ՀԵԼԼԵՆՆԵՐԸ ԳԵՏՆԻ ՎՐԱ ԵՎ ԳԵՏՆԻ ՏԱԿ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Հին հույներն իրենց կենցաղն ու կացութաձևը չեն պատկերացրել այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում և զգում: Նրանք ապրել են «երկու աշխարհներում»` գետնի երեսին և գետնի տակ` վստահ լինելով, որ կյանքը չի ընթանում միայն այստեղ՝ երկրի վրա, այլ այն կա նաև նրա խորքերում: Բայց կապը վերևի հետ չի կտրվում:

Հույները համոզված էին, որ պտղաբերության և հողագործության աստվածուհի Դեմետրայի աղջիկը՝ Պերսեփոնեն, որին հափշտակել էր ստորգետնյա աշխարհի տիրակալ Հադեսը «ամեն ամառ գալիս է իր մորը տեսության»: Այնպես որ մահը ինչ-որ տեղ վերադարձ է ի շրջանս յուր և բնական երևույթ է: Իսկ հանգուցյալին հողին հանձնելը սուրբ պարտականություն է կենդանի մարդկանց համար:

Անգամ կռվից հետո կողմերի միջև զինադադար էր կնքվում զոհվածներին հողին հանձնելու համար: Մահացածին ստորգետնյա աշխարհ ճանապարհելը կենդանի մնացածների հոգու պարտքն էր, իսկ այն չկատարելը` մեծագույն մեղք և հանցագործություն:

Եվ ահա թե ինչ եղավ նրանց հետ, ովքեր խախտեցին այդ օրենքը:

…Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ հունական նավատորմը Արգինուզյան կղզիների մոտ ջախջախեց Սպարտայի նավատորմը: Ստրատեգոսների 10 անդամներից բաղկացած զորավարական խորհուրդը, որի գլխավոր գերագույն հրամանատարը վերընտրվում էր ամեն տարի, շտապեց Լեսբոս կղզի և թողեց մի նավ, որը պետք է հավաքեր սպանվածներին` հայրենիքում թաղելու համար:

Սակայն նավապետն ուժեղ փոթորկի պատճառով չկարողացավ կատարել հանձնարարությունը, ինչը չներվեց աթենական հասարակության կողմից: Զոհված նավաստիներին չթաղելու դեպքը վերածվեց համազգային խնդրի, ստացավ հասարակական հնչեղություն: Սպանվածների ազգականները վրեժ էին տենչում՝ ողբալով, թե հանգստի կարոտ անթաղ հոգիները դեռ թափառում են ստորերկրյա թագավորության մուտքի մոտերքում, և դա, ըստ ավանդույթի, կարող է տևել հարյուր տարի:

Այնժամ աթենական դեմոկրատիան նահանջեց՝ իր տեղը զիջելով վրեժխնդրության կույր բնազդին:

Ստրատեգոսների պաշտպանության կամպանիան, որը գլխավորում էր Սոկրատեսը, կոպտորեն մերժվեց: Ծովային անմեղ հրամանատարներին բերման ենթարկեցին ու կախեցին: Նրանց մեջ էր նշանավոր հետերա Ասպազիայի երիտասարդ տղան: Իսկ հետո հասկանալով իրենց անիրավությունն ու անողոքությունը` ողբացին կատարվածի համար և ընկնելով հակառակ ծայրահեղության մեջ՝ աստվածացրին զոհվածներին:

Բնորոշ երևույթ՝ ամբոխի հոգեբանության տեսանկյունից. մարդկանց հերոս հռչակելու մյուս օրը նրանց վերածել հակահերոսների, ջարդել երեկվա պաշտելի կուռքերը կամ անել ճիշտ հակառակը: Ի դեպ, սուր զգայական խառնվածքի տեր հույներն ամեն տարի միջին հաշվով տասը ստրատեգոսներից երկուսին մահապատժի էին ենթարկում, հետո զղջում էին և ողբում նրանց կորուստը:

Հելլենները հանդերձյալ կյանքի նկատմամբ ունեին փիլիսոփայական մոտեցում: Նրանք ծանր էին տանում այն հանգամանքը, որ հարազատներն ընկել են խավարի թագավորություն, որտեղ նրանք զրկված են ամեն հաճույքից: Սակայն ողջերը մխիթարվում էին այն մտքով, որ եթե հանգուցյալն արդար է, մաքուր և անմեղ (ամեն մարդ մտածում է, որ իր հարազատը հենց այդպիսին է), ահեղ դատաստանից հետո ուրախ-զվարթ զբոսնում է Ելիսեյան դաշտերում:

Հոմերոսն այնպես է նկարագրում այդ դաշտերի կյանքը, որ ակամայից նախանձում ես այնտեղ ապրողներին: Ըստ այդ հանճարեղ հեղինակի՝ անդրշիրիմյան աշխարհը հրաշագեղ մի հանգստավայր է, կատարյալ դրախտ` եդեմ: «Ոչ ձմեռ են տեսնում այնտեղ, ոչ էլ անձրև, կարկուտ կամ ձյուն, Զեֆիրոսը Օվկիանոսից բարձրացնում է թեթև քամի՝ Զովացնելով այնտեղ ապրող բոլոր մարդկանց երանավետ» (Հոմերոս, «Ոդիսական», Երգ չորրորդ, թարգմ.՝ Ս. Կրկյաշարյանի):

Իսկ մեղավորները, չարերն ու անազնիվները տանջվում են Տարտարոսի դժոխքում: Դրա հետ մեկտեղ ամեն մի ընտանիք հավատում էր, որ մեռած նախնիները հաղորդակցության մեջ են մտնում իրենց հետ: Եվ իրենք պարտավոր են հիշել հանգուցյալներին, նրանց գերեզմաններն օծել ու զոհեր մատուցել: Ստորգետնյա աստվածների համար մատուցվող զոհերը (ցուլ, ոչխար, այծ, խոզ) թաղում էին հողի մեջ, որպեսզի դրանք շուտ հասնեն հասցեատիրոջը:

Ամեն տարի Ատտիկյան օրացույցի անտեստերիոն ամսին (փետրվարի 7-ի և մարտի 8-ի միջև) հույների մեռելոցն էր: Ըստ ավանդության՝ այդ օրը ստորգետնյա աշխարհը բացվում էր, և ննջեցյալների ոգիները բարձրանում էին վեր` միանալու հարազատներին: Այցելուներին հյուրասիրում էին ցորենով, գինիով, ձիթապտղի յուղով, մեղրով:

Հիմնականը, սակայն, քաղցր շփոթն էր (պանսպերմիա)՝ պատրաստված հացաբույսերից և լոբազգիներից: Այն պատրաստողներն իրենք չէին ուտում, այլ բաժանում էին: 

Այդ սովորույթն այսօր էլ գոյություն ունի Հունաստանում և Կիպրոսում:

Մատաղի արարողություն շատ ազգեր ունեն: Այն մեր` հայերիս մեջ, չգիտես ինչու, վերածվել է կերուխումի, մինչդեռ, եկեղեցական կանոնների համաձայն, մատաղը մատուցվում է ուրիշներին` հատկապես աղքատներին:

Հանգուցյալների նկատմամբ հույների խորհրդավոր ակնածանքը սերտորեն կապված էր ընտանեկան օջախի պաշտամունքի հետ, որն արտահայտում էր ընտանիքի միասնականության գաղափարը սերնդեսերունդ:

Մարդիկ ծնվում և մեռնում են, իսկ ընտանիքը շարունակում է ապրել այնպես, ինչպես օջախի մշտավառ կրակը: Եվ եթե մեկը հեռանում, գնում է տնից մի նոր տեղ, նա պետք է իր հետ տանի հայրենի օջախից մխացող ածուխը, որպեսզի նոր տեղում կրակ վառի նախկին աղբյուրից: Եվ երբեք չմոռանա անցավորներին: Այս գեղեցիկ ավանդույթը փոխանցվել է այլ ազգերի և աննշան փոփոխություններով հասել մեր օրերը: Կարծում եմ՝ մենք` հայերս, բացառություն չենք:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1062 reads | 29.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com