ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԶԵՐԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ







Խորհրդային իրականության խութերն ու անհարթությունները ընդհանուր անցյալի վերախմբագրման պատճառ չեն կարող լինել: 74 տարի առաջ հունիսի 22-ին տեղի ունեցած գերմանական զորքերի ներխուժումը խորհրդային տարածք ընդամենը դրվագ էր Երկրորդաշխարհամարտյան քրոնիկոնում, ինչը հայոց պատմական տարեգրության դժվարին, հակասականության ներքո հաղթության կռման հերթական դրվագներից մեկն է:

Ներկայիս Արևելք-Արևմուտք հարաբերությունների սրման ֆոնին արևմտյան քաղաքական և մշակութային  օրակարգում  տեղ գտան անցյալի վերախմբագրման ինչ-ինչ փորձեր, որը որպես տենդենց արդեն լայն ընդգրկում է ստացել: Ցավով պետք է արձանագրեմ, որ արևմտյան քաղաքական օրակարգը ձևավորող պատասխանատու կենտրոնները առաջնորդվում են պատերազմական իրավիճակներին բնորոշ միջոցների մեջ խտրականություն չդնելու առաջնայնությամբ:

Արևելքը քաղաքակրթելու ճանապարհին կանգնած ռուսական արգելքն ու վերջինս առարկայական մարմնավորումը ստացած նախագահ Պուտինից եկող այսպես կոչված վտանգը շրջանցելու  համար վերջիններս կանգ չեն առնում անգամ պատմության անխախտ սյուները թուլացնելու պատվիրված պարտականության առջև: Մարդու իրավունքները քաղաքակրթական գերագույն արժեք հռչակած արևմտյան կենտրոններում բացահայտ դենոնսացիայի է ենթարկվում էթնիկական ծագման հողի վրա տեղի ունեցած ամենամեծ ողբերգության՝ ֆաշիզմի վտանգի կասեցումը:  

Քաղաքական օրակարգի առկայությունը պետության կայացման դրսևորումներից հիմնականն է, բայց երբ քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքի ներքո կամ սեփական ժողովրդի շարունակականության առհավատչյան փնտրվում է այլնի մերժմամբ ու անցյալի վերախմբագրմամբ, արդեն ինքնին լուրջ վտանգ է պարունակում:  Շատ առաջնորդներ մոռանում են անգամ սառըպատերազյան տարիների էսկալացիային Ֆուլտոնյան ճառով անմիջական սկիզբ հաղորդած, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը իր խոսքում գլուխ խոնարհեց ռուս (տվյալ պարագայում խորհրդային) ժողովրդի ու նրա առաջնորդի առջև համատեղ աշխատանքում հաջողություն ունենալու համար:

Այո, «ստալինիզմը», ինչպես Վատիկանում արդարացիորեն նշեց Հռոմի  Ֆրանցիսկոս Ա Պապը, չարիք է, որը դեռևս չի ստացել իր արժանի գնահատականը, սակայն պատմական բացի լրացումը երբեք չի նախատեսում՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ներքաղաքական ինչ-ինչ դիվիդենտների համար երկրորդաշխարհամարտյան տարիներին տեղի ունեցածը գլխիվայր շրջի ու Խորհրդային զորքերի երկրորդաշխարհամարտյան գործողություններին օկուպացիոն բնույթ հաղորդի: Ինչպես դիպուկ նշել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, արևմտյան շատ ղեկավարների կողմից Ռուսաստանի հետ ունեցած հարցերը լուծելու անցյալի մերժման ճանապարհը սխալ է ու հետագա նոր խնդիրներ է ծնելու:

Բազմաբնույթ ուղղվածությամբ աչքի ընկնող հայ-ռուսական հարաբերությունների շրջանակն այնքան էլ հարթ չի: Հատկապես, որ վերջինիս շրջանակում ոչ միշտ է թելադրում հավասարության սկզբունքը: Հատկապես հայրենի ռազմավարական որոշ ուղղություններում առկա ռուսական մենաշնորհն ու ԼՂՀ հակամարտության չլուծվածության պայմաններում ՌԴ դերակատարման ոչ միշտ բարեկամական դրսևորումները միջպետական հարաբերություններում որոշակի ռեզոնանսների տեղիք են տալիս:

Ռուսական կողմի այսուայն բացատրությունների ֆոնին մեր պատասխանատու շրջանակների շուրթերից բազմիցս հնչող ՀՀ համար ռուսական ուղղության նկատմամբ եղած այլընտրանքի բացակայությունը ի սկզբանե միջպետական հարաբերություններին անհավասար բնույթ են հաղորդում: Վերոնշյալը քաղաքական իմպերատիվ է, որը լուծում է պահանջում ու դեռ պահանջելու է գործող ու դեռևս ձևավորվելիք ՀՀ իշխանություններից: Սակայն ներկայիս քաղաքական հարցերը երբեք չեն ենթադրում անցյալի մերժում, ինչով առաջնորդվում է ներկայիս Եվրոպան:

Հայրենի քաղաքական տիրույթում էլ քիչ չեն շրջանակները, ովքեր պնդում են Հայրենական պատերազմում արձանագրված հաջողությունները տեղ չունեն հայի արժեհամակարգային տիրույթում: Վերջիններս պնդում են, որ Բեռլինում քոչարի պարողներն  ու Ղազանչեցոցում Աստծո հետ աղոթքի բռնվածները ոչ մի ընդհանուր բան չունեն, իսկ որն ավելի ծիծաղելի է, մայիսի 9-ին  «Հայրենականում» արձանագրված հաղթանակի տոնը նշելը մի տեսակ ստվերում է Շուշիի ազատագրումը: Մեկնաբանություններն անգամ ավելորդ են նմանատիպ որակականության շրջանակում:

Պատմությունն ու քաղաքականությունը բոլոր առերևույթ ընդհանրություններով հանդերձ  խնդիրների դիտարկան տարբեր գործիքակազմ են պարունակում: Արդի քաղաքական օրակարգում ունենալով անցյալից եկող դասերը՝ զերծ պահենք պատմությունը ներկայիս քաղաքական օրակարգից. Սարդարապատից Շուշի ձգվող հաղթական ճանապարհը անցնում է նաև «Հայրենականի» թեժ խրամուղիներով:

Մայիսի 9-ը հայրենի և համաշխարհային տոնացույցում հաղթանակի օր և քաղաքական վերաձևումներից վեր անանց արժեք է, ինչի գիտակցումը պատմականորեն ձևավորված իրողություն, որի հետ հաշվի չնստելը իր հետագա հաշիվներն է պահանջելու:
Տեր կանգնենք հաղթանակներին, մանավանդ որ դրանք այնքան էլ շատ չեն:
 
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1379 reads | 22.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com