ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԿԱՍԿԱԾԻՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Հելլենական պոլիսների միջև հարաբերությունների բնույթը հուշեց, որ դրանց հաջող զարգացումը պահանջում է համապատասխան մեխանիզմներ: Այդ նպատակով ստեղծվեցին հատուկ լիազոր անձանց կամ դեսպանների խմբեր, որոնք կոչվում էին «ավագանի»:

Մշտական գործող դեսպանությունները՝ իրենց հաստիքներով, նստավայրերով և կարգավիճակով, ինչպես որ ներկայումս է, չկային Հունաստանում: Դեսպանություն ասելով` այնտեղ նկատի էին ունենում բանբերների կամ դեսպանների պատվիրակություններ, որոնք կատարելով իրենց առաքելությունը` վերադառնում էին հայրենիք: Հետագա շարադրանքում մենք նույնպես դրանց կանվանենք դեսպանություններ: Միևնույն դեսպանության կազմում կարող էին լինել մեկից ավելի դեսպաններ` բոլորն էլ օժտված հավասար իրավասությամբ և արտոնություններով: Իսկ դրանք ավելի լայն էին, քան արդի դեսպաններինն են: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն այսօր դեսպանընկալ երկրում համաձայնագիր կամ այլ պայմանաիրավական փաստաթուղթ ստորագրելու համար պետք է ունենա իր կառավարության հատուկ գրավոր լիազորությունը: Հելլեններն ազատված էին նման ձևականությունից:

Ժամանակակից դեսպանը որևէ վճռական քայլ, բանավոր կամ գրավոր կարևոր հայտարարություն անելուց առաջ պետք է դրանք համաձայնեցնի Կենտրոնի, կոնկրետ՝ արտգործնախարարության հետ: Հին Հունաստանում դրա անհրաժեշտությունը չի եղել: Ընդհանրապես, նրա դիվանագետները շատ ավելի ազատ են եղել իրենց գործողություններում, քան մեր դիվանագետները: Ուրեմն, նրանց լոյալության նկատմամբ վստահությունն ավելի մեծ է եղել, քան այժմ մեր դեսպանների նկատմամբ է, որը, իր հերթին, ավելացրել է ինքնուրույն գործելու հնարավորությունը, հետևաբար՝ դիվանագիտական գործողությունների օպերատիվությունը: Սա խոսում է Հելլադայի դիվանագիտության դեմոկրատական բնույթի մասին:

Աթենքում, Սպարտայում, Կորնթոսում և հունական մյուս պետություններում դեսպաններին նշանակում էր Ժողովրդական ժողովը (Ekklesia)` բաց և թափանցիկ քվեարկության միջոցով: Դեսպանները« որպես կանոն, պետք է ունենային բարձր կրթական մակարդակ, լայն մտահորիզոն, տիրապետեին մի քանի օտար լեզուների և, անպայման, հռետորական արվեստին, որը շատ զարգացած էր անտիկ աշխարհում և որոշիչ դեր էր խաղում երկրի հասարակական քաղաքական կյանքում: Թեպետ Աթենքում դեմոկրատիան հարգի էր, և փողոցի մարդը, գոնե առերևույթ, կարող էր մասնակցել պետության քաղաքական կյանքին, սակայն դիվանագիտությունը, այնուամենայնիվ, մնում էր ընտրյալների մենաշնորհը: Դեսպանը չէր կարող լինել ընչազուրկ: Նա պետք է պատկաներ հարուստների խավին, վայելեր հասարակության հարգանքը, ունենար տոհմական ու ազնվական ծագում և 50 տարեկանից երիտասարդ չլիներ: Այստեղից էլ, երևի, Հին Հունաստանում առաջանում է դեսպանների «ավագանի» դասը: Անտիկ աշխարհում, ի տարբերություն դիվանագիտության ներկա ղեկավարների, լավ էին հասկացել, որ անգամ ֆիզիոլոգիական առումով նպատակահարմար է դեսպան նշանակել կյանք ապրած և փորձառություն ունեցող անձնավորության:

Հունական փորձից ելնելով՝ ամերիկյան դիվանագիտության մեջ հաճախ է կիրառվում առանցքային երկրներում հասուն տարիքի դեսպաններ նշանակելու պրակտիկան: Հայկական դիվանագիտությունն այլ մոտեցում ունի կադրային քաղաքականությանը: Այն միանգամայն տարբերվում է հունական և ամերիկյան պրակտիկայից: Մենք նոր արահետներ ենք բացում դիվանագիտության ջունգլիներում. երեսուն տարին չբոլորած և առաջին անգամ նախարարություն ոտք դրած անփորձ երիտասարդները՝ որպես դեսպաններ, աշխատանքի են մեկնում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող երկրներ: Հետո, մենք հայհոյում ենք բոլշևիկներին, սակայն նրանք պետական պատասխանատու օղակներում հիմնականում կարգում էին հասուն և փորձառու կադրեր, որոնց կարիերայի դինամիկան կախված էր նրանց ծառայողական հաջողությունից: Ինչևէ:

