ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






20–րդ հարյուրամյակում և մինչև դարավերջ եվրոպական լեզուներով պետությունները կոչվում էին «հզորություններ» կամ  ուժեր» (ֆրանսերեն`  puissance, գերմաներեն`macht, ռուսերեն`держава, իսպաներեն ու պորտուգալերեն` poder  և այլն): Այս եզրույթը  ներկայումս ևս  օգտագործվում է պետությունների տարբեր կատեգորիաների` մասնավորապես մեծ, երբեմն էլ նաև միջին ուժերի համար, իսկ փոքր պետությունները ուղղակի դասվում են փոքր ուժերի շարքին, որն, անկասկած, ավելի է ընդգծում դրանց հզորության ենթադրյալ պակասը:

Նապոլեոնյան պատերազմներից հետո ‹‹ուժերը›› հանդիպեցին Եվրոպական պետությունների Վիեննայի կոնգրեսում (1814-1815 թթ.), որտեղ պարտված Ֆրանսիայի արտգործնախարար  Թալեյրանը համոզեց հաղթանակած քառյակ դաշինքը կազմող ուժերին` Մեծ Բրիտանիային, Ռուսաստանին, Պրուսիային և Հաբսբուրգների միապետությանը կարևորագույն հարցերը կարգավորել իրենց միջև: (Correspondance ine’dite du prence de Talleyrand et du roi Louis XVIII pendant le Congre`s de Vienne, Paris, p., 34, 35).{Վիենայի կոնգրեսը մեծ փորձություն էր հաղթանակած երկրների համար, որից նրանք պատվով դուրս եկան և թույլ չտվեցին այն ճակատագրական սխալները, որոնք գործելու էին նրանց հաջորդները Վերսալյան պայմանագիրը կնքելիս: ‹‹Հեշտ չէր մեծահոգություն ցուցաբերել Ֆրանսիայի նկատմամբ, որը հարյուր հիսուն տարի ձգտում էր իշխել Եվրոպայի վրա, որի բանակները քառորդ դար տեղակայված էին հարևան երկրների տարածքներում: Այդուհանդերձ, Վիենայում խորհրդակցող պետական այրերը եկան եզրակացության, որ Եվրոպան ավելի անվտանգ կլինի, եթե Ֆրանսիան գոհ լինի, այլ ոչ թե նեղացած և գրգռված: Ֆրանսիայի զրկեցին նվաճած հողերից, բայց զիջեցին ‹‹հին››, այսինքն նախահեղափոխական սահմանները, որոնք ի դեպ ներառում էին շատ ավելի ընդարձակ տարածքներ, քան Ռիշելյեի կառավարման օրոք էր››: (Kissinger Henry, DIPLOMACY, N.Y., p. 81)}:

Սակայն կային հարցեր, որոնք վերաբերում էին այլ պետություններին, իսկ դրանք էլ իրենց հերթին այնքան կարևոր նշանակություն ունեին, որ ամբողջապես դուրս չմղվեցին բանակցային գործընթացից: Այդ երկրներին տրվեց հնարավորություն` մասնակցելու ‹‹վեցի կամ յոթի հանդիպումներին››:

Դարասկզբից այդ երկրները սկսեցին կոչվել ‹‹միջին ուժեր››: Իսկ այն պետությունները, որոնք համարվեցին ոչ լիարժեք բանակցային գործընթացին ներգրավելու համար, ճանաչվեցին որպես ‹‹փոքր պետություններ››: Պետության կատեգորիաների ձևավորման այս շրջանում մեծ տերությունների գերիշխող խմբավորումը կատարված ինստիտուցիոնալացման գործառությունների  շնորհիվ իր վրա վերցրեց միջազգային իրավունքի ստեղծման առաքելությունը: Նրանք որոշեցին կանոնավոր հանդիպումներ կազմակերպել` միջազգային հրատապ խնդիրները քննարկելու, ինչպես նաև  միջպետական  համաձայնագրեր ու պայմանագրեր կնքելու համար:

