ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ Է, ԵՐԲ ՓՈԽԱԴԱՐՁ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Դեսպանի լոյալությունն իր երկրի և նրա նախագահի նկատմամբ ուղիղ համեմատական է նրանց` իր նկատմամբ ունեցած լոյալությանը: Արդեն ասվեց, որ դեսպանն անվեհապահորեն, պետք է նվիրված լինի իր կոչումին ու գործին: Եվ որքան մեծ է ղեկավարության վստահությունն ու հավատը դեսպանի նկատմամբ, որքան ուժեղ է պաշտպանվածությունն իր պետության կողմից, այնքան մեծ ու անկեղծ է նրա նվիրվածությունը դեպի իր երկիրը: Երկրի արտաքին քաղաքականության խնդիրների լուծման գործում դեսպանի հաջողության գրավականը նրա ամուր և հուսալի դիրքերն են օտար ափերում: Հավասարակշռության այս ոսկե օրենքի փոքր-իսկ խախտումը նախ` անվանարկում է դեսպանին, հետո վնասում է նրա երկրի շահերին:

…Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նշում էր երիտթուրքերի կողմից 1915-ին սպանված 20 հնչակյանների այդ թվում ազգային հերոս Փարամազի հիշատակը: Բեյրութի հազար տեղանոց «Ֆորում» կինոսրահը լեփ-լեցում էր: Ներկա էին լիբանանյան կառավարության անդամներ, դեսպաններ, հայկական կուսակցությունների և կրոնական համայնքների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսը:

Առաջին բանախոսը` հնչակ, պառլամենտի երեսփոխան Եղիկ Ջերեջյանն իր ելույթում քննադատեց Հայաստանի ղեկավարությանը: Իսկ հիմնական բանախոսը` նույն կուսակցության ատենապետ Տիրան Ակինյանը քարը-քարի վրա չթողեց Քոչարյանի վարչակազմի վարած ներքին և արտաքին քաղաքականությունից: Ատենապետի խոսքը ընդգրկում էր Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության բոլոր բացասական երևույթները. ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, արտագաղթ, հոկտեմբերի 27, Արցախի հիմնահարցի հետ կապված Մեղրիի սակարկություն, կոռուպցիա, կաշառակերություն, ամենաթողություն, սփյուռքի նկատմամբ վարվող խաթար քաղաքականություն:

Ի՞նչ պետք է անեի և ի՞նչ հակազդեցություն պետք է ունենայի որպես իմ երկիրը ներկայացնող դեսպան: Ես, իհարկե, ելույթ ունեցողից վատ չգիտեի, եթե ոչ ավելի լավ, թե ինչ է կատարվում հանրապետությունում: Բացի այդ լավ հարաբերությունների մեջ էի բանախոսների հետ և գնահատում էի նրանց հայրենանվեր կեցվածքը: Բայց, մյուս կողմից ես ներկայացնում էի պետություն ու պետք է ցույց տայի իմ վերաբերմունքն ասվածի նկատմամբ: Այլապես լռելյայն, հրապարակայնորեն համաձայնված կլինեի ծանր մեղադրանքների հետ: Արեցի այն ինչ նման իրադրությունում պարտավոր է անել դիվանագետը, ինչը ինձնից առաջ արել են ուրիշ երկրների դեսպանները: Ես պետք է ներկաներին նաև ինքս ինձ ապացուցեի իմ աներկբա լոյալությունը երկրիս նկատմամբ: Մի խոսքով, Ակինյանի ելույթը չավարտված, ներկաների լուռ հայացքների տակ, ցուցադրաբար, թողեցի դահլիճը: Վերադարձա դեսպանություն և կատարվածի մասին հաղորդեցի նախարարին:

Հետո իմացա, որ նույն բանն արել են հնչակները, հայտնելով նախարար Օսկանյանին «դեսպանի անվայել արարքի մասին»: Ի դեպ, Հայկական դիվանագիտական ծառայության անհանդուրժելի կողմերից մեկն էլ այն է, որ արտգործնախարությունը և ավելի բարձր կանգնած կառույցները դեսպանություններից բացի ինֆորմացիա են ստանում համայնքային տարբեր կասկածելի աղբյուրներից և, որքան զարմանալի է, այդ ինֆորմացիան երբեմն ընդունվում է «հալած յուղի» տեղ և գերադասվում է դեսպանի ինֆորմացիայից, այստեղից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:
Մի քանի օր անց ընթացիկ գործերի բերումով եկա Երևան: Նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձանք հնչակների դեպքին և ինձ, տհաճորեն զարմացրեց նրա դիրքորոշումը: Ո’չ, նա ինձ մեղավոր չհամարեց, այլ հարցրեց, թե «արդյո՞ք այլ ելք չկար և չէր կարելի՞ մի այլ բան անել»: Թե ինչ էր այդ «,այլ բանը» ինքն էլ չկարողացավ բացատրել: Մինչդեռ դիվանագիտության կանոններով ԱԳՆ պետք է առնվազն հանդես գար հայտարարությամբ և քաղաքական գնահատական տար կատարվածին:
Տեղի ունեցածլ միջադեպը արտգործնախարարության կողմից դեսպանի նկատմամբ լոյալության պակասի դասական օրինակ է:

(Հեղինակի անձնական արխիվից )
ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1283 reads | 13.03.2013
դիվանագիտական ծառայություն, լոյալություն |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com