ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Նախորդ գլխում մենք մի փոքր խոսեցինք Հին Հունաստանի գաղութային քաղաքականության մասին: Անդրադարձանք հայրենի տունը թողնելու գլխավոր շարժառիթին, որի անունն է զրկանք և մշտագոյության հոգս: Արդի պետություններում ևս մարդիկ լքում են իրենց հայրենի օջախը ֆինանսական և սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Հունական արտագաղթի համար որոշ դեր խաղացին պոլիսներում բռնկվող քաղաքական կոնֆլիկտները և հույների գենային ծածկագրում տեղ գտած ճանապարհորդելու մարմաջը: Այդուհանդերձ, տեղաշարժվելու, գնալու և ծավալվելու գլխավոր պատճառն անշուշտ մնում էր հելլենիստական աշխարհակալության գերխնդիրը:

Այստեղ մենք չենք կարող չանդրադառնալ հույների արտագաղթի մի շատ կարևոր առանձնահատկությանը: Այդ այն է, որ նոր տարածքներում, որոնք անվանվում էին գաղութներ, հելլենները պահում էին իրենց ազգային ինքնությունը, սովորույթները և մշակույթը:

Նրանք չէին ասիմիլացվում: (Կա այդ արտահայտության հայերեն համարժեքը` ուծացում: Օգտագործենք այն): Եվ այսպես, հույները նոր միջավայրում չէին ուծացվում: Մի խոսքով, հարմարվելով (ադապտացվել) նոր պայմաններին, նոր շրջապատին՝ հույնը մնում էր հույն: Կլերուքները, այսպես էին անվանվում հունական համայնքները, իրենց հարազատ պոլիսների շարունակությունն էին, որտեղից նրանք եկել էին: Նրանց և մետրոպոլիայի, այսինքն` «մայր-քաղաքի» կառավարման մարմինների կառուցվածքն ու գործելակերպի մեխանիզմները նույն էին: Արտագաղթած հույները մասն էին կազմում աթենքյան բանակի և ռազմածովային նավատորմի: Մասնակցում էին կրոնական բոլոր տոներին: Այս ամենն էականորեն տարբերում է հին հունական արտագաղթը հետխորհրդային երկրների արտագաղթից, որը լուրջ վտանգ է պարունակում մեր գենոֆոնդի համար: Եվ ոչ միայն այդ: Արտագաղթն իր հետ բերում է քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգեբանական մեծ էրոզիա: Թեկուզ այն պատճառով, որ մարդիկ մեկնում են արտասահման` օտար բնակչության հետ ձուլվելու, այլ ոչ թե ինքնությունը պահպանելու մտայնությամբ, ինչպես դա անում էին անտիկ աշխարհի մարդիկ:

Ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ արտագաղթի ասպարեզում Հին Հունաստանը բազմադարյան հսկայական կուտակած փորձ ունի: Պատահական չէ, որ այսօր էլ նրա ԱԳՆ-ն կոչվում է նաև սփյուռքի նախարարություն: Եվ ամենևին էլ ավելորդ չէր լինի, որ Հայաստանն ընդօրինակեր հույների անցյալ և ներկա աշխատանքային ոճը համայնքների հետ:

Հիմա տեսնենք հունական արտագաղթի «մեդալի» հակառակ երեսը՝ ներգաղթը: Օտարների հոսքը դեպի Հելլադա, ավելի ճիշտ՝ դեպի Աթենք և մասամբ` Սպարտա, կարելի է համեմատել ներկայումս ԱՄՆ, Եվրոպա կամ Ռուսաստան գաղթելու ցանկության հետ:

Ստիպված ենք խոստովանել, որ անցյալում, ինչպես և հիմա «ներգաղթի հիմքում ընկած է նույն ռազմավարությունը, գործում են նույն սկզբունքները: Ինչպես Աթենքն իր ժամանակին, այնպես էլ Վաշինգտոնը, Մոսկվան, Փարիզը, կարելի է անվանումները շարունակել, մեր օրերում օտարներին ընդունելիս, մեծ հաշվով, հետապնդում են մեկ նպատակ՝ ներմուծել հնարավորինս էժան և իրավազուրկ աշխատուժ: Կոպիտ ասած` քիչ տալ և շատ ստանալ: Սա օտարին ընդունող պետության չգրված օրենք է: Մնացածը զուտ քարոզչական խաղեր են` հաջողված այս կամ այն չափով, հարմարեցված կոնկրետ պայմաններին և կոնկրետ քաղաքական իրադրությանը:

Նրանց, ովքեր վատ գիտեն արտասահմանյան երկրների ինչ լինելը, կարելի է հիշեցնել «Տարբերիր զբոսաշրջությունն արտագաղթից» հայտնի անեկդոտը: Իսկ դա հստակ հասկանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է լավ պատկերացնել մի պետությունից մեկ ուրիշ պետություն մշտական բնակության մեկնելու հետ կապված երկու կողմի օրենսդրական համակարգերի բոլոր նրբությունները: Տարբեր երկրներում օրենքները տարբեր են, և այնտեղ բնակության թույլտվության փաստաթղթերը ևս տարբեր են: Սակայն, չգիտես ինչու, մարդիկ դրանք սովորաբար անվանում են «green card»՝ հավանաբար տուրք տալով ԱՄՆ-ի անվիճելի հզորությանն ու մեծությանը:
Իսկ թե ինչ գույն կա այդ «կանաչ քարտի» հետևում, այլ հարց է: Օտար քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների սահմանները գծելիս ժամանակակից պետական այրերը հաստատ փոխ են առել հին հույների փորձը:

Իսկ հին հույներն իրենց տանը չեն սիրել աշխատել: Նույնիսկ ամաչել են աշխատել: Ազատ երկրի ազատ քաղաքացին, նրանց կարծիքով, կամ պետք է կռվի, կամ էլ պետություն ղեկավարի: Նման հատկությամբ առանձնապես օժտված էին սպարտացիները, որոնք, բացի պատերազմելուց, որևէ այլ զբաղմունք չէին պատկերացնում: Մնացած ողջ աշխատանքը դրված էր բնակչության երկու այլ խավի` այսպես կոչված պերիեկների և իլոտների ուսերին: Վերջիններս քանակապես տասն անգամ ավելի էին սպարտացիներից և երբ ժամանակ առ ժամանակ ապստամբում էին, սպառնում էին նրանց գոյությանը:

Հին ժողովուրդները, ըստ երևույթին, իրենց անվիճելի բարեմասնությունների կողքին ունեն էթնոհոգեբանական տարօրինակ գծեր: Մենք՝ հայերս, օրինակ, կարծում ենք, որ մեզանից յուրաքանչյուրն արժանի է լինելու նախագահ: Կարևոր չէ, թե ինչ նախագահ, բայց նախագահ: Գոնե` տնօրեն: Վրացիները կարծում են, թե իրենք ազգովի ժառանգական իշխաններ են, իսկ նրանցից ոմանք, տուրք տալով ժամանակի արատավոր բարքերին, հպարտությամբ հայտարարում են, թե ԱՊՀ-ի՝ օրենքով հայտնի գողերն իրենց արյունակիցներն են:

Ֆրանսիացու, գերմանացու կամ ռուսի կարծիքով` սև աշխատանքը հակացուցված է իրենց ազգային հոգեկերտվածքին. նրանք խորշում են փողոց ավլելուց և աղբ թափելուց՝ այն սիրով թողնելով գաղթականին: Արդյունքը բոլորդ գիտեք: Գերմանիային սպառնում է թուրքացման, իսկ Ֆրանսիային` աֆրո-արաբական վտանգը: Իսկ թե ինչ է սպասում Ռուսաստանին, որը մի կողմից ընդունում է գաստերբայտերներին, մյուս կողմից` սահմանափակում նրանց տարրական իրավունքները՝ մատների արանքով նայելով ֆաշիստ-շովինիստների «սանիտարական» գործողություններին, դժվար է կանխատեսել:

Հին հույները ևս հաճույքով ընդունել են մյուս պոլիսների քաղաքացիներին` անվանելով նրանց մետեկ, որը թարգմանվում է «դրկից հարևան»: Այդպես էին կոչվում նաև ազատություն ստացած ստրուկները: Այս մետեկները զբաղվում էին արհեստներով, առևտրով, տնտեսությամբ, հողագործությամբ, նավագնացությամբ: Նրանց իրավունք էր վերապահված վարձել արհեստանոցներ, ձեռք բերել գործիքներ, անսահմանափակ քանակությամբ ստրուկներ, շարժական գույք: Իսկ անշարժ գույք և հող ձեռք բերելու իրավունք չունեին: Բայց վճարել պետական տուրքեր պարտավոր էին: Ինչպես նաև պարտավոր էին կռվել, եթե իրենց հյուրընկալած պետությունը պատերազմում էր այլ պետության դեմ: Մետեկների իրավունքների շրջանակը մի կողմից, իրոք, բավական լայն էր. նրանց երեխաները հաճախում էին հասարակական դպրոցներ` գիմնազիաներ, մասնակցում էին կրոնական արարողություններին, ամուսնանում էին տեղացիների հետ: Մյուս կողմից` չունեին քաղաքական ոչ մի իրավունք՝ ընտրելու և ընտրվելու:

