ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ «ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ» ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ







ԵՄ “Արևելյան գործընկերության” Ռիգայի գագաթնաժողովը ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ եվրոպական քաղաքական օրակարգում  անկյունաքարային շրջադարձ արձանագրեց: Այն մասնավորապես վերաբերում է ԱՊՀ տարածաշրջանին, քանզի ընդունված նոր խաղի կանոնների շրջանակում ԱՊՀ-ն այլևս չի դիտարկվում  որպես միասնական աշխարհագրական արեալ, իսկ եվրոպական քաղպատասխանատու շրջանակների մոտ նկատվում է հստակ պատրաստակամություն նախկին խորհրդային երկրների նկատմամբ կիրառել առանձնացված մոտեցում:

Եվրոպացիների մոտ ԱՊՀ տարածաշրջանի նկատմամբ միգուցե օբյեկտիվորեն  ձևավորված ընդհանրական վերաբերմունքի արմատները բացատրվում էր եվրոպական վերլուծական կենտրոններում դեռևս պահպանվող սառըպատերազմյան թեկուզև տրանսֆորմացված գործիքակազմի առկայությամբ, որի դրույթների հրամայականն էր դիտարկել Ռուսաստանը որպես ԽՍՀՄ ժառանգորդ և Չերչիլի կողմից շրջանառության մեջ դրված Շտետինից դեպի Ադրիատիկ ձգվող “Երկաթե վարագույրը” հնարավորինս տեղաշարժել դեպի Արևելք:  Գուցե նախորդ դարի 80-90-ականներին նախկին ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում  արձանագրված սոցիալ-տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական անկման արդյունքում աշխարհաքաղաքական պրոցեսներից Ռուսաստանի աստիճանական դուրսմղումն էր պատճառը, որ եվրոպական վերլուծական կենտրոնները այդպես էլ չկարևորեցին հետխորհրդային տարածաշրջանի նկատմամբ նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը:

Վերոնշյալի արդյունքում եվրոպական քաղաքական օրակարգը  հետխորհրդային տարածաշրջանում՝ մասնավորապես ԱՊՀ-ում, ընդամենը նախկին Վարշավյան դաշինքի երկրներում արդյունք ապահոված ծրագրի պատճենն էր: Օգտագործելով երկրներում առկա սոցիալ-տնտեսական դժվարություններն ու քաղաքական ինտիտուտների անկատարությունը՝ թավշյա հեղափոխությունների միջոցով աստիճանաբար դեպի Արևելք տեղաշարժել “Երկաթե վարագույրը”: 

Հաջողված փորձերը Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում կարծես ստիպեցին հավատալ Եվրոպային  նախընտրած ճանապարհի ճշմարտացիությանն ու հետագա արդյունավետությանը: Սակայն ուկրաինական ճգնաժամը ի ցույց դրեց սառըպատերազմյան գործիքակազմի սնանկությունը, որի ապացույցն է կողմերի ընկրկելու ու դիմացինի հետաքրքրությունների հետ հաշվի նստելու կարողությունը, ինչի ականատեսը դարձանք վերջերս Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններից, որտեղ աչք են զարնում հետևյալ առաջնահերթությունները.

Ուկրաինայի շուրջ կայացվելիք որոշման վերջնական տարբերակը պետք է մշակվի Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ, որտեղ չպետք է անտեսվեն վերջինիս տարածաշրջանային հետաքրքրությունները ԵՄ “Արևելյան գործընկերության” շրջանակում տարբերակված մոտեցում է ցուցաբերում Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի նկատմամբ:

Տարբերակված մոտեցումը պահպանվում է անգամ “Ասոցացման” փաստաթուղթը կնքած Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պարագայում, որի շրջանակում երկրների հետ նախատեսվում է տարաշերտ տնտեսական համագործակցություն:

Աշխարհաքաղաքական տեսանկյունից Ռիգան արձանագրեց եվրոպական միասնական քաղաքականության մեջ ռազմավարական կարևորագույն շրջադարձը, որը իր հետագա վերաձևումները կստանա նաև ԵՄ-ի միջտարածաշրջանային համագործակցության ենթատեքստում, համոզված եմ՝ այդ վերաձևումները դրական երանգավորմամբ էական փոփոխությունների լուրջ բազա կապահովեն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում:

