ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ: ‹‹ՄԱՔԻԱՎԵԼԻԶՄԻ›› ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Հռոմեական կայսրության փլուզումից հետո, որն իր հետ պատմության գիրկը տարավ Անտիկ աշխարհի գերտերության դիվանագիտությունը,  Միջնադարյան Եվրոպայում ձևավորվեցին միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բոլորովին այլ մեխանիզմներ, որոնք ի տարբերություն հռոմեական ուղղահայաց ու կենտրոնաձիգ  պետական կառուցվածքի, ծառայելու էին կոտորակված, փոքր ֆեոդալական պետությունների շահերին, որտեղ ամեն մի իշխան կամ դուքս ինքնագլուխ որոշում էր իր նման գաճաճ հարևան պետության  հետ պատերազմի և հաշտության, առևտրի ու մյուս բոլոր հարաբերությունների խնդիրները:

Ձգտելով հնարավորինս շատ հողեր զավթել, ձեռք գցել հարստություն և գերեվարել մարդկանց ճորտատիրական շահագործման նպատակով, փոքր պետությունները գտնվում էին մշտական պատերազմների մեջ: Այս պայմաններում կայացավ վաղ միջնադարյան դիվանագիտությունը: Երիտասարդ բարբարոս պետությունների դիվանագիտության վրա խորը հետք թողեց Բյուզանդիան: Նրա բարձր զարգացում ունեցող արևելյան դիվանագիտությունը, հանդիսավոր ցերեմոնիալը, ճարպկությունը, նենգությունը, ամեն տիպի կոմբինացիաներ հնարելու և թշնամիներին գժտեցնելու, առևտրական, մշակութային ու կրոնական կապերն իր օգտին ծառայեցնելու ունակությունը` այդ ամենը ուժեղ ազդեցություն գործեցին Միջնադարյան դիվանագիտության, հետևաբար փոքր պետությունների դիվանագիտության կայացման  վրա:

Միջնադարյան դիվանագիտության դպրոցի ձևավորման գործում վճռական նշանակություն ունեցավ նաև եկեղեցին Պապի գլխավորությամբ, որը կենտրոնական դիրք էր գրավում Ապենինյան թերակղզում: 

Միջնադարյան Եվրոպայի դիվանագիտության պատմության մեջ հատուկ տեղ են գրավում իտալական քաղաք-պետությունները: Դրանցից ոչ մեկը չուներ բավականաչափ ուժ հարևաններին ճնշելու և իտալական միապետություն ստեղծելու համար: Այդ բացը նրանք լրացրին`  զարգացնելով դիվանագիտությունը ու հասցնելով այն բարձր մակարդակի, և ստեղծեցին նուրբ դիվանագիտական արվեստ, որի ուսումնասիրումը կարող է օգնել՝ լավ հասկանալու փոքր պետությունների դիվանագիտության առանձնահատկությունները, որոնք հայտնվելու էին աշխարհագրական քարտեզի վրա հաջորդ դարերում:

{Վերածննդի շրջանի իտալական փոքր պետություններից ամենանշանավորը եղել է Ֆլորենցիան, որը մեծ հետք է թողել դիվանագիտական պատմության մեջ:  Ի դեպ, այստեղ հայ առևտրականներ և վանականներ են հաստատվել VI-VII դարերում: Հայերն այստեղ կառուցել են Ս. Մինաս վանքը: Ֆլորենցիան առևտրական հարաբերություններ է ունեցել Կիլիկիայի Հայկական թագավորության հետ: Նրանց միջև կապերը բարգավաճել են հատկապես XIV դարում, երբ մաքսային և այլ առանձնաշնորհումներ են տրվել Ֆլորենցիայի թագավորությանը: Ֆլորենցիան մարդկությանը տվել է հանճարների համաստեղություն` Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ֆ.Բրունելեսկի, Դանտե, Գալիլեյ}: 

Մեր հոդվածի  տեսանկյունից միջնադարյան քաղաքագիտության ամենաակնառու դեմքերից մեկը ֆլորենցիացի քաղաքական գործիչ, գրող, պատմաբան և դիվանագետ Նիկոլո Մաքիավելին է` ‹‹մաքիավելիզմի›› հիմնադիրը, որի նկատմամբ հետաքրքրությունը, բանավեճերը, քննադատությունը կամ  դրվատանքը շարունակվում են 500 տարի: Մաքիավելիի փիլիսոփայության հենքը, որը նա անվանում է virtu (որևէ նպատակի հասնելու միջոց, իտալ.) կայանում է նրանում, որ քաղաքական շահի համար բոլոր միջոցներն ընդունելի են` խաբեություն, խորամանկություն, ուժի գործադրում, դաժանություն:

Որպես քաղաքական գործիչ,  նա չի  խորշում ամենաստոր մեթոդներից` ‹‹մոռանալով›› անգամ Հունաստանի և Հռոմի դիվանագիտության այն սկզբունքը` համաձայն որի ‹‹պայմանագրերը պետք է հարգվեն››:

