ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ «ԿԱՐՄԻՐ ԳԾԻՆ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Միջազգային հարաբերությունների անցած շաբաթվա (8-14 փետրվար, 2016թ․) կարևոր  իրադարձություններից մեկը պատմության նոր շրջանի դիվանագիտության լեգենդ Հենրի Քիսինջերի հանդիպումն էր Վլադիմիր Պուտինի հետ, այն Քիսինջերի, որը 70-ական թվականներին  Խորհրդային Միության և Ամերիկայի միջուկային բախումից փրկողների առաջամարտիկներից էր, ինչը, սակայն,  չխանգարեց նրան ակտիվ դեր խաղալ «Սովետների» փլուզման գործում:

Ներկա գերլարված քաղաքական իրադրությունում 92-ամյա պատրիարխի այցելությունը Մոսկվա վկայում է Վաշինգտոնի և Մոսկվայի մտահոգությունը` չանցնել երկկողմ հարաբերությունների «կարմիր գիծը» և ուղիներ որոնել քաղաքական փակուղուց դուրս գալու համար, որտեղ նրանք հայտնվել են  աշխարհաքաղաքական գլոբալ շահերի համար մղվող պայքարի հետևանքով: Նման ցանկության մասին է վկայում այդ այցելությանը զուգընթաց մեկ այլ հանդիպում Հռոմի Պապի և Կիրիլ պատրիարքի միջև:

Եթե Վաշինգտոնը «գործուղում է»  իր «ծանր հրետանուն» Մոսկվա, իսկ Պուտինը խաղի մեջ է մտցնում համայն Ռուսիայի հոգևոր առաջնորդին, կարելի է վստահաբար ասել, որ Սպիտակ տունը և Կրեմլը հոգնել են առճակատումից և, թերևս,  ուղիներ են փնտրում նոր «վերաբեռնավորման» համար: Թե ինչի շուրջն են զրուցել  Քիսինջերը և Պուտինը, և ինչ կտա այդ երկխոսությունը,  ցույց կտան դեպքերի հետագա զարգացումները: Իսկ երեկ տեղի ունեցավ Պուտինի և Օբամայի միջև հեռախոսային խոսակցություն, որի ընթացքում, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նախագահները խոսել են  ուկրաինական և սիրիական խնդիրների մասին:  

Օրերս տեղի ունեցած աչքի ընկնող մյուս քաղաքական նորույթը առաջին հերթին հետաքրքրում և ծայրաստիճան հուզում է մեզ` հայերիս: Մոսկվայից եկող լուրը հայտնում է, որ ռուս երկու կոմունիստ պատգամավոր դիմել են Պուտինին ու Լավրովին` կոչ անելով չեղյալ հայտարարել` դենոնսացնել 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական համաձայնագիրը, որին հաջորդած Կարսի պայմանագրով Հայաստանը կորցրեց իր հողերի կեսը  և Նախիջևանը: Առանց մտնելու հիշյալ փաստաթղթերի նախապատմության մանրամասների  և Հայաստանի համար դրանց տխուր շարունակության մեջ, նշենք, որ այդ ամենը տարածաշրջանային ներկա քաոսի և ռուս-թուրքական գերլարված, գրեթե, պատերազմական իրավիճակի ուղղակի  հետևանքն է: Իսկ հայկական գործոնը ռուսական ռազմա-քաղաքական իսթեբլիշմենտի   ձեռքին` ընդամենը պրոպագանդիստական-զսպողական գործիք Թուրքիայի էքսպանսիոնիստական կուրսը  և հակառուսական դեմարշները արգելափակելու համար:

Նշված նախաձեռնությունը, մեր գնահատմամբ, իռացիոնալ քայլ է և, դժբախտաբար, կմնա անարդյունք: Ընդհակառակը, եթե պաշտոնական Մոսկվան գնա նման քայլի, որի հավանականությունը, մեր  կարծիքով, զրոյական է, կարող է Հայաստանի համար ունենալ խիստ անցանկալի հետևանքներ: Եթե բացառվի ռուս-թուրքական լայնամասշտաբ ռազմական բախումը Հայաստանի մասնակցությամբ, ապա թուրք-ադրբեջանական սադրիչ գործողությունները մեր և ԼՂՀ-ի դեմ կլինեն միանգամայն հավանական: Այնպես որ, Մոսկվայի պայմանագրի  վերանայման և հայկական հողերի վերադարձը Հայաստանի համար ժամանակավրեպ է և անպատեհ: Հարկ է սպասել և համբերել պատմական անարդարությունը շտկելու հարմար պահի:

Շարունակվում է ռուսական օդատիեզերական ակտիվ գործողությունը Սիրիայում, որը որոշիչ դեր է խաղում սիրիական բանակի վերակազմավորման և ամրապնդման գործընթացում: Վերջին տվյալներով, այն  կազմված է 200.000 պրոֆեսիոնալ կռվողներից և աշխարհազորայիններից, որոնց շարքերում կան հայ կամավորներ:

Կառավարական զորքերն անցել են մասսայական հարձակման թուրքական ողջ սահմանի երկայնքով` աստիճանաբար փակելով այն, որը ԴԱԵՇ-ի ‹‹կյանքի ճանապարհն է››:

Հալեպի կեսը ազատագրված է իսլամական գրոհայիններից: Շաբաթվա ընթացքում Անկարայի դեմարշները Վաշինգտոնի հանդեպ մնում են անպատասխան: Էրդողանի դրած պայմանը. ‹‹Կամ ես, կամ քրդերը››, ինչպես նաև համաձայնությունը Սիրիա ներխուժելու համար, մնում են ‹‹ձայն բառբառո հանապատի››: Ի դեպ, Սպիտակ տունը ‹‹ականջի հետև է գցում›› նաև Սաուդյան Արաբիայի կոչերը` քաջալերել արաբական անդամ-երկրների կոալիցիայի Սիրիա ներխուժելու  ձգտումները: Ի պատասխան` սաուդցիները սպառնացել են, որ եթե  ռազմական գործողությունները շարունակվեն, իրենք պատերազմի միջոցով կլուծեն Ասադի իշխանությունից հեռանալու հարցը:

Չսպասելով Վաշինգտոնի հետ համաձայնության գալուն՝ Էր-Ռիադը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիայի Ինջիրլիկ օդանավակայան  հավանաբար սիրական ճակատում օգտագործելու մտադրությամբ:  Իսկ Էրդողանը բարկությունից ատամներն է  կրճտացնում, սակայն ոչինչ չի կարող անել ՆԱՏՕ-ի միջազգայնորեն հաստատված այն օրենքի դեմ, որի համաձայն ալյանսը կարող է օգնության հասնել միայն այն  դեպքում, երբ ի՛ր անդամն է ենթարկվել ագրեսիայի և ոչ թե հակառակը: Ինչպես ասում են, NO COMMENT.

Անվտանգության հարցերին նվիրված Մյունխենում անցկացվող 52-րդ խորհրդակցության շրջանակներում Լավրովը և Քերրին քննարկել են  Սիրիայում մեկ շաբաթվա ընթացում (մարտի 1-ից) կրակի դադարեցման  և հումանիտար օգնության խնդիրները: Ժնևյան հաջորդ հանդիպման հաջողությունը կախված է նաև այդ նախաձեռնության հաջողությունից: (ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական պատերազմում զոհվել է 250․000-ից ավելի մարդ, փախստականների թիվը կազմում է մոտ 5 միլիոն):

Այս առումով մենք ողջունում ենք ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի մասնակցությունը Մյունխենի 52-րդ խորհրդակցությանը:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
860 reads | 14.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com