ՉԻՆԱՍՏԱՆԸ՝ ՆԵՐՍԻՑ․ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ՞, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ
միջազգային հարաբերությունների փորձագետ, ՉԻՆԱՍՏԱՆ







Խորհրդային Միության փլուզումից հետո միանգամայն հասկանալի է սպասվածից ավելի մեծ թվով հոդվածների առկայությունը ԱՄՆ-Չինաստան մրցակցության կամ ակնկալվող բախման մասին: Նման մոտեցումն ակնհայտ է Միացյալ Նահանգների նոր հանրապետականների ներկայացուցիչների շրջանում, և Չինաստանը շարունակաբար պատասխանում է, որ այն զարգացող երկիր է, որի կարգախոսն է․ «Ապրել ներդաշնակորեն և բարգավաճել»: Մի խոսքով, չինացիները խնդրում էին իրենց հեռու պահել միջազգային վեճերից, քանի որ Չինաստանի ուշադրության կենտրոնում այն է, թե ինչպես միջին խավը դարձնել մեծամասնություն Չինաստանում»:
 
Դիտարկելով պատմությունը՝ մենք կարող են եզրակացնել, որ Չինաստանը երբեք չի երազել մայրցամաքների և երկրների գաղութացման մասին, նույնիսկ կայսրերը Հարավարևելյան Ասիայի կղզիները գրավելու նկրտումներ չեն ունեցել։
 
Ինչպես արդեն նշվեց, չինացիներն այլ կերպ են ընկալում հսկողությունը և գերիշխանությունը, և կարելի է եզրակացնել, որ Չինաստանը բավարարված է ՀԱԱՊԱ–ում ունեցած իր դիրքով՝ մեծագույն դերակատարություն ունենալով տնտեսական միտումների շրջանառության մեջ և հնարավորություն տալով չինական սփյուռքին զբաղվել բիզնեսով և բարգավաճել՝ դրանով իսկ ազդեցություն հաստատելով տարածաշրջանում։ Ես անձամբ ականատես եմ եղել չինական սփյուռքի կարգավիճակին Մալայզիայում, Սինգապուրում և Ինդոնեզիայում:
 
Նշված երկրներում չինացիները հիմնականում զբաղվում են բիզնեսով: Ըստ էության, Մալայզիայում ֆինանսական միջոցները բաժանվում են չինացիների, մալայացիների և հնդիկների միջև։ Չինացիները հիմնականում ներկայացված են բիզնեսի և առևտրի ոլորտում և ամենապահովվածն են, մալայզացիները գործում են կառավարության ոլորտում և բանակում, հնդիկները զբաղվում են բժշկությամբ և բուժակությամբ։ Նույնը կարելի է ասել նաև Ինդոնեզիայի մասին, որտեղ թեև չինացիները փոքրամասնություն են կազմում, եթե համեմատենք Մալայզիայի և Սինգապուրի հետ, բայց դարձյալ զբաղեցնում են համապատասխան դիրքեր բիզնեսի ոլորտում:

Մենք այստեղ չենք անդրադառնա Սինգապուրին, քանի որ այն հիմնականում բնակեցված է չինացիներով։ Մալայզիայում գտնվող միակ արտոնագրված խաղատունը և ժամանցի վայրը, որը կոչվում է «Գենտինգ հայլենդ» («The Genting highland»), պատկանում է չինացի ընտանիքի, և նրանում աշխատողների մեծամասնությունը Մալազիայի և Չինաստանի չինացիներ են։ Այն համարվում է 4-րդ խոշորագույն ընկերությունը երկրում։ Այսպիսով, գաղտնիք չէ, որ Չինաստանը մեծ ազդեցություն ունի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` կապված վերոնշյալ երկրի հետ ոչ միայն բիզնեսի, այլև նաև մշակույթի ոլորտում՝ խրախուսելով չինական սփյուռքին մոտ լինել իրենց արմատներին երաժշտության, իրավիճակային կոմեդիայի (սիթքոմ) և խոհանոցի միջոցով։

