ՍԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍ Է, ՈՐԻՑ ՉՕԳՏՎԵԼՆ ԱՆՆԵՐԵԼԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանել է Lragir.am-ի հարցերին:

Lragir.am -Պարոն Նավասարդյան, Իրանը և «վեցյակը» համաձայնություն են ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սա տարածաշրջանի երկրներին տնտեսական առումով ի՞նչ հնարավորություններ է տալիս: Ի՞նչ է դրանից ստանում Հայաստանը: Պատմական այս պահից Հայաստանն արդյոք կարո՞ղ է օգտվել։

Ա.Ն.-Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագիրը, որին նախորդեցին տասնամյա լարված դիվանագիտական բանակցությունները, առանց չափազանցության ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և ռազմական դարակազմիկ նշանակություն տարածաշրջանի երկրների, ընդհանրապես միջազգային հարաբերությունների համար՝ համաշխարհային մասշտաբով:

21-րդ դարը հետսառըպատերազմյա, միաբևեռ գերլարված առճակատման շրջան է, որը կարող է ավարտվել նոր` բազմաբևեռ աշխարհակարգի կայացումով, և կամ մարդկության կործանումով Երրորդ համաշխարհայինի հորձանուտում: Այս գործընթացի դրական լուծման մեջ վճռական  դերակատարություն ունի Իրանը, առանց որի ‹‹Ազգերի կոնցերտը›› պարզապես դիսոնանտ կհնչի:

Lragir.am -Ինչպե՞ս եք տեսնում հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան:

Ա.Ն.-ԻԻՀ միջուկային հիմնախնդրի կարգավորումից հետո մեր տնտեսական զարգացման և հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին շրջանառվում է երկու տեսակետ: Առաջին` Իրանը, ապամեկուսացումից հետո կարող է որոշակիորեն կորցնել հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ որպես դրսի հետ կապ ապահովող  «դարպասների», քանի որ Թեհրանը ռազմավարական ծրագրերի զարգացման համար կունենա այլընտրանքային երկրներ: Մյուս տեսակետը` Հայաստանի առաջ կբացվեն վերելքի լայն հնարավորություններ: Ես հավատում են առաջին վարկածին: Շատ բան կախված է, իհարկե, մեր ինտեգրացիոն ճիշտ քաղաքական ունակություններից և դիվանագիտական ճկունությունից: Մեծ է կախվածությունը տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից և միջազգային իրադրությունից: Հայաստանը կհաջողի, եթե կարողանա անհրաժեշտ հմտություն ցուցաբերել իր ընտրած բազմավեկտոր դիֆերենցված քաղաքականությունում: Սա պատմական շանս է, որից չօգտվելն աններելի դիվանագիտական սայթաքում կլինի մեզ համար:

Lragir.am -Ի՞նչ ուղղություններ եք տեսնում մեր երկրների համագործակցության համար:

Ա.Ն.-Իրանի և ‹‹վեցնյակի›› փոխհամաձայնությունը կարող է նպաստել Իրան-Հայաստան ապրանքաշրջանառության ծավալների մեծացումանը, բանկային գործարքների ընդլայնմանը, Իրան-Հայաստան երկաթգծի և «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու նախագծերի իրականացմանը, Արաքսի ավազանում համագործակցությանը: Արդյունքում, կարելի է հուսալ, որ մոտ ապագայում իրականություն կդառնա Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ տարիներ շարունակ խոսվող 1 մլրդ դոլարի ցուցանիշը: Հայաստանն ունի իրանական էներգակիրների համար տարանցիկ երկիր դառնալու հեռանկար, որի մասին հնարավոր կլինի առավել առարկայական խոսել այն ժամանակ, երբ Իրանն սկսի բանակցել այդ ուղղությամբ Արևմուտքի հետ: Ասեմ, որ ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերացումը կխթանի երկկողմ ներդրումների քաղաքականությանը: Հետո, մեր արտադրանքը մրցունակ է իրանական շուկայում, իսկ իրանցի գործարարների ներդրումներն անհրաժեշտ են Հայաստանի տնտեսության որոշ ճյուղերի զարգացման համար: Անհրաժեշտ է նաև առավել ակտիվ համագործակցել Իրանի հետ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում, որի վերաբերյալ Իրանի պատկերացումները շատ մոտ են մեր մոտեցումներին:

Lragir.am -Իրան-Հայաստան երկաթուղային ծրագիրը, ըստ Ձեզ,  որքանո՞վ է հնարավոր հիմա կյանքի կոչել։

Ա.Ն.-Այն կյանքի կոչելու հնարավորությունները շատ ավելի են, քան երբևէ: Հաջողությունն այստեղ կախված է ոչ միայն երկկողմ շահերի համընկնումից, այլ մյուս ակտորների շահագրգռվածությունից: Հարկ է օգտագործել չինական և ռուսական գործոնները, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ երկաթիծը մեր ուղղությամբ կառուցելու համար:

Lragir.am -Հայաստանը որքանո՞վ հիմա կկարողանա կյանքի կոչել մի շարք հայ-իրանական ծրագրերը, որքանո՞վ այս առումով կթուլանա Ռուսաստանի ճնշումը հայ-իրանական նախագծերի վրա։

Ա.Ն.-Ռուսաստանի ճնշումը հայ-իրանական նախագծերի վրա կթուլանա կամ ամբողջովին կվերանա միայն մի դեպքում, եթե Մոսկվան հետաքրքրություն ունենա դրանց նկատմամբ և շահեր ակնկալի դրանցից:

Lragir.am -Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը օրերս հարցազրույց է տվել, որտեղ նշել է. «Իրանի տնտեսությունը հիմնված է բնական ռեսուրսների վրա, մինչդեռ Հայաստանի տնտեսության հիմքը մարդկային ներուժն է,մարդկանց գիտելիքներն ու հմտությունները։ Սա որքանո՞վ կվտանգի երկու երկրների հարաբերությունները։

Ա.Ն.-Չի վտանգի, եթե կարողանանք համադրել այդ երկու հանգամանքը:

Lragir.am -Ի՞նչ կոնկրետ հետևանքներ կարող  է ունենալՎիեննայի համաձայնագիրը տարածաշրջանի և միջազգային հարաբերությունների համար:

Ա.Ն.-Գուշակելի ապագայում ԻԻՀ հավանաբար կդառնա Մեծ Մերձավոր Արևելքի համար մեկ գերտերություն` երկրորդ պլան մղելով Թուրքիային, իր խամաճիկ Ադրբեջանով հանդերձ: Իրանը կգլխավորի միջազգային պայքարը Իսլամական պետության (ԻԼԻՊ) դեմ: Սուննիզմ-շիա պայքարում կփոխվի ուժերի բալանսը վերջինիս օգտին: Մեծ պատերազմի վտանգը տարածաշրջանում նկատելիորեն կթուլանա: Կպակասի միջուկային զենքի տարածման վտանգը:

Lragir.am -Պատժամիջոցների վերացումն ի՞նչ կոնկրետ նշանակություն կունենա Ադրբեջանի համար:

Ա.Ն.-Քաղաքական առումով Իրանի ուժեղացումը լրացուցիչ արգելք կհանդիսանա ադրբեջանական նկրտումների համար Իրանի ներքին գործերին խառնվելու ճանապարհին: Տնտեսական առումով այն ավելի բացասական նշանակություն կունենա Բաքվի համար. մասնագետների հաշվարկներով, նավթի բարելի գինը կընկնի մինչև 50 դոլար, այդ դեպքում Ադրբեջանը կունենա  պետական բյուջեի սղաճ և անխուսափելի տնտեսական ճգնաժամ: Այդ պայմաններում Բաքուն ի վիճակի չի լինի շարունակել սպառազինության մրցավազքը, ինչն անմիջականորեն կանդրադառնա Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշման վրա:
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3422 reads | 18.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com