ԲԱՔՎԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏՆԱՊԱՏԿԵՐԻՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ







Բաքվում անցկացված առաջին եվրոպական օլիմպիական խաղերը կարծես դուրս են զուտ մարզական խաղերի տրամաբանության շրջանակից այնտեղ առկա քաղաքական տարրի բարձր տեսակարար կշռի պատճառով:

Քաղաքակիրթ աշխարհ-Ադրբեջան հակամարտությունը երբեք այսքան,  քաղաքական դեբատների տեսանկյունից, լայն արեալ չի ընդգրկել, որքան Բաքվի մարզական խաղերին նախորդած ժամանակահատվածում: Օլիմպիական խաղերի մի շարք տեսաբաններ սույն մարզական միջոցառումը նմանեցնում են սառըպատերազմյան տարիներին Միացյալ Նահանգների կողմից 1980թ մոսկովյան օլիմպիադայի դեմ ձեռնարկված քաղաքական դեմարշի հետ:

Վերոնշյալի շրջանակում կարծես չիրականացավ ափշերոնյան խանության պատասխանատու շրջանակների հիմնական նպատակը՝ ներկայացնել Ադրբեջանը  եվրոպական քաղաքակրթական համակարգի լույսի ներքո: Հատկապես բրիտանական մամուլում սկիզբ առած հակաադրբեջանական արշավը հօդս ցնդեցրին կրտսեր Ալիևի ու նրա ընտանիքի միլիարդավոր դոլլարների ներդրումն ու հույսերը (ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական իշխանությունները Բաքվի խաղերի կազմակերպման վրա ծախսել են շուրջ 12մլրդ. դոլար), թե իբր ադրբեջանական նավթադոլարները օգտագործվում են ի նպաստ համաշխարհային բարեկեցության ու բարիդրացիականության ոգու հիմնական չափորոշիչ սպորտի զարգացման ու տարածման:

Մինչ Բաքվի խաղերի մեկնարկը հայրենի վերլուծական դաշտում շեքսպիրյան հարցի հավերժականության երանգավորման ներքո բանեցվում էր մեր հավաքականի մասնակցության խնդիրը, լուրջ աշխարհաքաղաքական վերաձևումներ էին տեղի ունենում, որոնց ֆոնին առանձնանում են ադրբեջանկան իշխանությունների կողմից ԵԱՀԿ Բաքվի գործող գրասենյակի փակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցը տարածաշրջան, Բաքվի խաղերի բացմանը ՌԴ նախագահ Պուտինի մասնակցության հետնապատկերին նշմարվող ռուս-ադրբեջանական սիրախաղն, ռուսական Պետդումայում ադրբեջանական լոբբինգի արդյունքում աստիճանաբար շատացող պրոադրբեջանական ելույթների քանակը և վերջապես նույն Ուորլիքի երևանյան բարձրաձայնումները, որոնցից պարզ է դառնում՝ ադրբեջանական իշխանությունները հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի փոփոխման հայտով: Վերոնշյալը քաղվերլուծական շրջանակներում որոշակի աժիոտաժ էր առաջացրել, որտեղ քիչ չեն խաղերի ավարտից հետո հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման պնդումները:

Ռուսական քաղվերլուծական դպրոցի ներկայացուցիչ Պավել Ֆելգենգաուերը, սակայն, նշում է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ՝ որպես այդպիսին, գոյություն չունի՝ իհարկե չբացառելով հետօլիմպիական ժամանակահատվածում լոկալ բախումների հնարավորությունը: Կարող է տարօրինակ հնչել, բայց ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը նույնպես մտնում է ադրբեջանական բարձրագույն իշխանության շահերի տիրույթ, քանզի իրենց կողմից նախաձեռնած Մինսկի խմբի ֆորմատի փոփոխությունը ոչ այլ ինչ է, քան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդրի ձգձգում: Հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերություններին լոկալ բախումներ հաղորդելով՝ ադրբեջանական վերախավը ընդամենը տոնուսի մեջ է պահում իր բնակչությանը, իսկ միջազգային ատյաններում ինչ-ինչ նախաձեռնություններով հանդես գալը ընդամենը ներքին լսարանի համար էժանագին (ի դեպ, առերևույթ էժանությունը ֆինանսական առումով շատ թանկ է նստում իրենց վրա) բեմականացում է, որի նպատակ կարող է լինել ամենը, բայց ոչ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը:

ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերների տիրույթում թեև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը դոմինանտ տեղ է զբաղեցնում, սակայն մոտակա ժամանակահատվածի ռազմաքաղաքական կոմպոնենտում լայնամասշտաբ պատերազմական գործողություններ այնտեղ չեն նախատեսվում: Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոնում չկան ինֆորմացիոն այնքան հոսքեր, որքանի որ տիրապետում են ՀՀ և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները: Վերոնշյալի հետնապատկերին մի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ ՀՀ ռազմաքաղաքական դաշտում, ինչը ևս վկայում է, որ ինֆորմացիոն արտահոսքերը այն մասին, որ Բաքվի մարզական խաղերից հետո ադրբեջանական ագրեսիան ՀՀ նկատմամբ մեծ ծավալներ է ընգրկելու, ընդամենը հորջորջանք են: Զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ տվյալ դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին տեղափոխեց ՀՀ զինված ուժեր այլ աշխատանքի: Ռազմական արվեստի տեսաբանները միաբերան պնդում են, որ խոշոր ռազմական բախումների նախօրյակին զինվորական բարձրագույն հրամանատարության պաշտոնեական տեղաշարժերը շատ վտանգավոր են, գրեթե  բացառվում են: Եվս մեկ փաստարկ, որ փաստում է ԼՂ հակամարտության մոտակա զարգացումներում խոշոր բախման հնարավորությունը բավականին նվազ է:

Ամենաէական գործոնը, որ գրեթե զրոյական է դարձնում ԼՂ հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին մեծածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը, ափշերոնյան հատվածում էներգակիրների հարուստ պաշարների առկայությունն է:

Երբեմն փորձ է արվում կասկածի տակ դնել արդի աշխարհաքաղաքական վայրիվերումների իմպերատիվն իր վրա կրող «քանի հոսում է Բաքվի նավթը, Ադրբեջանը  պատերազմի չի գնա» արտահայտության իսկությունը՝ որպես օրինակներ ծառայեցնելով իրաքյան երկու պատերազմները, Մերձավոր Արևելքում ընթացող մարտերը կամ էլ ծայրահեղական ուժերի կողմից հրահրվող ռազմական գործողությունները Նիգերիայում: Թե իրաքյան պատերազմները սկսած Միացյալ Նահանգները, թե Սիրիայի և Նիգերիայի ծայրահեղական ուժերը լայնածավալ ռազմական գործողությունների են գնացել որպես հիմնական նպատակ ունենալով՝ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող նավթահորերին տիրելը: Իրաքյան բռնապետության տապալումը կամ էլ շարիաթի օրենքների հաստատումը Նիգերիայում ոչ այլ ինչ էր, քան՝ հիմնական նպատակը քողարկող շպար: ՀՀ երբեք Բաքվի նավթահորերին տիրելու անգամ քողարկված հավակնություն չի ունեցել, այնպես որ վերոնշյալ օրինակները հայ-ադրբեջանական հակամարտության վերլուծական պատկերին էական դերակատարում ունենալ չեն կարող:

Բաքվում կայացած օլիմպիական խաղերը, ողջ քաղաքական արսենալով հանդերձ, ընդամենը մարզական միջոցառում են, որին մեր մարզիկների մասնակցությունը ոչ այնքան լեգիտիմություն հաղորդեց, այլ մեր ըմբիշներից յուրաքանչյուրի հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ, լրացուցիչ անգամ ի ցույց դրեց ադրբեջանական ռազմական հռետորաբանության՝ քաղաքակրթության արդի օրակարգերի հետ ունեցած անհամապատասխանությունը:
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
885 reads | 22.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com