ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






1989 թվականի  նոյեմբերի 9-ը կմտնի Եվրոպայի ժողովուրդների պատմության մեջ որպես ազատության, դեմոկրատիայի և մարդու իրավունքների հավերժացման տարեթիվ: Հազարավոր ցուցարարներ ոգևորությամբ ու ցնծությամբ փլեցին Բեռլինի պատը նրա քարերի տակ թաղելու համար սառը պատերազմի մռայլ տարիների հիշողությունները` հուսալով, որ իրենք և իրենց սերունդներն ապրելու են անվտանգ ու վնասազերծ հասարակությունում, բոլոր ժողովուրդների համերաշխ ու բարեկամական  ընտանիքում: 
Հավանաբար, այդ ազնիվ և վեհ զգացմունքներով էլ տոգորված Զորջ Բուշը 1990 թվականի  գարնանը, Պարսից ծոցի ճգնաժամի օրերին,  հայտարարեց նոր դարաշրջանի սկիզբը, որն անվանվեց ‹‹համաշխարհային նոր աշխարհակարգ››  (New World Order):

Նույն տարվա նոյեմբերին ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի ներկայացուցիչները Փարիզում հայտարարեցին հակամարտության` կոնֆրոնտացիայի և միջազգային հարաբերությունների երկբևեռ (bipolar)  մոդելի վերջը: ‹‹Նոր աշխարհակարգի համար, համենայն դեպս, ինչպես որ այն տեսնում էր Բուշը, պետք է հիմք հանդիսանային ոչ թե գաղափարախոսական կոնֆլիկտներն ու վախի հավասարակշռությունը, այլ բոլորի կողմից ճանաչված միջազգային նորմերը և բարոյականության սկզբունքները››: (Хейвуд Энрю, Политология, М.   Из. ЮНИТИ, 2005, C.  168):

Հենրի Քիսինջերը նոր աշխարհակարգի առաջացման գործընթացում առաձնացնում է փոքր  պետություններին, որոնք իրենց համարում են ‹‹ազգ›› սակայն պետություն-ազգ կոչելու համար շատ քիչ հատկանիշներ (ատրիբուտներ) ունեն: Քիսինջերը գտնում է, որ դրանք  քայքայված կայսրություններից` օրինակ Հարավսլավիայից  կամ Խորհրդային Միությունից  պոկված բեկորներ են, որոնք գերի մնալով պատմական վիրավորանքներին  և ինքնահաստատաման դարավոր երազանքին, առաջին հերթին ձգտում են ոչնչացնել հնամենի էթնիկական թշնամուն:

Միջազգային կարգուկանոնը դուրս է նրանց հետաքրքրության, հաճախ նաև երևակայության սահմաններից: Այդ ‹‹բեկորները›› Երեսնամյան պատերազմից հետո ծնված փոքր պետությունների նման փորձում են պահել իրենց անկախությունը և ավելացնել սեփական հզորությունը` ուշադրություն չդարձնելով միջազգային-քաղաքական կարգի աշխարհաքաղաքական  հիմնահարցերին (տես, Henry Kissinger, Diplomacy, N.Y., 1994):

Կայսրությունների փլուզումը, որպես կանոն, իրեն և իր սուբյեկտներին  հասցնում է համակործանման  (կատակլիզմներ), խախտում է երկրների միջև ուժային հավասարակշռությունը, առաջացնում է քաոս միջազգային  հարաբերություններում: Օրինակ` Հռոմեական, Օսմանյան, Ավստրո-Հունգարական, Խորհրդային կայսրությունների կործանումը: Կայսրությունների անհետացումն աշխարհագրական քարտեզից հանգեցնում է ‹‹երկու կարգի լարվածության. առաջինը կապված է  կայսրության թուլացումից հարևան  երկրների  օգտվելու ցանկության հետ, երկրորդը` փլուզված կայսրության ջանքերի հետ, որն ուղղված է  ծայրամասերում իր իշխանության վերականգնմանը››: Այս թեզը հաստատում է ներկա քաղաքական  իրավիճակը: Այսպես, ԽՍՀՄ-ի վերացմանն անմիջապես հաջորդեց ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արևելք: Մյուս կողմից` Ռուսաստանի ակտիվ դիվանագիտական գործունեությունը խորհրդային նախկին հանրապետությունների ռազմաքաղաքական  և տնտեսական ինտեգրման ուղղությամբ:

