ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՃԵՂՔՎԱԾՔ ՏՎԱԾ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Մենք թեմայի շրջանակներում վերլուծեցինք դեսպան-ղեկավարություն փոխհարաբերությունները: Իսկ լոյալության պրոբլեմ գոյություն ունի՞ արդյոք ավելի բարձր մակարդակով: Պարզվում է, որ ունի, այն էլ ինչպես:

Ես նկատի ունեմ նախարարի լոյալությունը նախագահի նկատմամբ և նախագահի` այսինքն երկրի առաջնորդի լոյալությունը պետության ու ժողովրդի նկատմամբ, որն, ինչպես Անտիկ աշխարհում էին կարծում, այս կյանքում ներկայացնում է աստվածներին:

Վերցնենք, օրինակ, դիվանագիտական պատմության մեջ ամենաերկարակյաց նախարարին` Անդրեյ Գրոմիկոյին և տեսնենք, թե ինչպես էր նրա մոտ դրված լոյալութան գործը: Երկրին մատուցած մեծ ծառայությունների կողքին պատմության մեջ Գրոմիկոն կմնա որպես ղեկավարությանն անմռունչ, հլու-հնազանդ ենթարկվող չինովնիկ:

Պատահական չէ նրա հասցեին Նիկիտա Խրուշչովի ասածը. «Եթե ես հրամայեմ, որ Գրոմիկոն շալվարը հանի և ողջ ամիս մերկ հետույքով նստի սառույցին, նա այդքան էլ կնստի»: 

Ըստ գերտերության այդ լիդերի տրամաբանության, «պետության քաղաքականությունը որոշում է կոմկուսի կենտրոնական կոմիտեն: Նշանակեք այդ պաշտոնին /նախարարի Ա.Ն./ կոլխոզի նախագահի, նա այդ գիծը կտանի»:

Հավանաբար Անդրեյ Անդրեևիչը լրիվ հարմարեցրել էր իր լոյալությունն այդ իրողությանը` իջեցնելով նախարարի դերը հեզախոնարհ կատարողի մակարդակի: Հատկանշանական է «ԽՍՀՄ դիվանագիտական պատմության» հեղինակներին արած նրա դիտողությունը. «Ի՞նչ եք ամեն քայլափոխին նշում մեկ Չիչերինի, մեկ Լիտվինովի, մեկ Մայսկու անունները: Ովքե՞ր էին նրանք: Ընդամենը, սովորական կատարածուներ: Իսկական դիվանագիտությունն արվել է Պոլիտբյուրոյում, իսկ դեսպանները գործել են իրենց տրված հրահանգներին համապատասխան»:

Մոսկվայի Բոլշոյա Կոզլովսկայա նրբանցքում առանց ցուցանակի և հասցեի գործող ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայում, ռեկտոր Վիկտոր Պոպովի նախաձեռնությամբ ստեղծվել էր ոչ մեծ պատկերասրահ, որտեղ կախված էին խորհրդային անվանի դիվանագետների` այդ թվում մեր հայրենակից Լևոն Կարախանյանի դիմանկարները` կենսագրականով հանդերձ: Վերադառնալով ձմեռային արձակուրդից, մենք` ունկնդիրներս, տեսանք, որ դրանց փոխարեն պատերը զարդարում են Պոլիտբյուրոյի զառամախտ արտահայտող դեմքերը: Փոփոխությունը կատարվել էր Գրոմիկոյի կարգադրությամբ:

Հեղինակի անձնական արխիվից

Եթե Գրոմիկոյի լոյալությունը սահմանակցել է կոմֆորմիզմի ամենաբարձր մակարդակի հետ, մեկ ուրիշ նախարարի` Բորիս Պանկինի լոյալության խախտումն արտահայտվում է պետական գաղտնիքների բացահայտման ձևով:

1991 թ. օգոստոսյան «Պուտչից» հետո նշանակվելով արտգործնախարար և աշխատելով ընդամենը երեք ամիս, նա այդ երեք ամսում ավելի վնաս հասցրեց երկրի պետականությանը, քան նրա հակառակորդները կհասցնեին անել երկար տարիների ընթացքում: Գալով Սմոլենսկայա հրապարակ, Պանկինը գաղտնազերծեց ԿԳԲ-ի և ԳՌՈՒ-ի հետախույզներին, որոնք աշխատում էին դեսպանությունների տանիքի տակ: Բացի այդ, Պանկինը մտադրվել էր բոլոր հետախույզներին զրկել դիվանագիտական իմունիտետից` անձեռնմխելիությունից: Կատարվածը, ըստ իս, հանցագործություն է, պետական դավաճանություն: Նախկին նախարարն այժմ հանգիստ ապրում է Շվեյցարիայում: Որոշ պետական գաղտնիքներ ամերիկացիներին բացահայտեց նաև ԿԳԲ-ի այն ժամանակվա ղեկավար Վ. Բակատինը:

Դրա կողքին, նույն ժամանակաշրջանում, Մոսկվան ունեցել է նախարար, որի լոյալությունը երկրին և պետությանը արժանի է հիացմունքի ու խորին հարգանքի: 1991թ. հունիսի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեյմս Բեյկերը արտգործնախարարար Ալեքսանդր Բեսմերտնիխին կոնֆիդենցիալ հայտնեց, որ ամերիկյան հետախուզության տվյալներով, Գորբաչովի դեմ պատրաստվում է դավադրություն` նրան իշխանազրկելու նպատակով: Բեսմերտնիխը այդ մասին զեկուցեց Գորբաչովին:

Իսկ օգոստոսի 18-ին ԿԳԲ-ի նախագահ Կրյուչկովը հրավիրեց Բեսմերտնիխին իր կաբինետ և հայտնեց, որ Յանաևի գլխավորությամբ ստեղծված է արտակարգ կոմիտե` երեք օրից Գորբաչովին մեկուսացնելու նպատակով: Նա Բեսմերտնիխի դեմ դրեց կոմիտեի ցուցակը, որտեղ նշված էր նաև նրա անունը: Նախարարը գրպանից հանեց կապույտ ֆլոմաստերը և ջնջեց իր ազգանունը: Լավ իմանալով, որ ԿԳԲ նման կատակներ չի սիրում, նա և նրա ընտանիքը մինչև ԳԿՉՊ-ի ձախողումն ապրեցին տագնապալի օրեր:

Հիմա պետության ղեկավար Միխայիլ Գորբաչովի մասին: Նրա լոյալությունը խորհրդային պետության, ժողովուրդների շահերի նկատմամբ` խաթար էր և շատ հարցերում կասկածելի: Մենք՝ հայերս, դա զգացել ենք մեր մաշկի վրա:

Գորբաչևովի արտաքին քաղաքականությունն անվանի դիվանագետ Անատոլի Դոբրինինն անվանել է «լիբերալ մանիլովշչինա»:

Մի ուրիշ հայտնի դիվանագետ, փոխարտգործնախարար Գեորգի Կորնիենկոն գտնում է, որ Գորբաչովի և նրա ամենամոտ զինակցի` արտգործնախարար Շևարդնաձեի դիվանագիտությունը, որը նրանք անվանում էին «նոր մտածողություն», ոչ այլ ինչ էր, եթե ոչ ԽՍՀՄ-ի «ռազմաստրատեգիական և աշխարհաքաղաքական դիրքերի հանձնում և պարտվողական քաղաքականություն»:

Այդ քաղաքականության արդյունքում Մոսկվան շատ բան կորցրեց, մասնավորապես, Գերմանիայի վերամիավորման ժամանակ: ԳՖՀ-ում նախկին դեսպան Վալենտին Ֆալինը վկայում է, որ Բոննը կգնար ուզած զիջումների, միայն թե Խորհրդային Միությունը դուրս բերեր իր զորքերը երկրից: Գերմանացիները պատրաստ էին վճարել 100 միլիարդ ԱՄՆ դոլար: Իսկ Գորբաչովը Մարգրիտ Թետչերին, որն առաջինը այդ հարցը շոշափեց նրա հետ` հարցնելով թե որքան է ուզում Մոսկվան, արտասանեց ծիծաղելի մի թիվ` 5 միլիարդ դոլար (Կոմբայնավարը մնում է կոմբայնավար):

Չար լեզուները (դրանք շատ են քաղաքական կյանքում) ասում են, որ զորքերը շուտափույթ դուրս բերելու համար, գերմանացիներն, այնուամենայնիվ, վճարել են այդ գումարը` 100 միլիարդ դոլար: Միայն թե որ ուղղությամբ են դրանք գնացել` հայտնի չէ:

Նույնիսկ ամերիկացիները զարմացած էին Գորբաչով-Շևարդնաձե տանդեմի դիրքորոշմամբ: Նրանք պատրաստ էին ստորագրել փաստաթուղթ, որը երաշխավորում էր ՆԱՏՕ-ի Արևելք չտարածվելու, ինչպես նաև խորհրդային զորքերի սահմանափակ կոնտիգենտի Արևելյան Գերմանիայում պահելու մասին: Անհասկանալի պատճառներով առաջարկը կախվել է օդում:

ԿԳԲ-ում այն կարծիքը կար, որ Շևվարդնաձեն կապված էր Կենտրոնական հետախուզական վարչության հետ: Եվ որ նրա արևմտամետ, հակառուսական քաղաքականությունը սկիզբ է առնում արտգործնախարար եղած ժամանակներից, երբ նա խուսափում էր մերկացնել օտարերկրյա հետախուզությունների գործողությունները ԽՍՀՄ-ի տարածքում:

Եթե խոսքը վերաբերեր նախկին դիվիդենտին` այլախոհին հասկանալի կլիներ, մինչդեռ Շևարդնաձեն համարվում էր ԽՍՀՄ-ի հիմնասյուներից մեկը, սոցիալիստական մարքսիստական գաղափարախոսության ամենամեծ ադեպտը, ռուս-վրացական բարեկամության ռահվիրան:

Խորհրդային հետախուզության պետ Լեոնիդ Շեբարշինը գրում է, որ գորբաչովյան քաղաքականությունը միության փլուզումից առաջ տվեց իր արդյունքները: «ԽՍՀՄ-ին վերաբերում են արհամարանքով, իսկ նրա արտգործնախարարությունն ամենից շատ վախենում է նեղացնել արևմտյան գործընկերներին»: Եթե անվանի հետախույզի գնահատականին մոտենանք մեր թեմայի տեսանկյունից, կարող ենք ասել, որ զարգացման կոնկրետ փուլում խորհրդային ամենաբարձր ղեկավարության լոյալությունը մեծ հաշվով ենթարկվել է էրոզիայի:

Այս ամենի կապակցությամբ կարող ենք եզրակացնել, որ եթե լոյալության հարցում մեղանչում է շարքային դիվանագետը կամ դեսպանը, անշուշտ, նրանք վնասում են երկրի շահերին, իսկ երբ նույնը կատարվում է պետության ղեկի մոտ կանգնած գործիչների հետ, այդ վնասը կարող է վերածվել աղետի` երկրի և ժողովրդի համար:

Ընթերցողի մոտ կարող է հարց ծագել: Հասկացանք, որ մեր հյուսիսային հարևանի դիվանագիտությունում եղել են նման շեղումներ: Իսկ ի՞նչ կասեք հայկական իրականությունում լոյալիզմի խախտման մասին:

Պատասխան: Խորը չփորփրենք: Մեր դիվանագիտական ծառայությունը բավական երիտասարդ է: Իսկ երիտասարդներն ավելի են սխալվում: Մենք վերն արդեն խոսեցինք միջազգային կազմակերպություններում հայ դեսպանների աշխատանքի մասին:

Հայրենիքի, պետականության, ազգային շահերի նկատմամբ լոյալության խախտման դասական օրինակ է մեր 10-12 հայ դեսպանների Հայաստան չվերադառնալը: Սա արդեն ոչ թե լոյալության իսպառ բացակայության վկայություն է, այլև ունիկալ, ամոթաբեր իրողություն դիվանագիտության պատմության մեջ` ընդհանրապես:

Լոյալության խախտում էր, երբ Հայաստանի անկախացումից հետո, պետական այրերը հայտարարեցին, թե իրենց պետք չէ կոմունիստների ստեղծած համակարգը և տառացիորեն քանդեցին զարգացած տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը` երկիը հանքային ջրով և մրգով պահելու խելացնոր ներբողների ներքո:

Ժողովրդի և պետականության շահերի նկատմամբ լոյալության ոտնահարման ավելի վառ օրինակ դժվար է պատկերացնել:
ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
2944 reads | 27.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com