ՉՍՊԱՆԵ՛Լ ԴԵՍՊԱՆԻՆ. ԴԵՊՔԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Եթե այս հրամայականը գործում է (շեղումներ, ցավոք սրտի, լինում են), դիվանագետները պարտական են հելլեններին: Այդ շատ կարևոր հայտնությունը նրանք արեցին դիվանագիտության երևան գալու արշալույսին: Խնդրի կենսական անհրաժեշտությունը մարդիկ տարտամորեն գիտակցում էին դեռևս ստրկատիրական կացութաձևից առաջ` համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն իրար կոկորդ էին կրծում: Ելքը մեկն էր` չսպանել և չուտել բանակցային կողմի ներկայացուցիչներին: Չհասկանար նախամարդն այս պարզ ճշմարտությունը` մարդկության գոյատևման վրա կկախվեր մահացու վտանգ:

Դիվանագետի ֆիզիկական անվտանգությունը հետագայում ստացավ մի կարգավիճակ (ստատուս), որը կոչվեց դիվանագիտական անձեռնմխելիություն (իմունիտետ): Այդ կարգավիճակը, բացի ֆիզիկական անվտանգությունից, ապահովում էր նաև որոշակի արտոնություններ, որոնք տարածվում էին դեսպանության շենքերի, նստավայրերի, տրանսպորտի և դիվանագիտական փոստի վրա: Մյուս կողմից` դիվանագետների վրա չէին տարածվում դեսպանընկալ երկրի օրենքները: Նրանց չէին ենթարկում քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության:

Հելլեն դեսպանները ցուցադրաբար բռնում էին հատուկ տարբերանշաններով ցուպեր, որոնց գլխամասը զարդարված էր լինում զույգ օձի քանդակով: Այդպիսի ցուպի տերը համարվում էր անձեռնմխելի: Ինչպես մեր օրերում դիվանագիտական անձնագիր ունեցողը: Սակայն դիվանագետի անվտանգությունը հարաբերական էր և հաճախ կախված էր կոնկրետ պետությունների հարաբերությունների վիճակից: Հենց ինքը` դիվանագիտության օրրան Աթենքը, մեկ անգամ չէ, որ խախտել է իր իսկ հեղինակած օրենքը:

…Ալեքսանդր Մակեդոնացին հեշտությամբ, մեկը մյուսի հետևից գրավում է Փյունիկիայի քաղաքները: Իսկ Տյուրոս կղզին հրաժարվում է դարպասները բանալ մեծ զորավարի առաջ: Տյուրոսցիները վստահ են քաղաքի անառիկությանը: Այն ծվարած է կղզու ժայռագագաթներին՝ ափից չորս ասպարեզ հեռու, որը մոտավորապես 200 մետր է: Իսկ մակեդոնական նավատորմը հորիզոնում դեռևս չի ուրվագծվում: Ալեքսանդրը փորձում է բանակցային ճանապարհով մտնել Տյուրոս և դեսպաններ է ուղարկում: Դիվանագետները կղզի են մեկնում տյուրոսյան նավերով, իսկ երեկոյան կողմ ալիքներն ափ են նետում նրանց արյունաշաղախ դիակները: Իմունիտետի նման վայրագ ոտնահարումը մինչև հոգու խորքը վիրավորում է Ալեքսանդր Մեծին: Համաձայն իր սովորության` չկանգնել ոչ մի արգելքի առաջ, նա հրամայում է լցնել կղզին ափից բաժանող ջրաշերտը և կառուցել ամբարտակ: Այն սարքելուց հետո մակեդոնացիները, կոտրելով փյունիկեցիների կատաղի դիմադրությունը, մեծ զոհերի գնով գրավում են Տյուրոսը: Ավերում և հիմնովին կործանում են այն: Հաղթողները դաժան հաշվեհարդար են տեսնում դիվանագիտական կանոնը խախտողների հետ: Ալեքսանդրը խնայում է լոկ նրանց, ովքեր թաքնվել էին տաճարներում. նա հավատում էր աստվածներին և աշխատում էր չզայրացնել նրանց:

Այդուհանդերձ, դեսպանի գլխին միշտ կախված է եղել դամոկլեսյան սուրը: Մի երկու խոսք՝ սրի մասին և քանի որ դրա ծագման հիմքում ընկած են հունական քաղաքական բանսարկությունը, սադրանքն ու բամբասանքը:

…Սիցիլիական Սիրակուզայի միահեծան կառավարիչը` նույն ինքը զավթիչ (տիրան) Դիոնիսոս Ավագը, հայտնի էր իր դաժանությամբ և անողոքությամբ: Իսկ պալատում, ինչպես յուրաքանչյուր գլխավորի աշխատանքային ապարատում, բույն էր դրել բամբասանքը, այնտեղ ծաղկում էին մատնությունն ու նախանձը: Պալատականները շշնջում են Դիոնիսոսի ականջին. «Բա չես ասի, քո մտերիմ Դամոկլեսը ասում է, թե կցանկանար ապրել տիրանի պես»:

Զայրացած տիրանն այդժամ կազմակերպում է ճոխ ճաշկերույթ և Դամոկլեսին զուգում-զարդարում ու նստեցնում է ամենապատվավոր տեղում: Խնջույքի թեժ պահին Դամոկլեսի հայացքը հանկարծ ընկնում է առաստաղին: Ճիշտ գլխավերևում նա տեսնում է երկսայրի մի մեծ սուր` կախված ձիու մազից: «Ի՞նչ է սա,– սարսափած հարցնում է նա,– ի՞նչ կնշանակի»: «Դա կնշանակի, որ մենք` տիրաններս, մշտապես ապրում ենք հենց այսպես՝ կործանման եզրին, մազից կախված: Այնպես որ մեզ մի նախանձիր, ապուշ»,– թունոտ ժպիտով պատասխանում է Դիոնիսոսը…

Այժմ այն մասին, թե ինչ փորձանք կարող է գալ դեսպանի գլխին հենց յուրայինների կողմից, եթե նա վրիպում է կամ սխալվում:

…Պարսկաստանի արքայից արքա Դարեհի դեսպանը հանձնարարականով եկավ Փոքր Ասիայի արևմուտքում գտնվող պարսից փոխարքայի` սատրապի նստավայր: Դեսպանի խոսքի և պահվածքի մեջ հնչեցին գոռոզամտության և սնապարծության նոտաներ, որով նա խախտեց արքունիքում սահմանված վարքականոնը: Սատրապ Օյարտեսն ատելությամբ լցվեց հյուրի նկատմամբ: Բայց այնքան խելք ունեցավ, որ ճաշի ժամանակ չմորթեց նրան: Իսկ երբ դեսպանը գոհ և ուրախ բռնեց տան ճամփան, մարդասպանները հասան հետևից, սպանեցին խեղճ մարդուն և թաղեցին, ծառային ու ձիուն էլ հետը:

Այս ամենը եղել է վաղ անցյալում: Սակայն սխալ կլինի կարծել, թե միջազգային օրենքներով ընդունված կանոնները հետագայում ամբողջովին ապահովել են դիվանագետների ֆիզիկական անվտանգությունն ու նորմալ գործունեությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ու նրանց աշխատակիցների դեմ հյուսվել են վտանգաշատ որոգայթներ՝ սպանություն, ահաբեկչություն, սադրանք, նրանց հավաքագրում, փոստի հափշտակում, գաղտնագրերի վերծանում և այլն:

