ՋՈՀԱՐՐԻԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
, ԵՐԵՎԱՆ




Սոցիոլոգիական հարցումներից մեկի ընթացքում փողոցում պատահական անցորդներին տրվում էր  հետևյալ հարցը «Արդյո՞ք կարելի է ասել, որ Դուք բարի մարդ եք»: Շատերը անմիջապես պատասխանում էին այո  կամ ոչ, ոմանք   երկար մտածում էին՝ այդպես էլ պատասխան չգտնելով:  

Հետաքրքիր է, որ պատասխանները ավելի հեշտ և արագ էին տրվում երիտասարդների կողմից և  այն հարցին,  թե ինչն է պատճառը, որ իրենք իրենց բարի են համարում, շատերը նշում էին իրենց արարքների մասին, մյուսները սկսում էին համեմատել իրենց ուրիշների հետ:  

Թվում է, թե սխալ ոչինչ  չկա. գեղեցիկը միայն տգեղի հետ համեմատության դեպքում է գեղեցիկ դառնում, սխալը՝ ճշտի, բարին էլ, համապատասխանաբար, չարի.  բայց արդյո՞ք ճիշտ է սեփական անձի մասին պատկերացումներ կազմելը  այլ մարդկանց հետ համեմատությամբ: Ժամանակակից աշխարհում, երբ սոցցանցերը դարձել են մարդկանց առօրեայի անբաժանելի մասը, շատերը օրվա ընթացքում տասնյակ անգամներ  համեմատում են իրենց սոցցանցերի այլ օգտատերերի հետ  և սխալ համեմատությունների արդյունքում (նա ինձնից հաջողակ է, ավելի խելացի...) սեփական անձի վերաբերյալ սխալ պատկերացումներ են ձևավորում: Եվ հետաքրքիրն այն է, որ այս ամենը կարող է տեղի ունենալ ընդամենը մեկ նկարի դիտման արդյունքում, ասենք, քո ընկերուհին նկար է հրապարակում, որտեղ իրեն մի մեծ ծաղկեփունջ են նվիրել, քեզ դեռևս ծաղկեփունջ չեն նվիրել, կամ նվիրել են չափսերով ավելի փոքրը և, արդյունքում, սխալ եզրահանգումների մի հսկայական շարան՝ դու սիրված չես, դու երջանիկ չես, դու համապատասխան արժանիքներ չունես՝ գեղեցիկ չես, հմայիչ չես  և ահա փոխվեց նաև ինքավերաբերմունքը:

Ստացվում  է, որ շատերը որպես ինքնաբացահայտման գործիք օգտագործում են համեմատությունը: Այնինչ,  ինչպես ասում էր Զիգմունդ Ֆրոյդը,  միակ մարդը, ում հետ պիտի համեմատվեք, դա դուք եք անցյալում, և միակ մարդը, ումից լավը պետք է լինեք, դա դուք եք ներկայում:    Այստեղ դժվար ոչինչ չկա, օրվա վերջում, ինքնավերլուծություն անելով, մի քանի րոպե տրամադրեք և համեմատություն արեք՝ ինչպիսին էի ես երեկ, ինչպիսին եմ այսօր և ինչպիսին պիտի լինեմ վաղը:  Արդյունքում դուք կկարողանաք բացահայտել ինքներդ ձեզ և հստակեցնել անհրաժեշտ փոփոխությունների ցանկը: 

1950 թվականին  ամերիկացի   հոգեբանների կողմից մշակվեց մի մոդել, որը պետք է հնարավորություն տար յուրաքանչյուրին ավելի հեշտացնել ինքնաբացահայտման գործընթացը: Մեթոդը ստացավ Ջոհարրիի պատուհան անվանումը և լայն տարածում գտավ  տարբեր մարդկանց շրջանում:  Մեթոդի էությունը հետևյալն է. ներքևում շեղատառերով նշված բառերից ընտրեք այն բառերը, որոնք, ըստ ձեզ, համապատասխանում են ձեր բնութագրին, այնուհետև տվեք այդ նույն ցուցակը, ձեզ հարազատ մարդկանցից որևէ մեկին և նրան ևս խնդրեք ընտրել և գրի առնել այն բառերը, որոնք համապատասխանում են ձեզ:

Կենսուրախ, հասուն, ուշադիր, հպարտ, ընկերասեր, հոգատար, վստահող, կախյալ, մտազբաղ, ամաչկոտ, ողջամիտ, գիտակ, երազկոտ, ստեղծագործող, ներամփոփ, հետաքրքրասեր, իմաստուն, տագնապային, անկախ, օգնող,հաասկացող,փառամոլ,նյարդային, զգուշավոր, հնարամիտ, անվախ, նվիրված, հարմարվող, հանգիստ, համեստ, թույլ, բարդ, անկանխատեսելի,եսասեր, երջանիկ, տաղանդավոր, լուռ, ինքնավստահ, խելացի, համառ, խիզախ, զգացմունքային, առատաձեռն, շփվող, ագրեսիվ:

Հիմա վերցրեք ցանկացած տեսակի  թուղթ, այն բաժանեք չորս մասի  և  4  հատվածներում համապատասխանաբար  գրեք՝ բաց պատուհան կամ բաց «ես», փակ պատուհան կամ փակ «ես», կույր պատուհան կամ կույր «ես» և   անհայտ պատուհան կամ անհայտ «ես»:

Բաց «ես»  հատվածում գրում եք այն բառերը, որոնք կան և՛ ձեր, և՛ ձեր ընկերոջ կամ բարեկամի ցուցակում: Այստեղ սովորաբար նշվում են այն բնութագրերը, որոնք հաճախ դրսևորվում են ձեր վարքում, ձեր սովորույթներում:
Փակ  «ես» հատվածում  գրում եք միայն այն բառերը, որոնք կան միայն ձեր ցուցակում, այստեղ գրվում են այն հատկանիշները, որոնք դուք ցանկանում գաղտնի պահել ուրիշներից:

Կույր  «ես» հատվածում   գրում եք միայն այն բառերը, որոնք կան ձեր ընկերոջ և չկան ձեր ցուցակում:  Սա ցույց է տալիս, թե ինչպես են ուրիշները ընկալում ձեզ:

Անհայտ «ես» հատվածում գրում եք այն բոլոր բառերը, որոնք ո՛չ ձեր, և ո՛չ էլ ձեր ընկերոջ ցուցակում չկան: Այստեղ պահվում են այն բոլոր հատկանիշները, որոնք դուք ունեք, սակայն դրանք տեսանելի չեն և հազվադեպ են դրսևորվում ձեր կողմից:  Եվ եթե անհայտ «ես» դաշտում կան այնպիսի հատկանիշներ, որոնք դուք շատ կցանկանայիք ունենալ, սակայն, ըստ ձեզ, չունեք, իմացեք, որ դուք այնդուհանդերձ հանդիսանում եք նաև այդ հատկանիշների կրողը և ցանկության դեպքում պետք է ընդամենը զարգացնել դրանք:
Եվ թեպետ Ջոհարրի պատուհանը համարվում է ինքնաբացահայտման լավագույն մեթոդներից մեկը, այդուհանդերձ, ինքնաբացահայտման լավագույն մեթոդներից մեկը շարունակում է մնալ ինքնավերլուծությունը, փորձեք ժամանակ առ ժամանակ վերլուծել ձեր վարքը՝ ուղիներ փնտրելով ազատվելու բացասական որակներից, քանի որ ինչպես նշում էր Կառլ Յունգը՝ «Դուք այն չեք, ինչպիսին եղել եք, դուք այն եք, ինչ որոշել եք դառնալ»:
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
730 reads | 17.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com