ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ը ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
Էստոնիա (էստոներեն՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն), պետություն Հյուսիսային Եվրոպայի Բալթյան ռեգիոնում։ Էստոնիան ժողովրդավարական պառլամենտական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալլինն է։ Հանդիսանում է Եվրոմիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկը։ Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդկային Զարգացման Ինդեքսի ցուցանիշն է՝ «շատ բարձր»։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է։ Համաշխարհային բանկի չափանիշներով համարվում է «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։ Հանդիսանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ։ Առաջավոր դիրքերում է նաև կրթության, տնտեսական ազատության, մամուլի ազատության և դեմոկրատիայի ցուցանիշներով։


Էստոնիայի անկախության օրը հայտարարվել է փետրվարի 24-ը՝ կապված 1918թ. էստոնական փրկության կոմիտեի հանրապետության հռչակման հետ:

«Էստոնիա» անվանումն առաջացել է էստոնների (ինքնանվանումը` էէստլասեդ) նախնիների` ֆիննալեզու էստ ժողովրդի անունից։ Ենթադրում են, որ ցեղանունն առաջացել է բալթիական լեզուների aueist բառից, որը նշանակել է «ջրի մոտի բնակիչներ»։ Էստոններն իրենց երկիրն անվանում են Eesti։

Ողողվում է Բալթիկ ծովի Ֆիննական և Ռիգայի ծոցերի ջրերով։ Սահմանակից է Ռուսաստանին և Լատվիային։ Էստոնիան ցամաքային սահմանը Լատվիայի հետ ձգվում է 267 կմ, իսկ Ռուսաստանի հետ սահմանը կազմում է 290 կմ: 1920 -1945 թթ. Էստոնիայի սահմանը Ռուսաստանի հետ հաստատվել էր 1920 թ. Տարտուի Խաղաղության Պայմանագրով՝ տարածվում է, մինչև Նարվա գետից հյուսիսարևելք և Պեչորի քաղաքից հարավարևելք: Այս տարածքը շուրջ 2300 կմ² Ստալինի կողմից միացվել է Ռուսաստանին II Համաշխարհային պատերազմից վերջում: Այդ պատճառով Էստոնիայի և Ռուսասատանի սահմանը մինչ օրս սահմանված չի: Տարածությունը 45,1 հազար կմ²։ Տարածքի մեծ մասը ցածրադիր հարթավայր է (միջին բարձրությունը 50 մ)։ Առավել բարձր է հյուսիս-արևելյան մասը, ուր Հաանյա բարձրավայրն է (բարձրությունը մինչև 318 մետր, Սուուր Մունամյադի լեռը)։

Մարդկանց բնակությունը Էստոնիայում հնարավոր է դարձել 11,000 - 13,000 տարի առաջ, երբ սառցե դարաշրջանը ավարտվեց: Ամենահին հայտնի բնակավայրը Էստոնիայում Պուլի բնակավայրն է, Էստոնիայի հարավ արևմուտքում` Պյարնու գետի ափին, Սինդի քաղաքի մոտակայքում:

Հայերի թիվը՝ շուրջ 2 հզ. (2003թ․)։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։
Հայերը Էստոնիայում բնակություն են հաստատել 19-րդ դարից։ Առաջին բնակիչները եղել են Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի հայ ուսանողները։ Այստեղ 1830-ական թվականներից տարբեր ժամանակներում ուսանել են գրող Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը, արևելագետ Քերովբե Պատկանյանը և ուրիշներ։

XIX դարի 2-րդ կեսից – XX դարի սկզբին Դորպատի համալսարանում սովորել է շուրջ 200 հայ ուսանող։ Գործել է Հայ ուսանողների միություն։ Նրանցից ոմանք, ավարտելով համալսարանը, որոշ ժամանակ ապրել և աշխատել են Էստոնիայում։ Վարդան Աբովյանը՝ Խ. Աբովյանի որդին, Դորպատի համալսարանն ավարտելուց հետո, երկու տարի աշխատել է Ֆելլին (այժմ՝ Վիլյանդի) քաղաքի դպրոցում, դասավանդել ռուսաց լեզու և գրականություն։

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Էստոնիայում մշտական բնակություն են հաստատել հակահիտլերյան կոալիցիայի կողմից կռված և Էստոնիայում գերմանական գերության մեջ եղած, ինչպես նաև խորհրդային բանակից զորացրված հայեր։ Հետագա տարիներին (Էստոնիայում խորհրդային իշխանության ժամանակաշրջանում) այստեղ հաստատվել են Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից գործուղված հայ մասնագետներ։

1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Էստոնիայում բնակվել է 1600 հայ։ 2003թ․ տվյալներով հայերի թիվը երկրում շուրջ 2 հազար է։ Բնակվում են հիմնականում Տալլինում և Տարտուում, սակավ թվով՝ Նարվայում, Պյառնուում, Կոհտլա Յարվեում և այլ քաղաքներում։ Հայերի մեջ զգալի թիվ են կազմում մտավորականները՝ ճարտարագետներ, բժիշկներ, մանկավարժներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, արդյունաբերական և առևտրական ընկերությունների ղեկավարներ։

Համայնքի հասարակական կյանքը կազմակերպում են Տալլինի և Տարտուի Հայկական ազգային միավորումները։ Նրանց գործունեությունը համադրում է Էստոնիայի Հայկական ազգային միությունը (պաշտոնապես գրանցվել է 1998-ին)։

Diplomat.am -ը շնորհավորում է էստոնական պետությանը և ժողովրդին՝ անկախության օրվա առիթով և մաղթում հարատև խաղաղություն ու բարգավաճում բոլոր բնագավառներում:
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ
962 reads | 24.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com