Սույն հոդվածի նպատակը Չինաստանին քննադատելը չէ և ոչ էլ այս երկրի նկատմամբ գերագույն հիացմունքի ցուցադրումը՝ խորհրդավոր կամ առեղծվածային բացահայտումներով, ինչպես որ անում են շատ արևմտյան գրողներ Ասիայի մասին գրելիս։ Ավելին, մենք չենք կարող անտեսել այն մեծ նվաճումները, որոնց հասել են չինացիները իրենց երկրում, հազիվ թե որևէ այլ զարգացող երկիր երբևէ նման ձեռքբերումներ է ունեցել նախկինում՝ դառնալով աշխարհում թիվ մեկ պետությունը բազմաթիվ ոլորտներում՝ սկսած Մետաքսի ճանապարհից մինչև մեր օրերը։ Մինչդեռ արևմտյան գրողներից ոմանք շեշտը դնում են միայն ժողովրդավարության բացակայության վրա, ինչն ըստ իս, մեծ սխալ է, քանի որ լիբերալ ըմբռնումը հեռու է Չինաստանի մշակույթից, և ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք չենք տեսնի արևմտյան արժեքների յուրացում այս հասարակության կողմից:
 
Չինաստանն ասիական երկիր է, և չինացիներն ունեն իրենց սեփական մշակույթը և ընկալումները։ Չինաստանը չի պարտադրում իր մտածելակերպը տարածաշրջանի երկրներին, և ԱՄՆ-ը, մասնավորապես, պետք է հարգի Չինաստանին և նրա ժողովրդին։ Բացի այդ, ընթերցողը կարող է առաջ քաշել այն փաստարկը, որ շրջակա երկրները կրել են բրիտանական գաղութացման ազդեցությունը, և դրանցում կյանքն այս կամ այն չափով ավելի արևմտականացված է, քան Չինաստանում: Դա ընդունելի է, սակայն որոշ վերապահումներով։ Օրինակ՝ Մալայզիայում ավելի քան 4 տասնամյակ իշխում է մեկ կուսակցություն։ Չնայած հանգամանքին, որ Սինգապուրը մեծ հաջողությունների է հասել, այն ստեղծվել և ղեկավարվում է ավտորիտար նախագահի կողմից։
 
Ինդոնեզիան հայտնի է կոռուպցիայի և ավտորիտարիզմի առկայությամբ։ Վերջապես, ես կցանկանայի ընդգծել, որ իմ հոդվածները Չինաստանի մասին չեն լինի ակադեմիական ​​գրվածքներ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի քաղաքականությանը վերաբերող նախորդ աշխատանքները, այլ կլինեն ավելի պատմողական ժանրի՝ ներկայացնելով այն, ինչն ըստ իս, կարող է հետաքրքրել հայ ընթերցողին։ Միևնույն ժամանակ, դրանք կներառեն իմ՝ որպես ականատեսի սեփական վերլուծությունը։
 
Վերադառնալով մեր խնդրին, նշեմ, որ ես չեմ կարող հիանալ տեխնոլոգիաներով և ժամանակակից ճարտարապետությամբ՝ կառուցված վերջին տասնամյակներում, քանի որ ըստ էության, էլեկտրոնիկան դառնում է անիմաստ, երբ ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք օգտագործել, արգելափակված են կառավարության կողմից։
 
Պետք է ընդունել, որ որոշ չինացի ուսումնասիրողներ տարածում են ազգայնական և նաև հանդուգն կարգախոսներ, ինչպես օրինակ․ «Մենք բավական հզոր ենք ԱՄՆ-ի դեմ դուրս գալու համար»։ Նրանք դա բացատրում են այն հանգամանքով, որ սառը պատերազմի ավարտից հետո աշխարհը չպետք է լինի միաբևեռ, և Չինաստանը կարող է լրացնել վակուումը որպես արևմտյան կոալիցիայի դեմ առաջատար երկիր։ Ես համաձայն չեմ այս փաստարկի հետ, քանի որ «Չինաստանը բավական ուժեղ է և բավական թույլ»՝ հակաամերիկյան կոալիցիան գլխավորելու համար ոչ թե դրան պարտադրվող պատժամիջոցների պատճառով․ Չինաստանը երկար ժամանակ կարող է գոյատևել ինքնաապահովմամբ, բայց չի կարող հանդուրժել երկրի պառակտումը, որը կարող է իրականացվել մյուս ճամբարի մրցակիցների կողմից։
 
Ներկայումս կարծել, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի դաշինքը կարող է ծնկի բերել Չինաստանին, անմտություն է, քանի որ Ռուսաստանը և Չինաստանը որոշակիորեն աջակցում են միմյանց ԲՐԻԿՍ-ի միջոցով, որը դեռևս մեծ վտանգ չէ ԱՄՆ-ի համար։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչն է վատ Չինաստանի համար, ապա դա թյուրքական ծագում ունեցող մուսուլման ույղուրներն են Սինցզյան նահանգում:
 
