ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ Է ՆԱՅՈՒՄ, ԻՍԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀՐԴԵՀԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների էպիկենտրոնում այսօր Սիրիայի խնդիրն է, և սեպտեմբերի 30-ից սկսած՝ ռուսական ռազմական գործողությունները և դրա հետևանքները: Ասադի այցելությունը կարող է ունենալ մի քանի մոտիվներ: Թե ինչպես կզարգանան դրանք, որոշ առումով կիմացվի վաղը՝ Քերի և Լավրով հանդիպման ժամանակ,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ Արման Նավասարդյանի՝ Ռուսաստանը գնում է ռիսկի՝ նկատի ունենալով 20 միլիոնանոց մուսուլմանական համայնքը. «Ահաբեկչական վտանգը առանց այդ էլ կախված է եղել Ռուսաստանի գլխին: Հյուսիսային Կովկասում իսլամը կոնսերվացված է: Այս օրերին նկրտումներ կան. վերադարձ դեպի Վրաստան և Ադրբեջան:

Մյուս կողմից շատ լարված է իրավիճակը Աֆղանստանում, Պակիստանում: Իսկ Հայաստանում քաղաքական միտքը կարծես թե մատների արանքով է նայում այս ամենին, մտածելով, որ նրանք հեռու են: Նախ՝ հեռու չեն: Սիրիայի թատերաբեմը մեզնից 280կմ է ընդամենը հեռու: Երկրորդը՝ ամբողջ մեր շրջապատը. եթե Իրանի նման երկիր կա, որի վրա մենք կարող ենք ֆորսմաժորային հույս դնել, որովհետև այնտեղ շիաներ են, հենց Ադրբեջանը, որը մեր թշնամին է, ինքն է վտանգի տակ: Եթե այնտեղ առաջանա այնպիսի իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է, մենք պարզապես կկանգնենք հրդեհի առաջ»:

Արման Նավասարդյանը նշեց նաև, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ միջազգային իրադարձություններից, որքան էլ դրանք մեզանից հեռու թվան. «Այսօրվա աշխարհն այնքան է փոքրացել և այնքան է գլոբալացվել, որ ասել, թե աշխարհի այն ծայրում կատարվող իրադարձությունները մեզ հետ առնչություն չունեն, դա պարզապես քաղաքական կարճատեսություն կլինի»: Արտակարգ և լիազոր դեսպանի դիտարկմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը մեզ չի կարող ինչ- որ օգուտ բերել: Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանի գործողությունները հիմնականում երկու նպատակ են հետապնդում. Ռուսաստանը ցանկանում է հենց բնում խեղդել վտանգը, բացի դրանից՝ Ռուսաստանը մտնում է Մերձավոր Արևելք: Արման Նավասարդյանն իրեն համարում է չափավոր լավատես և կարծում է, որ «եթե երկու խոշոր պետություններ՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարողանան գալ ընդհանուր հայտարարի, այդ դեպքում, թերևս, հնարավոր կլինի այդ ժանտախտի ճանապարհը փակել»:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
653 reads | 25.10.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com