Կայսրությունից պոկված փոքր պետությունների համար, անկախ նրանից, թե որ մեծ պետության կամ պետությունների խմբի հետ են նրանք ինտեգրվում, մեր կարծիքով, նախընտրելի է զերծ մնալ հեղափոխական  ճանապարհով  քաղաքական նպատակներին հասնելու փորձերից: Անտեսելով դիվանագիտական այս պարադիգմը՝ Սերբիան կորցրեց Կոսովոն, Վրաստանը` Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Ուկրաինան` Ղրիմը:

Սառը պատերազմը զսպիչ դեր էր խաղում կայսրությունների և նրանց սուբյեկտների միջև տարաձայնությունները խաղաղ ճանապարով, կոնսենսուսի բանաձով լուծելու համար: Արտաքին վտանգի բացակայության պայմանները  ծնում են կենտրոնախույզ միտումներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում էթնիկական, ազգային, կրոնական բախումների համար: Օրինակ` սերբերի, խորվաթների և մուսուլմանների արյունալից բախումները նախկին Հարավսլավիայում, ռազմական կոնֆլիկտները ռուսների և չեչեն անջատողականների միջև,  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջը և այլն: Սակայն ասել, որ փոքր երկրների կոնֆլիկտները զուտ  արդյունք են կայսրությունների փլուզման և անկախություն նվաճման, այնքան էլ ճիշտ չէ:

Պարզապես հին և ‹‹կոնսերվացված›› հակամարտությունները` միակցվելով նորերին վերջին հաշվով կազմում են ժամանակակից մարտահրավերների և վտանգների սիմբիոզ: Այսպես, ‹‹համաշխարհային շախմատի տախտակից›› անհետացան ամբողջ պետություններ (Հարավսլավիա, Իրաք, Լիբիա): Պաշտպանության և անվտանգության վրա ծախսված հսկայական գումարներն անգամ  չկարողացան փրկել Ս. Հուսեյնին, Ս. Միլոշևիչին և Մ. Կադաֆիին (Хаустова Н. А., Глазунов О.Н. , Контуры стратегической нестабильности XXI века, М. Изд. ЛЕНАНД 2013):

Նոր աշխարհակարգը որակական փոփոխությունների է ենթարկում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայությունների փոխկապակցվածությունը: Վեստֆալյան և Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգերի էրոզիան XX-րդ դարի վերջերից սկսած խոր հետք թողեց քաղաքագիտության այդ երեք սեգմենտների վրա:

Գլոբալացման, ինտեգրման և դեմոկրատիայի գործընթացների թափ հավաքելու պայմաններում, որոշ հեղինակների կարծիքով, տեղի է ունենում համաշխարհային պետությունների արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացում:
‹‹Ժամանակակից աշխարհում իր գլոբալացումով հանդերձ ավելի ու ավելի պարզ են ուրվագծվում ներքին և արտաքին սահմանների անհետացման միտումը›› (Демидов В.В. Информационно-аналитическая работа в международных отнощениях. М. изд. ИНФРА-М, 2013, стр. 8). Դրան նպաստում են ինֆորմացիոն հեղափոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, ԶԼՄ-երը, ժողովրդական դիվանագիտությունը, սահմանների թափանցիկությունը, ժողովրդագրական բումը և այլն: 

Արտաքին քաղաքականությունը դասական առումով հանդիսանալով ներքին քաղաքականության շարունակությունը ավելի ակտիվորեն է մտնում պետությունների ներքին ‹‹խոհանոցը››` նպաստելու համար այնտեղ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:  Այսօր դժվար է գտնել ներքին քաղաքականության որևէ ոլորտ, որի հետ արտաքին քաղաքականությունը, նաև դիվանագիտությունը, այս կամ այն չափով առնչություն չունենան: Այդ իսկ պատճառով ակտիվ և փորձառու դիվանագիտական ծառայությունները նպաստում են իրենց երկրների հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով (պաշտպանություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն և տեխնիկա, կրթություն և այլն): Որոշ երկրների արդյունքներն ակնհայտ են: Ինչպես նշում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ‹‹Մեր ներքին զարգացման արդյունքները բնական կերպով փոխակերպվում (կոնվերտացվում) են միջազգային հարաբերություններում ֆինանասա-տնտեսական և քաղաքական աճող հնարավորություններով›› ( Лавров С.В. Между прошлым и будущем: Российская дипломатия в меняющемся мире. 2011. С.55):

