ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Անտիկ աշխարհի դիվանագիտական արվեստի առաջնեկ Աթենքի արտաքին քաղաքականությունն իր եսակենտրոն նրբերանգներով հանդերձ մնում էր ամենախորաթափանցն ու ամենառացիոնալը, համահունական շահերի ամենահետևողական պաշտպանը:

Աթենացիներն առաջինը հասկացան պետության ներքին և արտաքին քաղաքականության միասնականության ու անքակտելի կապի կարևորությունը` այն դնելով միջազգային հարաբերությունների հիմքում և ընդունելով որպես դիվանագիտության օրենքների օրենք: Հույն-պարսկական պատերազմին հաջորդող շրջանում այդ քաղաքականությունն իր ամբողջության մեջ ծրագրում և իրագործում էին դեմոկրատները՝ Պերիկլեսի գլխավորությամբ, որը ողջ իշխանությունը վերցրել էր իր ձեռքը, վայելում էր ժողովրդի աջակցությունն ու վստահությունը` իր անբասիր հեղինակության, առասպելական անկաշառության և ջերմ հայրենասիրության շնորհիվ:

Ո՞վ էր Պերիկլեսը: Դեմոկրատիայի նախահայր, պետական ականավոր գործիչ, առաջին մեծության քաղաքական-դիվանագիտական աստղ, աթենքյան "պերեստրոյկայի” հեղինակ: Պերիկլեսին անսահման սիրելու, անվերապահորեն հավատալու և վստահելու համար ժողովուրդը նրան 15 տարի անընդմեջ ընտրում է գլխավոր ռազմական և քաղաքական առաջնորդ: Պերիկլեսի շնորհիվ ստեղծվեց Աթենական ծովային միությունը, որի անփոփոխ ղեկավարն էր նա: Զուգահեռաբար հզորացավ Աթենքի ռազմածովային նավատորմը: Նա մեծ վերափոխիչ էր: Դատաիրավական համակարգը երկրում նրա օրոք հիմնովին բարեփոխվեց` դառնալով միանգամայն թափանցիկ՝ բնակչության բոլոր, այդ թվում աղքատ խավերի համար: Հարստացավ պետական գանձարանը: Պերիկլեսի գործունեության հիմնական թիրախը երկրի ներսում դեմոկրատական ազատություններին դեմոսի լիիրավ հաղորդակցությունն ու մասնակցությունն էր: Պերիկլեսն առաջինն էր, որ ստրկատիրական հասարակությունում մարդու իրավունքների ոտնահարման ու անլուր կեղեքման օրենքներին դեմ ելավ և առաջ քաշեց այդ իրավունքները հարգելու գաղափարը: Սա, իհարկե, գեղեցիկ ուտոպիա էր, բայց արժանի էր հիացմունքի:

Նրա գործելու և արարելու եռանդն անսահման էր. նա նախաձեռնողնու իրականացնողը եղավ բազմակիլոմետրանոց "Երկար պատի” շինարարության` Աթենքից մինչև Պիրեոս նավահանգիստ, որի պաշտպանական նշանակությունն այն ժամանակվա ռազմատեխնիկական առումով դժվար էր գնահատել: Պերիկլեսի կյանքի նպատակը Աթենքը կայսրություն տեսնելն էր: Այդ իսկ նպատակով նա ընդարձակեց պետության սահմանները, հիմնեց բազմաթիվ պոլիսներ` Իտալիայից մինչև Ղրիմ: Սերտաճեցին կապերը գաղութների և մետրոպոլիայի միջև: Հաջողությամբ պսակվեցին նրա արշավանքները Էգեյան կղզիներ, այդ թվում՝ մեծահարուստ առևտրի կենտրոն Էգինա, ինչպես նաև Եգիպտոս: Հունաստանը կոտրեց պարսիկների ռազմական ողնաշարը ծովային տարածքներում` հաստատելով այնտեղ իր գերիշխանությունը: Աթենքը վերածվեց քաղաքական, տնտեսական և ռազմական հզոր միջազգային կենտրոնի:

Պերիկլեսը հելլենական քաղաքակրթության ռահվիրան էր: Նա Աթենքը դարձրեց մշակույթի կենտրոն, որի արժեքները սփռվեցին Արևմուտք և Արևելք: Նրա անմիջական հսկողության ներքո հանճարեղ ճարտարապետներ ու քանդակագործներ Ֆիդիասը, Իկտիոնիսը, Կալիկրատոսը և Մնեսիկլեսը շքեղացրին Ակրոպոլիսը նոր շինություններով: Այստեղ կառուցվեց անտիկ ճարտարապետության գլուխգործոց Պալլաս (Աթենաս) կույսի տաճարը` Պարթենոնը՝ նրա չքնաղ արձանով հանդերձ: Ինչպես չհիշել Ակրոպոլիս տանող մարմարակերտ մուտքը` Պրոպիելոսը՝ իր քանդակազարդ սյուներով: Համաշխարհային ճարտարապետության փայլուն նվաճում կարելի է համարել Զևսի վիթխարի տաճարը` 70 մետր երկարությամբ, 29 մետր լայնությամբ, 21 մետր բարձրությամբ: Ֆիդիասը տաճարում կանգնեցրեց Զևսի անձեռակերտ արձանը՝ ոսկուց և փղոսկրից: Պերիկլեսի մտքի և եռանդի արգասիքն էին Լիսիկրատեսի յուրահատուկ արձանը՝ Ակրոպոլիսի արևելյան թևում, Հեփեստոսի տաճարը, երաժշտական և այլ մրցույթների սրահ Օդեոնը: Իսկ պետական-վարչական շենքը՝ հոյակերտ Պրյուտանեոնը, պահում էր պետության սրբազան կրակը: Այդ շենքն ընդունելության պալատի նման մի բան էր, որտեղ կազմակերպվում էին ճաշկերույթներ հայտնի գործիչների, արվեստագետների և օտարերկրյա դեսպանների համար:
Աթենքը դարձավ աշխարհի ամենագեղեցիկ, ամենափնտրված և սիրված քաղաքը: Երևանը և Աթենքը գրեթե հասակակիցներ են: Այստեղ նմանությունը վերջանում է: Նրանց ճակատագրերը տարբեր ձևով են դասավորվել: Անցյալն անցյալ է: Եվ քանի որ երազելն արգելված չէ, ոչ էլ վնասաբեր, մտածում ես. եթե հրաշք կատարվեր, և Պերիկլիսն իր թիմով հայտնվեր մեզ մոտ ու վերակառուցեր Երևանը, ի՞նչ տեսք կունենար մեր քաղաքամայրը…

Պրիկլեսյան դեմոկրատիայի պայմաններում աննախընթաց վերելք ապրեցին գիտությունը, փիլիսոփայությունը, արվեստները: Աթենքը ծնեց նշանավոր փիլիսոփա Անաքսագորասին, մեծ Հիպոկրատեսին, որը, պատմահոր խոսքերով, "ոչինչ չժառանգելով նախորդ դարերից` ուղի հարթեց բանականության համար դեպի ճշմարիտ բժշկությունը”: Պերիկլեսի օրոք բարձրացավ սոփեստների դպրոցը՝ մարդկությանը պարգևելով փիլիսոփաների փայլուն համաստեղություն: Վերջապես այդ շրջանում Հելլադան մարդկությանը տվեց հանճարեղ Սոկրատեսին:

Դեմոկրատիայի գաղափարը Պերիկլեսի համար կենսահայեցողություն է, հոգեպահանջմունք: Լսենք նրա խոսքը՝ Պելոպոնեսյան պատերազմում զոհված մատիկների հիշատակին նվիրված միջոցառմանը (430 թվական): Ակնածանքով լուռ կանգնած ժողովրդին նա ասում է. "Աթենքյան պետական կառուցվածքն այս կամ այլ դասակարգի արտոնությունների պահպանման համար չէ: Այն ուղղված է դատարանում և պետության կառավարման համակարգում բոլոր քաղաքացիների իրավունքների հավասար ապահովմանը: Այստեղ մարդկանց մասին դատում են ըստ նրանց անձնական հատկությունների և գործերի, այլ ոչ թե նրանց դիրքից ելնելով: Բոլորն օգտվում են խոսքի, մտքի և կրթության ազատությունից: Դեմոկրատիան հենվում է շարքային քաղաքացու վստահության և բանականության վրա: Քննարկումը նախորդում է գործողություններին, իսկ գործողությունները բխում են ժողովրդի կամքից: Դեմոկրատիան ոչ մի արգելք չի դնում արտաքին հարաբերությունների ճանապարհին (Ընդգծումը – Ա.Ն.):