Մենք անընդհատ տեսնում ենք լուրերի թողարկումներում, որ նրանք դիմադրություն են ցույց տալիս Չինաստանի իշխանությանը, սա օրհասական վտանգ է Չինաստանում, հատկապես իսլամական արմատականության և ջիհադականության տարածման այս փուլում։ Չինաստանը պարզապես ընկրկում է վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության նման ակտերից՝ մարզադաշտերի, ռեստորանների կամ մետրոյի ռմբակոծություններից։
 
Մյուս վիճելի հակամարտությունները կապված են Թայվանի և Տիբեթի հետ, բայց ինչպես նշվել է,  մեր օրերում վտանգի աղբյուրը իսլամական արմատականություն է։ Ներկայացնենք մի կարճ միջադեպ, որը թերևս հայտնի է նրանց, ովքեր հետևում են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։
 
Երբ Չինաստանը 2008 թ. հյուրընկալեց միջազգային ամառային օլիմպիական խաղերը, Սինցզյանը հանդես եկավ նախապատրաստված ցույցերով՝ արտահայտելով անկախանալու իր ցանկությունը։ Էրդողանը մյուս կողմից (Էրդողանը բաց չի թողնում որևէ հնարավորություն՝ հանդես գալու որպես ույղուրների և պաղեստինցիների մեծ եղբայր) թույլ տվեց մեծաքանակ ցույցեր չինական իշխանությունների դեմ, որոնց ժամանակ այրում էին չինական դրոշները՝ միևնույն ժամանակ Թուրքիայի դրոշի կողքին ծածանելով դրանից միայն կապույտ գույնով տարբերվող դրոշը։
 
Պեկինի միջազգային օդանավակայանի սպասասրահում Հարբին քաղաք մեկնելիս մենք սպասում էինք մեր թռիչքին, այդ պահին մեկնում էր Ուրումչի (Սինցզյան նահանգի մայրաքաղաք) ուղևորվող օդանավը։ Դա լավ հնարավորություն էր հանդիպել այդ մարդկանց, նույնիսկ մեկ վայրկյանով։ Այսպես, ես գնացի դեպի ելքը և նստեցի երկու մարդկանց կողքին, որոնք զրուցում էին միմյանց հետ։ Ուզում էի տեսնել, թե արդյոք նրանց լեզուն որևէ նմանություն ունի՞ թուրքերենի հետ և նրանց արտաքինը ավելի մոտ է չինացիների՞ն, թե՞ մոնղոլներին։ Ի զարմանս ինձ՝ ես հասկացա նրանց խոսակցության մոտ 40%-ը։ Իհարկե, չի կարելի պնդել, որ Սինցզյան մեկնող ցանկացած թուրք կարող է հասկանալ նրանց բարբառը, բայց վստահ եմ, որ նա կհասկանա բազմաթիվ բառեր, ինչպես որ ես։ Ես դիմեցի նրանց, և ասացի․ «Ալ սալամու ալեյքոմ»՝ ամբողջ աշխարհում ընդունված մուսուլմանական ողջույնով, նա ժպտաց և հարցրեց ինձ, թե արդյոք ես թուրքմեն եմ (թյուրքական ծագման ցեղախումբ, որն ապրում է այժմյան Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում և Թուրքիայի աջակցությամբ պատերազմում է սիրիական բանակի դեմ)։
 
Ես պատասխանեցի նրան, որ Թուրքիայից եմ՝ տեսնելու համար նրա արձագանքը։ Ի զարմանս ինձ՝ նա կանգնեց, գրկեց ինձ և համբուրեց գլուխս։ Այդ պահին ես համոզվեցի, որ ույղուրները պատրաստ են ծնկի բերել Չինաստանին, ինչպես որ դա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։  Նրանք այնքան հավակնոտ են և համարում են Թուրքիային իրենց մեծ եղբայրը, նրանց մեծամասնությունը լավագույն տարբերակը համարում է Չինաստանից անկախացումը և Շարիաթի օրենքի հաստատումը։ Ոչ ոք չէր հավատում, որ Սիրիան կարող է ամբողջովին ոչնչացվել. մենք հասկանում էինք, որ իսլամականացումն աճում էր, սակայն դա հասարակական մտահոգություն էր։ Հիջաբ կրելը պարտադիր չէր, յուրաքանչյուրը վարվում էր ըստ իր հայեցողության։ Մի խոսքով, ույղուրները դանակներն իրենց գրպաններում պատրաստ կանգնած են, այս պահին նրանք այնքան հաջողակ չեն և Սիրիայի ջիհադիստների նման չունեն պրոֆեսիոնալ զենք, բայց նրանք էլ հանդարտ չեն։ Գրեթե ամեն օր չինական հեռուստատեսությունը ցուցադրում է Սինցզյան նահանգում պատահած միջադեպերի մասին՝ անջատողականների և նույնիսկ չինական բանակի միջև։
 