Ներքին և արտաքին քաղաքականության սահմանների վերացման այս թեզը, սակայն,  մերժվում է որոշ հեղինակների կողմից: Առարկություններն հիմնականում կայանում են նրանում, որ քանի դեռ գոյություն ունեն սուվերեն պետություններ, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ, նրանց արտաքին և ներքին քաղաքականության միջև օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբերությունները կպահպանվեն: Եթե արտաքին քաղաքականությունը կոչված է պաշտպանելու պետության շահերը միջազգային հարաբերություններում և այլ երկրների հետ փոխկապակցվելիս, ապա ներքին քաղաքականության խնդիրն է ապահովել  տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտատեխնիական զարգացումը ազգային, աշխարհագրական և պատմական առանձնահատկությունների շրջանակներում:

Պետության հասարկության զարգացման պայմաններում պետական քաղաքականության այդ բաղադրիչներն, անշուշտ, ենթարկվում են փոփոխության այս կամ այն ուղղությամբ, սակայն արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացման մասին խոսք անգամ լինել չի կարող, համենայն դեպս, միջազգային հարաբերությունների զարգացման ներկա փուլում (Штоль, В.В. Внешняя политика: вопросы теории и практики, М. 2009):

Մենք հիմնականում համաձայն ենք այս տեսակետի հեղինակների հետ: Այդուհանդերձ, արտաքին և ներքին քաղաքականությունների սահմանների վերացումը և կամ նրանց մոտեցումը, եթե ոչ նույնացումը, ինչը տեղի է ունենում մեր կարծիքով լայն հնարավորություններ է բացում փոքր պետությունների դիվանագիտության համար մեծ տերությունների հետ հարաբերվելիս: Որոշ փոքր պետությունները հմտորեն կարողանում են մանևրել այս ուղղությամբ:
 
Երկբևեռ աշխարհակարգ: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված միջազգային հարաբերությունների  Յալթա-Պոտսդամ  համակարգի հիմքում դրված էր երկբևեռ  աշխարհակարգի մեխանիզմը, որը կազմված էր Արևելյան` սոցիալիստական երկրների  և Արևմտյան` կապիտալիստական աշխարհի բլոկներից: Այդ համակարգն ավարտվեց 1991 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Եվ ֆաշիզմից քաղաքակրթությունը փրկած դաշնակիցները դառնալու էին անզիջում ախոյաններ` խրամատավորվելով ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի երկրների դիրքերում, իրար դեմ հայտարարելով ռազմական, տնտեսական, ինֆորմացիոն և մշակութային անհաշտ պայքար` գլխավերևում ունենալով ճոճվող միջուկային դամոկլան սրի մշտական սարսափը: Մինչդեռ, պատերազմի ահռելի տառապանքներ կրած մարդիկ լի էին վճռականությամբ ‹‹Փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը›› (ՄԱԿ-ի կանոնադրություն):

Սակայն ՄԱԿ-ի լավատեսությամբ տոգորված այս կարգախոսը իրականանալու էր մասամբ: Սառը պատերազմի տարիներին ստեղծված երկբևեռ աշխարհակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, թերևս իր տեսակի մեջ միակ ‹‹modus vivendi››-ին, գոյատևելու ձևաչափն էր, որն այլընտրանք չուներ պատմության զարգացման նշված շրջանում: ‹‹Երկբևեռ համակարգը ենթադրում  է հարաբերություններ երկու բևեռների միջև, որոնք բավականաչափ թշնամորեն են տրամադրված իրար նկատմամբ և  կազմված  են հզորագույն երկրների միացումից›› (Лебедева, М., М., Мировая политика, М. Изд. КНОРУС, 2014, ст. 65):

