ՍԱՌԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ, ՖՈՐԵՐԱՅԻ ԷՖԵԿՏ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԴՈՒՐ ԳԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ 
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
, ԵՐԵՎԱՆ





Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. մի քանի րոպե է, ինչ ծանոթացել եք որևէ մեկի հետ և ահա նա այնպիսի տպավորություն է թողնում ձեզ վրա, կարծես ձեր մասին հսկայական տեղեկատվություն  ունի, ճանաչում է ձեզ վաղուց: 

Դա  բնականաբար ձեզ դուր է գալիս,  դուք սկսում եք հետաքրքրվել  և վստահել նրան:  Հոգեբանության մեջ այս երևույթը կոչվում է սառը ընթերցում, այն դարեր շարունակ կիրառվել է մոգերի, կախարդների, գուշակների կողմից և մինչ այսօր էլ կիրառվում է:  Սառը ընթերցման կամ Ֆորերայի էֆեկտի ամենատարածված կիրառումներից մեկը հորոսկոպներն են, որոնց կազմման հիմքում ընկած է մեկ կարևոր սկզբունք. հորոսկոպի տարբեր նշանների բնութագրման ընթացքում օգտագործել այնպիսի արտահայտություններ, որոնց հետ մարդը պարզապես չի կարող չհամաձայնվել, օրինակ, «Չնայած հանգամանքին, որ դուք նպատակասլաց անձնավորություն եք,  դուք հաճախ վախենում եք կարևոր որոշումներ կայացնելուց (բոլորն էլ վախենում են կարևոր որոշումներ կայացնելուց), կամ ձեզ հաճախ նյարդայնացնում է այն, որ ձեզ չեն հասկանում (բոլորին էլ դա նյարդայնացնում է), դուք երբեմն սիրում եք միայնակ մնալ (բոլորն էլ սիրում են…) և այլն»:

Ֆորերայի զարմանալի էֆեկտը կայանում է նրանում, որ մարդիկ նման բնութագրեր լսելիս կարծում են, որ այս ամենը խիստ սուբյեկտիվ է և վերաբերում է հենց իրենց, այնինչ սրանք այնպիսի արտահայտություններ են, որոնց հետ կհամաձայնվեր թերևս յուրաքանչյուր ոք:

Իհարկե, իմանալով սառը ընթերցման և Ֆորերայի էֆեկտի հիմքում ընկած համընդհանուր բնութագրերի կիրառման գաղտնիքը՝  կարելի է բազմաթիվ մարդկանց մոտ դրական վերաբերմունք ձևավորել սեփական անձի նկատմամբ, ցույց տալով, որ դուք ընդունակ եք ճանաչել  և հասկանալ նրանց, ընդամենը պետք է կիրառել անհրաժեշտ մեխանիզմը. մարդուն տալ այնպիսի բնութագրեր, որոնց հետ նա չհամաձայնվել պարզապես չի կարող. ասել զրուցակցին, որ նա երազկոտ է, նրբազգաց, անհամբեր և այլն:

Գաղտնիք չէ, որ բոլոր մարդիկ էլ ունեն նման հատկանիշներ, սակայն էֆեկտի ուժը կայանում է նրանում, որ երբ ձեր զրուցակիցը կլսի այդ ամենը, նրան կթվա, որ այդ բնութագրերը հենց իր մասին են, որ դուք կարողացել եք բացահայտել իր էությունը՝ մեկ վայրկյան անգամ չկասկածելով, որ օգտագործում եք  համընդհանուր, մարդկանց մեծամասնությանը բնորոշ բնութագրեր:  Եվ պետք չէ նաև  մոռանալ այն, որ միգուցե  որևէ մեկը փորձում է կիրառել սառը ընթերցման կամ Ֆորերայի էֆեկտը հենց ձեր նկատմամբ:
Ամեն անգամ, երբ կընթերցեք հորոսկոպ, վերլուծեք յուրաքանչյուր նախադասությունը և կտեսնեք, որ այնտեղ գրված են այնպիսի բնութագրեր, որոնցով նույն հաջողությամբ կարելի էր բնութագրել նաև ձեր հարևանին կամ ընկերոջը: 
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
4874 reads | 07.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com