Մի խոսքով, մետեկներն իրենց ներգաղթած պոլիսների քաղաքացիներ չէին, թեպետ երբեմն քանակապես գերազանցում էին տեղացիներին: Աթենացիները, այսինքն՝ երկրի լիիրավ քաղաքացիները, հազիվ կազմում էին ընդհանուր բնակչության մեկ տասներորդ մասը: Իսկ մետեկների կարգավիճակը հաճախ կախված էր լինում պետության ներքին և արտաքին քաղաքական իրադրությունից: Պարսկական արշավանքից հետո, երբ Աթենքն ապրում էր ծանր տնտեսական ճգնաժամ, Թեմիստոկլեսը սկսեց մետեկներին համատարած շնորհել քաղաքացիություն: Իսկ երբ իշխանության գլուխ անցավ հունական դեմոկրատիայի հայր Պերիկլեսը, որքան էլ հակասական թվա, այդ պրակտիկան վերացվեց: Ավելին, նա վերացրեց նաև խառն ամուսնություններից ծնված երեխաներին քաղաքացիություն շնորհելը, որը մինչ այդ կիրառվում էր: Համաձայն նոր օրենքի՝ աթենացի կարող էր համարվել այն երեխան, որի ծնողները երկրի քաղաքացիներ էին:

Սակայն դրանից տուժեց հենց ինքը` Պերիկլեսը: Նրա կինը` հայտնի հետերա և գեղեցկուհի Ասպազիան, Միլետի քաղաքացի էր, օտարական: Եվ Պերիկլեսը ստիպված եղավ աղերսագին խնդրել Ժողովրդական ժողովին` աթենացի ճանաչել իրենց երեխաներին:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր օրերում որևէ երկրի ղեկավար որևէ հարցով աղաչի խորհրդարանին:

Հույները հույներ չէին լինի, եթե ներգաղթի քաղաքականությանը չհաղորդեին ինքնատիպ ձևեր և առավելագույն օգուտ չքաղեին օտար քաղաքացիների` իրենց պոլիսներում գտնվելուց: Նրանք ներգաղթին տվեցին միջազգային իրավունքի ձև ու բովանդակություն՝ այն հորջորջելով պրոքսենիա «հյուրընկալություն» գեղեցիկ և մտերմիկ անվամբ: Այն օտարերկրացին, որը ճանաչվում էր որպես պրոքսեն և ընդգրկված էր համապատասխան հայրենակցական կազմակերպության մեջ, ստանում էր տեղական իշխանությունների աջակցությունն ու պաշտպանությունը: Իր հերթին նա բարոյական պարտականություն էր ստանձնում ամեն կերպ նպաստելու այն պոլիսի բարգավաճմանը, որն իրեն ընդունում էր որպես պրոքսեն: Եվ ամենագլխավորը: Պրոքսենները Հին Հունաստանում տարերային դեսպանությունների դեր էին խաղում: Նրանք ակտիվորեն նպաստում էին իրենց և հյուրընկալ պոլիսների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի իրականացմանը, պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրմանը: Անհրաժեշտության դեպքում հանդես էին գալիս հայրենի պոլիսների անունից, իսկ երբ այնտեղից ժամանում էին դեսպանների պատվիրակություններ, դառնում էին դրանց անդամներ: Պրոքսենիայի ինստիտուցիոնալացումը կարևոր նշանակություն ունեցավ Հելլադայի միջազգային հարաբերությունների զարգացման համար:

Մնում է ավելացնել, որ պատմության մեջ հայտնի չէ օտար քաղաքացիներին պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններում ներգրավելու պրակտիկան: Դա զուտ հունական ֆենոմեն էր, որն իր շարունակությունը չունեցավ միջազգային պրակտիկայում, սակայն ժամանակին իր դրական նշանակությունն ունեցավ հունական դիվանագիտության զարգացման համար:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1497 reads | 09.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com