Դեմոկրատիան բաց է ողջ աշխարհի գաղափարների առաջ: Աթենական քաղաքացիների ոգում մտորումներն ու արարքները, իմաստությունն ու քաջությունը, անձնական շահն ու հասարակական պարտքը ներդաշնակված են, և այդ բազմազանությունն է, որ ստեղծում է աթենական քաղաքակրթության վառ համայնապատկերը: Երբ նրանք տեսնում են իրենց պոլիսը, նրանց սրտերը լցվում են խանդաղատանքով:
Կյանքում չկա ավելի մեծ պատիվ, քան Աթենքին ծառայելը, իսկ մահը չունի ավելի լավ արդարացում, քան Աթենքի համար մեռնելը”:

Այսպես է խոսել մեծ քաղաքացին: Եվ կարծես մեկնաբանությունները տեղ չունեն: (Մի՞թե մեր հարազատ պետության ղեկավարությունը կհրաժարվեր այսպիսի քաղաքական հայեցակարգից: Չեմ կարծում):

Պերիկլեսը հայտարարում է, թե Աթենքը դեմոկրատական երկիր է, որտեղ լիիրավ իշխանությունը հենց ինքը դեմոսն է: Այդ այդպես է: Սակայն Պերիկլեսն առաջ է քաշում գաղափարներ, որոնք, մեղմ ասած, վիճահարույց են դարձնում նրա փիլիսոփայության որոշ սկզբունքներ: Օրինակ՝ նա ամենևին էլ սխալ չի համարում, որ Աթենական միության գանձարանը դրվի իր տրամադրության տակ, և Աթենքը հաշվետու լինի անդամ-պետություններին, թե ուր են գնում անդամավճարները, որոնք մեծ գումարներ են: Ոչ, Պերիկլեսը կոռուպցիայի կողքով անգամ չէր անցել: Նա մաքուր էր ինչպես բյուրեղ:

Երկիր մտնող ողջ կապիտալը նա տրամադրում էր դեմոկրատիայի զարգացմանը, որն արտահանման "ապրանք” էր Հելլադայում: Մեկ էլ հզորացնում էր առանց այն էլ հզոր ռազմական մեքենան: Այնպես որ, զուտ դեմոկրատիայի սկզբունքների առումով՝ նրա նշած թեզը կաղում է: Իսկ եթե խնդրին մոտենալու լինենք պետականության ամրապնդման և հելլենիստական աշխարհակալության չափանիշով, Պերիկլիսը ճիշտ է: Դե ինչ, ասում են` մեծ նավին՝ մեծ նավարկություն:

Պատմությանը հայտնի են քաղաքական խոշոր գործիչներ, որոնց սևեռուն միտքը (idռe fixe, ֆրանս.) եղել է ուրիշ երկրների հաշվին իրենց երկրների տարածքների ընդարձակումը, ուրիշ ժողովուրդներին իրենց բռնակցելը, իրենց քաղաքական կամքին ու կարգերին հնազանդեցնելը: Նրանք բոլորն էլ եղել են մեծ հայրենասերներ, խարիզմատիկ առաջատարներ, և բոլորն էլ հանդես են եկել դեմոկրատիայի անունից:

Ուրեմն դիվանագիտությունը, դեմոկրատական լինելով հանդերձ, կարո՞ղ է ունենալ մեծապետական զավթողական ուղղվածություն: Սա կարելի է որակել որպես Պերիկլեսի դեմոկրատիայի առանձնահատկություններից մեկը: Իսկ մյուս բացասական նշանը, որը կրում էր այդ դեմոկրատիան, այն էր, որ, Աթենքի խորին համոզմամբ, իրենից ոչ պակաս հզոր և անկոտրում Սպարտան պետք է ոչնչանար, քանի որ նա խանգարում էր իր ծրագրերի իրագործմանը: Այսպիսի դիվանագիտական վեկտոր էր որդեգրել աթենքյան դեմոկրատիան պարսկական պատերազմից հետո, երբ Աթենք-Սպարտա երբեմնի ամուր ռազմաքաղաքական դաշինքն արագորեն փլուզվում էր: Իսկ երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, և երբ Պերիկլեսն այլևս չկար, դեմոկրատական դիվանագիտությունը հանդես բերեց շատ ավելի բացասական հատկանիշներ:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
2857 reads | 29.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com