​ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՓԱՓՈՒԿ» ԵՎ «ԿՈՇՏ» ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Միջազգային հարաբերությունների վերջին տասնամյակների որակական փոփոխություններն իրենց հետ բերեցին  նկատելի տեղաշարժեր  մեծ  և փոքր պետությունների փոխհարաբերություններում, որակական նոր բովանդակություն հաղորդեցին նրանց  կարգավիճակին, և, ամենակարևորը, նոր պայմաններ ստեղծեցին երկրների ներուժի` հատկապես ռազմական հզորության և միջուկային զենքի  կիրառման հարցում:  

Եթե մինչև վերջերս արտաքին քաղաքականության գլխավոր և որոշիչ գործոնը համարվում էր կոպիտ ուժը (hard power), ապա համընդհանուր փոխկապակցվածության, գլոբալիզացիայի և ինտեգրացիայի պայմաններում  ուժի և զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը անպայմանորեն կարող է դառնալ այն օգտագործողի կործանման պատճառը: Սակայն միանշանակորեն պնդել, թե ուժի քաղաքականությունն այսօր դարձել է ժամանակավրեպ և անցնում է պատմության գիրկը, պատրանքային մոտեցում կլիներ: Իսկ մեծ տերությունները, որոնք տիրապետում են միջուկային զենքին, ամենից շատ են ենթակա այն գործի դնելու գայթակղությունից:

Հայտնի միջազգայնագետ պրոֆեսոր Պ. Ցիգանկովն, օրինակ, գտնում է, որ ‹‹կոշտ ուժի մեթոդները կարող են արդարացի լինել  Ռուսաստանի համար, եթե դրանք պայմանավորված են մեր երկրի (Ռուսաստանի-Ա.Ն.) պարտավորությունների հետ`  որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամի, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք սպառնում են  նրա ազգային անվտանգությանը, այդ թվում… ռուսական սահմանների երկայնքով››:   (Цыганков П.А. О месте России в мировой политике (ресурсный потенциал и возможности) // Материалы Международного научного конгресса «Глобалистика – 2009: пути выхода из глобального кризиса и модели нового мироустроийства». МГУ им. М.В.Ломоносова. М.: МАКС Пресс, 2009. Т. 1. С. 369. ):

Համաշխարհային ներկա քաղաքականության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անհիշելի ժամանակներից գոյություն ունեցող ռազմական  գործոնի` ‹‹կոշտ ուժի›› (‹‹hard power››) կողքին հայտնվել է միանգամայն նոր և յուրահատուկ երևույթ` ‹‹փափուկ ուժը›› (‹‹soft power››), որը վերածվել է միջազգային հարաբերությունների ակտիվ և  որոշիչ դերակատարի` ներառելով ամբողջական երկրներ և տարածաշրջաններ, որոնք դառնում են այդ ուժի համար կառավարման լատենտ`  անտեսանելի օբյեկտներ:

Լինելով ‹‹կոշտ ուժի›› անտիթեզ` հակադրույթ, ‹‹փափուկ ուժը›› ձևափոխվում է հզոր ներուժի հատկապես փոքր երկրների համար, որոնք զրկված են ռազմական ու տնտեսական անհրաժեշտ լծակներից, գտնվում են քաղաքական և աշխարհագրական մեկուսացման մեջ, չունեն ազդեցիկ միջազգային կազմակերպության անդամի կարգավիճակ:

‹‹Փափուկ ուժը›› մինչև քաղաքագիտության կատեգորիա դառնալը էմպիրիկ առումով օգտագործվել է դեռևս Ք.ա. VII-րդ դարում չինացիների կողմից, որոնք այն համեմատել են ջրի հետ, որը լինելով  աշխարհի ամենաթույլ առարկան կարող է մեծ ավերածություններ գործել: Մեր օրերում ‹‹փափուկ ուժը›› լայնորեն պրոպագանդել է ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ Ուիլյամ Ֆուլբրայտը, որի կարծիքով,  ‹‹փափուկ ուժը›› ռազմական ուժից համոզիչ և նախընտրելի է: Սակայն ‹‹փափուկ ուժի›› ձևակերպման հեղինակ է համարվում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը, որը պետության ներուժը բաժանում է երկու կատեգորիայի ‹‹փափուկ›› և ‹‹ կոշտ››  ուժի: Ըստ այդ հայացակարգի ‹‹կոշտ ուժը›› երկրի ունակությունն է` ապահովել արտաքին քաղաքականության հետաքրքրությունները ռազմական և տնտեսական հզորության հաշվին:

‹‹Փափուկ ուժը›› կազմված է պետության երեք ներուժից`
ա/ մշակույթից,
բ/ քաղաքական  գաղափարախոսությունից և հասարակական-քաղաքական արժեքներից,
գ/ արտաքին քաղաքականությունից: Տես. Nye J. Soft power: The Means to Success in World Politics. N.Y. Public Affairs Group, 2004 (изд. на рус. Най Дж. «Гибкая сила. Как добиться успеха в мировой политике». М.: Тренд, 2006).

Մենք համաձայն ենք այն հեղինակների հետ, որոնք ‹‹փափուկ ուժը›› համարում են պետության ներքին և արտաքին քաղաքական գործոնների ամբողջականությունը:

Արտաքին գործոններ`

1) արտաքին քաղաքականություն և հեղինակություն միջազգային գործերում,
2) գլոբալ հերիարխիայի իրավիճակ և երկրի աշխարհաքաղաքական կարգավիճակ,
3) քաղաքակրթական կարգավիճակ (ամեն երկրում կա ազգային մշակույթ, սակայն ամեն երկիր չէ, որ համարվում է կոնկրետ քաղաքակրթության ժառանգորդ),
4) պետության քաղաքական և տնտեսական զարգացման մոդել,
5) պետության զարգացման ռազմավարություն և նրա իրացման հնարավությունները պարակտիկայում, 
6) երկրի ինֆորմացիոն ներուժ  և հաղորդակցական մոբիլություն:

Ներքին գործոններ`

1) գաղափարախոսություն, 
2) կյանքի որակի և ոճի մակարդակ,   
3) համակարգային արժեքներ (այդ թվում ազգային գաղափարներ):

Փոքր երկրների համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում ‹‹փափուկ ուժի›› միջոցները, որոնցից մեծ մասամբ տիրապետում են այդ երկրները, և դրանք հմտորեն կիրառելու դեպքում կարող են հաջողությամբ լուծել արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրները:
Դրանք են`
ա/  ինֆորմացիոն հոսքեր,
բ/ քաղաքական փիառ` ուղղորդված դեպի օտարերկրյա լսարան,
գ/ գլոբալ մարքետինգ,
դ/ երկրի ներկայացումը գլոբալ հերիարխիայում,
ե/ երկրի լեզուն և նրա ճանաչումն աշխարհում,
զ/ ժողովրդական դիվանագիտություն (public diplomacy),
է/ զբոսաշրջություն, սպորտ և մշակութային փոխանակում,
թ/ ինֆորմացիոն պատերազմներ վարելու միջոցներ,
ժ/ միգրացիոն քաղաքականություն, սփյուռք, մշակութային երկխոսություն: (См. Леонова Ольга Мягкая сила --ресурс внешней политики государства www.observer.materik.ru/observer/N4_2013/027_040.pdf):

‹‹Փափուկ ուժին››, որպես դիվանագիտական գործիքի, տարբեր չափով և ձևով են տիրապետում պետությունները: Այն, օրինակ, առանձին հաջողություն չի բերում Բարաք Օբամայի վարչակարգին` հատկապես Մերձավոր Արևելքում նրա քաղաքական ֆիասկոյի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ենթատեքստում: Այդ իսկ պատճառով ամերիկյան ուղեղային կենտրոնները նոր ուղիների և ձևերի փնտրտուքի մեջ են միաբևեռ համակարգի հավերժացման և բազմաբևեռ աշխարհի հնարավոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումն արգելակելու ուղղությամբ, որը փորձում են կյանքի կոչել Ռուսաստանը Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և արագորեն զարգացող մյուս երկրները:

Դրված նապատակին հասնելու համար բացառված չէ, որ Վաշինգտոնը փորձի ‹‹փափուկ ուժի›› փոխարեն հրապարակ նետել  նոր մոդել` ‹‹smart power››` ‹‹խելացի ուժ››, որը կդառնա ‹‹փափուկ››   և  ‹‹կոշտ›› ուժերի յուրատեսակ սիմբիոզը` զուգակցումը միջազգային հարաբերություններում: 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1408 reads | 02.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com