ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳԻՏՆԱԿԱՆԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 2-րդ)
Մոսկվայում ի հայտ են գալիս Համազասպ Հովակիմի Հարությունյանի ցայտուն գիտական ունակությունները: Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո նա աշխատում է Կոմունիստական ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, կարճ ժամանակահատվածում դառնալով բաժնի վարիչ: Պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն: 1935թ. հրավիրվում է ԽՍՀՄ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտ: Գիտական աշխատանքը համատեղում է ‹‹Պրոբլեմի էկոնոմիկի›› հայտնի ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնի հետ: Պատերազմի առաջին օրից կամավոր մեկնում է ռազմաճակատ, բայց շուտով հետ է կանչվում եւ նշանակվում նույն ինստիտուտի ի տեղի տնօրեն. երկրին պետք էին բարձրակարգ գիտնականներ: Ինստիտուտն իր շուրջն էր հավաքել երկրի տնտեսագիտական մտքի սերուցքը:

Դժվար է անտեսել ինստիտուտի նշանակությունը պատերազմական տարիներին: Ոչ մեծ աշախատակազմի ուսերին դրված էր երկրի տնտեսությունը ռազմական ուղու վրա տեղափոխելու գիտական հիմնավորման գործը: Հարությունյանը ոչ միայն գլխավորում է այդ աշխատանքը, այլեւ գիտական անհատական պլանները ծառայեցնում է այդ նպատակին: 1942թ. Հարությունյանին շնորհվում է տնտեսագիտության դոկտորի աստիճան, իսկ քիչ անց` քաղաքատնտեսության պրոֆեսորի կոչում:

Գիտնականի գրիչն արգասավոր էր, կազմակերպչական եռանդն` անդադրում: 1940թ. նա ակադեմիկոս Մարկուսի համահեղինակությամբ լույս է ընծայում ‹‹Սովետական Էկոնոմիկայի զարգացումը›› (1917-40թթ.) հիմնարար աշխատությունը: Այն երկար տարիներ համարվել է բուհերի միակ ուսումնական ձեռնարկը:

Միայն մինչեւ պատերազմը հրատարակված Հարությունյանի աշխատությունների թիվը գերազանցում է 40-ը, որոնցում համակողմանի վերլուծության են ենթարկվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի, խորհրդային եւ արտասահմանյան երկրների տնտեսության հրատապ խնդիրները: ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ Անատոլի Պաշկովի կարծիքով, Հարությունյանը ‹‹Խորհրդային Միության խոշորագույն տնտեսագետներից մեկն էր, ով հոյակապ գիտեր խորհրդային եւ համաշխարհային տնտեսությունները, ժամանակակից կապիտալիստական-տնտեսագիտական տեսություններն ու ուղղությունները››: Հարությունյանն անվիճելի հեղինակություն էր, երբ խոսքը վերաբերում էր ԱՄՆ-ի տնտեսությանը: Միացյալ Նահանգների ինդուստրացման, Նոր Անգլիայից դեպի Հարավ տեքստիլ արդյունաբերության միգրացիայի, տնտեսության զարգացման եւ ճգնաժամային փուլերի, կոնյունկտուրայի պատմության, ամերիկյան տնտեսագիտական մտքի ազգային առանձնահատկությունների հարությունյանական վերլուծությունները գրավել են ամերիկյան գիտական շրջանների ուշադրությունը, թարգմանվել եւ տպագրվել են արտասահմանում: Եթե մի կողմ թողնենք աշխատությունների գաղափարաբանական` մարքսիստական կեղեւը, առանց որի, այն ժամանակներում անհնար էր որեւէ աշխատության երեւան գալը, ապա դրանք այսօր էլ չեն կորցրել իրենց հետաքրքրությունը: Կարեւոր է նշել, որ Հարությունյանը չէր տարվում զուտ ‹‹մաքուր գիտությամբ››, չէր աշխատում ‹‹գիտությունը գիտության›› համար նշանաբանով: Վերադառնալով Նահանգներից, նա կառավարությանն է ներկայացնում զեկուցագիր-առաջարկություն` երկրում նվազագույն աշխատավարձ մտցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Ընդունված համապատասխան օրենքով մարդիկ պարտական են Համազասպ Հարությունյանին:

Ընդհանրապես նա, ինչպես նաեւ իր ակադեմիական գործընկերները երկրի իրական տնտեսական իրադրությանը տիրապետող, համակարգված մտածելակերպի գիտնականներ էին, ովքեր ի զորու էին դրականորեն ազդել պետության տնտեսական քաղաքականության վրա, անշուշտ, եթե նրանց այդ թույլ տրվեր: Այսպիսով, մինչեւ Արտգործնախարարություն տեղափոխվելը, Հարությունյանը միջազգային ճանաչում գտած գիտնական էր, ինչը մեծապես նպաստելու էր նրա հետագա դիվանագիտական գործունեությանը: Նրա վիթխարի մտավոր եւ գիտական ներուժը իր կիրառումն էր գտնելու միջազգային կազմակերպությունների ստեղծման եւ գործունեության, ինչպես նաեւ գործնական դիվանագիտության ասպարեզներում:

Մնում է ավելացնել, որ գիտական աշխատանքը նա ամբողջ կյանքում զուգակցել է մանկավարժականի հետ: Դեռեւս 30-ական թվականներին ղեկավարել է Արեւելքի աշխատավորության կոմունիստական համալսարանի, իսկ հետագայում՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի քաղաքատնտեսագիտական ֆակուլտետները: 1963թ. մինչեւ կյանքի վերջ համատեղության կարգով Մոսկվայի պետական համալսարանում դասավանդել է միջազգային տնտեսություն: Պրոֆեսոր Հարությունյանը պատրաստել է տասնյակ գիտնականներ, ովքեր նրա ղեկավարությամբ դարձել են գիտության թեկնածուներ եւ դոկտորներ: Նրա նախկին աշակերտների մեջ կան ակադեմիկոսներ:

Սմոլենսկայա հրապարակում

1943թ. հունվարյան մի ցուրտ երեկո, ուշ ժամին հնչում է Հարությունյանների տան հեռախոսը: Լարի մյուս ծայրից հայտնում են, որ նրա հետ կխոսի արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը: Խոսակցությունը կարճ էր. Մոլոտովը նրան հրավիրում էր ‹‹Կարեւոր հարցի շուրջ›› զրույցի: Հաջորդ օրը նախարարն առանց առաջաբանի ասում է.

- Համո՛ Ակիմովիչ (ռուսները գտել էին նրան դիմելու` իրենց համար դյուրին այդ ձեւը), նկատի ունենալով Ձեր գիտական եւ հասարակական աշխատանքի մեծ փորձը, օտար լեզուների իմացությունը, նպատակահարմար է դիտվում քննարկել Ձեր` Արտգործնախարարություն տեղափոխվելու հարցը:

Մոլոտովը փոքր-ինչ դադար է տալիս` զրուցակցի վրա ասվածի ազդեցությունը տեսնելու համար: Հարությունյանը լուռ է, անվրդով:

- Իմ տեղեկությունը պետք է մնա այս պատերից ներս: Հակահիտլերյան կոալիցիայի պետությունները բանակցում են մի շարք սուր քաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ, որոնք երկրագունդը կժառանգի պատերազմի պատճառով,- առանց դեմքի որեւէ մկան շարժելու՝ շարունակում է Մոլոտովը:

Շարժվում են միայն շրթունքները, պենսնեի փայլը թաքցնում է աչքերի արտահայտությունը:Հարությունյանն ակամայից հիշում է Մոլոտովի մասին Չերչիլի հայտնի խոսքերը. ‹‹Նա մարմնավորում է ռոբոտի ժամանակակից հասկացողությունը››:

- Խոսքը վերաբերում է պատերազմի հետեւանքով երկրների քայքայված արդյունաբերության եւ գյուղատնտեսության վերականգնմանը, պարենային խնդիրներին, խաղաղության պայմանագրերի կնքմանը: ԽՄ դերն այստեղ որոշիչ է լինելու: Այդ քաղաքականության իրականացումը դրվում է Արտգործնախարարության վրա, եւ, Ձեզ` որպես ճանաչված տնտեսագետ-ամերիկագետի, վստահվում է լինել այդ գործընթացը ղեկավարողներից մեկը:

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՀԱՄՔԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Հարությունյանի լարված աշխատանքը կացութաձեւ էր: Բայց այն, ինչ սկսվել է նրա համար ԱԳՆ-ում, վեր է ամեն մի երեւակայությունից: Նոր գործընկերոջ խորը գիտելիքները, վերլուծական կարողությունները, մի քանի լեզուներով բանակցելու ունակությունը եւ ամենակարեւորը` մարդկային առինքնող հատկանիշները, հաճելի հայտնություն եղան դիվանագետների «ցեխում»: Մոլոտովի ցուցումով նա ստեղծում ու ղեկավարում է Միջազգային տնտեսագիտական կազմակերպությունների բաժինը, իսկ միջազգային հարաբերություններում նրա դեբյուտը` բեմելը, կայանում է Հոթ Սփրինքսում (ԱՄՆ)` գյուղատնտեսության եւ պարենային հարցերին նվիրված համաժողովում: 1944թ. Հարությունյանին վստահվում է կարեւոր դիվանագիտական առաքելություն` ներկայացնել ԽՍՀՄ Բրետոն-Վուդսի համաժողովում: Մերձվաշինգտոնյան այդ փոքրիկ քաղաքում է հիմնադրվել Արժույթի միջազգային հիմնադրամը (ԻՄՖ) եւ ընդունվել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ԻԲՌԴ) ստեղծման նախագիծը: Այն հաստատվել է միայն 1976-ին Յամայկայի մայրաքաղաք Քինգստոնում: Հարությունյանն արդեն կենդանի չէր, բայց մնացել է հիմնարար փաստաթղթերի տակ դրված նրա ստորագությունը:

Բրետոն-Վուդսում նա ունեցել է պատմական հանդիպում: Հարությունյանների ընտանեկան հուշամատյանում պահպանվել է ժամանակի խունացած կնիքը կրող միջին չափի մի լուսանկար, որի վրա պատկերված են բնության գրկում, նստարանին խաղաղ զրուցող Համազասպ Հարությունյանը եւ լորդ Ջոն Մեյնարդ Քեյնսը: (Ի դեպ, միակն իր տեսակի մեջ, քանի որ լորդն առաջին եւ վերջին անգամ է շփվել խորհրդային մարդու հետ): Այո՛, այո՛, այն Քեյնսը, որը մեր սերնդի ուսանողներին ներկայացվում էր, որպես բուրժուական տնտեսագիտության, բնականաբար, հետադիմական ուղղություններից մեկի հիմնադիր, որին ծաղրանքով անվանում էին կապիտալիզմի Կարլ Մարքս: Իսկ լորդի մեղքն այն էր, որ Մեծ ճգնաժամի տարիներին մշակել եւ ստեղծել էր լիբերալիզմի, հետո՝ նեոլիբերալիզմի տեսությունը: Այն հեղինակի անունով կոչվել է քեյնսոնիզմ, ապա` նեոքեյնսոնիզմ:

Հավանեինք մենք Քեյնսին, թե ոչ, փաստն այն է, որ նրա ուսմունքը խորը եւ գործնական ազդեցություն է ունեցել ոչ միայն տնտեսագիտության, այլեւ ժամանակակից լիբերալ գաղափարախոսության վրա: Քեյնսի տեսության էությունն այն է, որ ճգնաժամային իրադրության պայմաններում պետությունը խառնվում է երկրի տնտեսական գործընթացներին եւ կարգավորում դրանք: Քեյնսը կարեւորել է պետության պատասխանատվությունը սոցիալական ապահովության գործում եւ գտել, որ ցանկացած երկրում գործազրկության լրիվ վերացմանը կարելի է հասնել միայն պետության միջամտության եւ օգնության դեպքում: Գիտնականի մատուցած մեծ ծառայությունների համար թագուհին նրան շնորհել է լորդի տիտղոս: Համագումարի 20-ից ավելի օրերի ընթացքում Հարությունյանը եւ Քեյնսը բազմաթիվ հանդիպումներ են ունենում, զրուցում, նաեւ բանավիճում, ինչն անխուսափելի էր, քանի որ երկու խոշոր գիտնականները ներկայացնում էին տարբեր քաղաքահասարակական համակարգեր: Բայց մեծ անգլիացին ընդունել է Հարությունյանին, եւ երկու տարի նրանց միջեւ աշխույժ նամակագրություն է եղել: Այն ընդհատվել է Քեյնսի մահից հետո` 1946թ.:

