ԱՐԴՅՈ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ







Ռուսական որոշ քաղաքական վերլուծաբաններ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) Մերձավոր Արևելքից դեպի Կովկաս տարածվելու վտանգի դեմ հանդիման, առաջ են քաշում քաղաքական վարկած, որն իր օրգինալությամբ կարող է ապշեցնել ինչպես հայաստացիներին, այնպես էլ ադրբեջանցիներին:

Առանց աչք թարթելու, սևով սպիտակի վրա նրանք արձանագրում են. ‹‹Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը Իսլամական ահաբեկչությանը կարող են դիմակայել միայն միասնական ջանքերով››: Ոչ ավել, ոչ պակաս: Ասվածն ապացուցելու նպատակով մոսկովյան վերլուծաբանները նախ մեկնաբանում են ամերիկյան դիվանագիտության ադրբեջանական վեկտորը, համաձայն որի, Ադրբեջանում կարող է կրկնվել մայդանի սցենարը, եթե հասարակությունը շարունակի ենթարկվել իշխանությունների ճնշումներին:

Այստեղից ամերիկացիների հետևությունը. Ապշերոնը ենթակա է ռուսական կամ իրանական ինտերվենցիային: Եվ հռետորական հարց` իսկ ո՞վ է փրկելու Բաքուն: Պատասխան` իհարկե, Վաշինգտոնը: Այնուհետև, չգիտես ինչու, անդրադարձ է կատարվում հայաստանյան վերջին իրադարձություններին` Ադրբեջանի աչքերով, որոնք տարբեր կերպ են տեսնում կատարվածը: Մի մասը չարախնդում է, իսկ մյուսներն ընկնում են մտորումների մեջ. այդ ինչպե՞ս է, որ Հայաստանը լինելով հանդերձ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ, իրեն թույլ է տալիս նման ‹‹արարքներ››: Արդյո՞ք դա վարակիչ օրինակ չի լինի Բաքվի ընդդիմության համար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ հիշյալ վերլուծաբանները` հղում կատարելով ադրբեջանական այն քաղաքագետների մտավախություններին, որոնք մտահոգված են Հարավային Կովկասում ամերիկյան էքսպանսիոնիստական ձգտումների ուժեղացումով, ինչպես նաև քաղաքական իրադրության հավանական սրումով, հանկարծ անդրադառնում են ադրբեջանական այն ուժերին, որոնք իբր ‹‹Հայաստանի հետ ունեն միևնույն աշխարհաքաղաքական խնդիրները և չեն ցանկանում դառնալ տարածաշրջանի ծանր ցնցումների ընդհանուր զոհեր››:

Ստացվում է, որ Ադրբեջանը հավասարապես վախենում է և՛ ամերիկացիներից, և՛ իսլամիստական ահաբեկչներից: Սակայն հետաքրքիր է եզրահանգումը: Ադրբեջանն այդ վախը, չգիտես ինչու, ցանկանում է կիսել Հայաստանի հետ: Այստեղից էլ, ըստ երևույթին, ծագում է եռակողմ հայ-ռուս-ադրբեջանական ընդհանուր ճակատ կազմելու ֆանտասմագորիկ պլանը: Այն, որ Մոսկվան ձգտում է ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում և արգելափակել ամերիկյան ներկայությունն այստեղ, անգամ «ոզնիներին է հայտնի»: Այդ ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը Ադրբեջանի և Հայաստանի հետ հավասարակշռված և բարեկամական հարաբերությունների հաստատումն է, որը նույնպես ապացուցման կարիք չունի:

Սակայն ապացուցման կարիք չունի նաև եռակողմ (Երևան, Բաքու, Մոսկվա) համագործակցության որևէ ձևաչափի ոչ ռեալությունը: Ռուսաստանի համար, թերևս, նման համագործակցությունը, որի հիմքում ընկած է խորհրդային ազգերի լենինյան անխախտ բարեկամության սկզբունքները, լավագույնը կլիներ Հարավային Կովկասում ընթացող սուր քաղաքական պայքարում և ընդհանրապես նոր աշխարհակարգի համար ընթացող գլոբալ գործընթացներում:

Սակայն պատմության գնացքն հեռացել է քառորդ դար առաջ: Գալով Հայաստանին, ապա իսլամական սպառնալիքի դեպքում մենք կարող ենք ունենալ երկու դաշնակից` նույն Ռուսաստանը և Իրանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մի շարք գործոնների պատճառով նա ամենախոցելին է ԻԼԻՊ-ի կողմից, իսկ եթե դեպքերն այնպես զարգանան, որ Բաքուն վերածվի արմատական իսլամիզմի կենտրոնի, ապա այն կդառնա ահաբեկչության օջախներից մեկը Կովկասում:

Բացառված չէ, որ եթե իսլամիստներն իրենց սովորության համաձայն չգլխատեն Ալիևին, ապա նա հեզասահ անցնի ԻԼԻՊ-ականների շարքերը: (Ալիևներն ունեն գաղափարները և ճամբարները փոխելու գենետիկական զարգացած կոդ: Հիշենք Հեյդար Ալիևի անցած «փառանած» ուղին): Սակայն Ալիևի հետ կամ առանց նրա Իսլամական պետությունը Հարավային Կովկասում հայտնվելու դեպքում կարող է կործանարար հետևանքներ ունենալ ՀՀ-ի և ԼՂՀ-ի: Այս հանգամանքը հաշվի առնելով, արդեն այսօր, հանրապետության բոլոր միջոցները պետք է մոբլիզացվեն նման վտանգը կանխարգելելու ուղղությամբ:
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1728 reads | 06.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com