ԱՍԱԴԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՐՀԱՍԱԿԱՆ. ՆԱ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԱՄԵՆԸ 17 ՏՈԿՈՍԻՆ
Սիրիայում լարված իրավիճակի և սպասվող զարգացումների, նաև այս համատեքստում Հայաստանին սպասվող վտանգների մասին Nyut.am կայքը զրուցել է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

Nyut.am- Սիրիայում լարված իրավիճակը շարունակվում է և գնալով ավելի սրվում, ի՞նչ ընթացք կարող է այն ունենալ:

Ա.Ն. -2011-ից է Սիրիայում ընթանում պատերազմը: Դրությունն ավելի է սրվում և այն ուժերը, որոնք կռվում են Ասադի ռեժիմի դեմ ` հիմնականում ԻԳԻԼ-ը, վերջերս մեծ հաջողություններ են գրանցել իրենց հաշվին. գրավված է երկրի մեծ մասը, Ասադը տիրապետում է Սիրիայի տարածքի ընդամենը 17 տոկոսին, այն էլ կենտրոնական մասում: Բոլոր հնարավոր տարբերակները՝ կասեցնելու ագրեսիան, մտնում են փակուղի, իսկ մեծ երկրները հիմնականում խաղում են բացասական դեր` նպաստելով Իսլամական պետության գործողություններին: Ամերիկացիների հետ պայմանավորվածության համաձայն, Թուրքիան պետք է կռվեր ԻԼԻՊ-ի դեմ, մինչդեռ փաստորեն, պատերազմում է երկու ճակատով՝ ներքին՝ քրդերի հետ և արտաքին`Սիրիայի դեմ, ռազմական և այլ կարգի օգնություն է ցույց տալիս ահաբեկիչներին: Էական արդյունքներ չեն գրանցվում ամերիկացիների գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից: Իսլամիստների դեմ օդուժի կիրառումը նմանվում է փղին մոծակների խայթոցին: Ողջ Մեծ Մերձավոր Արևելքը հրդեհված է: Իրականանում է լուրջ վերլուծական կենտրոնների այն կանխատեսումը, որ 1916 թ. Սայքս և Պիկո համաձայնագրով արաբական երկրների արհեստականորեն գծված սահմանները ուշ թե շուտ ջնջվելու են: Արաբական 4 երկիր այսօր գոյություն ունի դե-յուրե, բայց ոչ դե-ֆակտո՝ Սիրիան, Իրանքը, Եմենը և Լիբիան: Նրանք ընդամենը ՄԱԿ-ում կան, բայց ոչ ավելի: Թե ինչ կլինի տարածաշրջանի հետ 25-30 տարի հետո, ավելի լավ է չգուշակել:

Nyut.am- -Ըստ Ձեզ, ո՞ր երկրին է հասնելու հաջորդ հարվածը:

Ա.Ն.  -Կարծում եմ, հաջորդ հարվածը կլինի Լիբանանի և Հորդանանի ուղղությամբ, եթե Ասադի ռեժիմը ընկնի: Խնդիրն այն է, որ Իսլամական պետությունը բոլորովին չի սահմանափակվում տարածաշրջանով. Նույնիսկ լինելով Թուրքիայի ‹‹բարեկամ›› երկիր, ԻԼԻՊ-ը սպառնում է նրան` ստրատեգիական հետաքրքրություններով: Այլևս չեմ խոսում Ադրբեջանի մասին. հայտարարվում է, որ նրա նավթը պետք է պատկանի Իսլամական պետությանը: Օրեր առաջ Իսլամական պետության քարտեզն էի նայում և ամբողջ Կովկասը իսլամիստների հետաքրքրությունների շրջանակում է. նրանք այդ կապակցությամբ նաև Հայաստանի անունն են տվել: Հիմա վիճակը բարդանում է Միջին Ասիայի հանրապետություններում և այս բոլորի ֆոնին, Ասադի դրությունը դառնում է օրհասական:

Nyut.am-Այս ամենի նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք ունի Ամերիկան. եթե հաշվի առնենք Ռուսաստանի դիրքորոշումը, ԱՄՆ-ն կարծես ուղիներ է փնտրում Սիրիայում Ռուսաստանի ազդեցության տարածման դեմ:

Ա.Ն.  -Այս ամբողջ շիլաշփոթը հենց Ամերիկան է ստեղծել: Նրանք հայտարարել են ԻԼԻՊ-ը որպես տեռորիստական կազմակերպություն, բայց նրանց դեմ մղած պայքարը երկակի բնույթ է կրում, խոսվում է լավ կամ վատ տեռորիստների մասին: Նման բան չի կարող լինել, ինչպես չի կարող լինել կիսահղիություն: Պուտինն իր հերթին առաջ քաշեց կոալիցիա ստեղծելու գաղափարը, որի մեջ՝ սկսած ԱՄՆ-ից, մտնում են շատ այլ երկրներ, ինչը, բնականաբար, ոչինչ չէր տալու, քանի որ միևնույն կոալիցիայի մեջ փորձում են համատեղել բոլորովին հակոտնյա պետություններ, ինչպիսիք են, օրինակ, Իրանն ու Սաուդյան Արաբիան, որոնք կռվում են իրար դեմ Եմենում: Ամերիկան հրաժարվում է Ռուսաստանի հետ միևնույն բլոկով հանդես գալ տեռորիզմի դեմ: Հավանաբար այդ իսկ պատճառով Ռուսաստանը որոշել է ռազմական օգնություն ցույց տալ Սիրիային, թե սա ինչ կտա, դժվարանում եմ ասել, որովհետև գերլարված, գերպայթյունավտանգ իրավիճակ է և բոլոր դեպքերում ‹‹պլյուսը›› իսլամիստների կողմն է:

Nyut.am-Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Ասադին իշխանության պահելու համար:

Ա.Ն.  -Սա մի փոքր վիճահարույց հարց է, որովհետև Ռուսաստանն առաջին հերթին փորձում է վնասազերծել իրեն սպառնացող վտանգը, որովհետև պարզ է մի բան, որ եթե Ասադն ընկնի` իսլամիստները, գրավելով երկիրը, նախ սրի կքաշեն բոլորին, որոնք իրենց կողմնակիցները չեն և կշարունակեն մահիկի հաղթարշավը դեպի Թուրքիա, Ադրբեջան, Կովկաս ` այնտեղից Ռուսաստան: Իսկ թե դա ինչ կբերի իր հետ, նկարագրել անգամ չէի ցանկանա: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ մեզ իսլամական ֆունդամենտալիզմը չի սպառնում, բայց ես հակառակ կարծիքին եմ, սպառնում է, այն էլ` լրջորեն:, Իրավիճակը կարող է դաժան հետևանքներ ունենալ, եթե չհամախմբվեն համաշխարհային ուժերը: Սրան էլ հիմա ավելանում է միգրացիայի հարցը, որը գուշակելի ապագայում կարող է ունենալ երկու հետևանք ա/ Եվրոպայի դեգրադացիա, ինչպես որ եղավ IV-րդ դարում, երբ բարաբարոս ցեղերը կործանեցին Հռոմը, բ/ ֆաշիզմի վերածնունդ եվրոպական երկրներում:

Nyut.am- Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ աշխարհի ուժեղագույն պետությունները չեն միավորվում այդ շարժումը կասեցնելու համար:

Ա.Ն. -Պատճառները տարբեր են: Այս ամենի հիմքում ընկած են քաղաքական, ռազմական, տնտեսական շահերը: Գնում է սուր պայքար նոր աշխարհակարգի ստեղծման համար: Ամերիկան ձգտում է պահել իր գերիշխանությունը: Ռուսաստանը, Չինաստանը և մյուս երկրները հակառակը` փորձում են ստեղծել բազմաբևեռ համակարգ: Եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ը վերջիվերջո չգան ընդհանուր հայտարարի պայքարը կարող է շարունակվել, և աշխարհը չի հանդարտվի:

Nyut.am- Եթե հաշվի առնենք, որ ԻԼԻՊ-ի հերթը հասնելու է նաև Հայաստանին, մեր իշխանություններն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, հնարավո՞ր է խուսափել այդ հարձակումից և արդյո՞ք անհրաժեշտ է միանալ ԻԼԻՊ-ի դեմ ստեղծվող կոալիցիային:

Ա.Ն.  -Ես կարծում եմ, որ դրանից պետք է ձեռնպահ մնալ, որովհետև մենք Մերձավոր Արևելքում ունենք համայնքներ: Հայաստանի խնդիրն առաջին հերթին պաշտպանողականությունը ուժեղացնելու մեջ պետք է լինի: Իսրայելի օրինակով մենք պետք է մեր ամբողջ տնտեսությունը, արդյունաբերությունը և անգամ հոգեբանությունը հարմարեցնենք ֆորսմաժորային-ռազմական իրադրությանը: Պետք է վերջ տալ անհոգությանը, թող մարդիկ էլի վայելեն կյանքը, բայց հասկանան, երկրի վրա կախված է դամոկլյան սուր, զգաստանան և առաջին հերթին կասեցնեն արտագաղթը: Մարդիկ պետք է մնան տանը և անհրաժեշտության պարագային պաշտպանեն այն:

Հարցազրույցը՝ Մերի Բալասանյանի
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1305 reads | 19.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com