Այս գործունեության արդյունքում զարգացան իրավական ուժ ունեցող փաստաթղթերը, և քանզի դրանք  ընդունում և ստորագրում էին միայն հինգ հզոր պետությունները,  ‹‹մեծ պետության›› կատեգորիան օրինականացվեց, որը մինչև հիմա դժվարությամբ է գոյատևում պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի կողքին: Իրավական տեսանկյունից` բոլոր ինքնիշխան պետությունները` մեծ թե փոքր, հավասար են օրենքի առջև: Մինչդեռ քաղաքական տեսակյունից նրանք հեռու են հավասար լինելուց:

Ի սկզբանե, Վիեննայի կոնգրեսի ձևավորած միջազգային համակարգում մեծ պետությունների հատուկ կարգավիճակը հակասում էր համակարգի  գլխավոր` պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքին, որի հիմնական նպատակն էր կանխել մեծ պետությունների գերակայության տարածումը: Նեղ իմաստով Կոնգրես ասելիս հասկանում ենք վերոնշյալ ուժերի հանդիպումները Լայբախում, Վերոնայում, Օպավայում, Աախենում 1815-1822 թթ. միջև ընկած ժամանակահատվածում, իսկ լայն իմաստով` Կոնգրեսի դիվանագիտությունը մեծ պետությունների շարունակական փոխգործունեությունը` ուղղված համակարգի ղեկավարմանը: Այս  դիվանագիտությունը եվրոպական քաղաքականության գերիշխող առանձնահատկությունն էր ընդհուպ մինչև 1848 թվականը և բավականին ակտուալ էր մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը:

Որպես հետևանք` 19-րդ դարում, որն ըստ  միջազգային հարաբերություններն ուսումնասիրող գիտնականներից մեկի` տևել է 1815-1914թթ, փոքր էին այն պետությունները, որոնք չէին համարվում մեծ ուժեր: Պատճառն այն էր, որ եվրոպական  կայսրությունների իշխանության տակ էին գտնվում ամբողջ աշխարհով սփռված շատ այլ տարածքներ, և  շուրջբոլորը պարզապես չկային բավարար ինքնիշխան պետություններ ‹‹միջին ուժերի›› կատեգորիան կյանքի կոչելու համար: Ըստ Հինսլեյի` եթե աշխարհում այդ ժամանակ լինեին վեց  գերտերություններ` Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան և Ավսրո-Հունգարիա, ապա մնացած երկրներից միայն երեքը` Թուրքիան, Դանիան և Շվեդիան, կկարողանային հավակնել ‹‹միջին ուժի›› կատեգորիային: 20-րդ դարում, պետությունների զգալիորեն աճի պայմաններում փոքր էին համարվում այն երկրները, որոնք չէին հանդիսանում ‹‹հզոր ուժեր›› և հակված չէին դասակարգվելու ‹‹միջին ուժերի›› շարքին (Ավստրալիա, Կանադա, Հարավային Աֆրիկա):

Այս սահմանումը դեռ մնայուն է:  Ուժային կատեգորիայի տեսանկյունից այսօր էլ փոքր պետություններին հաճախ շփոթում են թույլերի հետ: Մինչդեռ փոքրի և մեծի համեմատությունը  չի համապատասխանում ուժեղի և թույլի իսկությանը: Ստիվեն Կոհենը և Ժոզեֆ Նայը գտնում են, որ փոքր պետությունների ուսումնասիրման միակ պարտադիր առարկան նրանց մեծության և փոքրության հարցը  չէ: Ավելի կարևոր է կոնկրետ ոլորտներում նրանց հեղինակությունը և ազդեցությունը: Օրինակ` Շվեյցարիան` ֆինանսների, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Վենեսուելան` ածխաջրերի և այլն:  

Այս համատեքստում առանձնացվում են փոքր ազգ-պետությունների երեք տեսակ: 

1) էական փոքրություն, ներուժի և տարածքի բացարձակ փոքր չափ (Մոնակո), 
2) հարաբերական փոքրություն այլ երկրների համեմատ (Բելգիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-ԱՄՆ), 
3) հատկանշական փոքրություն, սեփական կամ այլոց ընկալմամբ ( Լյուքսեմբուրգ):

