծիքով, դիվանագիտության տեսության և հոգեբանության դիրքերից առավել ընդունելի է այս սահմանման երկրորդ կետը, որը հիմք  կարող է ծառայել լոյալության հետագա ուսումնասիրության` ինչպես քաղաքագիտության, այնպես էլ, մասնավորաբար, դիվանագիտության բնագավառում։ «Լոյալությունը» քաղաքագիտական հասկացություն է։ Մինչդեռ հոգեբանական առումով խոսքն առավելապես հարմարվողականության` կոնֆորմիզմի  մասին է, ինչպես գիտակցված` կամավոր, այնպես էլ չգիտակցված` ստիպողական: Լոյալիզմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ  դիվանագետն այն պետք է ցուցաբերի ոչ միայն իր կառավարության` այլ նաև հավատարմագրված   երկրի  նկատմամբ: Սակայն խնդիրը նրանում է, որ լոյալության այդ երկու վեկտորները կարող են հակասության մեջ մտնել ու բախվել իրար՝ ստեղծելով դիվանագետի մոտ ներքին կոնֆլիկտ, քանի որ իշխանության երկու սուբյեկտների սպասումներն ու պահանջները կարող են անհամատեղելի լինել։

Մենք կարծում ենք, որ «լոյալություն» հասկացության ամբողջական բացահայտելու և դիվանագիտական աշխատանքում այն  ավելի հետևողական ու արդյունավետ օգտագործելու համար ցանկալի է հենվել դերերի տեսության վրա, որն ստեղծվել է հոգեբանության ու սոցիոլոգիայի սահմանագծում և թույլ է տալիս բացատրել մարդու ու խմբերի ակտիվության բազմաթիվ օրինաչափությունները։ Այդ հնարավորությունը պայմանավորված է նրանով, որ իշխանության բոլոր սուբյեկտները, որոնց հետ առնչվում է դիվանագետը, նրան դերային սպասումներ (էքսպեկտացիաներ) են ներկայացնում։ Դրանց բոլորի հետ անմիջական կամ միջնորդված առնչություն ունենալիս դիվանագետն ստիպված է լինում «ճիշտե կատարել իր դերը։ Նա մեկ դերի կատարումից անցնում է մեկ այլ դերի կատարման, և նման ճկուն ադապտացիան կարելի է դիտել որպես ոչ այլ ինչ, քան լոյալություն գործողության մեջ կամ գործնական լոյալություն։ Դիվանագիտության տեսաբանների դիտարկումները ցույց են տալիս, որ դիվանագետի լոյալությունը ոչ միայն բարդ ու բազմակողմանի դերակատարություն է, այլև նրա կողմից իրագործվող քաղաքականության անքակտելի մի  մասն է։

Ընդ որում` բացառված չեն  լոյալության սկզբունքից կատարվող լուրջ շեղումներ, որոնք  դիվանագետը կարող է թույլ տալ աննկատ կերպով, առանց գիտակցելու։ Դա կատարվում է նուրբ ենթագիտակցական գործընթացների հետևանքով, և եթե անհատը դրանց գոյության մասին տեղյակ չէ, ապա չի էլ կարող գիտակցական հսկողության տակ վերցնել ու կանխել։ Այս դրույթների լույսի ներքո հետաքրքրություն են ներկայացնում դիվանագիտության անվանի տեսաբան Հարոլդ Նիկոլսոնի հետևյալ դիտողությունը. «Այն դիվանագետների շրջանում, ովքեր երկար տարիներ ապրել են արտասահմանում և, հավանորեն, կտրել են կապը հարազատ ժողովրդի և իրենց  երկրի արտգործնախարարության հետ, դիտվում է միտում, որի դեպքում լոյալությունը բավականին մշուշոտ ուրվագծեր է ձեռք բերում։ Նրանց շարքերում լինում են մարդիկ, ովքեր ընդունակ են այնպիսի զգացմունքայնությամբ (սենտիմենտալությամբ) սիրել այն երկիրը, որտեղ գտնվում են, որ այլևս չեն նկատում նրա թերությունները։

Մյուսներն էլ այնպիսի ուժով են ատում այն, որ կորցնում են ընկալունակությունը նրա արժանիքների նկատմամբ։ Լինում են նաև այնպիսի դիվանագետներ, ովքեր, ենթադրելով, թե դեսպանի գործն արտասահմանյան պետությունների հետ լավ հարաբերություններ հաստատելն է, նպատակը շփոթում են միջոցների հետ և «լավ հարաբերություններըե սկսում են դիտել ոչ թե որպես իրենց գործառույթների մի մասը, այլ որպես իրենց գործունեության միակ նպատակըե։ ((Никольсон Г., Дипломатия, ОГИЗ, 1941, с. 76)։

