ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ Է ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Ձերբազատվելով միջազգային արգելափակումների կապանքներից`  Իրանն արագորեն վերադառնում է ‹‹ազգերի անսամբլ››: Ընդհանուրի ուշադրության կենտրոնում են նրա տնտեսական մեծ ներուժը և ընդերքի ահռելի պաշարները, որոնք էական  ազդեցություն կարող են թողնել տարածաշրջանային, և ոչ միայն, մեծ ու փոքր պետությունների ներքին ու արտաքին քաղաքական կյանքի վրա: Մասնագետները տենդագին հաշվարկներ են անում ածխաջրերի  գների վայրիվերումների և միջազգային հարաբերությունների վրա դրանց ազդեցության վերաբերյալ:

Այս ամենը ճիշտ է և տեղին: Սակայն ֆինանսատնտեսական ծրագրերից զատ  Թեհրանը փայփայում է մեծ, շատ մեծ քաղաքական ամբիցիաներ` ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական մասշտաբներով: Ունենալով լուրջ նախադրյալներ` Իրանը մտորում է, եթե ոչ գերտերություն, ապա գոնե Մերձավոր Մեծ Արևելքի N 1 տերություն դառնալու ուղղությամբ, որի հնարավորությունն այնքան էլ հեռու չէ ռեալ իրողությունից:

Այդ ամենից բացի, Իրանի ռազմավարական նպատակների շրջանակում առանձին տեղ է գրավում Հայաստանը` դրա կողքին նաև Լեռնային Ղարաբաղը, որին նա անդրադառնում է ժամանակ առ ժամանակ` անցած 20-ից ավելի տարիների ընթացքում:

Այսպես, Իրանի նախաձեռնությամբ 1992 թվականին Թեհրանում ստորագրվում է եռակողմ համաձայնագիր Հայաստանի,  Ադրբեջանի և Իրանի միջև` ‹‹Թեհրան-92››, որի համաձայն, վերջինս հանձն է առնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդես գալ միջնորդական առաքելությամբ նրանց միջև ռազմական գործողությունների դադարեցման  և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար: (Հայկական  կողմից այն ստորագրել է տողերիս հեղինակը): Միաժամանակ, նախագահ Ռասֆանջանիի ջանքերով,   Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Մամեդովի հանդիպումը:

Դժվար է ասել, թե ինչպես կզարգանային դեպքերը, եթե նույն օրը (մայիսի 9-ին) հայկական բանակը չգրավեր Շուշին, որը միանգամից փոխեց պատերազմի ընթացքը: Իսկ եռակողմ պայմանագիրն ուժի մեջ չմտած դադարեց գործելուց` ի չիք դարձնելով նաև Իրանի միջնորդական ցանկությունը: Ի դեպ, ԵԱՀԿ-ում նոր էր ձևավորվում 12 երկրներից բաղկացած Մինսկի խումբը, որը դեռ չէր սկսել աշխատել:  Այդ շրջանում շատ ակտիվ էր Ռուսաստանի գործունեությունը, որն էլ արգելափակեց ղարաբաղյան գործընթացներին մասնակցելու Թուրքիայի համառ փորձերը:

Արդ, իր առջև բացվող նոր հնարավորություններին համընթաց միանգամայն բնական է հնչում Իրանի փոխարտգործնախարարի օրերս արած հայտարարությունը, որ Իրանը կարող է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը պամանավորված է Հարավային Կովկասում քաղաքական ներկայությունն  ուժեղացնելու և առաջնային դերակատարություն ունենալու Թեհրանի անթաքույց ձգտումով:

Հայ-իրանական վերընթաց զարգացող հարաբերությունների քաղաքական տրամաբանությունն հուշում է, որ բարեկամ երկրի ղարաբաղյան թնջուկին խառնվելը հարկ է ողջունել` հուսալով, որ այն  կունենա դրական ազդեցություն կոնֆլիկտի կարգավորման գործում և կհամապատասխանի մեր շահերին ու հետաքրքրություններին:

Այդուհանդերձ, առաջանում են մի շարք հարցեր, որոնք կարիք ունեն մանրակրկիտ և խորը վերլուծության համոզվելու առումով հայկական կողմի համար իրանական  նախաձեռնության աներկբա ընդունելի և շահեկան լինելը: Այդ նպատակով անհրաժեշտ է պարզել`

1. Ի՞նչ կերպ կամ ի՞նչ ձևաչափով է Թեհրանը ծրագրավորում իրականացնել իր միջնորդական առաքելությունը: Այս հարցը որոշակի պատասխան դեռևս չունի:

Խնդիրը նրանում է, որ եթե Թեհրանը հանդես է գալու առաջարկներով ԵԱՀԿ-ի Մինսկի եռանախագահների գործընթացին զուգահեռ կամ առանձին, ապա դա չի համապատասխանում ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը և շահերին:  Հայաստանի համար ներկա փուլում ընդունելի տարբերակը եռանախագահների գործելակերպն է: Բացի այդ, Իրանի առանձին հանդես գալը կթուլացնի Մինսկի համանախագահների դիրքերը և ջուր կլցնի թուրք-ադրբեջանական ջրաղացին:

2. Ինչպիսի՞ն է Ռուսաստանի և Իրանի երկխոսությունը ԼՂ-ի հիմնահարցի կարգավորման գործում:

Հայաստանն ամեն կերպ պետք է հասնի նրան, որ հնարավորինս բանակցի երկու երկրների հետ իր համար կենսական կարևորություն ունեցող այս հարցում:

3. Ի՞նչ դիրքորոշում կունենան Թուրքիան և Ադրբեջանը Իրանի` ԼՂ-ի  կոնֆլիկտի կարգավորմանը մասնակցելու դեպքում:

ԼՂ-ի կոնֆլիկտի կարգավորման հարցում Իրանի  հանդես գալը, անկախ իր ձևաչափից, ակտիվացնելու է Թուրքիայի նմանատիպ դերով հանդես գալու ձգտումը: Գալով Ադրբեջանին՝ նա աշխատում է խորացնել Իրանի հետ տնտեսական, հատկապես կոմունիկացիոն համագործակցությունը: (Պատրաստվում է Իլհամ Ալիևի այցելությունը Իրան): Հաջողության դեպքում, որի հավանականությունը մեծ է, Բաքուն ուժեղացնելու է հակահայկական և հակաղարաբաղյան  իր գործունեությունը` շահարկելով իրանական խաղաքարտը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Անհրաժեշտ է ուշադիր հետևել զարգացող իրադարձություններին և մոբիլիզացնել բոլոր հնարավոր միջոցները, ներքին ու արտաքին ներուժը ժամանակին կանխարգելու համար ՀՀ-ի ազգային շահերին և անվտանգությանն սպառնող ռազմաքաղաքական վտանգները:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1244 reads | 29.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com