ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ, ՈՐՆ ԱՍՈՑԱՑՎՈՒՄ Է ՖՅՈՒՐԵՐԻ ՀԵՏ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Սառը պատերազմի տարիներին Թուրքիան ԱՄՆ անփոխարինելի ռազմաքաղաքական գործընկերն էր, ՆԱՏՕ-ի հուսալի պատնեշը Խորհրդային Միության հարավային սահմաններին: Ներկայում` նոր աշխարհակարգի համար ընթացող սուր պայքարի և միջազգային  քաղաքական հարաբերությունների  տուրբուլենտային իրավիճակում նրա դերակատարությունն ու կարգավիճակը աստիճանաբար ենթարկվում են փոփոխությունների:
 
Ինչու՞մ է խնդիրը: ԱՄՆ-ը կարծես թե կորցնում  է հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ, եթե չասենք  սառում է նրանից: Այստեղ, ըստ երևույթին, կա 2 հանգամանք. Վաշինգտոնն իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կենտրոնը տեղափոխում է Խաղաղօվկիանոսյան և Հեռավորարևելյան տարածքներ, իսկ Մեծ Մերձավոր Արևելքում փնտրում է իր շահերի նոր պահապաններ: Դրանք կարող են լինել Սաուդյան Արաբիան, Քաթարը, Ծոցի երկրները, հատկապես,  Քրդական պետությունը, որը Վաշինգտոնն ակտիվորեն ստեղծում է Իրաքի քրդական անկլավում: Բացառված չէ, որ Իրանի հետ հարաբերությունների նորմալացման և պատժամիջոցների վերացման դեպքում Իրան-ԱՄՆ  համագործակցությունն այն աստիճանի հասնի, որ Վաշինգտոնը Անկարան փոխարինի Թեհրանով:
 
Թերևս վերադառնան նրանց սերտ բարեկամության ժամանակները, որոնք գոյություն ունեին  մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը:  Քաղաքականության մեջ լինում են նման զիգզագներ:  Մավրը հեռանում  է, երբ գործն արված է:
 
Սակայն ամենակաևորն այստեղ այն է, որ Միացյալ Նահագների ուղեղային կենտրոններում մշակվում են սատանայական պլաններ. քաշվել մի կողմ և Ռուսաստանին ներքաշել Մերձավոր Արևելքի իրենց սարքած շիլաշթոփի մեջ և  կողքից դիտել, թե Պուտինը, որն առանց այդ էլ խճճված է թուրքական, ուկրաինական, դաեշական և էլի շատ հագույցներում, ինչպես է դուրս պրծնելու այդտեղից:

Մյուս կողմից` թուրք-ամերիկյան հարաբերությունների ակտիվության թուլացումը զարմանալիորեն ուղիղ համեմատական է ռուս-թուրքական հարաբերությունների խորը ճգնաժամին: Երբ մի քանի ամիս առաջ ռուսների և թուրքերի միջև մեղրամիսային շրջան էր և նրանք միմյանց ընկալում էին որպես ռազմավարական գործընկերներ, Միացյալ Նահանգները, բնականաբար, անհանգստացած էին: Եվ տրամաբանորեն, նոյեմբերյան հայտնի դեպքից հետո սկիզբ առած Մոսկվայի և Անկարայի  առճակատումը պետք է որ Վաշինգտոնի սրտովը լիներ և քաջալերվեր նրա կողմից: Մինչդեռ նման բան տեղի չունեցավ, ինչը պարադոքսալ է դիտվում Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների եռանկյունում:
 
Դա նախ բացատրվում է վերը նշված ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագրերով, ինչպես նաև Իսլամական պետության` ԴԱԵՇ-ի հետ Էրդողանի կառավարության սերտ համագործակցության հանգամանքով և Թուրքիայում արմատական իսլամիզմի բացահայտ աշխուժությամբ, որն այնքան էլ չի խանդավառում ամերիկացիներին: Իսկ եթե այս ամենին ավելանա ռուսների հետ իսլամական ահաբեկչության դեմ միասնաբար պայքարելու համաձայնությունը (նման նախադրյալներ կարծես կան օրերս ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումների ընդունումից հետո), ապա թուրքերի կրկնակի քաղաքական խաղը լրիվ կկրի ֆիասկո ու կդառնա անիմաստ:
 
