ՀՐԱՊԱՐԱԿ ՆԵՏՎԱԾ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՊԱՏՄԱՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄԵԹՈԴԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ






Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հասարակաքաղաքական մարտահրավերների առաջադրած քաղաքական ու իրավական նորմերի շրջանակում Սահմանադրությունն է այն հիմնարար իրավական փաստաթուղթը, որի հենքին էլ հենց կայանում են իրավունքն ու պետության կենսագործունեությունն ապահովող քաղաքական նորմերն ու իրավական փաստաթղթերը:

Սահմանադրական իրավունքի ու սահմանադրության էվոլուցիոն զարգացման աստիճանական ընթացքի պատմահամեմատական վերլուծությունը, սկսած սպարտայական բանավոր նորմերից մինչև օրս, թույլ է տալիս հստակ արձանագրել հետևյալ քաղաքագիտական հիպոթեզը, որը արդեն վաղուց կանոնի է վերածվել. Ժողովրդավարական հասարակություններում սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ հասարակությունում առկա է խորը քաղաքական ճգնաժամ՝ կապված գործող Սահմանադրության շրջանակում պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման անհնարինության, կամ էլ քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձային զարգացման հետ:

Վերոնշյալի հետ կապված  բավական նյութ է պարունակում տարբեր երկրների քաղաքական պատմության ուսումնասիրությունը: Եթե շարունակենք այս տրամաբանությամբ, սահմանադրական փոփոխությունների բավական ստացված օրինակներ արձանագրվեցին նախկին Վարշավյան դաշինքի երկրներում (Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա և այլն), երբ այդ երկրների քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձային փոփոխությունը կարիք էր զգում սահմանադրական արձանագրման:

Պատմության ընթացքում օրինակները շատ են ու տարաբնույթ, որոնց շարքում կարելի է դիտարկել Վայմարյան սահմանադրությունը հետառաջինաշխարհամարտյան Գերմանիայում, ֆրանսիական սահմանադրության փոփոխությունները Դը Գոլի կառավարման տարիներին, հարևան Իրանում քաղաքական կուրսի փոփոխման հետ կապված նոր իսլամական սահմանադրության ընդունումը և այլն: Ի հակադրումն վերոնշյալի՝ պատմության դարանում քիչ չեն նաև սահմանադրական փոփոխությունների փորձերը ու բուն փոփոխությունները, որոնք իրականացվել են տվյալ պատմական ժամանակահատվածում գործող իշխանությունների կողմից, որոնք միայն ու միայն հետապնդում էին ներքաղաքական ու, ավելի շատ, անձնապաշտական բնույթ:

Մեր ժամանակներում էլ քիչ չեն  սեփական իշխանության երկարաձգման փորձերն ու օրինակները, հատկապես հետխորհրդային տարածաշրջանում: Ափշերոնյան մեր այսպես կոչված հարևանը, որտեղ խանական իշխանության հաջորդականությունը ապահովելու համար սահմանադրական փոփոխությունների դիմեցին: Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան,  Ռուսաստան,  երկրներ, որտեղ իշխող վերնախաղը վերարտադրման վեգետատիվ բացատրությամբ սահմանադրությունը օգտագործում են որպես միջոց: Այդ քաղաքական տենդենցը չի սահմանափակվում միայն հետխորհրդային տարածքով, Թուքիայում Էրդողանի վարչակարգը ձևափոխեց Սահամանդրությունը իշխանությունը պահպանելու համար, (ի դեպ Թուրքիան առաջատարն է իշխանական ճգնաժամերով պյամանավորված սահմանադրական փոփոխությունների տեսանկյունից), Չաուշեսկուի ռեժիմը Ռումինիայում անդունդը գլորվող իշխանությունը պահպանելու համար փորձ արեց սահմանադրական փոփոխություններ ձեռնարկել:  Վերոնշյալ փաստագրական բազան ևս մի անգամ փաստում է Սահմանադրության կենդանի օրգանիզմ լինելու մասին տեսությունը, որի համաձայն, ցանկացած կենդանի օրգանիզմ կարիք ունի ու ենթադրում է ժամանակի ընթացքում ու ժամանակի կնիքը կրող փոփոխությունների հնարավորության:

Իրականում այսօր Հայաստանում առկա է քաղաքական խոր ճգնաժամ, սակայն գոյություն չունի քաղաքագիտական որևէ օրինաչափություն քաղաքական ճգնաժամը կապել գործող սահմանադրության անգործության հետ: Քանզի առկա ճգնաժամը ավելի շատ սոցիալական, տնտեսական ու իրավական կիրառելիության արմատներ ունի, քան՝ իրավական սահմանադրական: Ստեղծված քաղաքական պարադիգմայի շրջանակում գործող իշխանությունների սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես հասարակության առջև ծառացած առկա խնդիրներից շեղվելու  քաղաքական հնար և որպես եղածի նոխազ սահմանադրական ինստիտուտը օգտագործելու միջոց: Գործող հասարակարգի իրավիճակային ուսումնասիրումը ցույց է տալիս, որ առկա ներքաղաքական խնդիրների արեալը ավելի շատ իրավական ու հոգեբանական որոշակի ձեռնարկումներ է պահանջում, որի հնարավորությունը գործող սահմանադրական ինստիտուտը միանշանակ ընձեռնում է:

20-րդ դարի 30-ական թվականները խորհրդային երբեմնի իրականության ամենագորշ ու դժվար տարիներն էին: Արտաքին քաղաքական մեկուսացումն ու, այսպես կոչված, ստալինյան բեկման քաղաքականության մեջ թույլ տրվված սխալները հանգեցրին «Գոլոդոմորի» տարիներին, որին զոհ գնացին խորհրդային հարյուր-հազարավոր քաղաքացիներ: Բարձրագույն կուսիշխանության կողմից «ռեֆորմիստական» կամ «տրոցկիստական» որակումները այլևս էական ազդեցություն չէին թողնում բարձրացող հասարակական դժգոհության ալիքը մեղմելու գործում: Գործող կուսիշխանությունը Ստալինի անմիջական առաջնորդությամբ ձեռնամուխ եղավ սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ առկա դժգոհությունների պատճառը կապելով ԽՍՀՄ գործող Սահմանադրության խոցելիության հետ:

Բոլոր Խորհրդային հանրապետություններում պատասխանատու կուսանձնակազմը կոլխոզից կոլխոզ սահմանադրական բարեփոխումների քննարկումներ կազմակերպեց կթվորուհիներից, հնձվորներից ու հովիվներից կազմված սոցիալիստական «ինտելեգեցիայի» հետ: Շուրջ երկու տարի տևած բաց քննարկումները հանգեցրին 1936թ. ժողովրդի կողմից ստալինյան սահմանադրություն անվանված նախագծի ընդունմանը: Սահմանադրական իրավունքի տեսանկյունից ստալինյան սահմանադրությունը հումանիզմի, իրավունքի ու ժողովրդավարության նորմատիվային բազայով ավելին էր, քան շատ եվրոպական երկրների տվյալ պատմական ժամանակահատվածում գործող սահմանադրությունները: Ինչպես ասում են, սահմանադրությունը՝ սահմանադրություն, բայց խորհրդային իրականության մեջ 36 թվականին հաջորդեց 37 թվականը, երբ այլախոհության դեմ պայքարը գերակայություն հաստատեց սահմանադրության նկատմամբ, և իշխանությունը պահպանելը դարձավ գերակա ու ամեն գնով իրագործվելիք տարբերակ:

Ասում են՝ պատմությունն ապագայի հայելին է, որտեղ մեր ընդհանուր անցյալի պատկերներն են ուրվագծվում: Զուգահեռները մեր իրականության հետ, կարծում եմ, ավելորդ չեն, որից, ինչպես տեսնում եք, նույն միակուս իշխանության գարշահոտն է գալիս:
 
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
953 reads | 16.07.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com