ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏՐՑԱԿՆԵՐԻՑ ՀԱՆԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԻՐԱՎԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ







Օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ ընկալման արդյունքում է, որ բավական երկար ժամանակ է արդեն՝ գրեթե մարդկային հասարակակեցության սովորութային ժամանակներից ի վեր, իրավական նորմերից մինչև ներկայիս որոշումներ ու ակտեր ընկած ճանապարհը ձգվում է քաղաքական իրականության երկայնքով:

Հայոց պատմության օբյեկտիվ իրականության ուրվապատկերին անընդհատ նշմարվել է տվյալ պատմական ժամանակահատվածում դոմինանտ քաղաքական և աշխարհաքաղաքական թելադրանքի ու մեր ազգային իրավագիտակցության անհամատեղելիությունը, որի հիմնական ուղերձում վերլուծական տարրի բացակայությունն է մեզ հասած պատմական ժառանգության մեջ լացի ու բողոքի գերակայության պատճառը:

Բեռլին, Կարս, Մոսկվա, Լոզան (և ոչ միայն) հայկական հարցի միջազգային իրավունքի կանգառներ, որտեղ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված իմպերատիվը գերակայեց իրավական այդ ժամանակ գոյություն ունեցող չափորոշիչների նկատմամբ: Իհարկե, ներկայիս իրավական նորմերն ու չափորոշիչները վաղուց դուրս են եկել «երկաթե շերեփով»  հակազդելու շրջանակից, բայց միևնույնն է իրավական գործընթացները դեռևս գտնվում են քաղաքական շահի ու աշխարհաքաղաքական գործընթացների ներքո:

Հունիսի երրորդ տասնօրյակում տեղի ունեցած ներերևանյան իրադարձությունները մի տեսակ ներքին լարվածության շղարշով էին պատել քաղաքական լրահոսը: Այդ պատճառով կարծես՝ մի փոքր խաթարվել էր իրադարձություն մասնագիտական քննարկում ժամանակագրական կապը և հստակ հայկական շեշտադրումներ պարունակող մի իրադրաձություն դուրս էր մնացել մասնագիտական հանրույթի ուշադրությունից:

ՌԴ Գլխավոր Դատախազությունը ոչ օրիանական ճանաչեց ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի՝ Ղրիմի մարզը ՌՍԽՀ կազմից դուրս հանելու և Ուկրաինայի ԽՍՀ կազմի մեջ մտցնելու 1954թ թետրվարի 19-ի պատմական որոշումը: ՌԴ Գլխավոր Դատախազի տեղակալ Սաբինա Կելեխովան ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի՝ ավելի վաղ ՌԴ Գլխավոր դատախազություն ուղարկած հարցադիմումին ի պատասխան՝ նշում է, որ Ղրիմի անցումը Ուկրաինայի ԽՍՀ-ին չի համապատասխանել, ոչ ԽՍՀՄ, ոչ էլ ՌՖՍՀ Սահմանադրության, այլ ընդամենը եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի այնժամվա նախագահ Նիկիտիա Խրուշչովի նախաձեռնությունը: Վերոնշյալ հանգամանքը հնարավորություն է տալիս Ղրիմի անցումը դիտարկել որպես ոչ օրինական, քաղաքական փաստաթուղթ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ Գլխավոր Դատախազության որոշումը ուկրաինական ներկայիս ճգնաժամի շրջանակում կայացված քաղաքական որոշում է, որը ՌԴ բարձրագույն իշխանությունների կողմից պահի գերակայությամբ ընդունված իրավական լուրջ սայթաքում էր, ինչը իրավական տեսանկյունից հետագա վերաձևումների բավականին լայն հնրարավորություններ է պարունակում:

ԽՍՀՄ փլուզման բելովեժյան տարբերակը կարծես՝ իրավական առումով իր հետ պատմության գիրկը տարավ խորհրդային իրականության խութերն ու անհարթությունները: ՌԴ բարձրագույն իշխանություններին հաջողվել էր կապարակնքել խորհրդային «ստատուս քվոյի» անձեռնամխելիությունը, սակայն վերջին աշխարհաքաղաքական ելևէջումները ստիպեցին վերջիններիս քանդել խորհրդային կծիկը, ինչը իրավական նախադեպի դերակատարում կարող է ունենալ:

Չնայած ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյաին շուրջ ձևավորված բացասական ֆոնին՝ վերջինիս ու իր գլխավորած թիմի մասնագիտական կարողությունները թույլ կտան օգտագործել ՌԴ Գլխավոր Դատախազության վերոնշյալ որոշմը որպես նախադեպ ու պատմաիրավական զուգահեռների միջոցով կազմել իրավական փաստաթուղթ, որտեղ պետք է գերակայի հետևյալ հարցադրումը:
       
Արդյո՞ք  էր համապատասխանում ԱԽՖՍՀ և ՀԽՍՀ օրենքներին 1921թ հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ  Կովկասյան Պլենումի արտահերթ նիստի որոշումը, որով ԼՂ և Ադրբեջանի ԽՍՀ միջև առկա սերտ տնտեսական կապերի քաղաքական հիմնավորումը հիմք հանդիսացավ, որպեսզի ԼՂ հանձնվի Ադրբեջանի ԽՍՀ-ին:

Ի դեպ, եթե Նախիջևանի և Ջավախքի պատմականորեն ոչ օրինաչափ անցումը համապատասխանաբար Ադրբեջանի և Վրաստանի ԽՍՀ-ներին տեղի է ունեցել միջազգային ու միջպետական համաձայնագրերի արդյունքում (ինչպես գիտենք, միջպետական և միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը իրավական տեսանկյունից գերակայություն ունեն ներքին օրենսդրական բազայի նկատմամբ) իրավական առումով գրեթե անխոցելի են, ապա ԼՂ հարցում խորհրդային շղարշի ներքո կայացած գործարքը աչքի է ընկնում իրավական փնթիությամբ: Պեք է նշել՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունը բավականին լավ միջավայր է ստեղծել խորհրդային իրականության ցավալի անհարթությունը ջրի երես հանելու համար:

Վերջին օրերին ՀՀ-ում սկիզբ առած սոցիալական դժգոհությունների հետնապատկերին ՌԴ և Հայաստանի բարձրագույն իշխանությունների միջև նշմարվող սիրախաղի շրջանակը կարող էլ ավելի ընկալելի բնույթ հաղորդել իրավական խնդրի քաղաքական ընկալմանը: Համապատասխան մասնագիտական աշխատանքի դեպքում 1921թ հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան Պլենումի և 1954թ փետրվարի 19-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի  որոշումների միջև առկա, հստակ իրավագիտական զուգահեռների անցկացումը (ի դեպ, գործընթացի շարունակականության ապահովման համար Հայաստանը կարող է կանգ չառնել անգամ Ղրիմի անցումը ՌԴ-ին օրինական ճանաչելու առաջ) նոր հարթակ կարող է ձևավորել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ և էականորեն կզսպի միջազգային հանրույթի շրջանում ադրբեջանական սին վայնասունի տարածմանը:

Կարող ենք արդյո՞ք, միանշանակ ցույց կտա ժամանակը, բայց որ վաղուց արդեն ժամանակն է խորհրդային իրականության խութերից և անհարթություններից եկող բողոքն ու վայնասունը փոխարինենք միջազգային հարթակներում ընկալելի ու իրավաչափ գործողություններով, արդեն վաղուց կայացած փաստ է:
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
575 reads | 21.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com