«ՄԵՐԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ Է, ՈՉ ԹԵ ՄԱՅԴԱՆԸ» ՊԱՍՏԱՌԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՀՀ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ

ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ





ՀԷՑ ՓԲԸ կողմից հայրենի սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտը ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, ու վերջինիս կողմից հայտի մասնակի բավարարումը լուրջ հանրային դժգոհության ալիք բարձրացրեց: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամների բարձրացրած քաղաքացիական անհնազանդության ակցիաները հասարակական լայն աջակցություն ստացան, որի առարկայական դրսևորումների հիմնական ցուցիչը Երևանի Ազատության հրապարակից սկսած ու Բաղրամյան պողոտայում շարունակություն ստացած նստացույցն է:  

Հաջորդ բնորոշիչ տարրը բողոքի վերոնշյալ ակցիային ՀՀ Ոստիկանության  ոչ ադեկվատ արձագանքն էր, որ շատ արագորեն հայտնվեց համաշախարհային մամուլի տիտրերում:

Իհարկե, Հայաստանի նման տասնամյակներ շարունակ անցումային փուլում խարխափող երկրների համար բողոքի անհնազանդության ակցիաները, պետք է որ, ոչ օրինաչափ չհամարվեն, սակայն անգամ 2008թ. փետրվար-մարտ ամիսներին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի բարձրացրած համաժողովրդական հուժկու ալիքն ու վերջինիս նկատմամբ գործող վարչակարգի բիրտ արձագանքը, որ 10 քաղաքացիների կյանք արժեցավ, նման ինտենսիվ լրագրողական ուշադրության չարժանացավ համաշխարհային մեդիադաշտի կողմից: Համաշխարհային լրատվամիջոցների արձագանքի ներկայիս արագությունն ու որակական կողմը այլնի մասին են խոսում:

Հատկապես լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս միջազգային մեդիաոլորտի հայկական քրոնիկոնի որակական կողմը: Որոշակի բացառություններով, թե արևմտյան և թե ռուսական մամուլը Երևանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկեցին Արևմուտք-ՌԴ առկա կոնֆրոտացիայի պրիզմայով:

Ռուսները չգիտես որտեղից Երևանում «մայդան» էին փնտրում ու գտնում: Ռուսական մեդիադաշտը իր պնդումներում հավանաբար տեսնում էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Սերժ Սարգսյանի կառավարման պարադիգմաների միջև օբյեկտիվորեն առկա տարածաչափական զուգահեռների հատումն ու դեպքերի բերմամբ՝ ինտուիտիվ վտանգ էր տեսնում՝ ահազանգելով ռուսական տիրույթից ՀՀ հնարավոր «աութի» մասին (ի դեպ, ներքաղաքական հետագա զարգացումների համար բավական վտանգավոր երանգներ է պարունակում Յանուկովիչ-Սարգսյան քաղաքական զուգահեռների մատնանշումը): Իհարկե, աստիճանական զարգացումներին զուգահեռ՝ ռուսական վերլուծական շրջանակներում սկսեց երևալ օբյեկտիվության տարրը: Վերջիններիս՝ իրենց պատասխանատու օղակներին ուղարկված մեսիջները արդեն սահմանափակվում էին Интер РАО-ЕЭС-ի դուստր ձեռնարկություն ՀԵՑ-ում առկա վատ մենեջմենթի մասին տեղեկությամբ, որը, սակայն, չի նվազեցնում Հայաստանից եկող վտանգների որակական կողմը, քանզի ՀՀ իշխանությունը նույնպես ներքաշված է  այդ վատ մենեջմենթ կոչվածի առարկայական տիրույթում:

Ռուսական քաղվերլուծական շրջանակում բավական հայտնի Վ. Դուբնովը «Независимая газета»-ում հրապարակած   «Для Кремлья по кайфу, здесь проблема Саргсяна»  արտահայտությամբ փորձում է Հայաստանում բարձրացած հակառուսական տրամադրությունների հիմքում տեսնել Սերժ Սարգսյանի ոչ արդյունավետ կառավարման մոդելը: Սարգսյանական կառավարման մոդելի թերացումներն են նաև բարձրաձայնում արդեն Կրեմլին ավելի մոտ կանգնած աղբյուրները, ի դեմս Պեսկովի, Մարկեդոնովի ու Աղանբեկյանի, ովքեր տարբեր երանգավորմամբ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների հիմքում առանձնացնում են ծանր սոցիալական ու տնտեսական գործոնները:
 
Լրիվ այլ պատկեր էր նշմարվում հայաստանյան բողոքի ակցիաների արևմտյան լուսաբանման պատկերին, որտեղ  հստակ ուրվագծվում է  հակառուսական տրամադրությունների նշագրումներ: Ըստ արևմտյան վերլուծականների՝ Երևանում հավաքված ցուցարարները բողոքում են ՀՀ-ում ռուսական ներկայացվածության բարձր մակարդակից՝ իրադարձությունները տեղափոխելով աշխարհաքաղաքականորեն ձևավորված հակառուսականության ճակատ:

BBC-news և Euronews մեդիագործակալությունների օբյեկտիվ մեկնաբանմանը զուգահեռ՝ հակառուսականության հայկական տարբերակը  ալիքը արագորեն տարածվեց արևմտյան մամուլի էջերում, որին  էլ ավելի լայնբնույթ հաղորդեցին հունիսի 23-ի արշալույսին ՀՀ ոստիկանության գործողությունները Բաղրամյան պողոտայում: Շատ վտանգավոր է ՌԴ իշխանություններին  ՀՀ կառավարող օղակների հետ նույնականացնելու հայկական մասնագիտական սահմանափակ շրջանակներում սկիզբ առած տեսակետի արտահանումը Արևմուտք, որը աշխարհաքաղաքական նոր իրողությունների ներքո՝ ՀՀ ինքնիշխանության դենոնսացիայի վտանգներ է պարունակում: Վերջին իրադարձություններին արևմտյան մեդիա ու վերլուծական շրջանակների արձագանքը ցույց տվեց այդ վտանգի իրողության աստիճանական մեծացումը:

Ինչևէ, մատնաշելով վերոնշյալի բացասական կողմերը՝ պետք է փաստել՝ Հայաստանի տարածաշրջանային խաղացողի կարգավիճակը աստիճանաբար վերածվում է աշխարհաքաղաքականի: Պատմականորեն ձևավորված իրողության համաձայն՝ մի տեսակ վատ ավանդույթ էր ձևավորվել, որ մենք ապրում ենք Աստծո ու բոլորի կողմից մոռացված տարածաշրջանում, որտեղ կարելի է քաղաքակիրթ կոչված աշխարհի լուռ հայացքի ներքո մի ողջ ազգ ոչնչացնել: Կարծես՝ հարմարվել էինք՝ մեր ու համաշխարհային մեդիաոլորտի ու ընդհանրական հանրույթի հետ համագործակցությունը պետք է սահմանափակվի «Հայոց ցեղասպանության» ոգեկոչման արարողություններով, հայկական մշակութային հարուստ ժառանգությամբ, մեր կոնյակով, շախմատով, Հենրիխ Մխիթարյանով, իսկ լավագույն դեպքում՝ Ազնավուրի, Թանգյանի կամ էլ Քարդաշյան քույրերի Հայաստան այցելություններով: Ուստի քաղաքականության առավել ևս աշխարհաքաղաքականության շրջայցը Հայաստան մի տեսակ ոչ կոմֆորտ զգացողություն է առաջացրել մեր պատասխանատու շրջանակների մոտ:

Ձևավորված իրողության համաձայն (ինչքան էլ ուզենք, թե չուզենք)՝ Հայաստանը հայտնվել է Արևմուտք-ՌԴ հակամարտության կիզակետում, որտեղ կողմերը ջանք չեն խնայում ու չեն էլ խնայելու իրենց հետաքրքրությունների շրջանակը մեր երկրում ընդլայնելու համար: Ինչպես արդեն քանիցս նշել եմ, ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը ոչ միայն նոր իրողության ու մրցավազքի կանոներ սահմանեց, այլ ՀՀ բարձրաստիճան շրջանակներին ուղղված յուրատեսակ «տնային աշխատանքի» (չակերտներում առված տերմինը շրջանառության մեջ է հայտնվել Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի կողմից) հանձնարարական էր:

Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին մի տեսակ երկրորդ պլան էին մղվել ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկու երևանյան մամուլի ասուլիսը, Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի աշխատանքային այցելությունները Հայաստան: ԹԵ Նովակովսկին, թե Զաորալեկը ՀՀ պատասխանատու շրջանակներին փոխանցեցին հայ-լեհական ու հայ-չեխական առևտրական շրջանառությանը զարկ տալու իրենց երկրների պատրաստակամությունը: Հատկապես  հետաքրքիր մեսիջներ է պարունակում Նովակովսկու այն հայտարարությունը, որ հայ-լեհական առևտրաշրջանառությունը կրկնապակելու օբյեկտիվ գործոններ են ի հայտ եկել, որտեղ շեշտը պետք է դրվի ՀՀ-ից գյուղատնտեսական ու հանքարդյունաբերական արտադրանքի արտահանմանը: Վերոնշյալով Եվրոպան հստակ ուղերձ է ուղարկում Հայաստանի իշխանություններին, որ Հայաստանի՝  ԵԱՏՄ քաղաքական ու տնտեսական արեալում գտնվելը չի խանգարում՝  ՀՀ հետ տնտեսական համագործակցությանը թափք հաղորդվի, և Եվրոպան այլևս չի կառչում Արևելյան գործընկերության փաստաթղթի տնտեսական տարրի ԵԱՏՄ հետ անհամատեղելիությունից: Ի դեպ, Լեհաստանի դեսպանի երևանյան հայտարարությունը Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական նոր վայրիվերումների հստակ մեսիջ է պարունակում, քանզի Լեհաստանը համարվում է  հակառուսականության պայքարի արևելաեվրոպական առաջատարն ու հիմնական խաղացողը:

ՌԴ արձագանքը՝ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի այցով, նույնպես կարևորվում է, քանզի ըստ այդմ Ռուսաստանը ՀՀ իշխանություններին հասկացրեց իրենց հետաքրքրությունների տիրույթում Հայաստանի զբաղեցրած կարևոր դերակատարման մասին: Պերմյակովի արտահանձնումը Հայաստանին ավելի լայն քաղաքական տարր էր պարունակում, քան անվտանգության ոլորտում ՀՀ-ին հատկացված 200 մլն. դոլլարի հատկացումն ու ՀԷՑ-ում կատարվածի շուրջ միջազգային աուդիտի անցկացման համաձայնությունը:

Ինչպես հասկանում ենք, հայերենը դարձել է աշխարհաքաղականության արդի պարադիգմայի բանակցային լեզուներից մեկը, որը մեր քաղաքական օրակարգ է ներմուծել «և, և»-ի կամ առկա բևեռներից յուրաքանչյուրի հետ սեփական շահով առաջնորդվելու կարողությունը: Միջտարածաշրջանային հարաբերություններում, առավել ևս աշխարհաքաղաքականության շրջանակում կրակից շագանակներ հանելը դիվանգիտական արվեստ է, սակայն հրամցված շագանակներից ճիշտ չօգտվելն արդեն «ապոլիտիկ» հիմարություն, որի ճամփաբաժանին կանգնել են մեր բարձրագույն իշխանությունները: Մեր պարագայում հիմարությունից դիվանագիտություն ձգվող արահետում «սառնորակ աղբյուրով» առաջին կանգառը կարող ենք կառուցել, եթե ի տրիտուր ամենի ու բոլորի ցույց տանք, որ «մերը Բաղրամյան պողոտան է, ոչ թե Մայդանը»:

ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1497 reads | 29.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com