Ըստ իս, սցենարը հետևյալը կլինի․ «Մի իսլամական պետություն ազատագրելու համար հոգեբանական աջակցությունը կապահովվի Էրդողանի, իսկ զենքը՝ Սաուդյան Արաբիայի, իսկ ոճրագործությունից առաջ նախապատրաստումը ԿՀՎ-ի կողմից, գումարած այն, որ ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ դրանց կանվանի ազատության մարտիկներ։ Ոչ ոք չի կարող ասել հստակորեն, թե ինչ տեղի կունենա Չինաստանում, այս կանխատեսումները կարող են լիովին ճիշտ չլինել, սակայն ես գրում եմ՝ հիմնվելով փաստերի վրա, վտանգն ակնհայտ է, սակայն, թե որքան հեռու այն կգնա, ժամանակը ցույց կտա:
 
Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է ժողովրդավարությանը, որով ԱՄՆ-ի պաշտոնյաները շարունակում են չինացիներին հանդիմանել 70-ական թվականներից մինչ օրս։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչի է ԱՄՆ-ը հասել է իր արտաքին քաղաքականության ասպարեզում այս հարցի առնչությամբ: Այս հարցում Բուշի դոկտրինան ոչ ժողովրդավարական հասարակություններում ժողովրդավարություն տարածելն էր:
 
Այսպես, մենք չգիտենք, թե ինչու ԱՄՆ-ի վարչակազմը ընտրեց զենքով դիվանագիտությունը՝ հասարակությունների հետ աշխատելու փոխարեն, որպեսզի դրանք հասնեն զարգացման իրենց կամքով, ոչ թե բռնի ուժով: Ցավոք, ԱՄՆ-ի պաշտոնյաները կարծում են, որ ոչ ժողովրդավարական երկրներին պատերազմ պարտադրելը օրինական է, քանի որ դրանք կարծես թե վտանգ են ներկայացնում ամերիկյան ժողովրդի համար: Ինչ վերաբերում է Չինաստանին, չինացիները տասնամյակներ շարունակ առավելագույնն են արել՝ փորձելով բացատրել ԱՄՆ-ի պաշտոնյաներին, որ չինական մշակույթը և կյանքի նկատմամբ մոտեցումը համեմատելի չէ նորաստեղծ ամերիկյան պետության հետ: Չինացիներն ունեն ազատականացված տնտեսություն և ներմուծման-արտահանման առևտուրը համապատասխանեցրել են համաշխարհային չափանիշներին: Բացի այդ, չինացիները կարծում են, որ զարգացումն անհրաժեշտ է իրենց հասարակությանը՝ նոր գաղափարների հասնելու համար, որպեսզի բարելավեն իրենց կենսամակարդակը:
 
Նրանք կտրականապես դեմ են վերևից պարտադրված կանոններին, որոնք կարող են հանգեցնել քաոսի: Ի դեպ, Չինաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ զգալիորեն տարբերվում է ոչ միայն Արևմուտքի, այլև Մերձավոր Արևելքի կամ Արևելյան Եվրոպայի երկրների բնակչությունից։ Պետք է նշել, որ նրանք մեծ հարգանք ու հավատ ունեն իշխանությունների նկատմամբ, և չնայած Արևմուտքի բարձրաձայնած կոռուպցիոն մեղադրանքներին, չինացիները մոտ են կանգնած միակ իշխող կուսակցությանը։ Դա նշանակում է, որ բացի ժողովրդից ոչ ոք ի վիճակի չէ փոխել կենտրոնամետ քաղաքական ասպարեզը Չինաստանում, մինչդեռ Հայաստանում վերջին շրջանում, Սահմանադրությունը փոխվեց բնակչության կամքին հակառակ, և դա առաջացնելու է նվաստացման զգացում ու անվստահություն իշխանության նկատմամբ՝ վտանգավոր լարվածությամբ։
 