Նման հոգեբանական տեղաշարժի բոլոր տիպական դեպքերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում և պետք է ուսումնասիրվեն դիվանագիտության տեսության մեջ: Դիտարկենք դրանցից մի քանիսը:  Դիվանագետն այնպիսի ‹‹զգացմունքայնությամբ›› է սիրում իր հավատարմագրված երկիրը, որ նրա լոյալությունը, ինչպես ասում է Նիկոլսոնը, դառնում է ‹‹մշուշոտ››, կորցնում է հստակ սահմանները։ Ըստ էության, որքան ուժգնանում է օտար  երկրի նկատմամբ լոյալությունն ու սուբյեկտիվիզմը, այնքան թուլանում է լոյալությունն հայրենի երկրի և  պետության նկատմամբ։

Լոյալությունը սեփական երկրի և լոյալությունն այլ երկրի նկատմամբ, կապված են հակադարձ համեմատականության կանոնի համաձայն։ Կամ, դիվանագետն ուժգնորեն ատում է այն երկիրը, որտեղ կատարում է իր պարտականությունները, ընդ որում` ոչ միշտ լիովին գիտակցելով այդ դիրքորոշումը։ Նա կարող է լիովին չհասկանալ, որ այդ երկրի նկատմամբ արդեն բավականաչափ լոյալ չէ։ Նման սուբյեկտիվիզմը նրան թույլ չի տալիս տեսնելու տվյալ երկրի և ժողովրդի արժանիքները, որը բացասական ազդեցություն է գործում նրա վարքի վրա և վնասում երկու երկրների հարաբերություններին։

Հաջորդ դեպքը կարող է հետաքրքրություն ներկայացնել այն մասնագետների համար, ովքեր դիվանագետների անձի և գործունեության ուսումնասիրությանը մոտենում են ժամանակակից հոգեբանության դիրքերից։ Սա այն դեպքն է,  երբ գործունեության միջոցը ձևափոխում է նրա նպատակը։ Ընդ որում` սկզբնական նպատակը կարող է մղվել գիտակցության եզր, «երկրորդ պլանե, կամ էլ լրիվ մոռացվել։ Այս դեպքում դիվանագիտական գործունեության հիմնական նպատակը և դրդապատճառները  կարող են փոքրանալ և սուբյեկտիվորեն հասնել նվազագույնի: Լոյալիզմը բարդ և նուրբ քաղաքական-հոգեբանական երևույթ է: 

Անկախ այն հանգամանքից, թե ինչ համակարգ է ներկայացնում դիվանագետը` տոտոլիտար, թե դեմոկրատական, նրա լոյալությունն անհրաժեշտ և պարտադիր պայման է (pledge of loyalty): Սակայն լինել լոյալ դեսպան` չի նշանակում լինել ստրուկ-կամակատար և կուրորեն կատարել տրված հրամանը: Դեսպանը տեխնիկական աշխատանք կատարող կամ փոստատար չէ: Հետաքրքիր մոտեցում ունի այդ հարցում ամերիկյան Պետական դեպարտամենտը (ԱԳՆ): Նրա հրահանգի բնույթ կրող կանոնադրության մեջ նշվում է, որ դեսպանը պարտավոր է հանձնարարությունը կատարել անգամ այն դեպքում, երբ տարակարծիք է դրա հետ, և շատ կարևոր մի հրահանգ. Հաղորդել ճշմարտացի ինֆորմացիա, այլ ոչ թե այն ինչը, որը կուզեր լսել ղեկավարությունը: Իսկական դեսպանն այն դեսպանն է, որը պատշաճ և արժանավայել կերպով է ներկայացնում իր երկիրը, իսկ երբ պետք է, կյանքի գնով  պաշտպանում է նրա շահերը: Անգամ, եթե երկիրը սխալ է, և ինքը համոզված է, որ սխալ է:

Հայրենիքը միշտ ճիշտ է և կասկածից վեր, ինչպես ‹‹Կեսարի կինը››: Կասկածները կամ անհամաձայնությունները դիվանագետը կարող է հայտնել ղեկավարությանը: Իսկ եթե նա միանշանակ համաձայն չէ իր կառավարության քաղաքական  գծին,  պետք է հեռանա: Լոյալությունը  դիվանագիտության անխախտ օրենքն է, բացարձակ կատեգորիա: Դրանից գիտակցորեն կամ ենթագիտակցորեն շեղումը, մեր կարծիքով, սահմանակցում է ազգային շահերի անտեսման և  պետական դավաճանության հետ:  Այս չգրված օրենքը հավատամքի ուժ ունի պրոֆեսիոնալ դիվանագետների համար, և փոքր երկրների դիվանագետները չպետք է անտեսեն այն:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
749 reads | 07.03.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com