ՄՈՆՈԷԹՆԻԿ ՀՀ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆ ԲԱԶՄԱԷԹՆԻԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ​
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ







Արդի չձևավորված աշխարհակարգի շրջանակում աշխարհաքաղաքական և միջտարածաշրջանային հարաբերություններում երկրների դերն ու կշիռը ձևավորվում է մի շարք գործոնների առերևույթ թելադրանքի ներքո:  Մի շարք քաղաքական վերլուծաբաններ (Բել, Բաթլեր, Ինոզեմցև և այլն) աշխարհաքաղական ելևէջումներում կարևորում են ֆինանսատնտեսական կոմպոնենտի ազդեցությունը՝ երկրների զբաղեցրած  արեալը պայմանավորելով համաշխարհային ՀՆԱ-ում տվյալ պետության  դերակատարմամբ:

Առաջին հայացքից նրանք չեն սխալվում, քանզի երկրների դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի առնվող կոմպոնենտները (զինված ուժեր, էներգետիկ անվտանգություն, բնակչության թիվ և կենսամակարդակ, ատոմային զենքի առկայություն, տիեզերական նվաճումներ և այլն) աստիճանաբար էլ ավելի խորը կախվածության են ստանում  տվյալ երկրի ֆիանսատնտեսական կարգավիճակից՝ լուսանցքում թողնելով ազգային, աշխարհագրական, ինչու չէ նաև կրոնական գործոնները: Հենց այդ սկզբունքի ներքո են գործում ներկայիս աշխարհաքաղաքական ազդեցիկ միավորները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, G7 և G20 աշխարհի զարգացած երկրների ակումբները և այլն:

Վերոնշյալ կառույցների  թելադրանքի մեծացմամբ է պայմանավորված աշխարհագրական և գաղափարական միավորների աստիճանական դերի նվազումը կամ էլ ընդհանրապես դուրսմղումը աշխարհաքաղաքական գործընթացներից: «Երկաթե վարագույրի» ապամոնտաժումը իր հետ պատմության գիրկը տարավ աշխարհաքաղաքականության գաղափարական կոմպոնենտը, իսկ գաղափարականության արդի դրսևորումները (ՆԱՏՕ, ԵՄ, ԲՐԻԿՍ, Եվրասիական միություն) կամ անցյալ վերադառնալու անհաջողության դատապարտված փորձեր են կամ էլ գաղափարականության մուտանտ տեսակներ են, որոնց ծննդյան և ընթացքի մեջ ակնառու է ֆինանսական գործոնի դոմինանտ դիրքը:

Ֆինանսական գործոնի դոմինանտության մասին է խոսում հետևյալ օրինակը, եթե նախկինում՝ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին, ֆինանսական կոմպոնենտը ընդամենը կրոնական գաղափարախոսության տարածմանը նպաստող միջոց էր, ապա ներկայիս իսլամական ֆունդամետալիստների ձեռքում այն դարձել է նպատակ, որի դիկտատին է ենթարկվում վերջիններիս դավանած գաղափարախոսությունները:

Վերոնշյալում մատնանշված աշխարհաքաղաքական արդի դրսևորումները պրոյեկցումը Այսրկովկասյան տարածաշրջանում  այնքան էլ լայն հորիզոններ չի բացում հայերիս առջև: ԼՂՀ խնդրի չկարգավորվածությամբ պայմանավորված՝ ՀՀ տարածաշրջանային շրջափակումը, ռազմական ծախսերի անհամատեղելիությունը բնակչությանը բաժին հասնող ընդհանուր եկամուտների ծավալի հետ, ներքին ռեսուրսների սահմանափակվածությունն առաջին ու հիմնական հայացքից լուրջ խնդիրներ են, որոնք ծառացել են  ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի՝ տարածաշրջանային համեմատականության հետնապատկերին:

Ժողովրդավարական ինստիտուտների անկատարությունը նույնպես միջտարածաշրջանային հարաբերություններում Հայաստանին էական առավելություն չեն տալիս: Ադրբեջանական հարուստ էներգակիրները, Վրաստանի և Ադրբեջանի՝ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ծովային ու ցամաքային ճանապարհների այլընտրանքը, Թուրքիայի կողմից շարունակվող ՀՀ շրջափակումը տարածաշրջանային «բլից կարդ»-ում առաջին հայացքից Հայաստանին թողել են լոկ առկա իրավիճակի հետ հաշվի նստելու հեռանկարը:

Աշխարհաքաղաքական և միջտարածաշրջանային գործընթացներում առկա ֆինանսատնտեսական կոմպոնենտի դիկտատը չի նշանակում այլ գործոնների անտեսում: Հենց նույն արևմտյան քաղվերլուծական կենտրոնները շատ լուրջ ուշադրություն են դարձնում պետությունների ձևավորման էթնիկական սկզբունքին: Ազգային խնդիրը ներկա աշխարհաքաղաքականության կարևորությամբ երկրորդ կոմպոնենտն է (զիջում է միայն ֆինանսատնտեսականին), իսկ երբեմն կախված տարածաշրջանից՝ գերակայություն է ստանում ֆինանսատնտեսականի նկատմամբ: Ազգային հարցի սրումը օգտագործվեց որպես միջոց Խորհրդային Միության քայքայման պրոցեսում: Ազգային հարցը աֆրիկյան աշխարհամասի հետամնացության հիմնական պատճառն է ցայսօր, ազգային հարցի սրացումներից զերծ չի  անգամ ժամանակակից Եվրոպան (վերջին մակեդոնական իրադարձություններն էլ որպես օրինակ): 

Կովկասյան տարածաշրջանում պատմականորեն ձևավորված իրականություն է ազգային հարցի սրացումները: Տարաբնույթ կոնֆլիկտներ՝ ինչքան ասես՝ վրաց-օսական, ռուս-չեչենական, հայ-ադրբեջանական: Աբխազներ, դաղեր, ուդեր, թալիշներ, անգամ ռուսական քաղվերլուծական շրջանակներն են պնդում՝ հսկայածավալ ֆինանսական միջոցները չօգնեցին լուծել, այլ ընդամենը սառեցրին ազգային խնդիրը կովկասյան տարածաշրջանի ռուսական հատվածում: Մերձավոր Արևելքում և պատմական Միջագետքում (Իրաքյան Քուրդիստան, Պաղեստին) երկրի ֆիզիկական քարտեզի գունային վերաձևումները կայացած փաստ են, որոնք վկայում են՝ ազգային խնդիրը նույնպես դոմինանտ դիրք է զբաղեցնում աշխարհաքաղաքական գործընթացներում: 

Իրադարձությունների վերլուծական պատկերից պարզ է դառնում, որ առաջիկայում մոնոէթնիկ պետական կազմավորումները միջտարածաշրջանային հարաբերություններում լրջագույն առավելություն են ստանալու մուլտիէթնիկ պետությունների նկատմամբ: Ի տրիտուր այսրկովկասյան (և ոչ միայն) հարևանների ՀՀ միակ մոնոէթնիկ պետական կազմավորումն է տարածաշրջանում, որովհետև բնակչության բացարձակ մեծամասնությունը (96%) կազմում են հայերը:

Թեև Ադրբեջանում բնակչության 91% կազմում են ադրբեջանցիներ, որը նույնպես բացարձակ մեծամասնություն է, բայց այնտեղ կան ազգային միավորներ (թալիշներ 1.3%, ուդեր 0.3%), որոնք կասկածի են ենթարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վերոնշյալ ազգային խմբավորումներին միայն առիթ է անհրաժեշտ հակաադրբեջանական ապստամբություն բարձրացնելու համար:  Իսկ ահա Վրաստանն ինքնին պարարտ հող է ազգային խնդրի բորբոքման համար: Չպետք է մոռանալ՝ այս պահին Վրաստանը կորցրել է վերահսկողությունը իր տարածքի մի հատվածի նկատմամբ, որի ակունքում էլ հենց ազգային խնդիրն է: 

Հայեր, աջարներ, մեգրելներ, լազեր, ադրբեջանցիներ, աբխազներ  և այլ տասնյակ ազգային միավորներ, որոնք որոշակի վերաձևումների պարագայում վրացիներին կթողնեն Թբիլիսին իր շրջակայքով: Ներկայիս Վրաստանը ազգային խնդրի ներքո պայթյունավտանգ արեալ է, որը վառոդի տակառի նման ամեն վայրկյան կարող է պայթել:

Եթե միջտարածաշրջանային հարաբերություններում տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական հարաբերությունները բավական մշուշոտ են, ապա հայ-վրացական հարաբերություններում ՀՀ արտաքին քաղաքական վրացական ուղղության մեջ կարելի էական տեղաշարժեր ապահովել՝ ակտիվորեն բանեցնելով թե ջավախահայության, թե վրացահայության գործոնը:  Որպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն, պետք է դիտարկվի վրացահայությանը բոլոր միջոցներով աջակցելու ծրագիրը: Տեղի հայերը տարածաշրջանում ունեցած ՀՀ ամենամեծ զենքն են, որ միջտարածաշրջանային հարաբերություններում ազդեցության էական լծակներ են պարունակում:

Ազգային խնդրի ակտիվ շահարկում, ահա թե որն է միջտարածաշրջանային հարաբերություններում ադրբեջանական էներգակիրներին ու վրացական ճանապարհներին Հայաստանի արդյունավետ պատասխանը: Թեև մեր պատասխանի տարածաշրջանային զարգացումների ներքո ձևավորված էկվավալենտային արժեքը հավասար չէ հարևանների ունեցած միավորային կշռին, սակայն աշխարհաքաղաքականության ներքո ընթացող վերաձևումների ներքո արժևորվում է արդեն մեր կշիռը:  
 
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
3137 reads | 16.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com