Մինչդեռ այս ամենը չի նշանակում, որ Չինաստանը պատասխանատու ուժ է՝ անկախ գլոբալ հարցերում իր ներգրավվածությունից, ինչպիսիք են, «ահաբեկչության դեմ պատերազմը», հսկայական ներդրումները Աֆրիկայում՝ աղքատության դեմ պայքարելու և ՀԱԱՊԱ-ի հետ համագործակցության համար և այլն: Այդուհանդերձ, Չինաստանը հեռու է այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են անհատական ​​արժեքները, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը․ ստեղծարարությունը և խնդիրների վերլուծությունը բացակայում են պետական, ինչպես նաև մասնավոր ընկերություններում:
 
Եթե ​​Չինաստանն այսօր ներկայանում է որպես լավագույն և միակ երկիր՝ ապրանքներ մատակարարելով աշխարհին, չինացիները ներկայացված չեն բազմաթիվ այլ ոլորտներում, ինչպես օրինակ,  միջազգային շոու բիզնեսը, որը կապված է իմ ընտանեկան բիզնեսի հետ։ Պետք է ընդունել, որ Չինաստանն ունի լուրջ խնդիրներ օտարերկրացիների հետ բիզնեսով զբաղվելու առումով։ Նկատի ունեմ այն, որ նրանց համար ոչ մի տարբերություն չկա օտարերկրացի և տեղացի  արտիստների միջև վերաբերմունքի առումով, դա առաջացնում է թյուրիմացություն և երբեմն նույնիսկ կարող է հանգեցնել կոնֆլիկտի։
 
Օրինակ, մի քանի տարի առաջ ես Չինաստանի Հյուսիսային Արևելյան շրջանում էի, նրանք այն անվանում են ​​«Դոնգ բեյ» (Dong bei)՝ մեծ պարի խմբի հետ, որի կազմում հիմնականում սլավոնական երկրներից էին։ Ձմեռ էր, և կեցության համար տրամադրված շենքում, որտեղ մենք պետք է մնայինք, չկար տաք ջուր։ Երբ մենք բողոքեցինք, նրանք զարմացան և կարծեցին, որ ոչ մի սխալ բան չկա, քանի որ չինացի արտիստները մնացել էին նույն շենքում և երբեք չէին բողոքել այդ խնդրից: Այսպիսով, դա նշանակում է, որ չինացի արտիստները սառը ցնցուղ էին ընդունել՝ առանց բողոքելու պարզապես այն պատճառով, որ մարդու իրավունքների հարց գոյություն չունի Չինաստանում։ Նրանք մտավախություն են ունեցել, որ բողոքելու դեպքում կմնան ընդհանրապես առանց ջրի։ Իմ հայրը վճռական էր տրամադրված․ «Կամ դուք լուծում եք այս խնդիրն այսօր կամ մենք հեռանում ենք»։ Սա մեկն է այն խնդիրներից, որոնց շատ արտասահմանցիներ հանդիպում են Չինաստանում, և յուրաքանչյուր ոք ունի իր սեփական պատմությունը։ Գրողները կարող են վեպեր գրել Չինաստանում օտարականի կյանքի մասին, սակայն առանցքային հարցը, որ մենք բոլորս պետք է հասկանանք, այն է, որ չինացիները կարող են հարմարվել անհարմարավետ ու նվաստացուցիչ վիճակին այն պատճառով, որ առկա է դաժան մրցակցություն աշխատանքը պահելու հարցում։
 
Պարզ է, եթե նրանք չեն հարմարվում, կան հազարավոր մարդիկ, որոնք սպասում են այդ աշխատանքին։ Այսպիսով, սա է բացատրությունը, թե ինչու են չինացիներն այդքան աշխատասեր և շատ հաճախ նրանք նույնիսկ աշխատում են ավելի քան 10 ժամ՝ առանց հավելավճարի, ինչպես որ ընդունված է արևմտյան զարգացած երկրներում:
 
Զավեշտալի է, երբ ամերիկացիները բարձրացնում են մարդու իրավունքների հետ կապված հարցեր Չինաստանում, մինչդեռ «Էփըլ» ընկերությանը (“Apple Co.) (էլեկտրոնիկայի ոլորտի ԱՄՆ հսկան) մեղադրանք էր ներկայացվել՝ Չինաստանում գտնվող գործարանի չինացի աշխատողներին շահագործելու համար:
 
Մեկ այլ հետաքրքիր խնդիր, որին մենք բախվեցինք այս տարի, անլար ինտերնետ ցանցի խնդիրն էր։ Մենք ապրում ենք մի հյուրանոցում, որտեղ ինտերնետ կապը շատ թույլ է, երբեմն չենք կարող բացել նույնիսկ սովորական էջ կամ հավելված։
 