…Դիվանագետների դեմ գործված ահաբեկչության մռայլ էջերից է տաղանդավոր գրող, անվանի դիվանագետ, Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան 
Ալեքսանդր Գրիբոյեդովի սպանությունը, որը մինչ այդ՝ 1828 թվականին մշակել և ստորագրել էր Թուրքմենչայի պայմանագիրը: Մոլեռանդ խուժանը, ներխուժելով դեսպանության շենք, տառացիորեն հոշոտում է նրան: Գրիբոյեդովն իրեն համարել է հայ ժողովրդի բարեկամը: Գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ նա մասնակցել է Երևանի, Սարդարապատի և Նախիջևանի ազատագրմանը: Ա. Գրիբոյեդովը ռուս գրականության մեջ մնաց իր «Խելքից պատուհասը» փայլուն կատակերգությամբ, որը 1827 թվականին առաջին անգամ բեմադրել է ռուս սպաների սիրողական խումբը՝ Երևանի Սարդարի պալատում՝ հեղինակի ներկայությամբ:

…1900 թվականի հունիսին Պեկինում սպանվում է Գերմանիայի հավատարմատարը: Դա առիթ է դառնում, որպեսզի մեծ տերությունները երկուհազարանոց ծովային դեսանտ իջեցնեն Չինաստան: Պաշտոնական նպատակը դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունն էր: Իրականում` ներխուժումը օտարի երկիր:

…1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից և 1918 թվականի Բրեստի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Ռուսաստանում բացվում է Գերմանիայի դեսպանություն: Էսէռները, որ դեմ էին Բեռլինի հետ հաշտություն կնքելուն, որոշում են սպանել դեսպանին և հրահրել նոր պատերազմ Ռուսաստանի ու Գերմանիայի միջև:

Էսէռ Յակով Բլյումկինը մտնում է դեսպանություն և դեմ առ դեմ գնդակահարում դեսպան Վիլհելմ Միրբախին: Դրան հաջորդում է էսէռների խռովությունը (1918 թվականի հուլիսի 6): Բոլշևիկներից մեծ ջանքեր են պահանջվում իրադրությունը շտկելու համար:

…1968–1973 թվականների ընթացքում տեղի են ունենում 25 ահաբեկչական հարձակումներ դեսպանների վրա, որոնցից մի քանիսը սպանվում են:

Դիվանագետների սպանություններով և ահաբեկչությամբ հատկապես «հարուստ է» Լատինական Ամերիկան:

…1979 թվականի նոյեմբերի 4-ին պարսիկները Թեհրանում զավթում են ԱՄՆ-ի դեսպանությունը և պատանդ վերցնում 63 դիվանագետի: Ամերիկացիների փորձերը` ուժով լուծել խնդիրը, տապալվում են, զոհվում են մարդիկ: Պատանդներն ազատվում են 444 օր հետո՝ Ալժիրի կառավարության միջնորդությամբ:

…2006 թվականին Իրաքում սպանվում են 5 ռուս դիվանագետներ:

Ընթերցողի մեջ կարող է հարց ծագել: «Իսկ ի՞նչ կասես քո՛ հայրենակիցների մասին: Հայերի կողմից բռնարարքներ եղե՞լ են դիվանագետների նկատմամբ, թե՞ ոչ»: Այո, եղել են: 1975–84 թվականներին աշխարհի տարբեր վայրերում զինված հարձակումներից սպանվել են 42 թուրք դիվանագետ ու պաշտոնյա: Գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել է «Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակը» (ՀԱՀԳԲ, անգլ. հապավումը՝ ASALA): Շարժառիթը 1915 թվականին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունն է, որի ընթացքում զոհվել է մեկուկես միլիոն մարդ: Այստեղ կա մի կարևոր հանգամանք ևս: ՀԱՀԳԲ-ի ահաբեկչական գործողությունները կատարել են անհատներ կամ ոչ պետական կազմակերպություններ, քանի որ Հայաստանն այդ տարիներին չուներ պետականություն և միջազգային իրավունքի սուբյեկտ չէր:
Սա չի փոխում բռնարարքի էությունը, սակայն դրան հաղորդում է իրավական այլ սահմանում և որակավորում:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
3483 reads | 18.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com