Շնորհիվ հակասությունների վրա կառուցված  մեխանիզմի մարդկությունն կարողացավ դիմակայել աշխարհակարգի մարտահրավերներին ու վտանգներին: Վաշինգտոնն ու Մոսկվան հնարավորինս   պահում էին միջուկային զենքի պարիտետը: Այդուհանդերձ, այդ տարիներին մարդկություն մեկ անգամ չէ որ հայտնվեց ջերմամիջուկային  աղետի եզրին (Բեռլինի ճգնաժամ` 1961 թ., Կարիբյան ժգնաժամ` 1961 թ., վյետնամական  պատերազմ` 1961-1975 թթ. աֆղանո-խորհրդային պատերազմ 1979–1989 թթ., ամերիկանո-իրաքյան պատերազմ  2003 -2011 թթ. և այլն): Այս և նման այլ մեծ ու փոքր ռազմական ընդհարումների ընթացքում և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի կողմից հաճախ տեղի էր ունենում երկբևեռ մոդելի փոխակերպում միաբևեռ մոդելի, և հակառակը: Այսպիսով,  երկու գերտերությունները խախտում էին սառը պատերազմի տարիներին իրենց իսկ սահմանած խաղի կանոնները` դուրս գալով երկբևեռ աշխարհակարգի  սահմաններից: Սակայն ‹‹կարմիր գիծը›› երբեք չէին անցնում: Երկբևեռ աշխարհակարգին հաջորդած շրջանի մեկնաբանություններն  այդպես էլ միասնական չեն: Որոշ հեղինակներ այն անվանում են Բելովեժյան դարաշրջան, մյուսները` հետսառըպատերազմյան (Post Cold-War era):

Սակայն նրանք միակարծիք են, որ   ժամանակակից միջազգային հարաբերություններում սկսած 1991 թվականից առ այսօր գերակայում են Միացյալ Նահանգները: Հաճախ է խոսվում Ամերիկյան կայսրության մայրամուտի, ամերիկյան դոլարի վրա կայացած միջազգային տնտեսական համակարգի փլուզման, Բրազիլիայի, Հնդկաստանի և Չինաստանի վերելքի վերաբերյալ: Այդուհանդերձ այսօր էլ ԱՄՆ-ը մնում է միջազգային կյանքի բոլոր ոլորտների առաջատարը:

Միաբևեռ աշխարհակարգ: XX-րդ հազարամյակը պատմության մեջ կմտնի որպես աշխարհաքաղաքական հեղափոխություն, որն արմատապես փոխեց միջազգային հարաբերությունները և միջազգային անվտանգության հիմնական ասպեկտները: Դա ունի իր խորքային պատճառները և դրանցից բխող հետևանքները: ‹‹Խորհրդային Միության պարտությունը և փլուզումը դարձան  Արևմտյան կիսագնդի ` Միացյալ Նահանգների, որպես միակ և իրոք  առաջին գլոբալ տերություն պատվանդան բարձրանալու եզրափակիչ ակորդը›› (Бжезинский Збигнев, Великая шахматная доска. Геополитика, антология, М. Изд. Академический проект Культура, 2006, стр. 443):

Խորհրդային Միության փլուզումը արմատական փոփոխության ենթարկեց սառը պատերազմի ժամանակաշրջանում ձևավորված երկբևեռ աշխարհակարգը, որն իր բոլոր թերություններով հանդերձ մարդկությանը 20 տարուց ավել զերծ էր պահել խոշոր պատերազմներից և  գլոբալ կատակլիզմներից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևալ կերպ է մեկնաբանում անցումային շրջանի միջազգային հարաբերությունները: ‹‹Սառը պատերազմը›› վերջացավ: Սակայն այն չավարտվեց ‹‹խաղաղության›› պայմանագրի կնքումով, հասկանալի և թափանցիկ պայմանավորվածություններրի ձեռք բերումով, եղած  կանոնների ու ստանդարտների  կիրառումով կամ նորերի ընդունումով: Այն տպավորությունն է ստեղծվում, որ սառը պատերազմում հաղթողները որոշել էին օգուտ քաղել իրադրությունից, ողջ աշխարհը ձևաչափել բացառապես իրենց համար, իրենց հետաքրքրությունների համեմատ: Եվ քանի որ միջազգային հարաբերությունները, միջազգային իրավունքը, արգելքների ու հակակշիռների համակարգը խանգարում էին նրանց այդ նպատակին հասնելու համար, նրանք տեղնուտեղը հայտարարեցին այն անորակ, հնացած և անմիջապես փոփոխման ենթակա›› (‹‹ Мировой порядок: новые правила или игра без правил?›› Выступление Владимира Путина на заседании международного дискуссинного клуба ‹‹Валдай››. www. 1tv.ru/news/polit/270512):

