ԻՐԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ









Իրանի հարավարևմտյան շրջանում նավթային շերտերի գոյության մասին առաջին անգամ 1855թ. հիշատակել է երկրաբան Վ.Կ.Լոֆտուսը: Հետագայում՝ 1901թ. մայիսի 28-ին, անգլիացի գործարար Վիլիամ Դ’Արսիին հաջողվում է Իրանի շահ Մոզաֆֆեր էդ Դինից համաձայնություն ստանալ երկրի՝ տարածքի 5/6 մասում նավթի հետազոտման աշխատանքներ կատարելու համար: Նավթ հայտնաբերելու դեպքում նա իրավունք էր ստանալու շահագործել այդ տարածքի հանածոները 50 տարով՝ մինչև 1951թ. մայիսի 28-ը:

Յոթ տարի անց Մեսջեդե-Սուլեյմանում՝ Պարսից ծոցից 200 կիլոմետր հեռավորության վրա, հայտնաբերվեցին նավթի ահռելի պաշարներ: Նավթի հայտնաբերումից հետո բավականին մեծացավ Իրանի նկատմամբ հետաքրքրությունը: Շահի տված կոնցեսիայի դիմաց գործարար մարդիկ Դ’Արսիին առաջարկում էին մեծ գումարներ: Սակայն նա հրաժարվեց վաճառել այն և հայտարարեց, որ իր նպատակն է այդ կոնցեսիայի միջոցով դուռ բացել կաթոլիկ միսիոներների առջև՝ պարսիկներին և արաբներին քրիստոնյա դարձնելու համար: Այս մասին Դ’Արսին պատմեց Սիդնեի Ջորջ Ռևիլ անունով մի «եկեղեցականի», ով իրականում Ինթելիջենս սերվիսի գործակալ էր: Նա խորամանկությամբ կարողացավ ձեռք բերել այդ կոնցեսիան և հանձնել այն Մեծ Բրիտանիայի կառավարությանը: Դրա շնորհիվ ձևավորվեց Անգլո-պարսկական նավթային ընկերությունը (1935թ-ից՝ Անգլո-իրանական նավթային ընկերություն, այսուհետ՝ ԱԻՆԸ), որը, չնայած անվանը, ամբողջությամբ գտնվում էր անգլիացիների ձեռքում: ԱԻՆԸ-ն աշխարհի հզորագույն նավթային ընկերություններից մեկն էր:

1914թ. Անգլիական ռազմական նավատորմն անցավ մոտորային շարժիչների օգտագործմանը. բնականաբար անհրաժեշտ էր համապատասխան վառելանյութ: Ռազմածովային նախարար Ուինստոն Չերչիլի առաջարկով բրիտանական կառավարությունը 1914թ. ձեռք է բերում Անգլո-պարսկական նավթային ընկերության բաժնեթղթերի 52,5 %-ը՝ դրա համար վճարելով ընդամենը 2 մլն ֆունտ ստեռլինգ:

Առաջին համաշխարհային պատերազմը ցույց տվեց նավթի ռազմավարական և տնտեսական կարևորությունը: Այդ պատճառով էլ դեռ պատերազմի ժամանակ և դրա ավարտից անմիջապես հետո էլ հզոր տերությունների մենաշնորհային ընկերությունները դաժան պայքար սկսեցին նոր նավթահանքեր և դրանք իրացնելու շուկաներ ձեռք բերելու համար:

ԱԻՆԸ-ն ուներ 59 դուստր ձեռնարկություններ, որոնք տեղաբաշխված էին Իրաքում, Քուվեյթում, Եգիպտոսում և այլուր: Այն միավորում և վերահսկում էր չորս նավթ արտահանող, չորս տրանսպորտային ընկերություն, չորս նավթազտարան և նավթի բաշխման ու վաճառքի 19 ընկերություն: ԱԻՆԸ-ն ուներ իր սեփական օդակայանները և վայրէջքի հրապարակները, իր ռադիոկայանները, երկաթուղիները, նավահանգիստները, իսկ Խուզիստանում՝ դատաոստիկանական ապարատ: Ընկերությունն Իրանում ազատված էր մաքսատուրքերից և եկամտահարկերի վճարումից: Կարելի է ասել ԱԻՆԸ-ը պետություն էր պետության ներսում: ԱԻՆԸ-ի տրամադրության տակ կային ջրհորներ և խմելու ջրով լի ջրամբարներ, իրանցիներին թույլ չէր տրվում այնտեղից ջուր վերցնել նույնիսկ սաստիկ երաշտի ժամանակ: ԱԻՆԸ-ն իր տրամադրության տակ ուներ տներ, կինոթատրոն, խորտկարաններ, խանութներ: Նույնիսկ Աբադանի շուրջը 3-4 կմ շառավղով դաշտը ԱԻՆԸ-ի սեփականությունն էր, որտեղ միրգ և բանջարեղեն էին աճեցնում և վաճառում միայն ընկերության խանութներում:

250,000 կմ2 կոնցեսիոն տարածք ունենալով երկրի հարավային մասում՝ ԱԻՆԸ շահագործում էր ավելի քան 300 նավթային աշտարակ, և հանդիսանում էր Աբադանի նավթավերամշակման խոշոր գործարանի սեփականատերը: Այդ ձեռնարկությունում աշխատում էր ավելի քան 100 հազ. մարդ:
Կես դարի ընթացքում ԱԻՆԸ, ամենահամեստ հաշվարկներով, Անգլիային տվել է 700-800 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտ: Միայն անգլիական կառավարությանը վճարված հարկը 3 անգամ գերազանցում էր Իրանի հատկացումներին: 1914թ-ից մինչև 1950թ. ընկերությունն Իրանից արտահանել է 324 միլիոն տոննա նավթ Աբադանի նավթամշակման գործարանները նշանավոր էին նաև նրանով, որ այնտեղ հնարավոր էր մշակել նավթի բոլոր թորամասերը, մինչդեռ նավթամշակման նման համալիր գործարանները հազվագյուտ էին այդ ժամանակաշրջանում: Նավթամշակման գործարաններին կից կար նավթաբարձման խոշոր նավահանգիստ: Իրանի գրեթե բոլոր նավթավայրերը Աբադանի նավթամշակման համակարգի հետ կապված էին նավթամուղային խոշոր ցանցով, որն ուներ 2300 կիլոմետր ընդհանուր երկարություն:

Բացի այդ, ինչպես Իրանը, այնպես էլ Մերձավոր և Միջին Արևելքի մյուս երկրները մոտ են գտնվում եվրոպական շուկային, և նավթի տեղափոխման ծախսերը մեծ չեն լինում: Փոքր էր նաև ռիսկային գործոնը նավթի հետախուզական աշխատանքներում, որը սովորաբար պսակվում էր նոր, առավել հարուստ հանքավայրերի հայտնաբերումով: Վերոհիշյալ տարածաշրջանում աշխատուժը բավականին էժան էր: Մեկ բարել մերձավորարևելյան նավթի արտահանման համար արտադրական ծախսերը կազմում էր միջինը 0,08-0,15 դոլար, մինչդեռ Միացյալ Նահանգներում` 1,5 դոլար: Իրանում և առհասարակ Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում նավթաշերտերը համեմատաբար ավելի մոտ են գտնվում երկրի մակերևույթին, քան այլ երկրներում: Այդ է պատճառը, որ այս շրջաններում հորատման և շահագործման ծախսերը համեմատաբար փոքր են, բնականաբար եկամուտը՝ մեծ: Իրանի նավթը թեթև տեսակի է: Նրա տեսակարար կշիռը տատանվում է 2,813-ի և 0,865-ի միջև: Նավթը մշակվում էր տեղում` Աբադանում: Այս ամենից հետո պարզ է դառնում անգլո-ամերիկյան նավթային մագնատների սուր պայքարի պատճառները Իրանի նավթի համար:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը Իրանի նավթի համար պայքարը սկսել էր ավելի վաղ: Դեռ 1921թ. նոյեմբերի 22-ին, երբ Իրանի Մեջլիսը վավերացրեց ամերիկյան «Ստանդարտ օյլ» ընկերությանը տված կոնցեսիայի օրինագիծը, ըստ որի՝ նրան թույլ էին տալիս շահագործել երկրի հյուսիսային նահանգների նավթի պաշարները: «Ստանդարտ օյլ»-ը իրավունք ստացավ 50 տարի ժամկետով նավթամթերք արդյունահանել Ատրպատական, Գիլյան, Մազանդարան, Աստրաբադ և Խորասան նահանգներից: Իրանի կառավարության հատկացումը պետք է կազմեր ընկերության մաքուր եկամտի շուրջ 10%-ը: Ընկերությունն իրավունք չուներ կոնցեսիան վաճառել, ինչպես նաև փայատեր լինել այլ ընկերության: Խորհրդային կառավարությունը բողոքեց «Ստանդարտ օյլ»-ին շնորհած կոնցեսիայի դեմ: Քանի որ այն հակասում էր ոչ վաղ անցյալում կնքված խորհրդա-իրանական այն պայմանագրին, ըստ որի՝ Իրանի կառավարությունը պարտավորվում էր Խորհրդային Ռուսաստանի կողմից Իրանին վերադարձրած կոնցեսիան և գույքը չհանձնել որևէ երրորդ պետության կամ նրա քաղաքացիներին:

Շուտով ԱՄՆ ժամանեց ԱԻՆԸ-ի ղեկավարներից Ջոն Քեդմենը, ով «Ստանդարտ օյլ»-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, ըստ որի՝ ամերիկացիները ԱԻՆԸ-ին զիջում էին հյուսիսիրանյան նավթի կոնցեսիայի բաժնեթղթերի կեսը: Փոխարենը Անգլիան խոստանում էր ամերիկացիներին տրամադրել Պաղեստինի և Միջագետքի նավթային պաշարների շահագործման իրավունքը: Առաջին հայացքից պայմանները պետք է որ շահավետ լինեին Միացյալ Նահանգների և հատկապես «Ստանդարտ օյլ»-ի համար: 1922թ. փետրվարին «Ստանդարտ օյլ»-ը Իրանի կառավարությանը պաշտոնապես հայտնեց երկրի հյուսիսային նահանգների նավթի պաշարները ԱԻՆԸ-ի հետ հավասար սկզբունքներով շահագործելու՝ իր որոշման մասին: Ի պատասխան դրան՝ 1922թ. մարտի սկզբին Իրանի կառավարությունը չեղյալ հայտարարեց ամերիկյան կոնցեսիան, «Ստանդարտ օյլ»-ի հետ կնքած պայմանագրի 5-րդ կետի հիմնավորմամբ, որն արգելում էր վերջինիս գործընկեր վերցնել առանց Իրանի Մեջլիսի համաձայնության: Ահա այսպես ձախողվեց ԱՄՆ-ի երկար տարիների կատարած աշխատանքը. կրկին շահող կողմ հանդիսացավ Անգլիան, քանզի նորից պահպանեց իր մենաշնորհային դիրքը Իրանում՝ չեզոքացնելով իրանական նավթին տիրելու ամերիկյան հերթական փորձը:

Հասարակական կարծիքի ճնշման տակ Իրանի կառավարությունը 1932թ. պահանջեց վերանայել ԱԻՆԸ-ի կոնցենսիոն պայմանները: Նշենք, որ 1909թ-ից մինչև 1932թ., ԱԻՆԸ-ի մաքուր եկամուտը կազմել էր 171 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ Իրանի կառավարությունը ստացել էր ընդամենը 11 մլն ֆունտ ստեռլինգ, այսինքն՝ նախատեսված 16%-ի փոխարեն՝ ընդամենը 6%: Բացի այդ բավական ծանր էին հասարակ նավթագործների աշխատանքնային պայմանները:
Այդ ամենից հետո դրությունը սրվում է և ժողովուրդը կառավարությունից պահանջում է դիմել առավել կտրուկ միջոցների: Ռեզա շահի կառավարությունը հարցը հասցնում է Ազգերի լիգա: Վերջապես, երկար դիմադրելուց հետո, Ազգերի լիգայի ճնշմամբ և Պարսից ծոց փոխադրված անգլիական ռազմանավերի թնդանոթների սպառնալիքի ներքո Ռեզա շահի կառավարությունը տեղի է տալիս: 1933թ. ապրիլի 29-ին ստորագրվում է նոր պայմանագիր՝ Իրանի համար «նպաստավոր» պայմաններով:

ԱՄՆ-ը չէր կարող երկար ժամանակ երկրորդական դերում մնալ և հանդուրժել Մեծ Բրիտանիայի գերակայության փաստը Մերձավոր և Միջին Արևելքի մի շարք նավթառատ երկրներում: 1932թ. ԱԻՆԸ-ի տարածքների սահմանափակումը մեծ հույս ներշնչեց ամերիկյան նավթային խոշոր տրեստներին:
1937թ. ԱՄՆ-ի նավթային ընկերությունները կրկին փորձեցին ձեռք բերել Իրանի հյուսիսային շրջանների նավթը: «Ամիրանիան Օյլ Քոմփանիին» (Ամերիկյան երկու խոշոր նավթային ընկերություններ՝ Դելավար Օյլ Քոմփանին (Ստանդարդ Օյլ խմբից) և Տեխաս Օյլ Քոմփանին միավորվեցին և գործեցին Ամիրանիան Օյլ Քոմփանի անվամբ:) հաջողվել էր կոնցեսիա ձեռք բերել Իրանի հյուսիս-արևելքից մինչև Կասպից ծովի հարավ-արևելք տարածվող նավթային շրջանների նկատմամբ: «Ամիրանիան Օյլ Քոմփանիի» կոնցեսիայի ժամկետը 60 տարի էր: Սակայն Մեծ Բրիտանիայի ճնշման ներքո Իրանի Մեջլիսը չվավերացրեց կնքված պայմանագիրը: Ամերիկացիները 1943թ. ևս մեկ անգամ փորձ կատարեցին տիրանալու իրանական նավթին: Բրիտանացիները «Ռոյալ Դատչ Շելլ» ընկերության քողի տակ և երկու ամերիկյան ընկերությունները՝ «Ստանդարտ Վաակում» և «Սինկլերը» ներկայացուցիչներ ուղարկեցին Թեհրան կոնցեսիա ստանալու համար: Այդ գործընթացը ևս ավարտվեց անփառունակ, իսկ ԱՄՆ-ը իր ուշադրությունն այդ պահից ի վեր ուղղեց դեպի Սաուդյան Արաբիա, որտեղ հայտնաբերվել էին նավթի հարուստ պաշարներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Ստանդարդ Օյլ Քոմփանի օֆ Նյու Ջերսին», ԱԻՆԸ-ի հետ համաձայնության գալով, 20 տարի ժամկետով ստանձնեց Իրանի անմշակ նավթի վաճառքի գործը:

Լինելով հարուստ երկիր, ի հեճուկս պատերազմից հետո սնանկացած Անգլիայի, ԱՄՆ-ը տնտեսական և ռազմական օգնությունների միջոցով փորձում էր հասնել իր նպատակներին: Հետպատերազմյան շրջանում Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցավ ուժերի վերադասավորում: Եթե մինչ պատերազմը ԱՄՆ-ը էական ազդեցություն չուներ Իրանում, ապա հետպատերազմյան շրջանում նկատվում է այդ ազդեցության զգալի աճ:

Նոր իրողությունների պայմաններում Միացյալ Նահանգներին անհրաժեշտ էին նոր շուկաներ, նավթի ձեռքբերման աղբյուրներ, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ և այլն: Դրանք հետագայում իրականացվեցին Իրանում ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայվելու շնորհիվ, իսկ ավելի ուշ՝ Ա. Միլսպոյի և ամերիկյան մյուս խորհրդականների ակտիվ գործունեությամբ: Համաձայն 1944թ. հուլիսի 23-ի ԱՄՆ-ի պետքարտուղարության բյուլետենի՝ Հերբերտ Հուվեր Կրտսերը և Ա.Ա Քերտիսը ժամանեցին Իրան՝ նավթային կոնցեսիա ձեռք բերելու նպատակով: 1944թ. Խորհրդային Միությունը նույնպես փորձեց երկրի հյուսիսում ձեռք բերել կոնցեսիա: Այդ ժամանակ՝ 1944թ. դեկտեմբերի 2-ին, Մոհամմեդ Մոսադեղի ջանքերով Մեջլիսը օրենք ընդունեց, ըստ որի՝ մինչև պատերազմի ավարտը կառավարությանն արգելում էր բանակցություններ վարել նավթի կոնցեսիաներ շնորհելու վերաբերյալ: Օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը կոչ արեց անվավեր համարել նաև ԱԻՆԸ-ի կոնցեսիան: Բայց նրան ոչ ոք չաջակցեց:

Տարածաշրջանում, Անգլիայի դիրքերի թուլացմանը զուգընթաց կայունանում էին ԱՄՆ-ի դիրքերը: Եթե 1932թ. Մերձավոր և Միջին Արևելքում նավթի արտահանումից ամերիկյան նավթային ընկերությունների մասնաբաժինը հավասար էր զրոյի, ապա 1937թ. այն արդեն հասավ 13,1%-ի՝ անգլիական 76,8%-ի դիմաց: Հետպատերազմյան շրջանում ԱՄՆ-ը դաժան պայքարի բռնվեց Անգլիայի հետ, որպեսզի չեղյալ հայտարարեն 1928թ. հուլիսին կնքած «կարմիր գծի» պայմանագիրը: Այդ պայմանագիրը լրջորեն սահմանափակում էր ԱՄՆ-ի հնարավորությունները մերձավորարևելյան նավթի արդյունահանման և վաճառքի դեպքում: Եվ առաջին անգամ 1944թ. ամերիկյան նավթային ընկերությունները խախտեցին «կարմիր գծի» պայմանագրի սկզբունքները: Այդ քայլով ԱՄՆ-ը մեծ հարված հասցրեց Անգլիայի նավթային դիրքերին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նավթի վերահսկման ամերիկյան բաժինը սրընթաց աճեց՝ 1945թ. կազմելով 19,2%՝ ընդդեմ անգլիական 74,2%-ի, իսկ 1952թ.՝ 64,5%՝ ընդդեմ անգլիական 26,6%-ի:

Ի դեպ Անգլիան, բավական երկար և համառորեն էր պայքարում Իրանում իր ազդեցության պահպանման համար, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժային դասավորությունը աշխարհում փոխվեց: Իսկ ԱԻՆԸ, մինչև օրս էլ գործում է, սակայն այն այսօր մեզ առավելապես հայտնի է «Բրիտիշ Փեթրոլիում» անվամբ:
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ
3876 reads | 08.06.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com