Պետությունների համակարգ հասկացությունը որպես մեկ ամբողջություն չի սահմանափակվում  միայն միջազգային հարաբերությունների ուսումնասիրմամբ: Այնուհանդերձ, այդ համակարգում են կատարվում մեծ ու փոքր պետությունների վերաբերյալ բոլոր ուսումնասիրությունները: Սակայն այդ համակարգի շրջանակներում փոքր պետության բարոյական մեծությունը կամ կոնկրետ ոլորտում ազդեցությունը մինչ այժմ չեն փոխակերպվել մեծ պետության կարգավիճակի: Շվեդիան, անշուշտ, հզոր պետություն է այն առումով, որ ունի ներքին համախմբվածության բարձր աստիճան, ուժեղ ինքնակառավարում:  Բայց անկախ այն բանից, թե որքան է Շվեդիան ուժեղ, կամ կդառնա ուժեղ` նրա ներուժը պարզապես թույլ չի տա հասնել այն աստիճան հզորության,  որ ընդգրկվի մեծ պետությունների համակարգում:

Մեծ պետության կատեգորայից դուրս գալուց 300 տարի անց Շվեդիան հարմարվել է իր նոր կարգավիճակին և Եվրոպական Միությունում ունեցած սահմանափակ գործառույթներն այնքան էլ չեն ֆրուստրացնում շվեդներին, որ հայտնվել են ‹‹յոթ թզուկների›› շարքում: Դրան հակառակ` Ռուսաստանն անկասկած թույլ է պետություն-հասարակություն հարաբերությունների առումով: Այնուհանդերձ, չնայած շարունակական զրպարտություններին`Ռուսաստանը երբեք չի դասվի փոքր պետությունների շարքին: Նույնը կարելի  է վերագրել Ճապոնիային և Գերմանիային, որոնք տևական ժամանակ համարվում են ‹‹տնտեսական հսկաներ, բայց մնում են ‹‹քաղաքական թզուկներ›› գերտերությունների համեմատ: Եթե մի կողմից ‹‹փոքր պետություն›› կատեգորիան տեղ գտնի  ‹‹միջին պետություն›› կատեգորիայում, ապա մյուս կողմից` կբախվի ‹‹միկրոպետություն›› մածուցիկ կատեգորիային, որոնք ամենաքիչն են ուսումնասիրված պետութունների շարքում, ինչն ինքնին հասկանալի է:

Միկրոպետությունները երբեմն անվանվում են երկրի մոդել և հանդիսանում են փոքր, ինքնահռչակված կազմակերպություններ, որոնք իրենց հայտարարում են անկախ, սուվերեն պետություններ, սակայն ճանաչված չեն որպես այդպիսիք որևէ այլ սուվերեն պետության կամ վերազգային կազմակերպության կողմից: Միկրոպետության ստեղծման մոտիվը կարող է լինել տեսական փորձը, քաղաքական բողոքը, անձնական քմահաճույքը, հանցավոր գործունեությունը  և այլն: Միկրոպետությունները գոյություն ունեն տարբեր ձևերով` ֆիզիկական աշխարհում, ցամաքում, ծովում, տիեզերական տարածքում),  Ինտերնետում կամ դրանց հիմնադիրների գիտակցության մեջ: Որոշ միկրոպետություններ ունեն իրենց  դրամը, դրոշը, փոստային դրոշմանիշները, մեդալները և այլ առարկաներ: Վերջին տվյալներով աշխարհում գոյություն ունի 59 միկրոպետություն (http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/1335308):

