ՀԵՏԵՐԱՆԵՐԸ՝ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Մենք տեսանք, որ հին ժամանակներում գոյություն ուներ կրոնական-սրբազնացած պոռնկություն, երբ հեթանոսական մեհյաններում, նրանց մոտակա տարածքում կամ սրբատեղիներում կանայք զանգվածորեն տրվում էին տղամարդկանց` հանուն կամ ի սեր աստվածների: Դա հիմնականում կատարվում էր տոնակատարությունների ժամանակ, բայց կարող էր տեղի ունենալ նաև ժամանակացույցից դուրս՝ սովորական օրերին: Այսօրվա քաղաքակիրթ մարդու համար այս վայրենի սովորույթն սկզբնական շրջանում իր մեջ պարունակել է կուսությունը զոհաբերելու սրբազան գաղափարը:

Սակայն տղաները հազիվ թե այստեղ շահեկան դիրքում լինեն: Տաճարում ծառայության անցնելու և քրմի կարգավիճակ ստանալու համար նրանք պարտավոր էին ամորձատման միջոցով զոհաբերել իրենց առնականությունը: Հետագայում կրոնական պոռնկությունը կորցնում է կուսությունը զոհաբերելու գլխավոր նպատակը և վերափոխվում է հակառակ` բեղմնավորման, ծննդաբերության և արգասավորության գործընթացի: Մասնավորապես, ամուլ կանայք, հոգնելով հղիանալու համար աստվածներին աղերսելուց, գտնում էին կարճ և հուսալի ճանապարհ՝ հարաբերվել առաջին իսկ հանդիպած տղամարդու հետ, ինչին ամուսինը ոչ միայն տեղյակ էր լինում, այլև ներկա:

Կրոնական պոռնկությունը տարածված էր Փոքր Ասիայում, Միջագետքում, Հունաստանում, Հռոմում և ուրիշ վայրերում: Հայ մատենագիրները, հավանաբար ելնելով Քրիստոնեական առաքելությունից, ազգային արժանապատվությունից և ուրիշ էթնոհոգեբանական գործոններից, համեստաբար լռում են այդ արգահատելի երևույթի մասին: Մենք ուրիշ ենք, մեր կանայք` նույնպես: Մինչդեռ սրբազնացած պոռնկությունը եղել է նաև հեթանոսական Հայաստանում: Այն ծաղկել է հատկապես Անահիտին նվիրված մեհյանների շուրջ: Եվ երբ կանայք հղիանում էին, մեղքը գցում էին խեղճ Անահիտի վրա (քանի որ նա էր պտղաբերության և արգասավորության աստվածուհին)` ասելով, թե նա լսել է իրենց աղերսը, որի շնորհիվ էլ իրենք հղիացել են:

Մինչդեռ Անահիտն ամենևին էլ չէր խնդրում և չէր պահանջում պառկել պատահած մարդու հետ: Նա չէր էլ կարող դա անել: Անահիտը, ինչպես նաև նրա ընկերուհին` սիրո աստվածուհի Աստղիկը, առաքինության և հավատարմության մարմնացում են եղել: Եվ եթե կանայք զբաղվել են անբարոյականությամբ` լինի ինքնակամ թե կրոնական դրդապատճառներից մղված, դա արդեն իրենց խնդիրն է եղել: Իսկ Անահիտի գործընկերները` բաբելական Իշտարը, ասորական Բելիտան և կամ հույն Աֆրոդիտեն, մինչև ուղն ու ծուծը եղել են վավաշոտության և այլասերության դասական օրինակներ աստվածուհիների միջազգային դիցարանում: Ավելին, նրանք այդ հատկանիշները տարածել, անգամ պարտադրել են իրենց հայրենակցուհիներին:

Եվ ահա պոռնկության այս վերելքի օրերին հայտնվում է Սոլոնը (640–560 թթ.)՝ անտիկ աշխարհի պայծառ ուղեղներից մեկը, որը, լինելով նշանավոր պետական-քաղաքական գործիչ, նաև տաղանդավոր պոետ էր: Դառնալով արքոնտ` Սոլոնն իրագործեց բազմաթիվ բեկումնային բարեփոխություններ Աթենքի սոցիալ-հասարակական կյանքի հանգուցային ոլորտներում` առաջ մղելով աթենական դեմոկրատիան:

Սոցիալ-տնտեսական զարգացման բարեփոխություններ ծրագրելիս Պյոտր Ստոլիպինը և Ջորջ Մարշալը հավանաբար ոգեշնչվել են Սոլոնի գաղափարներով: Այս Սոլոնը, երբ սպառեց իր բոլոր մտահղացումները, հանկարծ գլխի ընկավ, որ կա դեռևս կուսական մի բնագավառ` Հելլադայի պոռնիկները: Եվ նրա հանճարեղ ուղեղում ծագեց ոչ պակաս հանճարեղ մի միտք: Այդ ինչո՞ւ մեր հայրենակցուհիները ձրիաբար պետք է աջ ու ձախ բաժանեն այն, ինչը, վերջին հաշվով, ազգի սեփականությունն է: Մտածեց և օրենք ընդունեց պոռնկատներ բացելու մասին, որոնք պետական մակարդակով աշխարհում առաջին հասարակաց տներն էին (դիկտերիոն): Այստեղ տեղակայված պրոֆեսիոնալներին կոչում էին prostasai – ծախու կանայք: Դիկտերիոն այցելելը համարվում էր մի տեսակ պարտադիր ծրագիր յուրաքանչյուր երիտասարդ աթենացու համար և դիտվում էր որպես գեղագիտական դաստիարակության ամբողջացում: Հասարակաց տները, ինչպես և հաշվարկել էր մեծ վերափոխիչը, զգալի ու երբեք չկտրվող դրամական հոսք ապահովեցին պետական գանձարան` նկատելիորեն հարստացնելով երկիրը:

Մնում է զարմանալ, թե այսօրվա պետական այրերն ինչպես են աչքաթող արել ֆինանսական այդ հուսալի աղբյուրը: Արդյո՞ք աչքաթող են արել, թե այդ պոռնկատները հաջողությամբ գործում են ընդհատակում և ավելացնում են նրանց սեփական հարստությունը: Իսկ ինչ վերաբերում է օրինական հասարակաց տներ բացելուն իշխանավորների առարկություններին, ի վերջո, սոփեստություն է, փարիսեցիություն: Ի հեճուկս խորհրդային բարոյականության կոդեքսի՝ մեզ մոտ սեքս էլ կա, մարմնավաճառություն էլ: Եղել է և կլինի, քանի մարդկությունը գոյություն ունի: Մի՞թե ավելի տրամաբանական չէ այն առնել պետական հսկողության տակ, ինչպես անում են իրենց քաղաքացիների առողջության և պետական բյուջեի մասին իրոք մտածող երկրները:

Ֆրիդրիխ Նիցշեն իր տրակտատներից մեկում այն միտքն է հայտնում, որ հին հույներն Ասիայի լավագույն հետնորդներն ու աշակերտներն են եղել: "Հոմերոսից մինչև Պերիկլես,– գրում է գերմանացի փիլիսոփան,– իրենց մշակույթի զարգացմանն ու հզորացմանը զուգընթաց, նրանք ավելի խիստ, այսինքն` ավելի արևելյան վերաբերմունք են որդեգրում կանանց նկատմամբ”: Իրոք, կանանց իսկական ազատագրումն սկիզբ է առնում դեմոկրատիայի հայր Պերիկլեսից: Շարունակելով Սոլոնի քաղաքականությունը՝ նա ոչ միայն չփակեց հասարակաց տները, ինչը կլիներ հետադարձ քայլ աթենքյան դեմոկրատիայի դինամիկայում և զգալիորեն կհարվածեր պետության ֆինանսներին, այլև ընդհակառակը` նոր որակ, նոր ձև ու բովանդակություն հաղորդեց պոռնկությանը: Պերիկլեսի օրոք Հունաստանն այդ ոլորտում հանդես եկավ աչքի ընկնող նորարությամբ: Աթենքը դարձավ հետերիզմի հայրենիքը: (Հուն. hetaira նշանակում է ընկերուհի, սիրուհի): Այդ հեղափոխիչ շարժման հիմքը դրեց գեղեցկուհի Ասպազիան, որը 20 տարեկան հասակում Միլետից եկավ Աթենք: Նա անտիկ աշխարհի ամենազարգացած և կրթված կանանցից մեկն էր, եզակի երևույթ, որն անվիճելի հեղինակություն էր և ոգեշնչման աղբյուր ժամանակի նշանավոր քաղաքական դեմքերի, դիվանագետների, փիլիսոփաների, գիտնականների, արվեստագետների, հռետորների ու խոշոր պետական այրերի համար: Իմիջիայլոց, Ասպազիայի սիրեցյալ, հետո ամուսին դարձած Պերիկլեսի անմահ "Դամբանականը” գրված է նրա ձեռքով:

Սոկրատեսը նրան համարել է հռետորության իր ուսուցիչը: Ասպազիան Աթենքում բացեց հետերաների իր հայտնի "Միլեզիա” սալոնը, որտեղ դեռատի աղջիկներին ծանոթացնում էին սիրո արվեստի գաղտնիքներին և տեխնիկայի նրբություններին: Դասավանդում էին հռետորական արվեստ, երաժշտություն, պար, երգեցողություն, նկարչություն, դիմահարդարում և այլն: Ասպազիան ժառանգություն թողեց՝ երկմասանի "Գեղեցկության պահպանման տրակտատը”, որը փնտրված ձեռնարկ էր կանանց մի քանի սերունդների համար:

"Միլեզիայի” հետերաներն անփոխարինելի զրուցակիցներ էին սեղանի շուրջ և անմրցելի սիրուհիներ՝ անկողնում: Նրանք ճառագում էին հմայք, նազելիություն, հեշտանք:

Հետերիզմը կատարյալ հեղաշրջում էր հույների ուղեղներում և կենցաղի ամենաինտիմ անկյուններում: Ժողովրդական ժողովը մի շարք օրենքներ ընդունեց հետերիզմի վերաբերյալ: Նախ նա օրինականացրեց այդ ինստիտուտը, հետո մեծ արտոնություններ սահմանեց հետերաների համար, այդ թվում նրանց թույլատրեց "հիստերիա սարքել” անկողնում: Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, մի փոքր հետ գնանք: Այն որ սեռական հարաբերության ժամանակ կինը դողում է, տնքում, հառաչում և ճչում` առաջինն ուշադրություն է դարձրել մեծ Հիպոկրատեսը: Իսկ հույն բժիշկները կանանց այդպիսի տարօրինակ պահելաձևը, որն առաջացնում էր տղամարդկանց զարմանքը, համարեցին վարակիչ հիվանդություն և կանացի հիստերիա ու քմահաճույք: Ժողովրդական ժողովն ընդունեց օրենք, որով արգելվում էր կանանց նման վարքագիծը սեքսի ժամանակ: Նշված օրենքն ընդունելուց հետո պարկեշտ ընտանիքներում սկսեցին աղջիկներին սովորեցնել թաքցնել իրենց էմոցիաներն ամուսնական առագաստում:
 
Այդ նպատակով պատրաստում էին խցկան` նրանց իսկ մազից: Ամուսինն իրավունք ուներ ծեծել կնոջը, եթե էքստազի մեջ նա համարձակվեր բերանից հանել խեղդիչ սարքը: Ամենաշատը, ինչն իրեն կարող էր թույլ տալ կինը, ամուսնու օրգազմից հետո հարցնելն էր. "Դու գո՞հ ես ինձնից, իմ ամուսին”: Նման անմեղ հարցը կարող էր դուր չգալ բոլոր ամուսիններին: Նրանցից խիստ պահպանողականները կարող էին վիրավորվել. "Ա՛խ դու, լիրբ, փչացած”: Հետո ամուսինն իրեն իրավունք էր վերապահում լքել կնոջը, երկար ժամանակ մոտ չգալ նրան՝ գերադասելով հետերաներին, որոնց բոլոր իրավիճակներում թույլատրվում էր տնքալ ու գոռգոռալ սրտներն ուզածի չափ: Իսկ հետաքրքրասեր աթենացիները գիշերները գաղտագողի մոտենում էին Պերիկլեսի տանը և ականջ դնում Ասպազիայի հառաչանքներին նրա գրկում, հետն էլ հաճույքով տրվում ձեռնաշարժության:
 
