ԵՐԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆԵՂԱՑԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄՈՒՐ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ՆԱՏՕ-Ի ԳՐԿՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Ռուսաստանի` Իսլամական  պետությանը (ԻԼԻՊ ) ուղղված օդային կործանիչ հարվածներին զուգընթաց  նկատելիորեն լարվում են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները:
 
Հավանաբար, շարժվելով ժողովրդական բանահուսության  տրամաբանությամբ, թե թշնամուդ հետ բարեկամիդ գժտությունը քեզ օգուտ է,  որոշ լրատվամիջոցներ, անգամ վերլուծաբաններ, գտնում են, որ կատարվածը հազվագյուտ շանս է, կարող է այլևս չկրկնվել  և խորհուրդ են տալիս  բաց չթողնել այն:
 
Հասկանալով նման էյֆորիան, այդուհանդերձ ես վերապահումով կմոտենայի հարցին: Փորձեմ շարադրել  կարծիքս խնդրո առարկայի վերաբերյալ:

Նախ` չմոռանանք, որ Էրդողանը միջազգային ֆորս-մաժորային իրադրություններում կորցնում է իրեն` դրսևորելով երկրի առաջնորդին ոչ ադեկվատ վարքագիծ, լեքսիկա և արտահայտչամիջոցներ: (Հետո էլ ասում են, թե թուրքական դիվանագիտությունը հավասարը չունի ողջ աշխարհում):

Այդպես եղավ, օրինակ, երբ Պուտինն այցելեց Երևան, Եղեռնի 100-ամյակի տարելիցին: Թուրքիայի նախագահը նախ շանթ ու կայծակ թափեց, ընկավ պրոստրացիայի մեջ,  հետո հանդարտվեց և ‹‹հաշտվեց›› կատարվածի հետ:   Հետո երկու երկրների հարաբերությունները կրկին մտան վերընթաց  զարգացման կորագիծ:

Սակայն այս անգամ հարաբերությունների խաթարման մոտիվացիան  կարծես թե ավելի լուրջ բնույթ է կրում: Իսկ Մոսկվան դեռ հույս է հայտնում, որ քաղաքական ոլորտի լարվածությունն առանձնապես չի տարածվելու երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա, այն դեպքում, երբ ‹‹Թուրքական հոսքի››  կառուցումն արդեն տեղափոխվել է 2017 թվական, իսկ ատոմակայանինը` հանվել է օրակարգից:

Մոսկվայի պաշտպանությունը Բաշար Ասադին, (գոնե այսօր) Անկարայի  համար նույնն է, ինչը ցուլի համար կարմիր լաթը:  Թուրքիան հաշվարկել է, և ճիշտ է հաշվարկել, որ եթե ռուսները կոտրեն ԻԼԻՊ-ի ողնաշարը և Ասադը մնա, ինքը չի կարողանալու իսլամիստների դեմ պատերազմի իմիտացիա խաղալ և դրա քողի տակ կռվել քրդերի դեմ նախ` սահմանից անդին, հետո արյան մեջ խեղդել սեփական քրդական շարժումը ու նրա շարժիչ ուժը` Քրդական բանվորական կուսակցությունը: Եվ ամենավատը, եթե չլինեն իսլամիստները` ինքը կզրկվի նրանցից ստացվող նավթից, որն առնում է ‹‹շան մսի›› գնով (բարելը 20-30 դոլար), իսկ վաճառում է շուկայական գնով:

Սակայն ինչ կատարվում է այժմ Սիրիայում, շատ ավելի լուրջ է Էրդողանի համար, քան Եվրամիություն մտնելու  կամ էլ արաբական աշխարհի լիդեր ու մենտոր դառնալու նրա վարդագույն երազների  կատարյալ ֆիասկոն:

Այսօր Սիրայում մեծ հաշվով վճռվում է նրա քաղաքական լինելիության  խնդիրը, մանավանդ, եթե հաշվի առնելու լինենք գալիք ընտրությունները, որոնց արդյունքները Էրդողանի համար մշուշապատ են:

Մոռանալով ռուսների հետ ոչ վաղ անցյալի սիրախաղերը և Կրեմլի ուսի վրայից Բրյուսելին երեք մատի կոմբինացիա ցույց տալը, Էրդողանը զգում է  պահի լրջությունը   և   փորձում է   վերադառնալ ‹‹ ի շրջանս յուր››`  կրկին հնարավորինս ամուր  տեղավորվել ՆԱՏՕ-ի գրկում: Եվ որպեսզի հաջողությամբ իրացնի կուրտիզանուհիների այս հնամենի  տրյուկը, Անկարան փորձում է Վաշինգտոնին լարել Մոսկվայի դեմ: Իսկ երբ Ռուսաստանը խախտում է Թուրքիայի օդային տարածքը` նա ‹‹կարաուլ›› է կանչում և ՆԱՏՕ-ից պահանջում պաշտպանել իրեն ‹‹ագրեսորից››: Սա ևս հին պրոֆեսիան բանեցնողների սիրած գործելաոճն է:
Արդ, Թուրքիայի համար մղձավանջի հավասարազոր է դեպքերի զարգացման մի քանի հնարավոր տարբերակներ, որոնք, իմ կարծիքով, հետևյալն  են.

ա/ Բաշար Ասադը օտար զենքի օգնությամբ ստեղծում է  անկլավային պետություն և չի հեռանում Սիրիայից (միանգամայն հավանական սցենար),
բ/ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում մեծանում և դառնում է մշտական, (այդպես էլ կլինի),
գ/ ԱՄՆ-ը ավելացնում է օգնությունը քրդերին, որոնք դե-ֆակտո ստեղծել են իրենց պետությունը Իրաքի արևմուտքում և հավանաբար կընդարձակեն այն սիրիական քրդերի հաշվին:  


Հետո, ամենասարսափելին Թուրքիայի համար. նրանց քրդերը հրաժարվում են ավտոնոմիայից և պահանջում են անկախություն: (Այս վերջին երկու վարկածի իրականացման հավանականությունը խիստ մեծ է):

Ըստ ամենայնի, ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր էրոզիան հավանաբար կփոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Բացառված չէ, որ Թուրքիան փորձի ակտիվացնել կովկասյան ուղղությամբ իր դիվանագիտական վեկտորը, իսկ  Ռուսաստանն ավելի սերտացնի կապերը Ադրբեջանի հետ` մեծ եղբայր Թուրքիայից և Արևմուտքից հեռացնելու ու իրեն մոտեցնելու  նպատակով:

Առանց այդ էլ վերջին տարիների ռուսական քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ այդ միտումն ունի. զենքի վաճառք Բաքվին, ռազմական համագործակցություն Կասպից ավազանում, առևտրատնտեսական կապերի զարգացում և այլն: Այս ենթատեքստում, Մոսկվան հետապնդում է երկու  հիմնական  նպատակ:  Առաջին` Ադրբեջանի հետ հնարավորինս զարգացնել բարեկամական հարաբերություններ` նկատի ունենալով, որ իր կողմից հակառակ քաղաքականություն իրագործելու դեպքում նա կարող է նոր խնդիրներ ունենալ` պայմանավորված սահմանի ընդհանրությամբ, Կասպիական ավազանի խնդիրներով  և Ադրբեջանի սերտ հարաբերություններով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից զատ լարվածության նոր օջախի ստեղծում կովկասյան ֆլանգում կարող է ճակատագրական լինել Ռուսաստանի համար: Եվ երկրորդ` Ռուսաստանի տարածարջանային դիվանագիտության դոմինանտն իր հարավային սահմանների պաշտպանությունն է իսլամական ֆունդամենտալիզի վտանգից, որի դեմ էլ ուղղված են ռուսական ռազմա-տիեզերական ուժերի  (ՌՏՈՒ) ներկա գործողությունները: Այս ուղղությամբ է աշխատում Սմոլենսկայա հրապարակի թիմը Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, անգամ, Վրաստանի հետ:   

Եվ վերջինը, ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը մեծ հաշվով քաղաքական դիվիդենտներ չի բերի Հայաստանին: Համաձայն դասական քաղաքագիտության, երկրների  շահերը ուղիղ համեմատական են տարածաշրջանի բոլոր պետությունների հարաբերությունների նորմալ վիճակին:

Իսկ եթե կոնկրետ` Ադրբեջանը հեռանա Թուրքիայից և մոտենա Ռուսաստանին, Հայաստանը կհշահի՞, թե՞ կկորցնի:  Սա արդեն վերլուծության առանձին թեմա է:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2339 reads | 16.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com