ԴԱՇԻՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ` ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Հին Հունաստանի դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից մեկը եղավ բանակցային գործընթացի և պայմանագրերի վավերացման մեխանիզմների ստեղծումը: Պոլիսներում հիմնվեցին սիմախիներ, որոնք պաշտպանական կամ հարձակողական բնույթի ռազմաքաղաքական միություններ էին:

ՆԱՏՕ-ի, Վարշավյան պայմանագրի, ՍԵԱՏՕ-ի և մյուս ռազմաքաղաքական դաշինքների հիմքում ընկած են նույն սիմախիների սկզբունքներն ու նպատակները: Գոյություն ունեին երկու խոշոր միություններ՝ Լակեդեմոնյանը, որի անդամներն էին Պելոպոնեսյան թերակղզու քաղաքներն ու համայնքները` Սպարտայի գլխավորությամբ, և Աթենքյան կամ Դելոսյան ռազմածովային միությունը, որը կազմավորվեց հույն-պարսկական պատերազմի ժամանակ` թշնամու դեմ պայքարի նպատակով:

Հունաստանի պատմության մեջ կարևոր դեր խաղաց Կորնթոսյան լիգան (337 թվական), որին անդամակցում էին բոլոր պետությունները՝ բացի Սպարտայից: Լիգան կազմավորվեց, երբ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ը փաստորեն իրեն ենթարկեց ողջ Հելլադան, դարձավ միացյալ զորքերի գերագույն հրամանատար և երկիրը պատրաստեց Պարսկաստանի դեմ պատերազմի: Մեզ է հասել Լիգային անդամակցելու երդման տեքստը: «Երդվում եմ Զևսով, Գեայով, Հելիոսով, Պոսեյդոնով, Աթենքով և Արեսով, բոլոր աստվածներով և աստվածուհիներով: Երդվում եմ հարգել խաղաղության պայմանները և չխախտել Փիլիպոս Մակեդոնացու հետ կնքված պայմանագիրը: Ո՛չ գետնի վրա, ո՛չ ծովում ես զենք չեմ բարձրացնի պայմանագրի որևէ անդամի դեմ: Ես թույլ չեմ տա որևէ ոտնձգություն պայմանագրի անդամ պետություն-քաղաքի, նրա ամրությունների և նավահանգիստների դեմ: Ես չեմ կռվի Փիլիպոս Մակեդոնացու և նրա հաջորդների դեմ: Եթե որևէ մեկը սպառնա պայմանագրի անդամ երկրին, ես պատրաստ եմ նրա կողքին կռվել ընդհանուր խաղաղությունը խախտողի դեմ…»:
Եթե վերցնելու լինենք ժամանակակից պետությունների զինված ուժերում ընդունված երդումների տեքստերը, ապա կտեսնենք, որ դրանք շատ կետերով նմանակում են նշված երդումը, որից մեզ բաժանում է գրեթե երեք հազար տարի:

Ենթադրվում էր, որ ռազմաքաղաքական միություններն ունեին կախարդական ուժ, հետևաբար դրանք խախտողը ենթակա էր աստվածային պատժի: Երդումից բացի՝ փաստաթղթերն ամրագրվում էին հեթանոսական զոհաբերություններով: Երդման արարողությունը տեղի էր ունենում այն քաղաքի մագիստրոսի ներկայությամբ, որտեղ ստորագրվում էր պայմանագիրը կամ համաձայնագիրը: Երդմանն ավելանում էր անեծքի տեքստը, որը կարող էր «թափվել» այն ոտնահարողի գլխին: Սրանք դատարկ սպառնալիքներ չէին: Պայմանագրի խախտումը քննարկում էր միջնորդ դատարանը և խախտողի նկատմամբ կիրառում պատժամիջոցներ, անգամ հայտարարում էր սրբազան պատերազմ:

Եթե նման պրակտիկա այսօր կիրառվեր պետությունների իրավապայմանագրային փաստաթղթերի նկատմամբ, ապա արյունահեղ պատերազմներն անպակաս կլինեին երկրագնդի վրա:

Հունական պայմանագիրը կազմվում էր մի քանի, այդ թվում՝ բանակցող կողմերի լեզուներով: Մեկ օրինակը հանձնվում էր արխիվ, իսկ եթե դիվանագիտական հարաբերությունները նրանց միջև խզվում էին, կամ պատերազմ էր հայտարարվում, այն ոչնչացվում էր, ինչը նշանակում էր, որ միջպետական փաստաթուղթը կորցրել է իր ուժը:

Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն չկա և պարտավորություն: Միջազգային իրավունքի հին հունական պրակտիկան կարող էր լավ օրինակ լինել ժամանակակից միջպետական հարաբերություններում: Գաղտնիք չէ, որ պետությունների միջև կնքված պայմանագրերն ու համաձայնագրերն այսօր հաճախ չեն գործում կամ գործում են կիսատ-պռատ: Ամերիկյան մասնագետների կարծիքով, եթե դրանք իրականացվում են 25%-ով, արդեն լավ է: Դիվանագիտական շատ ծառայություններ պատշաճ հսկողություն չեն սահմանում վերցված պարտավորությունների նկատմամբ, և հասարակությունն անտեղյակ է մնում, թե այս կամ այն երկրի հետ կնքված պայմանագիրն ինչպե՞ս է կատարվում և ի՞նչ օգուտ բերում: Հայաստանի ԱԳՆ-ն իր օրինակով կարող է փաստել այս իրողությունը: Եթե, իհարկե, ցանկանա:

Սակայն գերագնահատել հելլենական փորձը նույնպես ճիշտ չէր լինի: Փաստաթղթերի նկատմամբ գոյություն ունեցող ակնածալի վերաբերմունքն ամենևին չէր նշանակում, որ այդ շրջանի պետական ու ռազմական գործիչներն ազնվության մարմնացում էին, և նրանց խոստումն անսասան էր:

…Ալեքսանդր Մակեդոնացին խստագույնս հավատարիմ էր մնում միջպետական փաստաթղթերի ոգուն և տառին` նույնը պահանջելով դրանք ստորագրողներից: Իսկ երբ Աթենքի մշտական թշնամի Բեովտիայի խոշորագույն քաղաք Թեբեն ուխտազանց եղավ և խախտեց Մակեդոնիայի հետ բարեկամության պայմանագիրը, նա գոչեց. «Դաշինքին դավաճանելու համար` մահ» և հիմնահատակ կործանեց այդ քաղաքը, սրատեց նրա բնակիչներին:

Իսկ պարսիկների երդմնազանցության մի դիպված ունեցել է էլ ավելի տխուր հետևանքներ:

…Արքայորդի Արքեսիլիաոսը մեծ խառնակչություններ է անում իր հայրենակիցների նկատմամբ, նեղացնում նրանց: Հետո դավեր է նյութում հարազատ եղբայրների դեմ և փախչում Բարկայից: Որոշ ժամանակ անց նա ծպտված վերադառնում է հայրենի քաղաք: Մարդիկ շուկայում ճանաչում են նրան և տեղում սպանում: Արքայորդու մայրը` Փերետիմեն, տենչում է վրեժ լուծել տղայի մահվան համար: Փախստականի կարգավիճակով գտնվելով Եգիպտոսում` նա համոզում է Դարեհի սատրապ Արյուանդեսին զորքեր տրամադրել իրեն՝ Բարկան կործանելու համար: Պարսիկներին համոզելու հարկ չկար. նրանց առիթ էր պետք Հունաստանին վատություն անելու համար:

Եգիպտոսում տեղակայված պարսկական ցամաքային և ծովային ուժերը դրվում են վրիժառու կնոջ տրամադրության տակ: Պարսիկները պաշարում են հելլենական Բարկան ամբողջ ինն ամիս: Շատերն են ընկնում երկու կողմից էլ: Պարսից հետևակի զորապետ Ամասիսը, համոզվելով, որ հնարավոր չէ ուժով նվաճել բարկացիներին, այլ միայն խորամանկությամբ, այսպիսի մի հնար է մտածում: Գիշերվա ընթացքում լայն խրամատ փորելով՝ այն ծածկում է տախտակներով, վրան փռում է հողի բարակ շերտ և հավասարեցնում գետնին: Առավոտյան Ամասիսը բարկացիներին առաջարկում է դիվանագիտական բանակցություններ սկսել: Բարկացիները հոժարությամբ ընդունում են, քանի որ նրանք արդեն սովամահ էին լինում և հաշտության էին ձգտում: Եվ մոտավորապես այսպիսի համաձայնության են հանգում: Պարսիկները, ուշադրություն դարձրեք, երդվում են քողարկված խրամատի վրա կանգնած` ասելով. «Քանի դեռ այս հողն այսպես ամուր է, մեր երդումը ևս հաստատ կլինի»: Բարկացիները համաձայնվում են արքային հարկ վճարել, իսկ պարսիկները խոստանում են այսուհետև բարկացիներին չվնասել: Այս երդումից հետո բարկացիները, հավատալով պայմաններին, ոչ միայն իրենք են դուրս գալիս քաղաքից, այլև բացում են բոլոր դարպասները: Պարսիկները նախ քանդում են խրամատը ծածկող գաղտնի տախտակամածը, հետո խուժում են քաղաք: Ինչու՞ են նրանք քանդում տախտակամածը: Այն բանի համար, որպեսզի խախտած չլինեն խոստումը: Իսկ հողածածկ տախտակամածը քանդելուց հետո, երդումը կորցնում է իր ուժը…

Երևի տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր միջոցներ են հորինել խոստումն ու երդումը դրժելու, հետո խղճի ձայնը խլացնելու համար: Միջնադարում կաթոլիկական եկեղեցին, պապի անունից, փողով կամ այլ ծառայությունների համար մեղքերի թողության թուղթ էր տալիս` գործած և գործվելիք օրինախախտումների համար: Այն ուներ հնչուն անուն` ինդուլգենցիա:

Իսկ մենք երեխա հասակում գտել էինք երդումը դրժելու ավելի հասարակ ու ձրի ձև: Երբ ստում էինք, ձեռքներս թաքցնում էին մեջքի հետևում և միջնամատը խաչաձևում ցուցամատի հետ: Ճիշտ է, մեծ մասամբ բռնվում էինք, բայց բոլոր դեպքերում ուրախ էինք, որ ստելու այդ միջոցը կա…

Ուրեմն, պարսիկները, ներխուժելով քաղաք, carte blanche (ֆրանս., գործելու անսահմանափակ ազատություն) են տալիս անչափ գազազած Փերետիմեին: «Տիկին, արա սրտիդ ուզածը»: Սա էլ կատարում է սահմռկեցուցիչ արարք: Հրամայում է տղամարդկանց ցցահան անել պարսպի վրա, իսկ կանանց ստինքները կտրել ու գամել նրանց կողքին: Հետո զորքը ճամփա է ընկնում դեպի Եգիպտոս: Սակայն պարսիկների մեծ մասը տեղ չի հասնում. նրանցից շատերին անապատի ավազուտներում սպանում են լիբիացիները: Փերետիմեին հաջողվում է հասնել Եգիպտոս, բայց քիչ անց նա մեռնում է դաժան մահով. դեռևս կենդանություն օրոք նրա մարմինը սկսում է փտել վխտացող որդերից: Ճիշտ է նկատում Հերոդոտոսը, երբ ասում է. «Դաժան վրեժը մարդկանց ատելի է դարձնում անգամ աստվածներին»: Նրա վրեժը համաքաղաքացիների վրեժից դաժան էր: Դաժան եղավ նաև մահը:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1207 reads | 03.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com