Հա՞րկ է նշել, որ ընտանիքներում ձևավորված նահապետական և կիսաստրկատիրական բարքերի ֆոնին հետերաների սալոնը դարձավ կենսախնդության ու հաճույքի կենտրոն, երազանքի տուն անվանի աթենացիների և քաղաք ժամանած նշանավոր մարդկանց ու դեսպանների համար: "Հետերաները տրված են մեզ հաճույքի համար, հարճերը՝ ամենօրյա կարիքների, իսկ կանայք` նրա համար, որ երեխաներ բերեն և հետևեն տնային տնտեսությանը”,– ասել է Դեմոսթենեսը, որը ճշգրտորեն մեկնաբանում է հետերիզմի ինստիտուտի դերը հելլենական հասարակությունում: Ասպազիայի սալոնի մշտական այցելուներն էին նույն այդ Դեմոսթենեսը, Պլատոնը, Սոկրատեսը, Պերիկլեսը և մյուս նշանավոր դեմքերը: Հետերան, լինելով հնագույն պրոֆեսիայի ներկայացուցիչ, տարբերվում էր Թաղարների փողոցի բազմաթիվ մարմնավաճառներից մի կարևոր հարցում: Եթե սալոնի այցելուն դուր չէր գալիս, նա չէր տրվում նրան ոչ մի գումարի դիմաց:

Հանձինս Ասպազիայի և մյուս առաջնակարգ հետերաների՝ հույները պատմության մեջ առաջին անգամ կանանց մասնակից դարձրին պետական-քաղաքական գործերին, լսեցին իրենց սիրուհիներին կարևոր որոշումներ կայացնելիս: Բոլոր ժամանակների հետախուզությունները հատուկ ուշադրություն են դարձրել ծախու կանանց: Անտիկ աշխարհը բացառություն չէր: Հոնիացի հետերա Տարգելիան պարսից արքայից արքա Կյուրոսի սիրած գործակալներից էր: Նա այնպիսի ջանասիրությամբ մշակեց իր բարձրաստիճան հաճախորդների ուղեղներն ու մարմինները, որ նրանք հոժարակամ Հունաստանի Հոնիայի մարզը հանձնեցին Պարսկաստանին: Կուրտիզանուհի Մատա Հարին շատ բան էր ժառանգել Տարգելիայից: Ալեքսանդր Մեծն այնքան էր երես տվել և շփացրել իր տարփուհի Թաիս Աթենացուն, որ կատարեց նրա քմահաճույքը՝ հրդեհեց Պերսեպոլիսը: Թաիսը հետագայում, Ալեքսանդրին թաղելուց հետո, անցավ Եգիպտոս և ամուսնացավ Պտղոմեոս I թագավորի հետ: Թաիսի էլիտար պոռնիկ լինելը արգելք չեղավ, որ եգիպտացիները դասեն նրան սրբերի շարքը: Անգամ մեծ փիլիսոփա Պլատոնը կրել է իր սիրուհի-հետերա Աքեանասի ազդեցությունը:

Հետերաները խորը հետք են թողել համաշխարհային մշակույթի վրա: Անտիկ աշխարհի ականավոր ներկայացուցիչներից մեկը կրքոտ սիրո և նվիրվածության պոետ, լեսբուհի Սապֆոն էր՝ Լեսբոս կղզուց: Լեգենդար Ֆրինան ներշնչման մշտական աղբյուր է եղել հանճարեղ քանդակագործների և նկարիչների գլուխգործոցները կերտելիս: Դրանց մեջ առանձնանում է Աֆրոդիտեի՝ աշխարհում առաջին անգամ մերկ կերտված արձանը՝ անկրկնելի Պրակսիտիսի կողմից: Նախանձը և չարությունը գեղեցկության անբաժան ուղեկիցներն են: Ֆրինայի դեմ դատ բացվեց՝ աստվածներին անարգելու մեղադրանքով: Նրան սպառնում էր արտաքսում կամ մահապատիժ: Նշանավոր հռետոր Հիպերիդիսը դատի ժամանակ մոտեցավ և հանկարծ պոկելով Ֆրինայի հագուստը՝ բացականչեց. "Մի՞թե նման գեղեցկությունը կարող է անպատվել աստվածներին”:
 

200 դատավորներ, հիացած մերկացած Ֆրինայի գեղեցկությամբ, նրան անմեղ ճանաչեցին: Ըստ հունական մտածելակերպի՝ այդքան կատարյալ մարմինը չէր կարող պարունակել անկատար ոգի:

Սակայն հետերաների հետերան, նրանց թագուհին մնում էր Ասպազիան, որին տեսնելով՝ Պերիկլեսը խելահեղորեն սիրահարվել էր: Սեր՝ առաջին հայացքից: Նա բաժանվեց կնոջից և ամուսնացավ Ասպազիայի հետ, չնայած աթենական օրենքներն արգելում էին օտար քաղաքացիների հետ ամուսնանալը, և նրանցից ծնված երեխան համարվում էր անօրինական: Այդուհանդերձ նրանք ձեռք ձեռքի տված կերտեցին աթենական դեմոկրատիան գրեթե քսան տարի: Նրանց միությունը հիացմունքի առարկա էր: Պլուտարքոսն այն անվանել է "կրքոտ սեր”: Իսկ երբ Ասպազիային դատեցին սրբապղծության և կանանց այլասերելու մեղադրանքով, Պերիկլեսը, որին իր հզորության և հեղինակության համար անվանում էին "Օլիմպիացի”, տառացիորեն արցունք թափեց և գթություն հայցեց սիրասուն կնոջ համար: Եվ դատարանը հետերային ազատ արձակեց:

Հետո Պերիկլեսը զոհ գնաց ժանտախտի համաճարակին, Ասպազիան կորցրեց տասնութամյա որդուն, մահապատժի ենթարկվեց նրա մեծ բարեկամ Սոկրատեսը: Այդ մարդիկ, ասես, իրենց հետ տարան Աթենքի հզորությունն ու վեհությունը: Սակայն հելլենիզմի ազդեցությունն ու նշանակությունը մարդկության համար մնացին հավետ:

Իսկ հետերիզմն իր շարունակությունն ունեցավ եվրոպական կուրտիզանուհիների և ճապոնական գեյշաների շնորհիվ, ինչպես նաև միջազգային ֆեմենիստական շարժման քառուղիներում:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
2846 reads | 14.06.2014
|
avatar

avatar
1
Ջերմ բարևներ Հունաստանից

Հարգելիլի պրն. Նավասարդյան

Շնոհավորհում եմ Ձեզ մի շարք լավ հոդվածների կապակցությամբ Հին Հունաստանի մասին: Ես կարդացել եմ Ձեր նախորդ համարյա բոլոր հոդվածները: Եվ նկատել եմ, որ հոդվածներում շատ տեղանունները կամ անուններ սխալ են գրված (ենթադրում եմ՛ որ այդ վրիպակը սխալ թարգմանության հետևանք է): Օրինակ, սույն հոդվածում նշված է Ասպազիա անունը որը Ճիշտ չի- իրականում Ասպասիա է անունը այդ հետերայի... Ես անտիկ աշխարհի պատմության սիրահար եմ և տիրապետում եմ հունարենի, եթե կարող եմ որևէ կերպ Ձեզ օգտակար լինել մեծ հաճույքով կօգնեմ:

Լավագույն բարեմաղթանքներով
Արթուր Բաբայան-Պողոսյան
Աթենք, Հունաստան

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com