ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎԱԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ MASTER CLASS
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Սովորաբար ամռանը մարդիկ հանգստանում են` և՛ հասարակ մահկանացուները, և՛ այս աշխարհի ուժեղներն իրենց պահպանող ոստիկաններով հանդերձ, և՛ երիտասարդները, մի խոսքով` բոլորը: Սակայն այս տարի Հայաստանի ամառը հեռու է հանգստաբեր լինելուց, իսկ  քաղաքական բարոմետրը ցույց է տալիս շիկացած մթնոլորտային ճնշում:
 
Ինչու՞մ է խնդիրը: Բնությու՞նն է կամակորություն անում, աստղերի դասավորվածությու՞նն այն չէ, թե՞ homo sapiens-ը` ասել կուզի մարդ արարածը, հերթական անգամ մեղանչում է:  Անշուշտ, կատարվածի և կատարվելիքի մեղքը միայն ու միայն նրանն է` մարդունը: Փորձենք կանոնակարգել  նրա սխալները և շարադրել դրանց պատճառահետևանքային շղթան:
 

MASTER CLASS N 1.

Նրանք, ովքեր, լինի Ռուսաստանում կամ Հայաստանում, հաշվարկում են լույսի  վճարի չափը, քաջածանոթ են կոռուպցիայի մեխանիզմին: Սակայն նրանք անտեսում են մի  շատ կարևոր հանգամանք: Այն որ հայերը,  բոլոր մյուս էթնոսների նման ապրում են XXI-րդ դարի առաջին տասնամյակում, որն էապես տարբերվում է անգամ քսան տարվա առաջվա  իրականությունից: Այսօրվա աշխարհն իր բնակչությամբ ենթարկվում է խորը և անշրջելի փոփոխությունների, որի անունն է գլոբալիզացիա: Այլ կերպ ասած, ընթանում է սուր պայքար նոր աշխարհակարգի համար, որը ջնջում է պետությունների սահմանները` վերացնելով  դրանց ներքին ու արտաքին քաղաքականության ‹‹միջնապատը››:  Երկրները մոտենում են, դառնում թափանցիկ:  Ինչ որ երեկ գաղտնի էր, այսօր հայտնի է բոլորին, մատչելի մեկմեկու: Շնորհիվ այս ամենի  ասպարեզ են իջնում միանգամայն նոր խաղացողներ, նոր դերակատարներ, որոնք ակտիվորեն ‹‹խառնվում են›› պետական-պաշտոնական գործերին, թելադրում իրենց պահանջները, ուղղորդում դեպքերի ընթացքը:  Նրանք բազմաթիվ են` սկսած  տրանսնացիոնալ կամպանիաներից, ոչ կառավարական ու հասարակական կազմակերպություններից, վերջացած  երիտասարդական միություններից և անհատներից, որոնց մենք այսօր տեսնում ենք Բաղրամյան փողոցում:

Նորմալ հասարակություններում պետական կառույցներն ‹‹ընդունում›› են նոր դերակատարներին և համագործակցում են  նրանց հետ, որն ընթանում է ‹‹ժողովրդական դիվանագիտություն›› և ‹‹փափուկ ուժ›› գրավիչ վերտառության ներքո: Իսկ այն պետությունները, որոնք մերժում են այս գործելակերպը, վերջին հաշվով, հայտնվում են համաշխարհային քաղաքականության լուսանցքում:  Չէինք ցանկանա, որ մեր երկիրը համալրեր նման  ձախավեր պետությունների շարքերը: Հուսով ենք, որ Հայաստանի ներկան և ապագան տնօրինող և կանխագծող կառույցներն ու պատասխանատուները կիսում են մեր այս մտավախությունը:
 

MASTER CLASS N 2.

Ներկա` միջազգային բարդ հարաբերություններ ունեցող աշխարհում, որը նաև անվանվում է ‹‹կառավարվող քաոս››, հայկական դիվանագիտությունը վերջին շրջանում գրանցել է  մի շարք հաջողություններ, որոնք հույս են ներշնչում, թե Հայաստանն ի վիճակի է մանևրել ԵՏՄ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև`  վարելով հանրապետության  համար միակ ճիշտ և ընդունելի կոմպլիմենտար քաղաքականություն:
 
Եվ հանկարծ, Բաղրամյան փողոցում ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառում է բռնարարաքներ, ծեծ ու ջարդ, ձերբակալություններ,  որոնք Հայաստանը միանգամից դասում են կոշտ ավտորիտար, եթե ոչ տոտալիտար պետությունների շարքին,   իջեցնում են Ադրբեջանի մակարդակին: Նման հարվածը պետության   հեղինակությանը ներկա միջազգային իրադրությունում դեռ երկար զգացնել կտա իրեն:
Ավելի անվանարկիչ ակցիա մեր դիվանագիտության դեմ միայն մեր քաղաքական թշնամիները կարող էին երազել:
 
Արդյունքում` բուռն և դիֆերենցված արձագանքներ հակոտնյա բլոկներում և մեդիա դաշտում: Ռուսաստանը, օրինակ,  մինչ լրիվ կհասկանար, թե ինչն-ինչոց է,  հայտարարում է Հայաստանում Մայդան ձևավորվելու մասին, իսկ Ամերիկան և Եվրոպան աղմկում են Հայաստանում` Կրեմլի էքսպանսիոնիստական քաղաքականություն ծավալելու մասին: Եվ, ի՞նչն է զարմանալի, Երևանում, եթե ոչ պաշտոնական, ապա գոնե քողարկված ձևերով, տոն են տալիս այս քաղաքական ցնդաբանությունը:  Ավելի անհաջող մանևեր, ավելի վտանգավոր դիվանագիտական ծուղակ  մեզ համար, դժվար է պատկերացնել: 
 
Եվ ի՞նչ, այդքան խոստումնալից ձևով ուրվագծվող հեռանկարները` Հայաստանը տեսնել Արևմուտք-Արևելք կապող օղակ և միջնորդ ‹‹բուֆեր››,  կարող են պարզապես անէանալ Բաղրամյան փողոցում ոստիկանական մեքենայի ջրաշիթերի ճնշման տակ:  Ափսո՜ս:
 

MASTER CLASS N 3

Եթե իշխանությամբ օժտված և մարդկանց ճակատագրերը կանխորոշող չինովնիկները ծանոթ լինեին մարդկային զանգվածների մասին  գիտական տեսությանը կամ գոնե կարդացած լինեին նշանավոր տեսաբաններ Լը Բոնի և Էլիաս Կանետտիի  հիմնարար աշխատությունները, հազիվ թե այդքան քամարհարանքով վերաբերվեին Բաղրամյան փողոցը ‹‹գրաված›› երիտասարդներին, և հազիվ թե նրանց հետ քաղաքական երկխոսություն վարեին ոստիկանության միջոցով, որը կոչված է լուծելու բոլորովին այլ խնդիրներ: Նրանք կգիտակցեին նաև, որ անգամ նահանջելու դեպքում, զանգվածները, որոնք մեկ անգամ անցել են այս օրերի համալսարանը և պայքարի Ռուբիկոնը, ուշ թե շուտ վերադառնալու են ավարտելու համար սկսված երկխոսությունը, որն այդ դեպքում չի սահմանափակվի լոկ էլեկտրաէներգիայի  վճարով:

Այսպիսիք են քաղաքականության օրենքներն ու կանոնները: Եվ նրանք գործում են մեր կամքից անկախ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1727 reads | 28.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com