Աթենքում դիվանագիտական աշխատանքի վարձատրությունը բավականաչափ ցածր էր: Այն պատվաբեր գործ էր, բայց ոչ փողաբեր: Դեսպանն ինքն էր հոգում իր ծախսերը: Իսկ երբ դեսպանությունը վերադառնում էր արտասահմանյան գործուղումից, առաջին հերթին ներկայանում էր «500-ի խորհրդին», որը կարևորագույն պետական օրգան էր: Խորհուրդը հավաքվում էր այսպես կոչված Հանդիսությունների դահլիճում և Ժողովրդական ժողովին զեկուցում էր իր եզրակացությունը դեսպանի մասին: Այնուհետև դեսպանը հանդես էր գալիս Ժողովի բաց նիստում, որտեղ ամենավերջին քաղաքացուն անգամ իրավունք էր վերապահված մանրամասն «հարցաքննել» նրան՝ արած-չարածի և ծախսած փողերի մասին: Ներկա էր լինում մինչև 6 հազար քաղաքացի: Եթե դեսպանի գործերում ի հայտ էին գալիս լուրջ պարտազանցություններ և ֆինանսական խախտումներ, գործը հանձնվում էր դատարան (արեոպագոս), որի անդամները երեսուն տարեկանից երիտասարդ չպետք է լինեին: Դատարանի վճիռը կախված էր արարքի ծանրությունից: Այն տատանվում էր տուգանքի և մահապատժի միջև: Կոռուպցիայի ճանապարհը փակելու համար դիվանագետների ստացած նվերների նկատմամբ անգամ Հունաստանը սահմանել էր հասարակական հսկողություն: Դրանք հարկ էր հանձնել: Այս պրակտիկան փոխանցվել է դիվանագետների հաջորդ սերունդներին: Օրինակ` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ունի օրենք դիվանագետի ստացած նվերի վերաբերյալ. 50 դոլարից բարձր արժեք ունեցող նվերները հաշվառվում և հանձնվում են պետությանը:

Դեմոկրատիայի, թափանցիկության և հրապարակայնության պայմաններում էր ընթանում ոչ միայն սեփական դեսպանների գործունեությունը, այլ նաև օտար դեսպանների ընդունելության արարողությունը:

Աթենք ժամանած օտարերկրյա դեսպանությանը դիմավորում էր քաղաքային իշխանության այն ներկայացուցիչը, որը պատասխանատու էր միջազգային հարաբերությունների համար (այսօր՝ ԱԳՆ-ի արարողակարգ): Դեսպանությունը տեղավորվում էր Աթենքից դուրս՝ պանդոկներում, և նրան հայտնվում էր Ժողովրդական ժողով այցելելու օրն ու ժամը: Իհարկե, գործում էր քաղաքական հաշվարկը. որքան կարևոր երկիր էր ներկայացնում դեսպանությունը, այնքան բարձրորակ էր նրա իջևանած պանդոկը, այնքան արագ էր նա կանգնում Ekklisia-ի առաջ: Եվ հակառակը: Լինում էին դեպքեր, երբ դեսպանությունն ամիսներով սպասում էր շրջմոլիկների ու առնետների հարևանությամբ և ձեռնունայն վերադառնում տուն: Դա դեռ ամենասարսափելին չէր. դեսպանությանը կարող էին մեղադրել լրտեսության մեջ և նրա անդամներին մահապատժի ենթարկել:

Ներկայանալով Ժողովրդական ժողով՝ դեսպանը կամ դեսպանները ներկաներին ծանոթացնում էին իրենց հավատարմագրերի բովանդակությանը: Այն գրանցված էր լինում երկտակ սալիկների վրա, որոնք հունարեն կոչվում էին դիպլոմա: Այստեղից էլ՝ շատ լեզուներում ընդունված դիպլոմատիա և դիպլոմատ բառերը: Իսկ հայերենում դիվանագիտություն և դիվանագետ արտահայտությունների հիմքում ընկած է պարսկերեն դիվան` արխիվ, գրասենյակ բառը: Հավատարմագրերի հանձնման արարողությանն իրավունք ուներ մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի, հարցեր տալ օտար դեսպանին, իր կարծիքը հայտնել, հանդես գալ դիտողություններով և առաջարկություններով: Պաշտոնական մասից հետո դեսպաններին հրավիրում էին նրանց պատվին կազմակերպված հատուկ ճաշկերույթի` Ակրոպոլիսին մերձակա ընդունելությունների տանը, թատերական ներկայացումների, խաղերի և տոնակատարությունների, մատուցում էին թանկարժեք ընծաներ: Այս ամենն այսօր էլ է կատարվում բոլոր պետությունների արարողակարգերում: Դիվանագիտությունն իրոք թանկ հաճույք է:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1245 reads | 27.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com