1513 թվականին Մաքիավելիի գրած փոքրածավալ ‹‹Տիրակալը›› տրակտատը քաղաքագիտական ժանրի գլուխգործոց է  պետական կառավարման, պետության ղեկավարի դերի, նրա ռազմավարության և մարտավարության արվեստի մասին: Մաքիավելին գովերգում է տիրակալի բացարձակ անտարբերությունը սոցիալական, քաղաքական կամ կրոնական հեղինակության նկատմամբ, ինչպես նաև հանդես է գալիս նրանում խորամանկ աղվեսի և առյուծի ուժի համատեղման օգտին: Պարադոքսալ է, բայց սա բռնակալին տված ցինիկ խորհուրդ չէ: Մաքիավելին փորձում է լուծել  բզկտված Իտալիայի առաջ կանգնած խնդիրները և կառուցել իդեալական պետության, միության մոդել, որը  հիմնված  է առաքինության (բարոյական և ֆիզիկական) ուժի վրա: 

Հեղինակը ներկայացնում է քաղաքականության փիլիսոփայության աշխարհական տարբերակը` կյանքի փորձը և պատկերականությունը գերադասելով այն վերացական խորհրդածությունից››:  Մաքիավելի ուսմունքը հետաքրքրել է բոլոր ժամանակների քաղաքական գործիչներին, նրա «Տիրակալը» եղել է Մարքսի, Էնգելսի, Ստալինի սեղանի գիրքը, իսկ «Նապոլեոն Բոնապարտն անհրաժեշտության դեպքում պետության բարձրագույն հետաքրքրություններն իրագործելիս  առաջնորդվել է Մաքիավելիի սկզբունքներով»,- գրում է Հենրի Քիսինջերն իր հայտնի ‹‹Դիվանագիտություն›› գրքում:

‹‹Մաքիավելիզմի›› բացարձակ և անվերապահ քննադատությունը չի համընկնում մեծ քաղաքագետի վերաբերյալ դասական-բացասական գնահատականի հետ: Հետևյալ պատճառով: Նախ, Մաքիավելին  փորձում է զգուշացնել  մարդկությանը,  թե ինչ վտանգներ են դարանակալում թույլ պետություններին այն ժամանակների խռովահույզ աշխարհում,  հետո նա հետապնդում է մի նվիրական նպատակ` ամրապնդել իր պետության հիմքերը, պաշտպանել նրա ազգային շահերը: Այս երկու նպատակներն էլ ազնիվ են և, մեր կարծիքով, արդարացնում են միջոցները: Մաքիավելիին մեղադրում են ստախոսության և խաբեության ջատագովության մեջ:

Սակայն գործնականում մենք ականատես ենք նաև հակառակ երևույթին: Հասկանալով, որ սուտը կարող է կործանարար լինել դիվանագետի և նրա գործունեության համար, նա Հռոմի թագավոր Կառլ V-ի արքունիքում իր դեսպանին ցուցում է տալիս խուսափել  այնպիսի մարդու տպավորություն թողնելուց, որը մտածում է մի բան և ասում է մեկ այլ բան:  Այսպես է բնութագրել Մաքիավելիին անվանի դիվանագետ Վ. Պոպովը` մեջբերելով նրա հետևյալ խոսքերը. ‹‹Սխալվում են նրանք, ովքեր դիվանագիտական պրոֆեսիան տեսնում են ինտրիգի մեջ››:

Մաքիավելիի ընդդիմախոսներն առաջին հերթին դատափետում են նրա հետևյալ պոստուլատը. ‹‹…բոլոր գազաններից՝ տիրակալը թող նմանվի երկուսին՝ առյուծին և աղվեսին: Առյուծը վախենում է թակարդներից, իսկ աղվեսը` գայլերից, ուրեմն պետք է աղվեսի նմանվել, որպեսզի կարողանաս թակարդները շրջանցել և առյուծի, որպեսզի գայլերին վախեցնես››:

Մեր կարծիքով,  այս պարադիգմը կարելի է կիրառել դիվանագիտական հարաբերություններում, հատկապես, փոքր երկրների կողմից` նրանց արտաքին քաղաքականության մեջ:   Հետաքրքիր է Մաքիավելլի դիտողությունը մեծ և փոքր երկրների փոխհարաբերությունների վերաբերյալ: Խոսելով հռոմեացիների նվաճողական քաղաքանության մասին՝ Մաքիավելին նշում է, որ նրանք ‹‹հիմնում էին   գաղութներ, հովանավորում թույլերին` այդուհանդերձ, նրանց թույլ չտալով ուժեղանալ, սանձում էին ուժեղներին ու միջոցներ ձեռք առնում, որ երկիր չթափանցի հզոր օտարերկրացիների ազդեցությունը››:

Քաղաքական նման երևութի մենք ականատես ենք լինում  մեր օրերում ևս,  խոշոր պետությունների կողմից փոքր երկրների նկատմամբ` նրանց անցյալ  կամ ներկա հարաբերություններում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3031 reads | 29.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com