Ինտերնետը մեր բիզնեսի ամենակարևոր միջոցներից է (մենք պետք է ուղարկենք շատ լուսանկարներ, տեսանյութեր, պայմանագրեր, գրաֆիկա և այլն): Սա է իմ գործը որպես մենեջեր: Ինչ վերաբերում է արտիստներին, աշխատանքից հետո բոլորն ուզում են Skype-ով խոսել իրենց ընտանիքների հետ և այլն։ Ըստ իս, դա շատ կարևոր հարց է, քանի որ արտիստների ժամանակացույցը շատ հագեցած է, քանի որ նրանք պետք է ներկայացնեն 4 շոու մեկ օրում, և դրանից հետո իրավունք ունեն զրուցել իրենց մտերիմ մարդկանց հետ: Դա արտիստներից բացի, որոնց նրանք տեսնում են ամեն օր, այլ մարդկանց հետ շփվելու միակ տարբերակն է: Այսպես, անլար ինտերնետը բացակայում է արդեն 10-րդ օրը: Մասնագետները գալիս են ամբողջ օրը վերանորոգելու, բայց ոչինչ չի փոխվում։ Ես հասկացա մի բան, որ Չինաստանից գնված հեռախոսները աշխատում էին, ի տարբերություն մեր հեռախոսների։ Ես կասկածեցի, որ դրանք արգելափակված են, և դա կարող է անել միայն կառավարությունը, մասնավորապես, իշխող կուսակցության հետախուզական ծառայությունը։ Ես չեմ կարող պնդել, որ խնդիրը կապված է կառավարության հետ, բայց կարող եմ կասկածել, որ եթե այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Youtube-ը արգելված են, ապա ինչու չարգելափակել նաև օտարերկրյա սարքերի ինտերնետը։
 
Ինչևէ, երեք օր համառելուց հետո մենք իմացանք, թե ինչու մեր սարքերը չեն միանում ինտերնետին: Պարզապես այն պատճառով, որ մենք արդեն տեղադրել էինք VPN հավելված, որը կոտրում է արգելափակված սերվերը և ներխուժում համակարգ՝ հնարավորություն տալով մուտք գործել Չինաստանում արգելափակված կայքեր։ Հետախուզական ծառայությունները արգելափակում են ձեր հեռախոսը և վերաբեռնում։ Դուք չեք կարող ոչինչ անել, ձեզ մնում է միայն ջնջել VPN հավելվածները։ Ես վստահ չէի դրանում, բայց զգում էի, որ չինական կառավարությունը պետք է ներգրավված լինի այս հարցում։ Իրականում տեսնում եմ, որ քիչ մարդիկ են մտահոգված այս իրավիճակով, երբ շատ արտասահմանյան էջեր արգելափակված են, ժողովուրդը չի կարող հետևել օտարերկրյա նորություններին՝ իմանալու համար, թե ինչ է մտածում մյուս կողմը որևէ հարցի շուրջ:
 
Գրաքննությունը շատ պարզ է, ուղղակի աներևակայելի։ Մենք չենք խոսում Խորհրդային Հայաստանում վերահսկողության մասին։ Այստեղ համակարգը՝ Չինաստանը կամ միակ կոմունիստական ​​կառավարությունը, պարզապես արգելափակում է որոնման ցանկացած համակարգ։ Ավելի ուշ, ես կհյուրընկալվեմ պառլամենտի մի պատգամավորի մոտ՝ ստանալու համար այն հարցերի պատասխանները, որոնց մասին մենք խոսել ենք այս հոդվածներում և դրա միջոցով հնարավորություն կունենանք իմանալու, թե ինչ են մտածում չինացի քաղաքական գործիչները հենց կուսակցության անդամից։
 
Մի քանի անգամ ծրագիրը տեղադրելուց հետո ես գտա մի վճարովի VPN ծրագիր, որը բացում է բոլոր արգելափակված կայքերը, սակայն պետք է ունենալ միջազգային բանկի քարտային հաշիվ։ Սա նշանակում է, որ չինացիները չեն կարող գնել նման ծրագիր իրենց տեղի բանկային քարտերով։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ իշխանություններին, որ արտասահմանցիներին ընձեռում են հնարավորություն աշխատելու ինչպես տանը։ Չինացիների համար թերևս դա երբեք չի լինի։
ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ
1446 reads | 07.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com