ՍՏԵԼ, ԹԵ՞ ՉՍՏԵԼ. THAT IS THE QUESTION
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Իսկ երեք հազար տարի առաջ եգիպտացիները հորինել ու պապիրուսի վրա գրանցել են "Ճշմարտության և Ստի մասին հեքիաթը”, որը պատմում է ազնիվ ու խաբեբա եղբայրների մասին: Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվում է 4 հազար տարեկան "Հանգուցյալների գիրքը”, որտեղ գրանցված են անդրշիրիմյան ուղևորության մեկնողների կախարդանքի հմայիլները, որոնցով նրանք կանգնելու են Աստծո առաջ: Դրանցից մեկում ասվում է. "Ես ճշմարտություն եմ բերել, մի կողմ եմ նետել սուտը: Ես անարդարություն չեմ գործել մարդկանց դեմ: Ես վատություն չեմ արել: Ես ցորենի չափը չեմ պակասեցրել, չեմ կարճել երկարության չափը, չեմ խախտել հողաբաժնի սահմանները, չեմ ծանրացրել կշռաքարերը, չեմ փոխել կշեռքի սլաքները: Ես մաքուր եմ, ես մաքուր եմ, ես մաքուր եմ …”: ![]() Այսօրվա սուպերմարկետների վաճառողների համար կանոնադրության ավելի լավ տեքստ գտնելը դժվար է: Ստի, խաբեության, ուխտադրժության և դավաճանության բազմաթիվ դեպքեր են հանդիպում մարդկության ամենահանճարեղ գրքում` Աստվածաշնչում: Մի ամբողջ պատկերասրահ: Այստեղ է նենգ օձը, որը, խաբելով Եվային, ուտել է տալիս չարաբաստիկ պտուղը, որի պատճառով մենք բոլորս թաղված ենք մեղքերի օվկիանոսում: Կայենը մորթում է հարազատ եղբորը` Աբելին, հետո էլ առանց աչքը թարթելու ստում Աստծո առաջ, Դալիլան ստորաբար կտրում է քաջ Սամսոնի մազերը, հետո` կյանքի թելը: Դավիթը սեքսուալ հողի վրա նենգաբար սպանում է մի մարդու, որի կնոջ վրա աչք էր դրել… Փարիսեցի չլինենք: Մենք բոլորս ստում ենք: Ապացուցված է, որ սուտը մեր կյանքի անքակտելի մասն է և կազմում է մարդկանց միջև հաղորդակցության 1/3 մասը: Խաբում ենք և խաբվում ենք: Ընդ որում, ավելի հեշտ է ստել, քան հասկանալ, որ քեզ խաբում են: Կա հատուկ գիտություն ստելու վերաբերյալ: Այն կոչվում է մանտալոգիա (ֆրանս. mensonge` սուտ բառից): Սակայն սուտ կա, սուտ էլ կա: Մենք ստում ենք, երբ մեզ ուղղված հարցին՝ "ինչպե՞ս են գործերդ”, պատասխանում ենք` "շնորհակալ եմ, լավ են”: Այդ այն դեպքում, երբ դրանք իրականում վատ են: Սա անմեղ, ինչպես ասում են, "սպիտակ” սուտ է: Նմանատիպ սուտ է, երբ դուք ձեր բարեկամին հաճոյախոսություն եք անում նրա արտաքինի կամ արարքի վերաբերյալ, երբ ոչ մեկը, ոչ էլ մյուսը այնքան էլ արժանի չեն գովասանքի: Դուք պարզապես ցանկանում եք լավ տպավորություն թողնել և հաճույք պատճառել դիմացինին: Իզուր չի ասված, որ ստում են ընկերներն ու բարեկամները, իսկ ճշմարտությունն ասում են թշնամիները: Եթե մարդիկ չստեն և ասեն այն, ինչ կա, ապա շաբաթվա վերջում նրան կհեռացնեն աշխատանքից, նա կընկնի գժանոց, իսկ թե ինչ կլինի երդվյալ ճշմարտախոսի հետ հայաստանյան իրականությունում, գուշակեք ինքներդ: Իսկ եթե սուտը տեղ է գտնում դիվանագիտության մեջ և վերածվում է քաղաքական կատեգորիայի՞… ![]() Դրանք եղել են և՜ անտիկ աշխարհում, և՜ միջին դարերում, և՜ դիվանագիտության նորագույն պատմության շրջանում: Պարզապես, հնում քաղաքական դավը եղել է ավելի դաժան և արյունալի: Փոխարենը, թերևս, ունեցել է պարզունակ, բայց անողոք սցենար: Արդ, գոնե մենք` մասնագետներս, չձևանանք անմեղ հրեշտակներ և փաստենք, որ այսօրվա դիվանագիտությունը բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում, հեռու է իդեալականությունից և բարոյական անաղարտությունից: Ուրիշ հարց է, թե ինքը` դիվանագետը՝ որպես անհատ, որքանո՞վ է մեղսակից քաղաքական խաղերին, և ո՞րն է նրա մեղքի չափը: Այստեղից` խորհրդավոր մի հարց. ազնիվ մարդը կարո՞ղ է լինել դիվանագետ, կամ դիվանագետը կարո՞ղ է լինել ազնիվ մարդ: Շեքսպիրյան չարչրկված և առկախված "լինե՞լ, թե՞ չլինելը” բեկվում է "ստե՞լ, թե՞ չստել” ոչ պակաս վիճահարույց կիզակետում: Մեծ անգլիացու հոգսը թեթևացնելու նպատակով գնանք նրանից երկու հազար տարի հետ և տեսնենք, թե ինչ է ասում այդ կապակցությամբ Պարսից արքայից արքա Դարեհը. Պետք է ստել այնտեղ, ուր ստելն անհրաժեշտ է. ստելիս թե ճշմարտությունն ասելիս մենք հետապնդում ենք միևնույն նպատակը: Ստողներն այդ անում են, որպեսզի ստով համոզեն և դրանից օգուտ քաղեն, իսկ ճշմարիտ խոսողները ձգտում են ճշմարտությամբ օգուտ քաղել և առավել վստահության արժանանալ: Այսպիսով, երկու դեպքում էլ մենք նույն նպատակն ենք հետապնդում: Ու եթե ոչ մի օգուտ չլիներ, ապա նույն ձևով ճշմարիտ խոսողը կդառնար ստախոս, իսկ ստախոսը` ճշմարտախոս”: Ի՞նչ է սա` սոփեստություն, դեմագոգիա, ցինիզմ: Թողնենք ընթերցողի դատին, ինչպես Ֆելլինին էր թողնում, որ հանդիսատեսն ինքը գուշակի, թե որն է ճիշտը, և որը՝ սխալը: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
4016 reads | 14.12.2013
| |