Արևմուտքը երկու անգամ հաղթող դուրս եկավ սոցիալիզմի հետ գոտեմարտում: ԽՍՀՄ-ի փլուզվեց ապա պարտվեց սառը պատերազմում: Ներկա միաբևեռ աշխարհակարգը տրամաբանական ավարտն է երկու գերտերությունների միջև  ռազմա-քաղաքական, տնտեսական պայքարի որից Վաշինգտոնը դուրս եկավ որպես այդ աշխարհակարգի ճարտարապետ: Սակայն այս նոր մեխանիզմը հեռու է միջազգային հարաբերությունների պանացեա լինելուց աշխարհի և հենց Միացյալ Նահանգների համար: Այդուհանդերձ նա շարունակում է աշխարհը կառավարելու փորձեր անել Հոբսի մոդելով, ըստ որի բոլորը պայքարում են բոլորի դեմ և հնարավոր չէ վստահել միջազգային իրավունքին:    Երկբևեռ համակարգը  ամերիկյան հեգեմոնիայի նոր տարատեսակն է` ուղղված նրա գլոբալ  աշխարհաքաղաքական և աշխարհառազմական ծրագրերի իրագործմանը, որը քաղաքագետների շրջանում ստացել է ‹‹կառավարվող քաոս›› և ‹‹համաշխարհային անկարգություն›› անվանումը: Այն իր հետ բերում է միջազգային իրավունքի խախտում, հատկապես փոքր երկրների ժողովուրդների դեմոկրատիայի և իրավունքների սահմանափակում և ճնշում: ‹‹Ի դեպ, կայուն միաբևեռության գաղափարը, հավանաբար ի սկզբանե եղել է միֆ, քանի որ մի պետության հեգեմոնիան միշտ գրգռում է ուրիշ պետությունների և թշնամանք է առաջացնում նրանց կողմից, իսկ մշտապես խաղալ համաշխարհային ոստիկանի դեր` անհնար է: Միաբևեռեությունը կարող է լինել ընդամենը անցումային շրջանի համար: Արդեն այսօր նշաններ կան, որ XXI-րդ դարի աշխահակարգը կլինի բազմաբևեռ, հինգ կամ ավել ուժային կենտրոններով›› (Хейвуд Эндрю Политология, М. изд. ЮНИТИ, 2005, ст.171):

Բազմաբևեռ աշխարհակարգ: Սառը պատերազմին հաջորդող տարիների միաբևեռ աշխարհակարգը համեմատաբար կարճ կյանք ունեցավ և արագորեն սպառեց իր ռացիոնալ հնարավորությունները: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դե-ֆակտո միաբևեռ աշխարհակարգի  ջատագով հանդիսացող Միացյալ Նահանգները փորձում են իրենց ստանձնած դերը ներկայացնել որպես հավաքական մեխանիզմի` ՆԱՏՕ-ի,  G-7-ի և Եվրամիության լիազոր- ներկայացուցիչ, ‹առաջինը  հավասարների շարքում››:  Սակայն դա պարզապես քաղաքական բլեֆ է`  Ամերիկայի կողմից կառավարվող  համակարգը ներկայացնել որպես կոլեկտիվ մտքի և ջանքերի արգասիք, երբ բոլոր ռազմական և քաղաքական հարցերը լուծվում են Վաշինգտոնում: 

Եվ որքան էլ ամերիկացիները փորձեն Արևմտյան երկրների քաղաքականությունը ցուցադրել որպես ‹‹միաբևեռ պլյուրալիզմ››, այն եղել և մնում է աշխարհը վերաձևելու վաշինգտոնյան փորձ ‹‹Pax Americana›› ոգով: Նման աշխարհակարգը, բնականաբար, չէր կարող ընդունելի լինել միջազգային հիմնական խաղացողների` առաջին հերթին Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Ընդ որում` Ռուսաստանն ամերիկյան կողմին իր անհամաձայնությունն հայտնեց դեռ այն ժամանակ, երբ սառը պատերազմից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները վերելք էին ապրում: ‹‹1997 թվականի ապրիլին Մոսկվայում ստորագրվեց ռուս-չինական Հայտարարությունը բազմաբևեռ աշխարհի և նոր աշխարհակարգի վերաբերյալ: Փաստաթուղթն ունեցավ կարևոր նշանակություն 1990-ական թվականների վերջերին ռուսական դիվանագիտության պաշտոնական տերմինոլոգիայի (եզրաբանություն) ձևավորման համար: Համաձանագիրը ներկայացնում է Ռուսաստանի  պաշտոնական տեսակետն ու անհամաձայնությունն այն պրակտիկայի նկատմամբ, որը կամայականորեն և միակողմանիորեն կիրառեցին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները  Հարավսլավիայի կոնֆլիկտի երկու ալիքների ժամանակ(1995-1996 թթ. Բոսնիայում և  1998-1999 թթ. Կոսովոյում) (Багатуров А.Д. Современный международный порядок. Современные международные отношения и мировая политика. М.  Изд. Просвещение 2005, ст. 72):

