ՀԱՐԿ Է ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼ՝ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ ՔԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՁԵՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Lragir.am-ը զրուցել է Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
 
Lragir.am-Պարոն Նավասարդյան, Մինսկի խմբի համանախագահների այցը, բացի նրանից, որ դեկտեմբերի վերջին երկու նախագահները կհանդիպմեն, որևէ այլ նորություն չբերեց իր հետ: Ըստ էության՝ Մինսկի խմբի ձևաչափը այլևս սպառե՞լ է իրեն:
 
Ա.Ն.-Եթե համանախագահների այցին իրոք հաջորդի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, այն կարելի է համարել հաջողված և, բացառված չէ, որ դառնա  դիվանագիտական ‹‹ճեղքման›› նախաբան: Իսկ իրավիճակն այսօր, իրոք, գերլարված է, ես կասեի՝ պայթյունավտանգ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` Մինսկի խումբը սպառե՞լ է իրեն, թե ոչ, կարելի է տալ երկու պատասխան: Այս տարիներին այն չի գրանցել շոշափելի արդյունքներ: Սակայն ներկայում այլընտրանք գոյություն չունի: Երբ չկա կոնֆլիկտի լուծման այլ հնարավորություն, Մինսկի խումբը գոնե որոշ չափով զսպում է Բաքվի միլիտարիստական նկրտումները, որը հենց դրա համարել էլ փորձում է տորպեդահարել այդ կառույցը, կամ հասնել Թուրքիայի անդամակցությանը նրան: Հետո, սա միջազգային միակ ինստիտուտն է, որը հարավկովկասյան ‹‹տաք›› գոտում գործում է քիչ թե շատ համերաշխաբար, ինչն ինքնին դրական երևույթ է Արևելք-Արևմուտք հակադրության ենթատեքստում: Բոլոր դեպքերում, հայկական կողմի համար Մինսկի խմբի առկայությունը տարածաշրջանում դրական իրողություն է:
 
Lragir.am-Արդյոք հնարավոր է երկու նախագահների պարբերաբար հանդիպումներից որևէ բան ակնկալել:
 
Ա.Ն.-Դեռևս Արման Ռիշելյեն է ‹‹հայտնաբերել››, որ բանակցությունները պետությունների միջև պետք է լինեն ‹permanente›, ասել կուզի` մշտական, անգամ եթե նրանք պատերազմում են: Դիվանագիտությունն այս պատգամի համար այլընտրանք չունի: Սա` մեկ: Երկրորդ, եթե գագաթնաժողովին հաջողվի հասնել համաձայնության, գոնե ծանր ռազմատեսակները շփման կետերից դուրս բերելու հարցում, կարելի է ասել, որ նախագահները մեծ բան արած կլինեն:
 
Lragir.am-Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքն ասել է, որ համանախագահների համար դժվար է որոշել, թե ով է առաջինը խախտում հրադադարը և նշում, որ դրա համար մեխանիզմներ պետք է գտնվեն: Շփման գծում համանախագահները ստիպված են եղել պատսպարվել կրակահերթից: Արդյոք դա կարող է նրանց համար պատասխան լինել, թե որ ուղղություններից են կրակահերթերը:
 
Ա.Ն.-Իհարկե, նա այդպես պետք է ասի, եթե անգամ իր աչքով տեսած լինի, որ հրադադարն առաջինը ազերիներն են խախտում: Հակառակ դեպքում Մինսկի խումբը կհաստատի Բաքվի այն պնդումները, որ իր անդամները որդեգրել են սուբյեկտիվ դիրքորոշում կոնֆլիկտի հարցում` հօգուտ հայկական կողմի: Բացի այդ, երեք համանախագահների երկրներն ունեն իրենց շահերը Ադրբեջանում:
 
Lragir.am-Եթե նախկինում կողմերը հանդիպում էին խնդրի լուծման հասնելու համար, ապա հիմա հանդիպում են մեծ տրամաչափի զինատեսակների կիրառման հետ կապված: Սա ինչի՞ մասին է վկայում:
 
Ա.Ն.-Դա վկայում է այն մասին, որ նման զինատեսակների կիրառումը հղի է լայնամասշտաբ ռազմական գործողությունների սանձազերծմամբ, և խմբի անդամները, գիտակցելով այդ վտանգը, փորձում են գոնե այս փուլում խնդիրը դրականորեն լուծել:
 
Lragir.am-Իրանը կարո՞ղ է արդյոք Մինսկի խմբի ֆորմատում ընդգրկվել, հաշվի առնելով այն, որ կարևոր դրական ներդրում ունի ԼՂ կարգավորման գործում:
 
Ա.Ն.-Չի կարող: Եվ պետք էլ չէ ձգտել դրան: Ճիշտ է, մեծ հաշվով Իրանը մեզ բարեկամ երկիր է, սակայն դժվար է գուշակել, թե ինչ ուղղությամբ կզարգանան դեպքերը, եթե նման բան տեղի ունենա: Բացի այդ, այդպիսի հայտ անմիջապես կներկայացնի նաև Անկարան, որը վաղուց է ձգտում դրան: Այս ամենը մեզ ամենևին պետք չէ:
 
Lragir.am-Ստեղծված իրադրությունում ինչպե՞ս եք տեսնում դեպքերի հետագա զարգացումը և որո՞նք պետք է լինեն հայկական դիվանագիտության քայլերը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
 
Ա.Ն.-Կանխատեսումն այդ հարցում անհեռանկար գործ է: Ես չէի համարձակվի որևէ կարծիք հայտնել: Սակայն եղած status quօ-ի պահպանումը մեր արտաքին քաղաքականության թիրախներից մեկը պետք է լինի: Հարկ է ժամանակ ձգել: Խնդիրն այն է, որ նոր աշխարհակարգի մարտահրավերները և միջազգային քաղաքականության ծայրաստիճան տուրբուլենտային իրավիճակը հուշում են, որ բացառված չէ  աշխարհքաղաքական քարտեզի վերաձեւման հնարավորությունը: Աշխարհի մի շարք ուղեղային կենտրոններ անում են նման եզրահանգումներ` ելնելով հիմնականում Մեծ Մերձավոր Արևելքում սկսված գործընթացներից: Այնպես որ, սպասել է պետք, համբերել ու աշխատել`աշխարհքաղաքական խորքային փոփոխությունների պարագային դրականորեն լուծելու համար Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության և պետականության բարձրագույն շահերը:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
693 reads | 04.11.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com