ՀԵՐՄԵՍԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Պատմության մեջ միայն Էսքիլեսը չէ, որ "փառաբանում է” Հերմեսի դիվանագիտական հմտություններն ու ճկունությունը: Դարերի խորքից մեզ է հասել հին հունական էպիկական հիմների ժողովածուն: Թափառաշրջիկ գուսանները (ռապսոդներ) երգում-արտասանում էին այդ հիմները քնարի նվագակցությամբ: Հիմները սովորաբար նվիրված էին լինում այս կամ այն աստծուն և կատարվում էին նրա պատվին կազմակերպված տոնակատարությունների ժամանակ: Ահա թե ինչ էր ասվում Հերմեսին նվիրված հիմնում.

…Ճարպիկ հնարագետ, վարպետ,
Խորամանկ ստահակ, եզնագող,
երազների առաջնորդ, ավազակ,
Դռների դարանակալ, լրտես գիշերային:


Համաձայնեք, որ նման խոսքերն ամենևին պատիվ չեն բերում դիվանագետին, այն էլ բարձրաստիճան դիվանագետին, որպիսին Հերմեսն էր: Թերևս նրա արատները թաքնված են ծագումնաբանությա՞ն մեջ: Հերոդոտոսը նշում է, որ Թրակիայի ցեղերը սերում են Հերմեսից, որոնք վերջինիս համարել են իրենց ամենապաշտելի աստվածը:

Շատ բնական է: Ամեն ժողովուրդ հպարտանում է իր ծոցից ելած տաղանդավոր դիվանագետով: Ֆրանսիացիներն ունեցել են Թայլերան, անգլիացիները` Չերչիլ, գերմանացիները` Բիսմարկ, ռուսները` Գորչակով: Իսկ մե՞նք: Եթե հաշվի չառնենք Իսրայել Օրուն (նրա դիվանագիտական գործունեությունը դեռ կարոտ է մանրազնին ուսումնասիրության)« ու՞մ անունն ենք թողնելու սերունդներին…

Հերոդոտոսն այսպես է նկարագրում Հերմեսին կյանք պարգևած ազգի հատկանիշները. "Երեխան ծնվելիս հարազատները նստում են նրա շուրջը և ողբում, թե ինչքան տառապանքներ նա պետք է կրի կյանքում, թվարկում են բոլոր չարիքները, որոնք թափվելու են նորածնի գլխին: Մինչդեռ մեռնողին նրանք թաղում են զվարթ և ուրախ, որ փրկվեց բոլոր տանջանքներից և այժմ երանության մեջ է”: Թրակացիներն ունենում են շատ կանայք: Երբ ամուսինը մահանում է, նրա կանայք հարազատների մասնակցությամբ բուռն վիճում են, թե իրենցից որին էր հանգուցյալն ամենից շատ սիրում: Ով ճանաչվում է ամենասիրվածը, նրան էլ հավաքվածները գովաբանում են, հետո մորթում ամուսնու գերեզմանի վրա և թաղում նրա հետ: Իսկ մնացյալ կանայք խիստ վշտանում են այդ ընտրությունից և նախանձում զոհաբերվածին` իրենց համարելով անարգված: Թրակացիները երեխաներին վաճառում են օտարներին: Նրանք չեն պահպանում իրենց աղջիկներին, այլ թույլ են տալիս կենակցել ցանկացած տղամարդու հետ: Անբան մարդուն նրանք համարում են լավագույնը, իսկ երկրագործին` ամենաանարժանը: Նրանք պատվարժան գործ են համարում պատերազմով և կողոպուտով ապրելը:

Այսպես է ներկայացնում դիվանագետների նախահոր` Հերմեսի ցեղակիցներին մեծ պատմաբանը, սակայն տեղն ու տեղը կարծես դիվանագետներին սփոփելու նպատակով նշում է, որ թրակացիներից ավելի վայրենաբարո ցեղեր էլ են եղել, օրինակ՝ մասսագետները (հայկական աղբյուրներում` մասքութներ):
Ընդհանրապես, հույն պատմիչները երբեմն այնպիսի բաներ են գրում, որ արյունդ սառում է երակներիդ մեջ: Դատեք ինքներդ: Մասսագետներն ապրում էին միակին համակարգում, բայց ցեղի տղամարդիկ իրավունք ունեին օգտվել բոլոր կանանցից ուզած ժամանակ՝ առանց տարիքի սահմանափակման (հասակակիցներիս խորհուրդ չէի տա շտապել ուրախանալու): Երբ տղամարդն ակտիվ սեքսուալ կյանքով ապրելուց հետո ծերանում էր, ազգականները հավաքվում և մորթում էին նրան, հետո խառնում էին ոչխարի մսի հետ, խաշլամա եփում և մի լավ քեֆ էին անում: Սա նրանք համարում էին ամենաերանելի մահը: Իսկ երիտասարդ հասակում մահացածներին չէին ուտում, այլ հողով ծածկում էին և սգում, որ խեղճ մարդը չարժանացավ մորթվելու և ուտվելու պատվին…

Սակայն վերադառնանք Հերմեսին: Դարձյալ ըստ Հերոդոտոսի՝ հելլենները դիվանագետին պատկերել են "պրկված ֆալլոսով”: Նա չի մանրամասնում. Հերմեսի այդ վիճակը նրա բացառիկ կարողությունների վկայությու՞նն է, թե՞ նա "վիագրային” համարժեք ինչ-որ խոտ էր ուտում (չափից ավելի) և տառապում էր պրիապիզով, այսինքն՝ ֆալլոսը հրաժարվում էր նախկին վիճակն ընդունելուց, և պահանջվում էր շտապ վիրահատություն: Ինչևիցե, մենք ևս ձեռնպահ մնանք և չխորանանք հարցի ֆիզիոլոգիական նրբությունների մեջ:

Վատն այն է, որ Հերմեսի ժառանգական կոդի շնորհիվ նրա ընտանեկան "գեղեցիկ” ավանդույթները փոխանցվում են հաջորդ սերուդներին: Նրա որդին` Ավտոլիկոսը, ունի կերպարանափոխվելու և անտեսանելի դառնալու հատկություն: Շնորհիվ դրա՝ նա վաստակում է ամենամեծ "գողականի” համբավը և այնպիսի արարքներ գործում, որի նկարագրությունից անգամ թուղթը կկարմրի:

Այս բոլորի կողքին մեր գործընկեր Հերմեսի մեղքերը գոնե մի փոքր մեղմելու նպատակով նշենք, որ գիտության կողմից լրիվ ուսումնասիրված չէ և բաց է մնում հետևյալ հարցը: Գոյություն ունի՞, արդյոք, խաբեբայության և ստորության ժառանգականորեն ծրագրավորված հակում, գենետիկական կոդ, թե՞ մարդուն (քաղաքական գործչին և դիվանագետին) այդ քայլին մղում են կյանքի հանգամանքները, դաստիարակությունը, սոցիալական միջավայրը և ծառայողական պարտականությունները: Ինչպե՞ս բացատրել, որ կան մարդիկ, որոնք ի ծնե ազնիվ են և մնում են այդպիսին ողջ կյանքում, և կան հիվանդագին սրիկաներ, որոնց հակվածությունը դեպի խաբեությունը գրանցված է նրանց քրոմոսոմներում: Սպառիչ պատասխան մենք դեռևս չունենք, սակայն փորձենք հաջորդ հոդվածում գոնե հպանցիկ անդրադառնալ ստին` որպես դիվանագիտական կատեգորիայի՝ տեսնելու համար« թե ինչ դեր է խաղում այն միջպետական հարաբերություններում և արտաքին քաղաքականության մեջ:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
3094 reads | 05.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com