ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ







Պատմականորեն ձևավորված օբյեկտիվ իրականություն է «Կովկասյան թնջուկ» հասկացությունը, որի առարկայական տիրույթում առկա ավանդականությունն ու ազգային գիտակցության և ավանդույթի բարձր մակարդակը փշրում են հասարակաքաղաքական խնդիրների լուծման միջազգայնորեն կիրառվող և հիմնականում արդյունք ապահովող գործիքակազմը:

Օսական, աբխազական, չեչենական, թալիշական ազգային խնդիրների տիրույթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շուրջ երկու տասնամյակ քաղաքագիտկան, քաղվերլուծական  ու քաղաքական պատասխանատու շրջանակների համար օրինակ է, ինչը ցցուն կերպով ի ցույց է դնում գործող միջազգային կարգավորիչ գործիքակազմի սնանկությունը: ԼՂՀ շուրջ ներկայումս ձևավորված դե յուրե և դե ֆակտո կարգավիճակների միջև առկա ներհակությունը քանիցս մեծացնում է խնդրի կարգավորման՝  առանց այն էլ բազմաբնույթ չափորոշիչների բովանդակությունը:

20-րդ դարավերջի և ներկա ժամանակների ԼՂՀ հիմնախնդիրների միջև կա հսկայական տարբերություն, քանզի եթե այնժամ՝ 20-րդ դարի վերջին տասնամյակում խնդրում առկա էր երկու առաջնահերթությունների՝ ազգային ինքնորոշման և տարածքային ամբողջականության բախում (ի դեպ, այս երկու սկզբունքների հակասությունն ինքնին պարտավորեցնում էր Հելսինկյան եզրափակիչ ակտի երրորդ սկզբունքի՝ ուժի չկիրառման կենսագործմանը), ապա արդեն մեր ժամանակներում վերոնշյալ երեք գլխադասային սկզբունքների հետ հավասարության ներքո մրցակցում են միջազգային գործիքակազմի մի քանի այլ դրսևորումներ ևս, որոնց շրջանում աչք է զարնում էներգետիկ գործոնի՝ օրեցօր մեծ արեալ ընդգրկող թելադրանքը: Ներկայիս քաղաքագիտական տերմինաբանության մեջ օրըստօրե ավելանում են գազային, նավթային և էներգետիկ եզրույթները:

Օբյեկտիվ իրականություն է նաև այդ եզրույթների աստիճանական դերակատարության մեծացումը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդրում:

Էներգետիկ գործոնը բիշքեքյան համաձայնագրին նախորդած իրադարձություններից սկսած՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի անքակտ տարրերից մեկն է: Հենց ադրբեջանական էներգակիրների նկատմամբ վերհսկողության հնարավորությունն էր պատճառը, ինչը «կաշառեց» ՌԴ արտաքին քաղաքական պատասխանատու շրջանակներին պետականության կորստի վտանգից սարսափած Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին արցախյան պատերազմում արձանագրված ադրբեջանական պարտությունը իրավականորեն արձանագրելուն: Վերոնշյալի  մասին հրապարակայնորեն քանիցս նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի առաջին համանախագահ Անդրեյ Կազիմիրովը:

Բանակցային գործընթացում էներգետիկ գործոնի ազդեցությունը մեծանում էր Ադրբեջանի ՀՆԱ-ում նավթի ու գազի տեսակարար կշռի բարձրացման հետ: Բանակցային տարաբնույթ զարգացումների շրջանակում հատկապես ուզում եմ կանգ առնել քի ուեսթյան կանգառում (1999թ), երբ ադրբեջանական բարձրագույն իշխանությունները Հեյդար Ալիևի գլխավորությամբ հօգուտ իրենց փայլուն օգտագործեցին ամերիկյան տարածաշրջանային էներգետիկ հետաքրքրությունները՝ բանակցային սեղանին դնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման «քի ուեսթյան» տարբերակը:  

Վերջինիս ամբողջական տեքստը այդպես էլ մնաց գաղտնիության քողի ներքո, սակայն առկա ինֆորմացիոն հոսքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այն ադրբեջանական էներգակիրների տարանցման ամերիկյան տարբերակ էր, որի առաջ անգամ ադրբեջանական իշխանությունները պատրաստ էին հրաժարվել ԼՂՀ-ից: Ըստ «քի ուեսթյան» տարբերակի՝ Ադրբեջանը  ԼՂՀ  շրջանների՝ գումարած Քարվաճառ կամ Լաչին (Ինֆորմացիոն հոսքերում խոսվում է նաև այլ տարբերակների մասին), զիջման դիմաց պահանջում էր ՀՀ-ից Մեղրիի շրջանը: Որի նպատակն էր ուղիղ կապ հաստատել Նախիջևանի Ինքնավար  Հանրապետության և Թուրքիայի հետ:

Այդկերպ Ադրբեջանը առաջին հերթին հնարավորություն էր ստանում իր էներգակիրները ուղիղ ճանապարհով Թուրքիայի տարածքով տեղափոխել Արևմուտք՝ շրջանցելով ՌԴ տարածաշրջանային ազդեցությունը (չպետք է մոռանալ նախորդ դարասկզբից եկող Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ ցամաքային կապ հաստատելու վաղեմի ծրագիրը), ինչպես նաև՝ էլ ավելի սեղմել  Հայաստանի միջտարածաշրջանային շրջափակող օղակը: Քի Ուեսթում թիվ մեկ շարժիչ ուժը էներգետիկ գործոնն էր, որի դիմաց Ադրբեջանը փաստացի հրաժարվեց իր կողմից այժմ փողահարվող «պատմական հայրենիքից»:

Ի դեպ, բրիտանական «Կարնեգիի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վալլը 2004թ հրատարակած «Սև այգի» աշխատության մեջ սևով սպիտակի վրա փաստում էր, որ Քի Ուեսթի տարբերակին առաջինը հավանություն է տվել Հեյդար Ալիևը, իսկ համաձայնագրի դրույթները Ադրբեջանի՝ որպես հակամարտության պահանջատեր կողմի հետ համաձայնեցվելուց հետո նոր միայն քննարկել են ՀՀ գործող իշխանությունների հետ,  ինչը ենթադրում է՝ ադրբեջանկան կողմը ակտիվ մասնակցություն է ունեցել այդ ծրագրի մշակմանը:

Ինչքան էլ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պնդի, որ Քի Ուեսթում ՀՀ դիվանագիտությունը հաղթանակ արձանագրեց, քանզի Ադրբեջանը այնտեղ ճանաչում էր ԼՂՀ ինքնորոշման սկզբունքը, միևնույնն է, Քի Ուեսթը մեծապես էներգետիկ ուղղվածությամբ ամերիկյան պրոյեկտ էր, որով Միացյալ Նահանգները ցանկանում էին թուլացնել Մերձկասպյան տարածաշրջանում ՌԴ-ի և ԻԻՀ-ի դիրքերը, իսկ Ադրբեջանը ժամանակավոր զիջման միջոցով ցանկանում էր էլ ավելի խորացնել Հայաստանի տարածաշրջանային շրջափակումը՝ հետագայում վերջինիս ծնկի բերելու մտադրությամբ:

Քի Ուեսթին ամերիկա-ադրբեջանական ժամանակացույցում հաջորդեցին ոչ թե Աքվիլան կամ Պրահան, այլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը (2003թ ապրիլ), ինչը քիուեսթյան տապալման այսպես կոչված երկրորդ տարբերակն է (План Б), որի միջոցով իրականացավ ամերիկյան կարևոր ռազմավարական նպատակներից մեկը. Բաքու-Նովոռոսիյսկին զուգահեռ ու գերակա ունենալ ադրբեջանական էներգակիրների արտահանման ռուսական ազդեցությունից դուրս գտնվող ճանապարհ: Եվս մեկ ապացույց, որ «քի ուեսթյան» տարբերակի հասցեատերը ավելի շատ ադրբեջանական էներգակիրներն ու Ռուսաստանի Դաշնությունն էին, քան ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման պրոցեսում ներառված Հայսատանի և Ադրբեջանի հանրույթները:

Եթե ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային գործընթացի սկզբնական ժամանակահատվածում էներգետիկ գործոնը ածանցյալ ազդեցություն ուներ, ապա այժմ այն հադիսանում է կարգավորման գործընթացի գործիքակազմի լիարժեք տարր՝ հավասարության հավակնություններ ցուցաբերելով ազգային ինքնորոշմանն ու տարածքային ամբողջականությանը: Ինչպես նաև այն ներկայիս «ստատուս քվոյի» պահպանման հիմնական առհավատչյան է:

Ստեղծվել է առաջին հայացքից մի պարադոքս, որի իմաստը կայանում է նրանում, որ Հայաստանը, չունենալով որևէ տեսակի էներգետիկ ռեսուրս, միջտարածաշրջանային գործընթացներում էներգետիկ գործոնի թելադրանքից կարող հստակ օգուտներ քաղել: «Ստատուս քվոյի» ներկա ձևաչափի պահպանումը միանշանակ էներգետիկ գործոնի իմպերատիվի ներքո է տեղի ունենում և այն հնարավորություն է ՀՀ իշխանությունների ձեռքում մոտակա 20-25 տարիների ընթացքում (մինչև ադրբեջանական էներգառեսուրսների արդյունահանման ավարտը) ստեղծել իրական ժողովրդավարական, միջտարածաշրջանային  համագործակցության մաս կազմող երկիր:

Կկարողանանք, թե կհայտնվենք «քի ուեսթանման» թակարդներում ցույց կտա ժամանակը, բայց որ տարածաշրջանային «ստատուս քվոյին» առայժմ այլընտրանք չկա, ու վերջինիս ժամացույցը մեր ժամանակացույցին համընթաց է, կայացած իրողություն է:
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
877 reads | 02.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com