ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ՊԼԱՆ Բ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ


22-28 փետրվար, 2016թ



Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունը նշանակալից քաղաքական-դիվանագիտական իրադարձություն է` անկախ հանգամանքից՝ կունենա՞ այն ցանկալի արդյունք, թե՞ ոչ:
 
Սա իր տեսակի մեջ աննախադեպ երևույթ է, եթե հաշվի առնելու լինենք ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները ներկա փուլում: Սակայն այդ համաձայնությունը չկայացավ դատարկ տեղի վրա: Հիշենք կողմերի համաձայնությունը սիրիական քիմիական զենքի ոչնչացման շուրջ, Իրանի պատժամիջոցների վերացումը Մոսկվայի և Վաշինգտոնի օգնությամբ, վերջապես, նրանց  համագործակցությունը քրդական հարցում:
 
Ի դեպ, սա 15 տարվա ընթացքում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերած առաջին միջազգային համաձայնությունն է իրաքյան պատերազմից հետո:
 
Երբ մարդկության գլխին կախվում է  դամոկլյան մահաբեր զենք, հաղթում է բանականությունը: Անցյալ դարակեսին, երբ ֆաշիզմը սպառնում էր քաղաքակիրթ աշխարհին, պետությունները համախմբվեցին և  ստեղծեցին  դաշնակցային միություն: Այժմ, 21-րդ դարի ժանտախտի` իսլամական ահաբեկչության սպառնալիքի դեմ հանդիման,  Ամերիկան և Ռուսաստանը միանում  են դրա առաջն առնելու համար: Մերձավորարևելյան ներկա քաոսային իրավիճակում սա հուսադրող է: (Հատկանշանական է Եվրոպան և Չինաստանը չմիանալը այս գործառույթին: Այստեղ ամեն մեկն ունի  իր պատճառը: Հին աշխարհը  զբաղված է էմիգրացիայի աննախադեպ ներհոսքի հետևանքով առաջացած խնդիրներով: Իսկ Չինաստանի կրավորական դիրքորոշումը բացատրվում է նրա դիվանագիտության ավանդական սովորույթով` դիտել այլ երկրների  բախվելը և համբերությամբ սպասել դեպքերի հանգուցալուծմանը: Մինչդեռ Խորհրդային Միության նախկին թշնամի Իսրայելն այսօր Ռուսաստանի հետ գտնվում է ահաբեկչության դեմ պայքարողների շարքերում): 
 
Չափազանցություն չի լինի ասել, որ խաղաղության հաստատման առաջին ջատագովները Պուտինն ու Օբաման են: Ռուսաստանի նախագահը` սկսելով ռազմական գործողությունները ահաբեկիչների դեմ և վերադառնալով Միջին Արևելք որպես մեծ պետություն, այժմ ավելի շատ մտահոգված է, որպեսզի հնարավորինս  ‹‹քիչ արյունով›› հասնի խաղաղության: Իսկ Օբաման ցանկանում է հեռանալ Սպիտակ տնից, որպես ‹‹խաղաղաբեր›› նախագահ, որը բացի Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելուց և Իրանի  դեմ պատժամիջոցները վերացնելուց, դադարեցնում է սիրիական ‹‹մսաղացի պտույտները›› :
 
Թե որքանով կհաջողվի նրանց ձեռնարկը`  դժվար է ասել, եթե նկատի ունենք կոնֆլիկտի մյուս մասնակիցների ով և ինչ լինելը: Նախ`  Ամերիկայում և Ռուսաստանում կան և՛‹‹աղավնիներ››, և՛ ‹‹անգղներ››, որոնք ասիմետրիկ մոտեցում ունեն խնդրո առարկայի նկատմամբ:  Վաշինգտոնում, օրինակ, ուժային կառույցները` Պենտագոնը և ԿՀՎ,  ճնշում են գործադրում Սպիտակ տան և Պետդեպարտամենտի վրա` առաջ քաշելով ‹‹Պլան Բ›› ընդդեմ Ռուսաստանի: Մոսկվայում ևս լսվում են Պուտինի քայլերին ոչ համահունչ ձայներ: 
 
Այդ է պատճռը, որ հայտարարված հրադադարը դեռևս փուխր է և ոչ հուսալի: Կողմերը մեղադրում են մեկմեկու կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մեջ: Իսկ ‹‹Իսլամական պետությունը›› և ‹‹Զաբհատ ան-Նուսրան››, որոնց վրա չի տարածվում հաշտությունը, շարունակում են սպանել մարդկանց:
 
Ամենապրոբլեմատիկը մնում է Թուրքիայի հարցը, որի միացումը հրադադարին կրում է ձևական բնույթ: Նա շարունակում է մնալ ահաբեկիչների բարեկամը և հրահրում է սադրիչ  գործողություններ` պարզ գիտակցելով, որ քուրդ-ասադական աղեղի  միացումը սահմանի երկայնքով կատաստրոֆա կլինի իր համար:
 
Բացի այդ, հրադադարը, փոքրացնելով թուրք-ռուսական լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, մեծացնում է Թուրքիայի կողմից լոկալ ռազմական գործողութունների հրարհրման հնարավորությունը   Ուկրաինայում, Կովկասում և Միջին Ասիայում: Դավութօղլուի Կիև կատարած այցելության ընթացքում արած սադրիչ հայտարարութուններն, այդ թվում Հայաստանի հասցեին, նման պլանների ֆրանգմենտներից  է:
 
Մյուս կողմից, թուրք-ռուսական հարաբերությունների գերլարվածության պայմաններում Մոսկվան դառնում է ավելի զգայուն իր հետաքրքրությունների ոլորտները պաշտպանելու գործում: Եթե նա ամեն գնով պահում է իր դիրքերը Սիրիայում և Միջերկրական ծովի ավազանում, ապա կասկածից վեր է, որ ավելի  վճռական կգործի թուրք-ադրբեջանական գործողությունների դեմ Կովկասում: Հարավային ֆլանգի ամրապնդումը և Հայաստանին վերջերս ժամանակակից զենքի վաճառքը դրա վկայությունն է, որը խիստ անհանգստացնում  է Ադրբեջանի իշխանություններին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1035 reads | 01.03.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com