Եվրոպական ընդհանրական ու համահարթեցնող քաղաքականությունն Անդրկովկասյան տարածաշրջանում ոչ միայն չնպաստեց առկա խնդիրների լուծմանն, այլև իր հետ որակական նոր խնդիրներ առաջ բերեց:  Հենց տարածաշրջանային ընդհանրացման արդյունք են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փակուղին, Հարավային Օսիայի և Աբխազիայի չճանաչված Հանրապետությունները:

ԵՄ–ի կողմից Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն հարթության վրա դիտարկելու ռազմավարությունը էապես փոխվեց այս տարվա հունվարից, երբ ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող վայրիվերումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոռլիքը առաջին անգամ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացի սկզբից՝ առանձնացված մոտեցում ցուցաբերեց հակամարտ կողմերի նկատմամբ՝ միջսահմանային հատվածում ադրբեջանական ներթափանցման սադրիչ փորձերին տալով արժանավույն գնահատական:

ԵՄ արտաքին քաղաքականության մեջ արձանագրված ռազմավարական շրջադարձը (ի նկատի ունեմ՝ “Արևելյան գործընկերության” շրջանակում ընդհանրական վերաբերմունքից դեպի առանձին մոտեցման անցումը) խառնեց Ադրբեջանի խաղաքարտերը, որով էլ հենց բացատրվում է հարևան պետության Ռիգայի գագաթնաժողովի շրջանակում բարձրացրած հիստերիան և եզրափակիչ ակտի կնքման գործընթացի վիժեցման անհաջող փորձերը: Եթե ամերիկացի համանախագահի հունվարյան հայտարարությունը հայրենի քաղվերլուծական դաշտի կողմից հաճելի բացառություն որակվեց, ապա ներկայիս ադրբեջանական ցուպցվանգային հիստերիան թույլ է տալիս Ուորլիքյան որակված բացառությունը վերածվել օրինաչափության: Իսկ առաջին ծիծեռնակները  սպասեցնել չեն տալիս. Յոհանես Հան (ԵՄ ընդլայնման հարցերի հատուկ հանձնակատար), Մարտին Շուլց (Եվրոպական Խորհրդարանի նախագահ) եվրոպական քաղաքական աստիճանակարգում բավական բարձր տեղ զբաղեցնող պաշտոնյաներ, ովքեր Ադրբեջանի հասցեին հնչեցված կոշտ քննադատությանը զուգահեռ՝ առանձնացրեցին ԵՄ-ի հետ քաղաքական օրակարգ ձևավորելու Հայաստանի պատրաստակամությունը:

Ի սկզբանե ձախողված (ավելի ճիշտ ձևակերպում կարող է համարվել հայանպաստ) կարելի է համարել ԼՂ հիմնախնդիրը ամբողջովին ռուսական քաղաքական օրակարգ տեղափոխելու Ադրբեջանի վերջին փորձերը, քանզի ՌԴ-ում Հայաստանի քաղաքական ներկայացվածությունը լիովին բավարար է ռուս-ադրբեջանական ի հայտ եկած սիրախաղում ՀՀ շահերը չերկրորդելու համար: Ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի կայացրած ընտրությունը հօգուտ Ծիծեռնակաբերդի բավական հուսադրող է և հիմք է տալիս պնդելու, որ ռուսական ճակատը իր ողջ ներհակությամբ հանդերձ պրոհայկական տարրեր է պարունակում:

Ինչևէ, Ռիգայի գագաթնաժողովում արձանագրված կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը ինքնին նոր մարտահրավեր է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը կազմող պատասխանատու շրջանակների համար: Սկսված վերաձևումներում ադրբեջանաթուրքական տանդեմի աստիճանական թուլացումն ու վերջիններիս անհամապատասխանությունը եվրոպական քաղաքակրթական արժեհամակարգի դրույթներին էապես թուլացնում է ՀՀ-ի նկատմամբ անթաքույց թշնամանքով լցված տանդեմի դիրքերը միջտարածաշրջանային գործընթացներում: Համապատասխան “տնային աշխատանքի”  պարագայում  իրանական գործոնի ակտիվ ներգրավմամբ հնարավոր է անգամ բացասման ենթարկել թուրքական տանդեմի տարածաշրջանային դոմինանտության այնքան չարչկված տեսությունը:
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
826 reads | 10.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com