Արաբական գարնանը հաջորդած արյունալի իրադարձությունները, այնուհետև ուկրաինական դեպքերը կտրուկ կերպով վատթարացրին ռուս-ամերիկյան հարաբերությունները բոլոր վեկտորներով: Ստիվեն Կոենը ստեղծված իրավիճակը միանշանակ  համարում է նոր սառը պատերազմ: ‹‹Անկասկած մենք գտնվում ենք սառը պատերազմի մեջ, որն ավելի կխորոնա և կձևավորվի պատժամիջոցների խստացմանը զուգընթաց: Սա  առավել վտանգաշատ պատերազմ է, քան սովետո-ամերիկյան նախկին հակամարտությունն էր, որն աշխարհը հաղթահարեց մեծ դժվարությամբ››,- ‹‹Новая газета›› թերթին տված հարցազրույցում ասել է ամերիկյան հայտնի քաղաքագետը: քաղաքագետը (http://www.novayagazeta.ru/comments/65040.html):

Քաղաքական ներկա իրադրությունում նոր աշխարհակարգի շուրջ Արևմուտք-Արևելք համագործակցության մասին մտածելն անգամ անիմաստ է: Բացի այդ միջազգային գետնի վրա հայտնվեցին լուրջ դերակատարներ (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Ինդոնեզիա, Ճապոնիա, Կորեա), որոնք վճականորեն են տրամադրաված բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու հարցում` Ռուսատանի հետ կամ առանց: Գալով փոքր պետություններին, նրանց համար բոլոր առումներով շահեկան է գտնվել բազմաբևեռ աշխարհակարգի արեալում, որը բացի ամեն ինչից լայն հեռանկարներ է բացում նրանց առաջ մեծ տերությունների միջև մանևրելու ուղղությամբ: Փոքր երկրների դիվանագիտության պատմությունն ապացուցում է, որ շահում են այն երկրները, որոնք անկախ տիրող աշխարհակարգից հավասար հարաբերություններ են զարգացնում  մեծ տերությունների հետ, անգամ եթե նրանք կանգնած են տարբեր սոցիալ-քաղաքական և գաղափարախոսական  տարբեր դիրքերի վրա: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը գտնում է. որ ‹‹Միջազգային համագործակցության միջոցով ռազմական անվտանգության ապահովման երաշխիք են ինչպես հայ-ռուսական ռազմական դաշինքը երկկողմ ձևաչափով և ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կառույցների հետ համագործակցության զարգացումը›› (Քոթանջյան Հ.Ս., ‹‹Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարական մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում››, Ե., 2008, էջ 129):

Նույն աշխատասիրության մեջ նշվում է, որ ՀՀ առաջնորդվելով իր անվտանգության և կայուն զարգացման շահերով, միջազգային ինտեգրման ու ներքին բարեփոխումների ռազմավարությամբ իր գործունեության գերակայությունն է համարում  կառուցել բազմերաշխիք ու հավասարակշռված հարաբերություններ բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Հատուկ առանձնացվում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև  Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարևորությունը:
Մեր կարծիքով, Հայաստանը առաջիկայում ևս  պետք է զարգացնի դիվանագիտական այս ընտրությունը, անկախ Եվրասիական միությանն իր անդամակցումից, Արևմուտք-Արևելք հարաբերությունների ներկայի  ծայրաստիճան  վատթարացումից և միջազգային հարաբերությունների սրումից: Նման ընտրությունը միակ ճիշտ տարբերակն է, այն այլընտրանք չունի և բխում է հանրապետության ազգային ու պետական շահերի անվտանգությունից:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1896 reads | 24.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com