Հարությունյանի հարաբերությունները Քեյնսի հետ գիտնականները ողջունել են, սակայն այն դարձել էր նաեւ նախանձի եւ չարախոսությունների առարկա: Իսկ ի՞նչն էր կապում հակոտնյա աշխարհների երկու անվանի տնտեսագետներին: Գաղափարախոսական անհամատեղելիության կողքին նրանք համամիտ էին սոցիալ-տնտեսական կյանքում պետության տեղի եւ դերի հարցում, ընդ որում, Քեյնսի սոցալիստական ուսմունքը նրան ավելի հոգեհարազատ էր դարձրել Հարությունյանին: Սակայն կարո՞ղ էին նրանք պատկերացնել, որ խորհրդային գերտերության փլուզումից հետո տնտեսական, մասնավորապես՝ սոցիալական ապահովության ոլորտներում պետության կարգավորող դերի այդպիսի կարեւորումը հավասարվելու էր զրոյի: Ավելին: Հայտարարելով, թե անցնում է շուկայական հարաբերությունների, այսինքն` կապիտալիստական կացութաձեւի, պետությունը ժողովրդավարության ծխածածկույթի ետեւում երկիրը վերածելու էր գռեհիկ կապիտալիզմի բալագանի, որտեղ ինքը, սերտաճելով պարտոկրատիայի, օլիգարխիայի, մաֆիայի, ուժային նախարարության թափթփուկների հետ, հարստանալու եւ հարստացնելու էր հատուկենտ ընտրյալների, իսկ ժողովրդական հոծ զանգվածներին հասցնելու թշվառության: Հարությունյանի համար կրկնակի ծանր կլիներ, եթե նա մտածեր, որ այս ամենը ավելի ցցուն եւ զզվելի ձեւով է դրսեւորվելու իր սիրած Հայաստանում:

...Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հարությունյանն ակտիվորեն մասնակցում է լենդ-լիզի բանակցային գործընթացներին: Այդ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին էր տրամադրել 9.5 միլիարդի զենք, զինամթերք եւ այլ ապրանքներ: Նկատելի էր նաեւ Մեծ Բրիտանիայի ցուցաբերած օգնությունը: Լենդ-լիզը, որ այդ տարիներին Մոսկվայի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկն էր, գրեթե լռության էր մատնել խորհրդային մասնագիտական եւ գեղարվեստական գրականության էջերում, չնայած այն «որոշակի դեր խաղաց ֆաշիստական զավթիչների դեմ ԽՍՀՄ պայքարում»:

Անգամ Դիվանագիտական ակադեմիայի դասընթացներում այն հիշվել է թռուցիկ, իմիջիայլոց: Նման քաղաքական կեցվածքը սկիզբ է առնում Ստալինից, ով, ինչպես գտնում են Արեւմուտքում, «ստանալով հսկայական օգնություն, ոչ միայն չստանձնեց որեւէ պարտականություն», այլեւ «չփոխեց իր կասկածամիտ վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ, չհրաժարվեց խորհրդային կայսրության ծավալապաշտական քաղաքականությունից»: Լենդ-լիզի ենթատեքստում հարկ է նշել, որ երկուստեք քաղաքական շահարկումների եւ փաստերի խեղաթյուրում գոյություն ունի նաեւ երկրորդ ճակատի վերաբերյալ: Մոսկվան մեղադրել է դաշնակիցներին ուշանալու մեջ, Արեւմուտքն` արդարացրել է այն անհաղթահարելի արգելքներով: Սակայն այդ արգելքներն անհետացել են, եւ երկրորդ ճակատը բացվել է, երբ Կարմիր բանակի անկասելի առաջխաղացման արդյունքում ողջ Եվրոպայի վրա կախվել է ստալինյան բռնազավթման վտանգը: Այն, որ նման պլաններ փայփայվել են, փաստում են Ստալինի խոսքերը` ասված 1947թ. նոյեմբերի 18-ին ֆրանսիական կոմունիստների լիդեր Մորիս Թորեզին. ‹‹Եթե Չերչիլը մի տարի եւս ուշ բացեր երկրորդ ճակատը, ապա Կարմիր բանակը կմտներ Ֆրանսիա: Մենք մտադիր էինք հասնել մինչեւ Փարիզ››: Հավանաբար գեներալիսիմուսին հանգիստ չէր տալիս Ալեքսանդր I-ի փառքը, ով Նապոլեոնին հաղթելուց հետո գրավել էր Փարիզը: ‹‹Նապոլեոնն ինչո՞վ է ինձնից առավել››,- հավանաբար մտորել է բռնակալը:

Շարունակելի...

Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1280 reads | 16.01.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com