ԵՐԲ ԴՈՒ ԱՆՃԱՆԱՉԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՎՈՒՄ ԵՍ. ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ 
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
, ԵՐԵՎԱՆ





Մարդիկ անկանխատեսելի են, նրանք կարող են մեկ ակնթարթում փոխել իրենց դիրքորոշումը, տեսակետը, որոշումը, սիրել կամ ատել որևէ մեկին և այլն …սակայն առավել շատ մարդիկ փոխվում են հասարակության ներգործության դեպքում:  Տարիներ առաջ ամերիկացի հոգեբան Նորման Թրիպլետը, ով սովորություն ուներ յուրաքանչյուր առավոտ շրջելու հարևան զբոսայգում, նկատեց, որ հեծանվորդները մի քանի անգամ ավելի արագ են վարում հեծանիվը, երբ տարածքում մարդիկ կան և չափազանց դանդաղ, երբ իրենք միայնակ են: 

Ստացվում է, որ այլ մարդու ներկայությունը կարող է էապես փոխել մեր վարքը և դա բացարձակ ճշմարտություն է:   19-րդ դարի սկզբին Մաքս Ռինգելմանը հետազոտություն իրականացրեց, որի ընթացքում փորձարկվողներին  խնդրեց ձգել դռան բռնիչին ամրացված պարանը՝ սկզբում   յուրաքանչյուրը դա պետք է աներ միայնակ,  իսկ հետո՝ խմբով: Պարզվեց, որ երբ մարդիկ ձգում էին պարանը միայնակ՝ ավելի համառ էին, իսկ խմբով ձգելու դեպքում  գրեթե ջանք չէին  գործադրում: Այսպիսով,  հեղինակը ենթադրեց, որ մարդիկ խմբում ավելի ալարկոտ են դառնում:

Նմանատիպ մի հետաքրքիր գիտափորձի հեղինակ է Լեոն Ֆեստինգերը: Վերջինս  իր հետազոտության  ընթացքում առանձնացնում է մարդկանց երկու խումբ, որոնք  պետք է օրական երկու ժամ զբաղվեին անիմաստ աշխատանքով. Խորանարդները ըստ հերթականության դասավորեին սկուտեղի վրա, այնուհետև դատարկեին դույլի մեջ:  Նման աշխատանքի համար առաջին խմբի ներկայացուցիչները  ստանում էին  օրական  մեկ դոլլար,  երկրորդ խմբի ներկայացուցիչները՝ 20:

Երկու շաբաթ անց  հետազոտվողներին հարցրեցին, թե որքանով իրենց դուր եկավ իրենց  կատարած աշխատանքը: Պարզվեց, որ առաջին խմբի ներկայացուցիչները, ովքեր ստանում էին ընդամենը 1 դոլլար, ավելի ոգևորված էին աշխատանքով, նրանք պատմում էին, որ աշխատանքը օգնել է իրենց զարգացնել իրենց մանր մոտորիկան, կենտրոնանալու ընդունակությունը:   Ֆեստինգերը այս երևույթը բացատրում էր նրանով, որ մարդը միշտ արդարացում է փնտրում իր արարքների համար, և եթե 20 դոլլարի համար խաբելը ինչ- որ տեղ արդարացված է, ապա  1 դոլլարի համար խաբելը նվաստացուցիչ է և մարդիկ իրենք իրենց համոզում էին այն բանում, որ դա սուտ չէր և իրենք  իրոք օգտակար  աշխատանք են կատարել:

«Զվարճանքների» տեսություն, այսպես է կոչվում այն մոտեցումը, որի հիման վրա իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ՝ ապացուցելու համար, որ մարդիկ կարող են հեշտությամբ փոխել մի գործունեության ձևը մյուսով, եթե վերջինս իրենց ավելի զվարճալի թվա: Ստոկհոլմի մետրոյի կայաններից մեկում վեր բարձրանալու միառժամանակ երկու տարբերակ կար՝ օգտվել էլեկտրական սանդուղքից, կամ բարձրանալ աստիճաններով: Բնական է, որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում էր օգտվել  էլեկտրական սանդուղքից, մինչ այն պահը, երբ մի խումբ հետազոտողներ ասիտիճանները վերածեցին իրական դաշնամուրի: Արդյունքում վեր բարձրացողների շուրջ 66 տոկոսը, փոխեց իր դիրքորոշումը՝ նախընտրելով աստիճաններով բարձրանալու ավելի առողջարար տարբերակը: 
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
1183 reads | 30.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com