MODUS VIVENDI, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Հին Հունաստանի քաղաքական քարտեզը կազմված էր բազմաթիվ պոլիսներից, որոնց միջև հարաբերությունները երբեք միապաղաղ ու հանդարտ չեն զարգացել, ինչը միանգամայն բնական երևույթ է, եթե նկատի ունենանք, որ նման բազմացեղ և խայտաբղետ ազգաբնակչության յուրաքանչյուր անդամ ուներ իր հետաքրքրություններն ու հավակնությունները: Հասկանալի է նաև, թե ինչու էին պոլիսների հարաբերությունները սերտանում արտաքին վտանգի ուժեղացման դեմ հանդիման: Համահունական դաշնությունն Աթենքի գլխավորությամբ մղվում էր առաջին պլան` իր թևի տակ առնելով անդամ պետություններին: Եվ ընդհակառակը, ռազմական սպառնալիքը թուլանալու դեպքում գլուխ էին բարձրացնում կենտրոնախույս տրամադրությունները. ամեն մեկը վերմակը քաշում էր իր կողմը: 

Ընդհանուր առմամբ՝ Հելլադան խոցելի էր դառնում արտաքին թշնամու (Պարսկաստանի) դեմ հանդիման, այն ժամանակ, երբ սրվում էին հնուց եկող մեկ գլուխ բարձրացնող, մեկ հանդարտվող մրցակցություն-թշնամանքն Աթենքի և Սպարտայի միջև, որն ի վերջո հանգեցնելու էր ռազմական ուժեղ բախման: Եվ քաղաքական այս իրավիճակը հիմնականում որոշելու էր հունական պետությունների պատմությունը V դարի վաթսուն տարիների ընթացքում: 

Ծայր աստիճանի լարված ներքաղաքական իրավիճակում Պերիկլեսը հանդես եկավ համահունական համագումար անցկացնելու առաջարկով, որի օրակարգում լինելու էին երեք կարևոր կետեր` պարսիկների ավերած տաճարների վերականգնում, ազատ նավարկության ապահովում, խաղաղության ամրապնդում Հելլադայի ողջ տարածքում: 

Առաջարկը չանցավ, և հակամարտությունը Սպարտայի ու Աթենքի միջև շարունակեց սրվել: Պերիկլեսի գաղափարը, սակայն, իրագործեց նրա ախոյան Սպարտան` գումարելով Պելոպոնեսյան միության խորհրդակցություն: Միջոցառումը, որին մասնակցում էին հունական գրեթե բոլոր պետությունները, ուղղված էր Աթենքի դեմ: Պատվիրակների մի մասը խիստ քննադատեց աթենացիներին` Սպարտայի հետ 445 թվականին կնքած Երեսնամյա պայմանագիրը խախտելու համար, մյուսները փորձեցին ՙհանել՚՚ նրանց հարվածի տակից: Խորհրդակցությունն այդպես էլ չցրեց Հելլադայի վրա կուտակված եղբայրասպան պատերազմի մթամած ամպերը: Այդուհանդերձ, այդ խորհրդակցությունն առաջինն էր բազմակողմ-կոնֆերանսային դիվանագիտության կայացման ճանապարհին: Բազմակողմ կամ կոնֆերանսային դիվանագիտություն, որը, ժամանակին զարգանալով, դարձավ նրա կարևոր ուղղություններից մեկը, և որի շրջանակներում այսօր քննարկվում են մարդկությանը հուզող պարենային, էներգետիկ, բնապահպանական, տիեզերքի, Համաշխարհային օվկիանոսի, միջուկային զենքի, խաղաղության և այլ հիմնախնդիրներ: 

Հետաքրքիր է նշել, որ քաղաքական ճգնաժամի օրերին հույների կողմից առաջին անգամ հնչեց դիվանագիտության դուալիզմի գաղափարը, որի վրա կառուցվում է modus vivendi-ին (կացութաձև կամ ժամանակավոր պայմանների որդեգրում): Եթե հելլենները կարողանային մինչև վերջ իրագործել այն, ապա կունենային քաղաքական մի մեխանիզմ, որը հնարավորություն կտար սպարտացիներին ու աթենացիներին ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից, վիճահարույց խնդիրները լուծել դիվանագիտական խողովակներով, հասնել խաղաղ գոյակցության հանգրվանի: Ձեռնարկն ազնիվ էր և հուսադրող, սակայն կողմերին չբերեց ցանկալի արդյունքի: Այնուամենայնիվ, գաղափարը չանհետացավ և հետագայում մտավ դիվանագիտության պատմության մեջ բանակցային փոխզիջման ձևով, որն այսօր քաղաքական բախումների և հակամարտությունների հանգուցալուծման հիմնական միջոցն է: Ժամանակակից դպրոցականն անգամ գիտե, որ այնտեղ« որտեղ բացակայում է փոխզիջման մեխանիզմը, կողմերը երբեք չեն կարող հասնել որևէ դրական արդյունքի: Փոխզիջումն այլընտրանք չունի: Նոր բան մարդկությունը դեռ չի հնարել և հազիվ թե հնարի: 

Փակագծերի մեջ նշենք, որ աթենական և սպարտական բազմակողմ դիվանագիտության փորձից դեռ հիսուն տարի առաջ Հելլադայի սահմաններից դուրս գտնվող բարբարոս ցեղերից մեկը կազմակերպեց միջոցառում, որը մենք այսօր համարում ենք միջազգային հարաբերությունների բարձրակարգ արտահայտություններից մեկը: 

Այն կոչվում է գագաթնաժողով (սամիթ): 

…Բաբելոնը նվաճելուց հետո Դարեհը որոշեց արշավել սկյութների վրա և վրեժ լուծել նրանցից Մեդիա ներխուժելու և պարսկական տերության արևելյան շրջանները գրեթե երեսուն տարի իրեն ենթարկելու համար: Սկյութները շուտափույթ խորհուրդ գումարեցին` հրավիրելով բոլոր այն ցեղերի թագավորներին, որոնց սպառնում էր Դարեհը, առաջարկեցին դաշինք կազմել և հանդես գալ վտանգավոր թշնամու դեմ միացյալ ճակատով: Կարծիքները բաժանվեցին: Թագավորների մի մասը որոշեց օժանդակել սկյութներին: Մյուս մասը մերժեց: 

Ինչ կարելի է սպասել բարբարոսներից, երբ մեր գագաթնաժողովներն իրենց լուսավորյալ և նրբակիրթ նախագահներով հանդերձ շատ հաճախ համաձայնության չեն գալիս: Այնժամ սկյութները որդեգրեցին փայլուն մարտավարություն: Նախ` պարսիկների հետ բացահայտ մարտի չբռնվել, այլ դանդաղորեն նահանջել` ամեն ինչ ոչնչացնելով, և հետևից թողնել միայն այրված հող՝ առանց ջրի, առանց ուտելիքի: Իսկ նրանց չգերազանցված հեծելազորը, մանևրելու արվեստը և տոկունությունը հավասարը չունեին: Հետո՝ պարսիկներին հրահրել բախվելու այն երկրների հետ, որոնք մերժել էին իրենց դաշնությունը` նրանց ևս պատերազմի մեջ ներքաշելու նպատակով: Չե՞ք ուզում կռվել կամովին, կկռվեք ստիպված` որոշեցին սկյութերը: Դարեհն այդպես էլ չկարողացավ Սկյութի ան գցել իր տիրապետության տակ:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
998 reads | 26.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com