Հարկ է միկրոպետությունները չշփոթել ‹‹գաճաճ պետությունների հետ, քանի որ նրանք համարվում են ճանաչված սուվերեն պետություններ: Ընդունված է գաճաճ  համարել այն պետությունը, որն իր տարածքով զիջում է Լյուքսեմբուրգի տարածքին ( 2.586 ք.կմ.), չնայած նրան ևս երբեմն դասում են ‹‹գաճաճների›› շարքին: Հաճախ որպես չափանիշ ընդունում են բնակչության թիվը: ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի չափանիշներով գաճաճ են այն պետությունները, որոնց բնակչության թիվը չի անցնում 1 միլիոնից: Ազգերի Համագործակցությունն իր զեկույցներում  երբեմն գաճաճ պետությունների համար օգտագործում է փոքր երկրներ եզրույթը` սահմանելով բնակչության 1,5 միլիոնանոց շեմ: Իսկ երբեմն գաճաճ են կոչվում  այն պետությունները, որոնց բնակչությունը պակաս է 500 հազար մարդուց:  ՄԱԿ-ի կողմից ազգերի ինքնորոշման հռչակումը հիմք հանդիսացավ հարյուրավոր  փոքր, գաճաճ և միկրոպետությունների ստեղծման համար, որոնց ներհոսքին համաշխարհային կազմակերպություն հաջորդեցին սուր բանավեճերը` հատկապես միկրոպետությունների հարցում.  ինչպե՞ս են նրանք  օգտագործելու իրենց հավաքական ձայնի իրավունքը, Գլխավոր Ասամբլեայում, ովքե՞ր են ֆինանսավորելու նրանց որոշումները, արդյո՞ք այդ կատեգորիայի պետություններին առաջարկվելու է սահմանափակ անդամակցություն և այլն: Իսկ Հավայայի համալսարանի պրոֆեսոր  Մ. Հասը գտնում է օրինակ, որ ՄԱԿ-ի անդամ  փոքր, գաճաճ և միկրոպետություններն ստիպված են բավարարվել միջազգային իրավունքին ենթարկվողի դերով: (Տես. International Politics and Foreign Policy. N.Y., 1969. P. 138). Անգլիացի հայտնի իրավաբան 
Զ Շվարցենբերգերի մեկնաբանությունն ավելի հուսահատական է ‹‹փոքրերի›› համար, և ոչ միայն: ‹‹Ուժն  է որոշում,- գրում է քաղաքագետը,- միջազգային արիստոկրատիայի հերիարխայում անկախ պետությունների դերը››: (Schwarzenberger G. The Frontiers of International Law. L., 1962. P. 23). Նման կարծիքներ հնչում են նաև մեր օրերում:  (Տես Zemanek K. General Cours of International Law // RdC. 1997. T. 266. P. 44)
:  

Սակայն ՄԱԿ-ի շրջանակներում բորբոքված կրքերը շուտով  մոռացության մատնվեցին և  տեղի չունեցավ միկրոպետությունների ակնկալած անդամակցումը ՄԱԿ-ին: Այնուամենայնիվ, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Անդորրան, Սան Մարինոն և մի քանի այլ   միկրոպետություններ անդամակցեցին ՄԱԿ-ին (1990–ական թվականներին), երբ ընդունեցին միջազգային ընտանիքում հավասար ինքնիշխանության պայմանները: Իսկ  Կոստա Ռիկան  որոշեց հայտ չներկայացնել, քանի որ գիտակցում էր, որ չի կարողանալու բավարարել անդամակցության պայմանները:

Արդյունքում` Կոստա Ռիկան  փոքրից վերածվեց միկրոպետության: Ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերություններում ուշադրության կենտրոնում բացառապես  մեծ պետություններն են, որի պատճառով էլ փոքր երկրների և՛ կատեգորիան, և՛ կարգավիճակը մնում են առկախված: Փոքր պետությունները տեղակայված են երկու անորոշ ենթատեսակների միջև`միջին ուժերի, որոնք համոզված են, որ կոնկրետ ոլորտում հզորություն են ձեռք բերել, և միկրոպետությունների, որոնք իրենց հերթին վարչական ներուժի բացակայության հետևանքով չեն կարողանում  ամբողջությամբ անդամակցել համակարգային կառույցներին: Փոքր պետությունների` համաձայնեցված ճշգրիտ սահմանման ու դրանց մասին գրականության բացակայությունը թելադրում է խորն ուսումնասիրությունների անհրաժեշտությունը, որն այսօր էլ դեռևս գտնվում է սաղմնային վիճակում: Դիպուկ է նկատել  Կոհենը, երբ ասել է. ‹‹Եթե թզուկները կարողացան կապել Գուլիվերին, ուսումնասիրել նրան  և ստիպել կռվել իրենց համար, նրանք  ևս  պետք է մանրազննին ուսումնասիրվեն››:
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
10386 reads | 24.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com