ԵՄ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՇՄԱՐՎՈՂ ՀԱԼՈՑՔԻ ՀԵՏՆԱՊԱՏԿԵՐԻՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ





Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, վերջին շրջանի աշխարհաքաղաքական վերաձևումները առանց այն էլ համագործակցության ոգուն չհամապատասխանող ՌԴ-Արևմուտք հարաբերություններին բավական լարված բնույթ էին հաղորդել: Սեփական հավակնությունների առաջնայնությունը կողմերին ստիպել էր լուսանցքում թողնել միջտարածաշրջանային համագործակցության կարգավորիչ տարրերը: ԵՄ «Արևելյան գործընկերության» և ՆԱՏՕ-ի այսպես կոչված պաշտպանիչ վահանի ընդլայնումը լուրջ անհանգստություն առաջացրեց ռուսական արտաքին քաղաքական շրջանակներում:

Վերջիններիս կողմից արևելաեվրոպական տարածաշրջանում ունեցած միակ լուրջ հակազդեցություն ապահովող լծակը էներգետիկ գործոնն էր, որն էլ հենց ակտիվորեն խաղի մեջ մտցվեց ՌԴ քաղաքական վերնախավի կողմից: Սկսված ՌԴ-Արևմուտք ռազմաքաղաքական կոնֆրոտացիան իր ողջ բազմավեկտորությամբ հանդերձ՝ հիմքում ունի հետևյալ երկու կարևորագույն գործոնները.

Ա. ՆԱՏՕ-ի ներկայիս ընդլայնումը դեպի Արևելք ռազմաքաղաքական լուրջ վտանգ է պարունակում և, գրեթե, խարխլում է (ինչի ապացույցն է ՌԴ ներկայիս գրեթե զրո ազդեցությունների շրջանակը նախկին Վարշավյան դաշինքի կամ արևելաեվրոպական երկրներում) ՌԴ աշխարհաքաղաքական դիրքերը ԱՊՀ տարածաշրջանում, ինչը աշխարհաքաղաքական հետագա վայրիվերումներում կբացառի ռուսական որևէ գործոնի առկայություն:

Բ. Որպես ռազմավարություն կամ որպես հակազդեցություն (նույնիսկ եթե այդպես է)՝ Ռուսաստանի կողմից անցած տասնամյակի կեսերից արևելաեվրոպական տարածաշրջանում կիրառվող էներգետիկ շանտաժը ոչ մի դեպքում ընդունելի չէ. այն մեծ վտանգ է պարունակում ԵՄ անդամ երկրների ազգային ու տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:

Հենց այս հիմնական երկու և մի շարք այլ ածանցյալ գործոնների թելադրանքով էլ անցան ԵՄ Արևելյան համագործակցության երկրների նախորդ երկու գագաթնաժողովները, որտեղ անցյալից եկող միմյանց դեմ ուղղված հռետորաբանությունը փոխարինվեց անմիջական էսկալացիոն գործողություններով, որոնց թողած ու թողնելիք աղետալի հետևանքներն անգամ կողմերի համար միակողմանի ընկրկելու հնարավորություն չէին թողնում:

Նախորդ՝ Վարշավայի և Վիլնիուսի, ԵՄ «Արևելյան գորընկերության» անդամ երկրների գագաթնաժողովների համեմատական հետնապատկերին այս տարվա Ռիգայի գագաթնաժողովը հույս է ներշնչում, որ ՌԴ-Արևմուտք հարաբերություններում կոնֆրոտացիոն փուլը կմնա անցյալում: Չնայած ռուսական մեդիադաշտը հեղեղվել է ամերիկյան քաղվերլուծաբան  Էրիկ Զյուսսի՝ Ռիգայի գագաթնաժողովից առաջ Պուտինի՝ Արևմուտքի հետ  հարաբերություններում արձանագրած  հաղթանակի մասին մեկնաբանական ազդով, սակայն այստեղ խնդիրը ավելի խոր երկկողմանի է ու համապարփակ: Քանզի խոսքը գնում է ոչ թե որևէ կողմի ընկրկելու, այլ երկկողմ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու պատրաստակամության մասին:

Այս լավատեսության համար հիմք են ծառայում Ռիգայի գագաթնաժողովից ընդամենը օրեր առաջ գրեթե զուգահեռաբար տեղի ունեցած անկյունաքարային իրադարձությունները՝ Պուտին-Մերկել մոսկովյան բանակցությունները և Սոչիում տեղի ունեցած Քերրի-Լավրով մի փոքր թատերականացված  հանդիպումը: Մայիսի 10-ին  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հաջողվեց Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ ԵՄ-ի անունից խոստանալով Պուտինին՝ ռուսական շահի ու հետաքրքրությունների հետ հաշվի նստելու պատրաստակամություն:

Արդեն Սոչիում տեղի ունեցած ՌԴ արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ Պետքարտուղար Քերրի հանդիպումը կողմերի միջև առկա սառույցի հալոցքի հստակ կանխանշաններ էր պարունակում: Արևմտյան ճամբարի դե-ֆակտո առաջատար երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն հստակ խոսեց Ուկրաինայում և արևելաեվրոպական տարածաշրջանում առկա խնդիրների շուրջ ՌԴ-ի հետ բանակցությունների նստելու պատրաստակամության մասին:

Ի դեպ, Լավրով Քերրի Սոչիում կայացած հանդիպումը մեծամասամբ հիշեցնում էր 2009թ թվականի Քլինթոն-Լավրովյան հայտնի ժնևյան «պերեզագրուսկան», երբ կողմերը խորհրդանշորեն ազդարարեցին Ջորջ Բուշ Կրտսերի օրոք սկիզբ առած ռուս-ամերիկյան սրված հարաբերությունների ջերմացումը:

Իսկ ահա արդեն մայիսի 20-ին Բրյուսելում ՌԴ արտգործնախարար Լավրովն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը բարձրաձայնեցին որոշակի ընդհանուր օրակարգի մասին: Ինչպես տեսնում ենք, Ռիգայից առաջ ՌԴ-ն արևմտյան ճամաբարի դե-ֆակտո երեք առանցքների (ԱՄՆ, Գերմանիա և ՆԱՏՕ) հետ ունի համաձայնություն, ինչը բացակայում էր նախորդներից առաջ:  Ինչ կլինի Ռիգայից հետո, պարզվեց Ռիգայում. ՌԴ-Արևմուտք հարաբերուրություններում կողմերին հաջողվել է տեսնել խութերը: Վերոնշյալը  կայացած իրողություն է, ինչը հետգա աշխարհաքաղաքական ելևէջումների հիմնական ցուցիչներից մեկն է լինելու:

Թեև ԵՄ «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովից մի շարք սուբյեկտիվ գործոններից ելնելով՝ դժվար է ՀՀ վերաբերյալ շրջադարձային զարգացումներ ակնկալել, սակայն թեկուզև դեկլարատիվ բնույթի քաղաքական փաստատթղթի ստրոագրումը ՀՀ արտաքին քաղաքական լուրջ ձեռքբերում կարելի է դիտարկել: Քանզի ԵՏՄ տիրույթի հետ անհամատեղելիությունը մեզ առայժմ ԵՄ հետ ընդլայնված տնտեսական-առևտրային համագործակցության հորիզոններ չի խոստանում, իսկ տարածաշրջանային անվտանգության կոմպոնենտը (նկատի ունեմ Արցախյան հակամարտության խնդիրը) Ռիգայի օրակարգում, այլ առաջնահերթություններից ելնելով, թույլ է ներկայացված և ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ հավելյալ վստահության մասին դեկլարատիվ հայտարարությունից այն կողմ չի կարող անցնել: Այնպես որ, ներկայիս, թեկուզև, դեկլարատիվ բնույթի հայտարարությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի պահանջված տարրերից է:  ՌԴ-Արևմուտք ջերմացման ֆոնին «տնային աշխատանքը» (դիտարկումը պատկանում է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսին) ճիշտ կատարելու դեպքում ՀՀ-ի համար հետագա զարգացումների լայն հնարավորություններ կբացեն:
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1778 reads | 30.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com