Այդուհանդերձ,  Եվրոպան և Ամերիկան կտրուկ երես չեն թեքի Թուրքիայից: Հո իզուր չե՞ն տասնամյակներ շարունակ սնել-փայփայել, հանել Օսմանյան կայսրության փլատակներից, որ հիմա հրաժարվեն նրանից: Իհարկե ոչ: Չմոռանանք. ՆԱՏՕ-ի թվաքանակով երկրորդ բանակը թուրքականն է,  որն ապահովում է նրա  եվրոպական ‹‹փափուկ փորատակի›› անվտանգությունը: Բացի այդ, Ուկրաինայի հետ Թուրքիայի հարևանությունը կարևոր նշանակություն է ստանում բլոկի ռազմաստրատեգիական նպատակների համար: Եվ այսպես շարունակ: Այնպես որ, առանց սխալվելու մեծ հավանականության, կարող ենք  ասել, որ  գուշակելի ապագայում Թուրքիան կմնա Հյուսիսատլանտյան ալյանսի շարքերում:
 
Այս ամենը` տեսական առումով, իսկ  գործնականում  թուրքերը փորձում են օգտագործել բարդ քաղաքական իրավիճակը իրենց նպատակների համար: Նախ` խոստանալով արգելափակել հազարավոր փախստականների հոսքը Եվրոպա, որոնք հիմնականում իր մեղքով և ագրեսիայի հետևանքով են հայտնվել Թուրքիայում,  3 միլիարդ եվրո է ‹‹պոկում›› Հին աշխարհից: Իսկ թե ինչ արժեք ունի թուրքական խոստումը` երեխան անգամ գիտե: Հետո, Անկարային հաջողվում է վերսկսել 50-ամյա երկխոսությունը Եվրամիության հետ այնտեղ խցկվելու համար: Սակայն Բրյուսելը ևս միամիտ չէ: Նա այնքան կձգձգի բանակցությունները, մինչև իրավիճակը հանդարտվի, և գտնելով որևէ պատճառ, կրկին Անկարայի դեմ կդնի կոտրած տաշտակ: 
 
Իսկ մինչ այդ, չնայած ռուսական ավիացիայի ակտիվ գործողությունների արգելքներին, Անկարան շարունակում է ներկրել գողացած նավթ, օկուպացնում է Իրաքի տարածքը և չի հրաժարվում Սիրիայի նկատմամբ իր զավթողական նկրտումներից:
 
Ստեղծված իրադրությունում օրակարգի հարց է դառնում Էրդողանի` որպես Թուրքիայի առաջնորդ լինել-չլինելու հարցը, եթե նա անգամ ‹‹լիզի իրեն հովանավորողների համապատասխան տեղերը››: Նրա ջանքերը` վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը, դառնալ մուսուլմանական աշխարհի սուլթան, իսլամիզացնել Թուրքիան և արաբական աշխարհը, հարևանների հետ ունենալ ‹‹Օ›› պրոբլեմ` իրե՛ն հասցրին ‹‹Օ››-ական  մակարդակի: Նրան մնացել է միայն մեկ բարեկամ` Ադրբեջանը:
 
Էրդողանն  այսօր ասոցացվում է Հիտլերի կերպարի հետ` Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին: Նույն` ոչ համակարգված, պարանոյիկ գործելակերպը, նույն դիմախաղը, ձայնի նույն տոնայնությունը: Պատմությունը ցուցանում է. եթե երկրի ղեկը նման մոլագարի ձեռքում է, կնշանակի  քաղաքակիրթ աշխարհը վտանգված է: Թերթեք ֆյուրերի ‹‹Mein Kampf››-ը  ‹‹Իմ պայքարը››`կհամոզվեք:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1442 reads | 22.12.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com