ՔՐՄԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐ, ԻՍԿ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ` ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԻՋԵՎ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Այնժամ հովիվը դիմեց քրմերի խորհրդին: Նրանք ասացին, որ այդտեղ ժամանակին Ապոլլոնը սպանել է վիշապ Պիթոնին` նշանավորելով բարու և լույսի հաղթանակը չարի ու խավարի դեմ: Այնպես որ, տեղում հարկ է կառուցել տաճար և պատգամատուն: Տաղանդաշատ ճարտարապետներ Տրոփոնիոսը և Ագամեդեսը կերտեցին տաճար, որն անչափ հարստացավ հատկապես հունական գաղութակալության շրջանում և դարձավ միջազգային կրոնական ուխտատեղի: Պատգամատան խորհրդավոր մասում գիշեր-ցերեկ հերթապահում էր քրմուհի Պիթիան: Այս Պիթիան մի կում ջուր էր խմում Կասոտիս սրբազան վտակից, ծամում էր դափնու սրբազան տերևը, հետո նստում էր անդունդի եզրին դրված եռոտանու վրա և շնչելով այնտեղից բարձրացող թունավոր գոլորշիները` ընկնում էր էքստազի մեջ ու բարձրաձայն խոսում: Նրա արտասանած բառերը կողքին կանգնած քրմերը մեկնաբանում էին որպես Ապոլլոնի կամք: ![]() Դելփյան պատգամատան քրմերը, կենտրոնացնելով իրենց ձեռքում ֆինանսական ու նյութական հսկայական միջոցներ, փաստորեն ուղղորդում էին երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը: Առանց Դելփյան պատգամատան խորհրդի չէին վճռվում պատերազմի և զինադադարի հարցերը, չէին ստորագրվում միջազգային պայմանագրեր, չէին նվաճվում նոր հողեր: Այդուհանդերձ, քրմերի խոսքը լինում էր երկիմաստ (ամբիվալենտ) և ոչ հստակ, որի պատճառով էլ այն տարբեր կերպ էր մեկնաբանվում: Սա շատ կարևոր հանգամանք է, որն արժանի է հատուկ ուշադրության: ![]() Իսկ որ հույները խիստ տարված էին գուշակությամբ, ապացուցված է գիտնականների կողմից: Պլատոնն անգամ տեսության պես մի բան է մշակել՝ գուշակությունը բաժանելով երկու խմբի՝ ինտուիտիվ կամ բնական և ինդուկտիվ կամ արհեստական: Այդուհանդերձ քաղաքական կանխատեսումն անշնորհակալ գործ է: Փորձառու քաղաքագետները լավ գիտեն դա և հնարավորինս խուսափում են դրանից: Այս առիթով կարելի է հիշել Ուինստոն Չերչիլին, որը խիստ վերապահումով էր մոտենում կանխատեսումներին: Սկզբնական շրջանում լինելով զոհաբերությունների և տոնակատարությունների կենտրոններ՝ ամփիկտիոններն աստիճանաբար վերածվեցին միջազգային կրոնական-քաղաքական ինստիտուտների, որոնք վճռական դեր էին խաղում Հունաստանի կյանքում: Սրանով է բացատրվում այն սուր պայքարը, որը մղում էին հունական պետությունները կարևորագույն ամփիկտիոններում` ղեկավար դիրքեր գրավելու համար: Նրանց ձեռքում կենտրոնացված էր ինֆորմացիայի հսկայական աղբյուր, որն օգտագործում էին իշխանությունները: Ամփիկտիոնները յուրատեսակ հետախուզական և հակահետախուզական կենտրոններ էին, որտեղ ծնվում և իրագործվում էին զանազան ռազմական ու դիվանագիտական կոմբինացիաներ, կազմվում էին լրտեսական ցանցեր, հավաքագրվում տեղական և օտարերկրյա գործակալներ: Հեթանոսական կրոնի դերն անտիկ հասարակության կյանքում լավ պատկերացնելու համար հարկ է հաշվի առնել, որ այն հիմնավորապես տարբերվում է քրիստոնեությունից և մյուս կրոններից: Այդ տարբերության մեջ առաջին հերթին առանձնանում է հեթանոսության «բազմաստվածությունը»: Հույների համար աշխարհը լիքն էր աստվածներով: Հելլադայի պանթեոնում գրանցված են հիմնական տասներկու աստվածները՝ չհաշված ավելի փոքր տրամաչափի աստվածներին: Սակայն մեր թեմայի համար այդ այնքան էլ էական չէ: Վերջին հաշվով բոլոր հին ժողովուրդներն իրենց շրջապատել են հսկայական քանակությամբ աստվածներով, աստվածուհիներով և կիսաստվածներով, որոնց կամքով նրանք ծնվել են, ապրել կողք կողքի և նրանց կամքով էլ հեռացել են կյանքից: Բնության երևույթները, ֆիզիկական առարկաները, անգամ վերացական հասկացողությունները նրանք ընկալել են աստվածների միջոցով, դիտել նրանց աչքերով, մեկնաբանել նրանց օգնությամբ: Առանց աստվածների ոչինչ չի կատարվել ոչ բնության մեջ, ոչ պետական գործերում, ոչ էլ, առավել ևս, անձնական կյանքում: Հին հույների կրոնական հավատալիքների մեջ հատուկ նշանակություն էր ստացել բնության տարբեր երևույթների ու նշանների հիման վրա գուշակելու արվեստը: Այդ մասին առաջին անգամ գրել է Հոմերոսը: Հաճախ գուշակում էին հավքերի թռիչքների և կռինչի, զոհաբերված կենդանիների և թռչունների փորոտիքի վրա: Մեծ տեղ էր հատկացվում երազահանությանը և հորոսկոպին: Երկու լուսատուները` արևն ու լուսինը, աթենացիներն ընկալում էին որպես Աստծո աչքեր: Եվ երբ այդ աչքերից մեկը «փակվեց», նրանց բանակը Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ Սիրակուզայի մատույցներում ինքն իրեն պարապուրդի մատնեց, որի հետևանքով ծանր պարտություն կրեց: Իսկ ի՞նչ գործ ունեն դիվանագետներն աստվածների հետ: Պարզվում է, որ ղեկավարությունը նրանց վրա է դրել նաև սրբավայրերի և պատվիրատուների միջև դիվանագիտական սուրհանդակի պարտականությունը: Այսինքն` խելոք մարդիկ եք, գնացեք և տեղեկացեք այս կամ այն միջոցառման կամ երևույթի վերաբերյալ վերևներում նստածների հեղինակավոր կարծիքի մասին և դրանք հաղորդեք ուր որ անկ է: Այսպիսով, քրմերից և բազմապրոֆիլ գուշակներից ստանալով համապատասխան հանձնարարական՝ դեսպանը դրանք փոխանցում էր «պատվիրատուներին», որոնք կարող էին լինել թագավորներից մինչև տարբեր տրամաչափի քաղաքական ու ռազմական գործիչներ: Անտիկ աշխարհում հենց այդպես էլ դեսպաններին անվանում էին` «հրեշտակներ»: Ըստ երևույթին, սա շատ է դուր եկել միջնադարյան վենետիկյան հոգևորականներին, և երբ դիվանագիտությունը սկսեց ձևավորվել որպես մասնագիտություն, նրանք փորձեցին ապացուցել, թե առաջին դիվանագետները եղել են հրեշտակները, որոնք՝ որպես դեսպաններ, ապահովել են կապը Աստծո և հասարակ մահկանացուների միջև: Այդ կանխադրույթը (պոստուլատ) սուր քննադատության ենթարկվեց իտալացի երևելի դեմքերի` Դանտեի, Պետրարկայի, Բոկաչչոյի, իսկ ավելի ուշ` Մաքիավելիի և Գվիչարդինիի կողմից, որոնք այս կամ այն չափով առնչվել են դիվանագիտությանը: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
4300 reads | 10.10.2013
| |