ԻՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Գրբացները և աստղագուշակները մերժված են քաղաքական մեկնաբանների և դիվանագետների կողմից:  Սակայն նրանցից ոմանք կարող են պարծենալ, որ իրենց կանխատեսումները հրեղեն Կապկի չարագործությունների և քստմնելի արարքների վերաբերյալ իրականանում են: Մինչդեռ այն ողբերգությունը, որն այսօր խաղարկվում է երկրագնդի տարբեր ծագերում, ամենահմուտ մոգի մտքի ծայրով անգամ չէր անցնի:
 
Այսպես, սկսվող տարվա առաջին տասնօրյակում իսլամական ծայրահեղականները կատարյալ նախճիր սարքեցին Դեր Զորի մոտակայքում, հետո գերեվարեցին 400 ավելի խաղաղ բնակիչների` երեխաների, կանանց և ծերերի ու տարան անհայտ ուղղությամբ:
 
Ընդամենը հունվարի 17-ին 29 երեխա սպանվեց Ռաքքայում: Դա այն հնագույն պատմական քաղաքն է, որը դաեշականները հռչակել են իրենց նստավայրը  և, հենց այնպես, պղծել են տեղի ‹Սուրբ Նահատակաց›› հայկական կաթոլիկ եկեղեցին` փոխարինելով խաչը բանդիտական սև դրոշով: Սև դրոշի ներքո այս օրերին կատարվող սև գործերի թվարկումը կարելի է շարունակել. ահաբեկչական գործողություններ Իրաքում, Թուրքիայում, Զակարտայում, Բուրկինա Ֆասոյում, Գերմանիայում, որոնք ուղեկցվում են սպանություններով, արյունահեղությամբ, բռնարարքներով, անմեղ մարդկանց խեղված ճակատագրերով և արցունքով:
 
Ամերիկացիները սա անվանում են ‹‹կառավարվող քաոս››, իսկ մեծ անգլիացու բնորոշմամբ, պարզապես ‹‹ժամանակը շառավղից դուրս է սայթաքել››: Իսկ ո՞վ է շտկելու այն …
 
Այս մռայլ համայնապատկերի վրա մենք 2016թ. հունվարի 17-ին ականատես եղանք միջազգային կարևոր իրադարձության, որը չի կարող չուրախացնել և չհուսադրել: Չեղյալ հայտարարվեցին տասնյակ տարիներ շարունակվող պատժամիջոցները Իրանի նկատմամբ, որը կարևոր շրջադարձային կետ կարող է հանդիսանալ համաշխարհային խորքային քաղաքականության,  տարածաշրջանում ուժերի հարաբերակցության և նոր աշխարհակարգի համար բլոկների մեջ ընթացող սուր պայքարի համար:
 
Իրանի վերադարձը մեծ քաղաքական թատերաբեմ տեղի է ունենում ի հեճուկս Մեծ Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, որոնք հանձինս Թեհրանի տեսնում են ահարկու ախոյանի սեփական աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական շահերի իրականացման ճանապարհին:
 
Այդ շարքում առաջինը, անշուշտ, Թուրքիան է, որի համար Իրանի տարածաշրջանային (և ոչ միայն) հզոր պետություն դառնալու հնարավոր հեռանկարները մահացու  հարված է  թուրքական ծավալապաշտական ամբիցիաներին: Դարերի խորքից եկող օսմանյան և սասանյան կայսրությունների աշխարհաքաղաքական  վեճը լուծվում է հօգուտ Իրանի: Սա ոչ միայն սկիզբն է Անկարայի նեոօսմանական անուրջների վախճանի: Ռեքվիեմի մեղեդին անպայմանորեն ուղեկցելու է Թուրքիայի ներկա պետության ամբողջականության փլուզմանը:
 
Իրանի ռազմական, քաղաքական և տնտեսական վերածնունդը մեծ հարված էր նաև Սաուդյան Արաբիայի համար, որը Թուրքիայի, Իսրայելի, Քաթարի և Ծոցի մյուս երկրների հետ արեց հնարավորը բարեկամ Վաշինգտոնի կողմից արգելքները չվերացնելու համար: Սակայն ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ բարեկամություն չկա:
 
Հետո` ‹‹վիճակը գցված է››, և տեղի են ունենում անդառնալի գործընթացներ, որոնց ակտիվ մասնակիցն է մեր հարևան Իրանը: Իսկ որ նա, իրոք, լավ հարևան է, կասկածից վեր է: Ընդ որում, այդ հարևանություն-բարեկամությունը համարժեք է: Այս բարդ քաղաքական իրադրությունում Իրանն այնքան է մեզ պետք, որքան մենք` նրան:
 
Եթե Իրանը դուրս գալով մեկուսացումից՝ պետք է լայնորեն համագործակցի տարբեր երկրների հետ, ապա Հայաստանը մեծ դերակատարություն ունի կատարելու դրանում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրանցիները:
 
Հայաստանի քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, ածխաջրային և այլ ինտեգրացիոն գործընթացներում Իրանը կոչված է խաղալու առանցքային, եթե ոչ  առաջնային դեր: Սա մեր պատմական շանսն է, որը չենք կարող անտեսել  կամ թերագնահատել:  Եթե այն բաց թողնենք` սերունդները չեն ների մեզ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1371 reads | 18.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com