ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ԽՈՒԹԵՐՆ ՈՒ ԱՆՏԵՍՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ







«Անդրկովկասյան թնջուկ» կոչվածի շրջանակում ձևավորված դասագրքային ճշմարտություն է, որ ՀՀ-ն չորս հարևաններից բարիդրացիական հարաբերություւններ ունի ընդամենը Վրաստանի և Իրանի հետ: Եթե ԻԻՀ պարագայում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններում բարիդարցիականության ֆոնի պահպանումը՝ կապված Արևմուտքի կողմից վերջինիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ու թուրք-ադրբեջանական տանդեմից եկող առերևույթ վտանգների հետ,  իրողություն է (ՀՀ արտաքին քաղաքական իրանական ուղղության մեջ աշխարհաքաղաքական թելադրանքը Հայաստանին լուրջ առավելություններ է հաղորդում՝ պատասխանատու շրջանակներին թողնելով միայն եղածը պահպանելու բավական դյուրին խնդիրը), ապա Վրաստանի հետ արտաքին քաղաքական հարաբերություններում ՀՀ-ին մինչև օրս էլ չի հաջողվում խուսափել դիվանագիտական տարատեսակ խութերից:

Արդի ռուսական  դիվանագիտական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ Վ. Պոպովը նշում է, որ մի քանի անգամ ավելի դժվար է բարեկամական երկրում առաջ տանել սեփական շահերը, քան լարված միջպետական հարաբերությունների շրջանակում գործել: Վերոնշյալ դիվանագիտական աքսիոմը, կարծես անապացույց իրողություն է հաղորդել վերջին շրջանի հայ-վրացական դիվանագիտական հարաբերություններին: Հայ-վրացական միջպետական հարաբերություններում մեկը մյուսին հաջորդող դիվանագիտական պարտություններն արդյունք են թե օբյեկտիվ՝ պատմաաշխարհագրական գործոնի թելադրանքի, թե մի շարք սուբյեկտիվ՝ մասնագիտական թերացումների:

Վերջին օրերին հայրենի քաղվերլուծական շրջանակներում բավական բանեցվելուց հետո հանրային քննարկումների տիրույթ իջավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այսպես կոչված հանդիպումը Հարավային Օսիայի Ինքնահռչակ Հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հետ: Գնահատականների տարաբնույթ արեալն ընդգրկում է Ռուսաստանի մասնակցությամբ կազմակերպված դավադրությունից մինչև Վրաստանի դեմ սրբազան պատերազմ սկսելու սին կոչեր: Եթե մի պահ հանգիստ թողնենք սին կոչերն ու անհեռանկար տեսությունները, հարցերի երկու խումբ  է ի հայտ գալիս, որոնց պատասխանների հրատապությունը կասկածի տեղիք չի թողնում:

Արդյոք տեղի ունեցածը դիվանագիտական և արարողակարգային անփութություն էր, ինչը  փայլուն կերպով  իրենց  փիառելու տեսանկյունից օգտագործվեց հարավ-օսական պատասխանատու շրջանակների կողմից, թե ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը ձևավորողների կողմից հարևան Վրաստանին ուղղված հստակ ուղերձ էր: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ հատկապես Գալուստ Սահակյանի նախագահության օրոք արարողակարգային անփութությունները պետք է բացառել  հայրենի խորհրդարանում, քանզի կիքսերն ու բացթողումները միշտ էլ ուղեկցել են Գալուստ Սահակյան գործչին:

Վերջինիս լեզվական ու դիվանագիտական արարողակարգային բացթողումները հայտնի են բոլորիս, այնպես որ, կարիք չկա տրվել մանրամասնություններին:  Խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ Սահակյան-Բիբիլով հանդիպումը ներկայացնում ենք  հայ-վրացական և միջտարածաշրջանային առկա խնդիրների հետնապատկերին:
 
Իհարկե, քաղաքական լոյալիզմի տեսանկյունից կայացած հանդիպումը դիվանագիտական վրիպում էր, որը կարծես չվրիպեց վրացական պատասխանատու շրջանակների աչքից, քանզի ՀՀ միջազգային հարաբերությունների տիրույթում կասկածի չի ենթարկել  Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Սակայն քաղաքական լոյալիզմը Ժան-Ֆրանսուա Կալիեի ժամանակներից (17-րդ դար) մինչև օրս բավական ձևափոխումների է ենթարկվել:

Մերօրյա դիվանագիտական հարաբերություններում առկա տարանջատիչ գծերը ավելի նուրբ են՝ պարունակելով մանևրելու առավել մեծ հնարավորություն, ինչը դեռևս՝ մի ամբողջ 25 տարի անց էլ, չի օգտագործվում մեր արտաքին քաղաքական օրակարգը ձևավորող պատասխանատուների կողմից:

Վերոնշյալ միջադեպը ինքնին փայլուն հնարավորություն էր վրացական կողմի ոչ ադեկվատ հիստերիայի ֆոնին ցույց տալ իրենց բացերն ու հիշեցնել վերջիններիս տարածաշրջանային ծրագրերում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանը մեկուսացնող ծրագրերին (Բաքու-Ջեյհան նավթատար, Կարս-Ախալքալաք- Թբիլիսի երկաթգիծ և այլն) իրենց հավանությունը տալուն հնարավոր հակազդեցությունների մասին:

ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերություններին ակտիվ բնույթ հաղորդելն ու այնտեղ մեր շահերը առաջ տանելը, չի նշանակում՝ «Անդրկովկասյան հանգույցում» Թբիլիսիի դերակատարման անտեսում, որովհետև այդ ամենը գոնե մեր պարագայում, աղետալի հետևանքների կարող է հանգեցնել: Բայց հաշվի առնել ու հաշվի նստելը երբեք չի նշանակում սեփական գործոնի և դերի երկրորդում, ինչի ականատեսը հայ-վրացական հարաբերություններում դարձել ենք բազմիցս:

Չօգտագործված հնարավորություն, որը հիանալի կերպով կարող էր ստվերել Վրաստանի ԱԳՆ-ի՝ ԼՂ-ն ադրբեջանական գրավյալ տարածք ճանաչելու մասին տարածած հայտարարությունը: Չօգտագործելը դեռ մի կերպ կարելի է հասկանալ, բայց ինչպես կարելի է ընկալել այն հանգամանքը, երբ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին բացատրություն էր պահանջում ՀՀ արտգործանխարարությունից, այդժամ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը «ցավ էր ապրում» ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած թյուրիմացության համար:

Ցավով եմ նշում, բայց եթե առաջնորդվում ենք լոյալության սկզբունքով, ապա  թյուրիմացությունը հենց  Յուրի Վարդանյանի գտնվելն է Թբիլիսիում, վերջինս առանց դրա իրավունքը ունենալու հերթական անգամ թույլ տվեց դիվանագիտական արարողակարգի խախտում՝ ստվեր նետելով ՀՀ օրենսդիր և դիվանագիտական  համակարգերի վրա: Վրաստանն էլ ունի բազում խնդիրներ (ռուս-վրացական հակամարտություն, Ջավախքի խնդիր, հայկական հասարակական ու մշակութային ակնառու ներկայացվածությունը տեղում և այլն), որոնց շրջանակում կարելի է գործել ու մանևրել: Հատկապես Ջավախքի գործոնը մոնոէթնիկ Հայաստանի համար լուրջ խաղաքարտ է բազմաէթնիկ Վրաստանի հետ հարաբերություններում: Չենք օգտագործում, չենք մանևրում, հետո բողոքում ենք՝ մեր եկեղիցիները Վրաստանում քանդվում են, Սահակաշվիլիների ու Ղարիբաշվիլիների լեզուները հատկապես Բաքվում և Անկարայում բավական երկարում են, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոխորհրդարանի (չպետք մոռանալ նաև ԱՊՀ շրջանակը, որին անդամակցում էր Վրաստանը մինչև 2008թ) և այլ կարևորագույն տրիբունաներում վրացական պատվիրակությունները բացահայտ հակահայ կեցվածք են ընդունում:

Մեր անգործության մեղավորը առկա արտաքին քաղաքական օրակարգում վրացական հանգույցի նկատմամբ ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքն է:   Համապատասխան աշխատանքի դեպքում վրացական ճակատը միանշանակ կհարաբերվի մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ, մանավանդ որ պատմության օբյեկտիվ հետնապատկերին  ցցուն կերպով գծագրված օրինաչափության համաձայն՝ վրացական ճակատին համապատասխան ուշադրության պարագայում, հաղթական արդյունքը սպասեցնել չի տվել:
 
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1423 reads | 08.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com